Երկարագուլպա Պիպին (հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկարագուլպա Պիպին (շվեդ.՝ Pippi Långstrump, լրիվ անունը՝ Պիպինլոտտա Վիկուալիա Ռուլգարդինա Կրիսմինտա Էֆրամսդոտտեր Երկարագուլպա, շվեդ.՝ Pippilotta Viktualia Rullgardina Krusmynta Efraimsdotter Långstrump), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի համանուն վիպակի գլխավոր հերոսը։

Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ[1]։ Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը[2]։

Pippi անունը հորինել է Աստրիդ Լինդգրենի դուստր Կարինը[3]։ Ռուսերեն ներկայացմամբ արդեն կայունացած «Պիպին» անունը «Պիպի» (շվեդ.՝ Pippi) տառադարձության փոխարեն առաջարկել է Լիլիաննա Լունգինան իր կատարած առաջին թարգմանությամբ՝ ռուսերեն լեզվով անպարկեշտ կոննոտացիաներից խուսափելու համար։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հավի» վիլլա-տուն, որտեղ իրականացվել են Պեպիի մասին շվեդական հեռուստասերիալի նկարահանումները

Պիպին՝ փոքրիկ շիկակարմիր պեպենոտ աղջիկ, որը միայնակ բնակվում է շվեդական փոքրիկ քաղաքում՝ «Հավի» վիլլայում, իր կենդանիների` կապիկ Պարոն Նիլսոնի և ձիուկի հետ։ Պիպին կապիտան Եֆրաիմ Երկարագուլպայի դուստրն է, որը հետագայում դարձավ սևամորթ ցեղի առաջնորդը։ Պիպին հորից ժառանգել էր ֆանտաստիկ ֆիզիկական ուժ, ինչպես նաև ոսկով լի ճամպրուկ, որը նրան թույլ էր տալիս բարեկեցիկ գոյատևել։ Պիպիի մայրը մահացել էր, երբ նա դեռ մանկահասակ երեխա էր։ Պիպին համոզված է, որ մայրը հրեշտակ է դարձել և երկնքից նայում է անցքի միջով («Իմ մայրիկը հրեշտակ է, իսկ հայրիկը նեգրերի թագավոր։ Ոչ բոլոր երեխաներն ունեն այդպիսի նշանավոր ծնողներ»)։

Պիպին «ընդօրինակում է», ավելի շուտ, հնարում է տարբեր երկրների և աշխարհի տարբեր մասերի սովորույթներ` քայլելիս հետ հետ գնալ, փողոցում քայլել գլուխը ներքև, «քանի որ ոտքերը այրվում են, երբ քայլում ես հրաբխի վրայով, իսկ ձեռքերին կարելի է թաղիքե ոտնամաններ հագնել»։

Պիպիի լավագույն ընկերները հարևանի հասարակ երեխաներն են` Թոմմին և Աննիկա Սետտերգրենները։ Պիպիի ընկերակցությամբ նրանք հաճախ ընկնում են տհաճ և ծիծաղելի միջադեպերի մեջ, իսկ երբեմն էլ իսկական արկածների են հանդիպում։ Անփույթ Պիպիի վրա ընկերների և մեծահասակների կողմից ազդելու փորձերը ոչնչի չեն հանգեցնում, նա դպրոց չի գնում, անգրագետ է, անկաշկանդ և մշտապես հնարում է հերյուրանքներ։ Այնուամենայնիվ, Պիպին լավ սիրտ ունի և լավ հումորի զգացում։

Երկարագուլպա Պիպին անկախ է և անում է այն ինչ ցանկանում է։ Օրինակ, նա քնում է ոտքերը բարձի վրա, իսկ գլուխը՝ ծածկոցի տակ, հագնում է տարբեր գույնի գուլպաներ, վերադառնում է տուն հետ-հետ քայլելով, քանի որ չի ուզում շրջվել, խմորը գրտնակում է հատակին, իսկ ձին պահում է պատշգամբում։

Նա աներևակայելի ուժեղ և արագաշարժ է, չնայած ընդամենը ինը տարեկան է։ Նա ձեռքերի վրա է տանում սեփական ձիուն, հաղթում է կրկեսային հսկային, դեսուդեն է շպրտում ավազակախմբի անդամներին, կոտրում է կատաղի ցլի եղջյուրները, հմտորեն դուրս է հանում իր տուն մտած ոստիկաններին, որոնք եկել էին նրան բռնի ուժով մանկատուն տանելու և անմիջապես պահարանի վրա է նետում երկու գողերին, որոնք որոշել էին թալանել նրան։ Այնուամենայնիվ Պիպիի հաշվեհարդարներում դաժանություն չկա. նա հազվադեպ մեծահոգի է իր պարտված թշնամիների նկատմամբ։ Խայտառակված ոստիկաններին նա հյուրասիրում է թարմ թխված սրտաձև բլիթներով։ Իսկ ուրիշի տուն ներխուժած և անհարմար վիճակում հայտնված գողերին նա ստիպում է իր հետ թվիստ պարեն և մեծահոգաբար նրանց խրախուսում է ոսկե մետաղադրամներով, այս անգամ ազնվորեն վաստակած։ Պիպին ոչ միայն հազվադեպ ուժեղ էր, այլև աներևակայելի հարուստ։ Նրա համար մեծ ծախս չէր քաղաքի բոլոր երեխաների համար «հարյուր կիլոգրամ սառնաշաքար» և մի ամբողջ խանութի խաղալիքներ գնելը, բայց ինքը ապրում էր հին խարխլված տանը, հագնում էր բազմագույն կարկատաններից կարված միակ զգեստը և հոր կողմից վաղ տարիքում գնված մեկ զույգ կոշիկը։

