Էդվարդ Էսթլին Քամինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Էսթլին Քամինգս
Ծննդյան անունանգլ.՝ Edward Estlin Cummings
Ծնվել էհոկտեմբերի 14, 1894(1894-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 3, 1962(1962-09-03)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրJoy Farm, Մեդիսոն, Քարոլ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
ԳերեզմանՖոռեսթ Հիլլ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, դրամատուրգ, գրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան[5] և Cambridge Rindge and Latin School?
ԺանրերՄոդեռնիզմ
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Enormous Room?[6], Tulips and Chimneys?[7], is 5?[8], CIOPW?[9], EIMI?[10], No Thanks?[11], Santa Claus: A Morality?[12], Fairy Tales?[13] և pity this busy monster, manunkind?
ԱնդամակցությունԱմերիկյան պոետների ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
 E. E. Cummings Վիքիպահեստում

Էդվարդ Էսթլին Քամինգս (անգլ.՝ Edward Estlin Cummings, հոկտեմբերի 14, 1894(1894-10-14)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 3, 1962(1962-09-03)[1][2][3][…], Joy Farm, Մեդիսոն, Քարոլ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, գրող, նկարիչ, դրամատուրգ։ Հայտնի է, որ Քամինգսը նախընտրել է իր անվան ու ազգանվան առաջին տառերը գրել փոքրատառով (ինչպես՝ e.e.cummings), թեպետ այդ տեսակետը փաստող որևէ վավերագրական հիմնավորում չկա։

Իր բանաստեղծություններում Քամինգսն արմատական փոփոխություններ է կատարել՝ կապված ձևի, կետադրության, շարահյուսության և ուղղագրության հետ։ Նրա որոշ բանաստեղծություններում մեծատառեր չեն գործածվում․ տողեր, արտահայտություններ և նույնիսկ առանձին բառեր հաճախ ընդհատվում են ամենաանսպասելի տեղերում, կետադրության նշանները կա՛մ բացակայում են, կա՛մ դրված են տարօրինակ կերպով։ Բացի այդ, Քամինգը հաճախ խախտել է անգլերեն լեզվին հատուկ բառերի դասավորվածությունը նախադասության մեջ։ Նրա շատ ստեղծագործություններ կարելի է հասկանալ միայն թղթից ընթերցելով, այլ ոչ թե բերանացի լսելով։

Չնայած իր ունեցած հակումներին՝ բանաստեղծության ձևի հետ տարվող փորձարկումներում, Քամինգսի բանաստեղծությունների զգալի մասը կրում է ավանդական բնույթ (մասնավորապես՝ Քամինգսը մեծաքանակ սոնետների հեղինակ է)։ Հասուն տարիքում Քամինգսը հաճախ է բախվել քննադատության՝ ինքն իրեն կրկնելու և իր իսկ կողմից ստեղծած ոճին մեկընդմիշտ նվիրվելու համար։ Չնայած դրան՝ նրա հասարակ լեզուն, հումորի զգացումն ու այնպիսի թեմաների շահարկումը, ինչպիսիք են սեքսն ու պատերազմը, հատկապես երիտասարդների շրջանում նրան հսկայական ճանաչում են բերել։

Իր կենդանության օրոք Քամինգսը հրատարակել է ավելի քան 900 բանաստեղծություն, երկու վեպ, մի քանի պիես և էսսե։ Բացի այդ, նա մեծ թվով գեղանկարների, գծանկարների և էսքիզների հեղինակ է։

Կրթությունը և կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1911–ից 1916 թվականներին Քամինգսը սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ էլ 1915–ին ստացել է Արվեստների բակալավրի, իսկ 1916–ին՝ Արվեստների մագիստրոսի աստիճան։ 1912–ից սկսած՝ Քամինգսի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են Harvard Monthly[en] համալսարանական թերթում, իսկ 1915–ից՝ Harvard Advocate[en] պարբերականում։

1914 թվականին Քամինգսն ընկել է ավանգարդիստ հեղինակների, մասնավորապես՝ Գերտրուդ Սթայնի և Էզրա Փաունդի ուժեղ ազդեցության տակ։ 1915 թվականին Քամինգսը գերազանցությամբ ավարտել է քոլեջը և դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ոչ միանշանակ ելույթ է ունեցել՝ վերնագրելով այն «Նոր արվեստ»։ Այդ ելույթը նրան վատ համբավ է բերել, քանի որ Քամինգսը հայտնի ավանգարդիստ բանաստեղծուհի Էմի Լոուելի ստեղծագործությունն անվանել է «աննորմալ», թեպետ իրականում նա ցանկացել է գովաբանել նրան։ Իր ելույթի համար Քամինգսը մեծ քննադատության է ենթարկվել մամուլում։

