Զոլտան Ցիբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլտան Ցիբոր
հունգ.՝ Czibor Suhai Zoltán
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Զոլտան Ցիբոր Շուխաի
Ազգությունը հունգարացի
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1929(1929-08-23)[1][2]
Ծննդավայր Կապոշվար, Հունգարիա
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1997(1997-09-01)[1] (68 տարեկան)
Մահվան վայր Դյոր, Հունգարիա
Հասակ 169 սմ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1942-1945 Հունգարիա Կոմարոմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1945-1948 Հունգարիա Կոմարոմ
1948-1950 Հունգարիա Ֆերենցվարոշ 70 (33)
1951-1952 Հունգարիա Չեպել 26 (9)
1953ժ1956 Հունգարիա Հոնվեդ 80 (58)
1956 Իտալիա Ռոմա 0 (0)
1958-1961 Իսպանիա Բարսելոնա 38 (17)
1961-1962 Իսպանիա Էսպանյոլ 10 (2)
1962 Իսպանիա Էսպորտիու Էուրոպա ? (?)
1962 Շվեյցարիա Բազել ? (?)
1963 Ավստրիա Աուստրիա ? (?)
1963 Կանադա Պրիմո Հեմիլթոն ? (?)
1964 Շվեյցարիա Գրասհոփերս ? (?)
1965 Կանադա Տորոնտո Սիթի
Ազգային հավաքական
1949-1956 Հունգարիա Հունգարիա 43 (17)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զոլտան Ցիբոր Շուխաի (հունգ.՝ Czibor Suhai Zoltán, 23 օգոստոսի, 1929, Կապոշվար, Հունգարիա1 սեպտեմբերի, 1997, Կոմարոմ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, եզրային հարձակվող[3]։ Հանդես է եկել Հունգարիայի հավաքականում[4], որի կազմում 1954 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլտան Ցիբորը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 23-ին Հունգարիայի Կապոշվար քաղաքում, երկաթգծի աշխատողի ընտանիքում։ Ունեցել է վեց եղբայրներ ու քույրեր. նրա երկու եղբայրները խաղացել են «Կոմարոմ» ակումբում, երրորդը՝ «Լոկոմոտիվ» (Կոմարոմ) ակումբում։ Հինգ տարեկան հասակում Զոլտան Ցիբորն սկսել է զբաղվել սպորտով՝ հաճախելով բարձրացատկի խմբակ։ Մի անգամ նա տեսել է երիտասարդ ֆուտբոլիստների, որ մասնակցում էին Կապոշվարի գավաթի խաղարկությանը։ Միանալով նրանց՝ Ցիբորը գրեթե անմիջապես շրջանցել է հակառակորդ թիմի խաղացողներին ու գոլ խփել։ Այդ խաղին հետևում էին տեղի «Կոմարոմ» ակումբի ղեկավարները, և տղան շուտով հրավիրվել է «Կոմարոմ», որտեղ էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ Շուտով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և Ցիբորը մեկնել է ռազմաճակատ։ Վերադառնալուց հետո նա շարունակել է խաղալ «Կոմարոմ» ակումբում, սակայն նրա հիմնական աշխատանքը եղել է գնացք վարելը։ 1948 թվականի մայիսին «Կոմարոմի»՝ «Դյորի» դեմ խաղում Ցիբորին նկատել է Շանդոր Մեցեին՝ Հունգարիայի երիտասարդական հավաքականի մարզիչը և հրավիրում երիտասարդական հավաքական։

Երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած մի քանի խաղերից հետո Ցիբորը սկսել է խաղալ «Ֆերենցվարոշ» ակումբում, որի կազմում 1949 թվականին դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Այնուհետև նա մի կարճ ժամանակ խաղացել է «Չեպել» ակումբում։ 1953 թվականին տեղափոխվել է «Հոնվեդ», որն այն ժամանակ հովանավորվում էր Հունգարիայի պաշտպանության նախարարության կողմից և համապետական զորակոչի շնորհիվ համալրվում էր երկրի տարբեր կողմերից եկած ֆուտբոլիստներով։ «Հոնվեդի» կազմում Ցիբորն անցկացրել է 175 հանդիպում և խփել 100 գոլ (դրանցից քսանը նա խփել 1955 թվականի առաջնությունում, որում Ցիբորը ճանաչվել է լավագույն ռմբարկու) և երկու անգամ դարձել երկրի չեմպիոն։

1956 թվականին «Հոնվեդն» առաջին անգամ մասնակցում է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությանը։ Առաջին փուլում ակումբը հանդիպում է իսպանական «Ատլետիկի» հետ։ Առաջին արտագնա խաղում «Հոնվեդը» պարտվում է 2:3 հաշվով, իսկ ֆուտբոլիստները որոշում են չվերադառնալ Հունգարիա սկսված հեղափոխության պատճառով։ Պատասխան խաղը տեղի է ունեցել Բրյուսելի «Էյզել» մարզադաշտում։ Այդ խաղում «Հոնվեդի» դարպասապահը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել խաղը։ Արդյունքում Ցիբորն ստիպված է լինում պաշտպանել դարպասը, քանի որ այն ժամանակ արգելված էր փոխարինում կատարել։ Խաղն ավարտվել է 3:3 հաշվով, և հունգարական թիմը դուրս է մնացել առաջնությունից։ Դրանից հետո ֆուտբոլիստները երկրից տարել են իրենց ընտանիքները և կազմակերպել ընկերական խաղերի շարք Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում ու Բրազիլիայում՝ չնայած ՖԻՖԱ-ի ու Հունգարիայի ֆուտբոլային ոլորտի ղեկավարների բողոքներին։ Դրանից հետո «Հոնվեդի» խաղացողների մի մասը վերադարձել է Հունգարիա, իսկ մյուս մասը մնացել է Արևմտյան Եվրոպայում։