1917 թվականին Քամինգսի մի քանի բանաստեղծություն տպագրվել է «Ութ հարվարդյան պոետ» «կոմպիլյացիայում» (անգլ.՝ Eight Harvard Poets)։ Նույն թվականին Քամինգսը կամավոր մեկնել է Ֆրանսիա, որտեղ նա ծառայել է բժշկական զորքերում։ Շփոթության արդյունքում բանաստեղծը հինգ շաբաթ չի գրանցվել որևէ բժշկական անձնակազմում։ Այդ ժամանակը նա անց է կացրել Փարիզում։ Քաղաքն այնքան է դուր եկել նրան, որ իր հետագա կյանքի ընթացքում Քամինգսը պարբերաբար այցելել է Փարիզ։

1917 թվականի սեպտեմբերի 21–ին իր՝ Ֆրանսիա այցելությունից ընդամենը հինգ ամիս անց, Քամինգսը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով այն բանից հետո, երբ բացեիբաց արտահայտել է իր խաղաղասիրական հայացքները։ Քամինգսին ուղարկել են Նորմանդիայում գտնվող համակենտրոնացման ճամբար Dépôt de Triage, ուր անց է կացրել երեքուկես ամիս։ Այդ իրադարձությունների մասին հիշողությունները տեղ են գտել «Հրեշավոր տարածք» (անգլ.՝ The Enormous Room) վեպում։

Քամինգսն ազատ է արձակվել 1917 թվականի դեկտեմբերի 19–ին՝ հոր միջնորդությունից հետո, որը մեծ կապեր ուներ քաղաքական շրջանակներում։ Նա անմիջապես վերադարձել է ԱՄՆ։ 1918 թվականին բանաստեղծը զորակոչվել է բանակ ու ծառայել մինչև Գերմանիայի կապիտուլյացիան՝ 1918 թվականի նոյեմբերը։

1921–1923 թվականներին Քամինգսն ապրել է Փարիզում։ 20–ից 30–ական թվականներին նա շատ է ճանապարհորդել Եվրոպայով, իսկ 1931 թվականին այցելել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, որն ապշեցրել է նրան, ինչպես ինքն էր կարծում, ինտելեկտուալ և գեղագիտական ազատության բացակայությամբ։ Ճամփորդությունից ստացած իր տպավորությունները Քամինգսն արտացոլել է իր «Ես կամ» գրքում (անգլ.՝ Eimi

Է․ Է․ Քամինգսի պոեզիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում Քամինգսը գտնվել է ավանգարդիստ գրողների նկատելի ազդեցության ներքո (Գերտրուդ Սթայն, Էզրա Փաունդ, Էմի Լոուել և ուրիշներ)։ Փարիզ այցելության ընթացքում նա ինքն իր համար բացահայտել է դադաիզմն ու սյուրռեալիզմը, որոնք նույնպես ազդեցություն են թողել նրա ստեղծագործության վրա։

Չնայած մոդեռնիզմի պոեզիայով նրա տարվածությանը՝ Քամինգսը քիչ բանաստեղծություններ չի գրել նաև ձևով շատ նման դասական սոնետներին։ Նրա ստեղծագործություններից որոշները տարբերվում են անսովոր գրությամբ։ Այդ բանաստեղծություններում բառերը, բառերի մասեր, փակագծերը և կետադրության նշանները ցրված են էջով մեկ։ Զբաղվելով գեղանկարչությամբ՝ Քամինգսը հրաշալի հասկանում էր, որ բանաստեղծության տեսողական փոխանցման մատուցումից են առավելապես կախված ընթերցողի տպավորությունները, և նման գրելաոճն օգտագործում էր, որպեսզի հետագայում «պատկերներ ուրվագծեր» իր որոշ ստեղծագործություններում։

Քամինգսի անդրանիկ ժողովածուն, որ կոչվել է «Վարդակակաչներ և ծխնելույզներ» (Tulips and Chimneys, 1923), ընթերցողին առաջին անգամ ծանոթացրել է պոետի եզակի ոճի հետ, որն առանձնանում է իր միտումնավոր խեղաթյուրված ուղղագրությամբ ու կետադրությամբ, ինչպես, օրինակ՝ «a leaf falls loneliness» (en:l(a) բանաստեղծությունը։

l(a

le
af
fa

ll

s)
one
l

iness

Քամինգսի՝ առավել հայտնի որոշ բանաստեղծություններ, բայցևայնպես, չեն առանձնանում անսովոր գրելաոճով, չնայած դրան, իրենց վրա կրում են նրա անկրկնելի ոճի կնիքը։ Քամինգսը շատ հաճախ կամայականորեն փոխում էր նախադասության մեջ բառերի դասավորվածության՝ անգլերեն լեզվում ընդունված ընկալումը։ Արդյունքում լույս աշխարհ են եկել այնպիսի հայտնի տողեր, ինչպիսիք են «why must itself up every of a park…» կամ «they sowed their isn’t»։ Որոշ բանաստեղծություններում Քամինգսը կրկին կամայականորեն խեղաթյուրել է անգլերեն բառերի ուղղագրությունը։ Բացի այդ, նա հնարամտորեն շատ է գործածել նաև բաղադրյալ բառեր, ինչպես՝ «mud-luscious» («քաղցր–կեղտոտ»)։

Քամինգսի շատ բանաստեղծություններ ունեն սոցիալական սուր նրբերանգ և ծաղրում են հասարակության կառուցվածքի թերությունները, բայց, միևնույն ժամանակ, պոետն օտար չէր ռոմանտիզմին․ շատ հաճախ նրա բանաստեղծություններում գովերգվում են սերը, ընկերությունը և միջանձնային հարաբերությունների այլ տեսակներ։

Քամինգսին հաճախ են մեղադրել այն բանում, որ ստեղծելով եզակի ոճ՝ նա կանգնեցրել է իր ստեղծագործական վերելքը։ Բայցևայնպես, քննադատները նկատում են, որ, չնայած տեխնիկական պլանում ունեցած նրա լճացմանը, Քամինգսի բանաստեղծությունների բովանդակությունը ժամանակի հետ ավելի ու ավելի էական է դարձել։

ես կրում եմ քո սիրտը

ես կրում եմ քո սիրտը(կրում եմ նրան
իմ սրտի մեջ)նա միշտ ինձ հետ է(ուր գնում եմ՝
դու ես գնում,սիրելիս.ինչ անում եմ՝
դու ես անում,անգին)չեմ վախենում
ճակատագրից(դու ես իմ ճակատագիրը,սեր իմ)…

- Հատված «ես կրում եմ քո սիրտը» բանաստեղծությունից (թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի)

Քամինգսը՝ որպես նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը՝ Քամինգսը, իրեն նկարիչ է համարել ոչ պակաս, քան պոետ ու գրող, հատկապես կյանքի վերջին տարիներին, որոնք անց է կացրել Նյու Հեմփշիրում, ուր ցերեկներն զբաղվում էր գեղանկարչությամբ, իսկ գիշերները բանաստեղծություններ էր գրում։

1920–ական թվականներին և դրանից հետո Քամինգսն իրեն հետևողականորեն համարում էր կուբիզմի, դադաիզմի և սյուրռեալիզմի հետևորդ։ Նրան հատկապես դուր էին գալիս Պաբլո Պիկասոյի աշխատանքները։

Առաջին անգամ Քամինգսն իբրև նկարիչ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ այն նկարների ու ծաղրանկարների, որոնք 20–ական թվականներին տպագրվել են Dial ամսագրում։ Հետագայում նա ճանաչում է ձեռք բերել նաև որպես գեղանկարիչ։ 1931 թվականին Քամինգսը նաև հրատարակել է մի ժողովածու, որտեղ իր աշխատանքներն էին՝ կատարված ածուխով, տուշով, կարագով, գունամատիտով և ջրաներկով։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Էսթլին Քամինգսի գերեզմանը

Կյանքի վերջին տասնամյակում Քամինգսն զբաղվել է ճամփորդությամբ, դասախոսություններ կարդացել և ժամանակի մի մասն անցակցրել իր ամառանոցում` Ջոյ Ֆարմում, որը գտնվում է Արծաթե լճի մոտ` Նյու Հեմփշիրում։ Մահացել է 1962 թվականի սեպտեմբերի 3–ին 67 տարեկան հասակում Նյու Հեմփշիրի Հյուսիային Քոնվեյի Հիշատակի Հոսպիտալում։ Թաղվել է Ֆորեստ Հիլլս գերեզմանատանը (Բոստոն, Մասաչուսեթս)։ Մահվան պահին արդեն իսկ ճանաչվել էր որպես ԱՄՆ-ի երկրորդ ամենաընթերցվող պոետը` Ռոբերտ Ֆրոստից հետո։