Արևմտյան Եվրոպայում Զոլտան Ցիբորը «Ռոմայի» կազմում անցկացրել է մի քանի ոչ պաշտոնական խաղեր։ Սակայն «Հոնվեդը» դիմել էր ՖԻՖԱ-ին, որն էլ արգելել էր Ցիբորի՝ «Ռոմայի» կազմում հանդես գալը, չնայած Ցիբորն արդեն պայմանագիր էր կնքել հռոմեական ակումբի հետ ու տեղավորվել այդ պայմանագրով «Ռոմայի» կողմից առաջարկված բնակարանում։ Ավելի ուշ Լադիսլաո Կուբալան, որ նույնպես փախստական էր, Ցիբորին ու Շանդոր Կոչիշին հրավիրել է «Բարսելոնա»։ Ցիբորի տրանսֆերի արժեքը կազմել է 100 հազար դոլար, ինչպես նաև ակումբը վճարել է Ցիբորի բոլոր պարտքերը, ով երկար ժամանակ չէր աշխատել։ «Բարսելոնայի» կազմում Ցիբորի դեբյուտը կայացել է 1958 թվականի մարտի 19-ին՝ շվեյցարական «Յանգ Ֆելոուզ» ակումբի դեմ ընկերական խաղում, որում Ցիբորը խփել է երկու գոլ. խաղն ավարտվել է 4:4 հաշվով։ Մի քանի ամիս անց՝ նույն թվականի սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Ցիբորի դեբյուտը պաշտոնական խաղերում. նա մասնակցել է «Վալենսիա» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 6:0 հաշվով հօգուտ «Բարսայի»։ Ցիբորն այդ խաղում խփել է մեկ գոլ։

«Բարսելոնայի» կազմում Ցիբորը խաղացել է երեք մրցաշրջան և նվաճել իսպանական ու եվրոպական մի քանի տիտղոսներ։ Մասնակցել է Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվել է «Բենֆիկային» «Վանկդորֆ» մարզադաշտում, որտեղ 1954 թվականին Հունգարիայի հավաքականը պարտվել էր աշխարհի առաջնության եզրափակչում։

«Բարսելոնայից» հետո Ցիբորը խաղացել է «Էսպանյոլ», «Բազել», «Աուստրիա», «Պրիմո Հեմիլթոն» և «Տորոնտո Սիթի» ակումբներում, ապա ավարտել է ֆուտբոլային կարիերան։

1966 թվականին Զոլտան Ցիբորն ամուսնալուծվել է կնոջից, ով հեռացել է՝ տանելով երեխաներին, այդ թվում նաև անդամալույծ որդուն, ով կորցրել էր ոտքը վերելակում տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Ամուսնալուծության պատճառով Ցիբորն ստիպված է լինում վաճառել «Երկնագույն Դանուբ» սրճարանը, որ գնել էր ֆուտբոլի շնորհիվ վաստակած գումարով։ 1990 թվականին նա վերադարձել է Հունգարիա, որտեղ մինչև կյանքի վերջն աշխատել է որպես «Կոմարոմի» նախագահ[5]։ Զոլտան Ցիբորը մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 1-ին Բուդապեշտում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի հավաքականի կազմում Զոլտան Ցիբորը խաղացել է 1949 թվականից մինչև 1956 թվականը՝ մասնակցելով 43 խաղի և խփելով 17 գոլ։ Ազգային հավաքականի կազմում նրա դեբյուտը կայացել է 1949 թվականի մայիսի 8-ին Ավստրիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 6:1 հաշվով հօգուտ հունգարացիների։ Ցիբորը եղել է հանրահայտ «Ոսկե թիմի» ամդամ, որն անցկացրել է 32 անընդմեջ հանդիպում առանց պարտության։ Հավաքականի կազմում Ցիբորը 1954 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն. եզրափակչում Ցիբորը հեղինակել է Հարավսլավիայի դարպասը խփած երկու գոլերից մեկը։ Հավաքականի կազմում Ցիբորը 1953 թվականին հաղթել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ Մեկ տարի անց դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. առաջնության եզրափակչում Ցիբորը խփել է իր հավաքականի երկրորդ գոլը Գերմանիայի դարպասին, իսկ դրանից առաջ գոլ էր խփել և երկու արդյունավետ փոխանցումներ կատարել առաջնության կիսաեզրափակչում՝ Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի չեմպիոն - 1949, 1954, 1955
  • Օլիմպիական չեմպիոն - 1952
  • Կենտրոնական Եվրոպայի գավաթի դափնեկիր - 1953
  • Աշխարհի փոխչեմպիոն - 1954
  • Իսպանիայի գավաթակիր - 1959
  • Իսպանիայի չեմպիոն - 1959, 1960
  • Տոնավաճառների գավաթի խաղարկության հաղթող - 1960

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1955 (20 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլտան Ցիբոր» հոդվածին։