Քամինգսին պատկանող թղթերը պահվում են Հարվարդի համալսարանի Հոութըն գրադարանում և Տեխասի Օսթին համալսարանի Հարի Ռենսըմ Կենտրոնում։

Ցուցահանդեսների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի ընթացքում Քամինգսը բազմաթիվ գեղանկարչական ցուցահանդեսների է մասնակցել, այդ թվում՝

  • Երկու նկար Նյու Յորքյան՝ անկախ նկարիչների ցուցահանդեսում (1919, 1920)
  • Գեղանկարչության ցուցահանդես Նյու Յորքյան՝ գեղանկարիչների և քանդակագործների պատկերասրահում (1931)
  • Ցուցահանդես Kokoon ակումբում, Քլիվլենդ (Օհայո) (1931)
  • Գեղանկարների և ջրանկարների ցուցահանդես Ամերիկաբրիտանական գեղարվեստի պատկերասրահում, Նյու Յորք (1944)
  • Գեղանկարների, ջրանկարների և էտյուդների ցուցահանդես Ռոչեստեր (Նյու Յորք)ում, Նյու Յորք նահանգ (1945)
  • Գեղանկարների և ջրանկարների ցուցահանդես Ամերիկաբրիտանական գեղարվեստի պատկերասրահում, Նյու Յորք (1948)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի ընթացքում Է․ Է․ Քամինգսն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների և պարգևների։ Դրանց թվում՝

  • 1925 – Dial ամսագրի մրցանակ
  • 1933 – Գուգենհայմի կրթաթոշակ[18]
  • 1944 – Պերսի Բիշի Շելլիի անվան մրցանակ՝ պոեզիայի զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար
  • 1950 – Հերիեթ Մոնրոյի մրցանակ[19]՝ Poetry ամսագրի կողմից
  • 1950 – Պոետների ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամություն
  • 1951 – Գուգենհայմի կրթաթոշակ
  • 1952–1953 – Հարվարդի պատվավոր պրոֆեսոր
  • 1957 – Արվեստների՝ բոստոնյան փառատոնի մրցանակ
  • 1958 – Բոլինգենյան բանաստեղծական մրցանակ
  • 1959 – Ֆորդի Ֆոնդի երկամյա դրամաշնորհ[20]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Enormous Room (1922)
  • Tulips and Chimneys (1923)
  • & (1925) (հեղինակային հրատարակություն)
  • XLI Poems (1925)
  • is 5 (1926)
  • HIM (1927) (պիես)
  • ViVa (1931)
  • Eimi (1933)
  • No Thanks (1935)
  • Collected Poems (1938)
  • 50 Poems (1940)
  • 1 × 1 (1944)
  • Xaipe: Seventy-One Poems (1950)
  • i: six nonlectures (1953)
  • Poems, 1923—1954 (1954)
  • 95 Poems (1958)
  • 73 Poems (1963) (հետմահու)
  • Fairy Tales (1965) (հետմահու)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119008378 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 http://bollingen.yale.edu/poet/e-e-cummings
  6. https://openlibrary.org/works/OL1847491W/The_Enormous_Room
  7. https://openlibrary.org/books/OL6661628M/Tulips_and_chimneys
  8. https://openlibrary.org/works/OL1847488W/Is_5
  9. https://openlibrary.org/works/OL1847453W/CIOPW
  10. https://openlibrary.org/works/OL1847484W/Eimi
  11. https://openlibrary.org/works/OL1847470W/No_thanks
  12. https://openlibrary.org/works/OL1847457W/Santa_Claus
  13. https://openlibrary.org/works/OL1847479W/Fairy_tales
  14. https://www.gf.org/fellows/all-fellows/e-e-cummings/
  15. http://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  16. https://web.archive.org/web/20150315043417/https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
  17. 17,0 17,1 17,2 17,3 http://www.english.illinois.edu/maps/poets/a_f/cummings/cummings_life.htm
  18. John Simon Guggenheim Foundation | E. E. Cummings
  19. Foundation, Poetry (2020 թ․ հուլիսի 27). «Harriet Monroe». Poetry Foundation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  20. «Международная программа стипендий Форда Форда - условия конкурса». www.iie.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Էսթլին Քամինգս» հոդվածին։