Բայց Պիպիի մոտ ամենազարմանալին նրա պայծառ և բուռն ֆանտազիան էր, որը դրսևորվում էր իր կողմից հորինված խաղերում և տարբեր երկրների մասին զարմանալի պատմություններում, որտեղ նա այցելել էր կապիտան հոր հետ և անվերջանալի խաղերում, որոնց զոհերը հաճախ դառնում էին անշնորհք մեծերը։ Պիպին իր ցանկացած պատմություն հասցնում էր անհեթեթության աստիճանի, վտանգավոր աղախինը կծում էր հյուրերի ոտքերը, երկարականջ չինացին անձրևի ժամանակ թաքնվում էր ականջների տակ, իսկ քմահաճ երեխան հրաժարվում էր ուտել մայիսից մինչև հոկտեմբեր։ Պիպին շատ է նեղվում, երբ ինչ որ մեկը նրան ասում է, որ ինքը ստում է, քանի որ ստելը լավ բան չէ, ուղղակի երբեմն նա մոռանում է այդ մասին։

Պիպին երեխայի երազանքն է ուժի, ազնվության, հարստության, առատաձեռնության, ազատության և անձնազոհության մասին։ Բայց ինչ որ պատճառով մեծահասակները նրան չէին հասկանում։ Եվ դեղագործը, և դպրոցի ուսուցչուհին, և կրկեսի տնօրենը և նույնիսկ Թոմմիի ու Աննիկայի մայրիկը զայրանում էին նրա վրա ուսուցանում և դաստիարակում։ Ըստ երևույթին Պիպին ամենից շատ վախենում էր ծերանալուց։

Մեծահասակները երբեք ուրախ չեն լինում։ Նրանք մշտապես ունեն անչափ շատ ձանձրալի աշխատանք, հիմար զգեստներ և կումինալ հարկեր[4]։ Դրանք լցված են նաև նախապաշարմունքներով և ամեն տեսակ անհեթեթություններով։ Նրանք մտածում են, որ ահավոր դժբախտություն կպատահի, եթե ուտելու ժամանակ բերանի մեջ դանակ մտցնեն և նման այլ բաներ։

Բայց «ով ասաց, որ պետք է մեծահասակ դառնալ»։ Ոչ ոք չի կարող ստիպել Պիպիին անել այն, ինչ նա չի ուզում։

Երկարագուլպա Պիպիի մասին գրքերը լի են լավատեսությամբ և ամենալավի նկատմամբ անփոփոխ հավատքով։

Պիպիի մասին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիպին Երկարագուլպա (վիպակ)
  • «Պիպին բնակվում է «Հավի վիլայում» (Pippi Långstrump) (1945)
  • «Պիպին ճանապարհ է ընկնում» (Pippi Långstrump går ombord) (1946)
  • «Պիպին զվարճանքի երկրում» (Pippi Långstrump i Söderhavet) (1948)
  • «Երկարագուլպա Պիպին այգում, որտեղ գայլուկ է աճում» (պատմվածք) (Pippi Långstrump i Humlegården) (1949)
  • «Ամանորյա տոնածառի թալանը, կամ Բռնիր ինչ կարող ես» (պատմվածք) (Pippi Långstrump har julgransplundring) (1950)

Գոյություն ունեն մի շարք «պատկերազարդ գրքեր», որոնք չեն հրատարակվել Ռուսաստանում։ Դրանք հիմնականում իրենցից ներկայացնում են բնօրինակ եռապատման առանձին գլուխների պատկերազարդ հրատարակություններ։

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը ռուսերեն է թարգմանել Լիլիաննա Լունգինը։ Հենց նրա թարգմանությունն է, որ ներկայումս համարվում է դասական։ Կա մեկ այլ թարգմանություն, որը կատարել է Լյուդմիլա Բրաուդեն Նինա Բելյակովի հետ համատեղ։ Հետագա երկու պատմվածքները թարգմանել է միայն Լյուդմիլա Բրաուդեն։

Նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիպիի մասին գրքերի հիմնական նկարազարդող է համարվում դանիացի նկարիչ Ինգրիդ Վանգ Նյումանը։ Հենց նրա նկարազարդումներն են հայտնի ամբողջ աշխարհում։

Վերահրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին «Expressen» թերթին տված հարցազրույցում Աստրիդ Լինդգրենը խոստովանել է, որ եթե ինքն այսօր գրքեր գրեր Պիպիի մասին, ապա «այդտեղից կհաներ մի քանի ապուշություններ», մասնավորապես չէր օգտագործի «նեգրական» բառը։ 2015 թվականին, նրա դստեր Կարինի համաձայնությամբ լույս տեսավ գրքի նոր հրատարակությունը, որտեղ Պիպիի հայրը բնութագրվում է որպես «Հարավային ծովի թագավոր», ոչ թե «նեգրական թագավոր»։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարագուլպա Պիպին (Pippi Långstrump - Շվեդիա, 1949) - Պեր Գունվալի ֆիլմը։
  • 1961 թվականի ամերիկյան հեռուստաներկայացում «Shirley Temple's Storybook», ներկայացումների շարքից, նկարահանված գրքի բնօրինակի մոտիվներով։
  • Երկարագուլպա Պիպին (Pippi Långstrump - Շվեդիա, 1969) - Օլլե Հելլբոմի հեռուստասերիալը։ Հեռուստասերիալի «Շվեդական» տարբերակը 13 սերիայով, ԳՖՀ տարբերակը` 21 սերիա։ Գլխավոր դերում՝ Ինգեր Նիլսոն։ 2004 թվականից հեռուստասերիալի «գերմանական» տարբերակը ցուցադրվում է «Մշակույթ» հեռուստաալիքով։ Կինոտարբերակ 4 ֆիլմով (թողարկվել է 1969, 1970 թվականներին)։ Խորհրդային կինովարձույթում ցուցադրվել են երկու կինոնկարներ «Երկարագուլպա Պիպին» և «Պիպին Տակա-Տուկա երկրում»։
  • Պիպին Երկարագուլպա (ԽՍՀՄ, 1984) - հեռուստատեսային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ։
  • Ամերիկյան հեռուստաֆիլմ «Pippi Longstocking» 1985 թվականի, ABC Weekend Special շարքից.[6]:
  • Երկարագուլպա Պիպիի նոր արկածները (The New Adventures of Pippi Longstocking - ԱՄՆ, Շվեդիա, 1988)
  • Երկարագուլպա Պիպին (Pippi Longstocking - Շվեդիա, Գերմանիա, Կանադա, 1997) - մուլտֆիլմ։
  • Երկարագուլպա Պիպին (Pippi Longstocking - Կանադա, 1997-1999) - մուլտսերիալ։
  • «Երկարագուլպա Պիպին» - դիաֆիլմ (ԽՍՀՄ, 1971)

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նմուշի շվեդական 20 կրոնանոց թղթադրամի վրա պատկերված են Երկարագուլպա Պիպիի և Աստրիդ Լինդգրենի դիմանկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երկարագուլպա Պիպին». Zangak (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  2. «Do You Know Pippi Longstocking?». Zangak (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  3. см. «К читателям» в книге: Астрид Линдгрен. Пиппи Длинныйчулок/ перевод Н. Беляковой, Л. Брауде и Е. Паклиной. — СПб: Азбука, 1997.
  4. Имеются в виду „коммунальные“ (в другом переводе — „подуходные“, то есть „подоходные“)
  5. «Пеппи Длинныйчулок». www.svoboda-3.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  6. Информация о телевизионной постановке ABC на IMDB

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andersen, Jen (2018). Astrid Lindgren: The Woman Behind Pippi Longstocking. Translated by Caroline Waight. New Haven: Yale University Press.
  • Erol, Sibel (1991). «The Image of the Child in Lindgren's Pippi Longstocking». Children's Literature Association Quarterly: 112–119. doi:10.1353/chq.1991.0005.
  • Hoffeld, Laura (1977). «Pippi Longstocking: The Comedy of the Natural Girl». The Lion and the Unicorn. 1 (1): 47–53. doi:10.1353/uni.0.0247.
  • Holmlund, Christine Anne (2003). «Pippi and Her Pals». Cinema Journal. 42 (2): 3–24. doi:10.1353/cj.2003.0005.
  • Lindgren, Astrid (2017). Translated by Elizabeth Sofia Powell. «'Why do we write children's books?' by Astrid Lindgren». Children's Literature. Johns Hopkins University Press. 45: 188–195.
  • Lundqvist, Ulla (1989). «The Child of the Century». The Lion and the Unicorn. 13 (2): 97–102. doi:10.1353/uni.0.0168.
  • Metcalf, Eva-Maria (1995). Astrid Lindgren. New York: Twayne Publishers.
  • Metcalf, Eva-Maria (2011). «Pippi Longstocking in the United States». In Kümmerling-Meibauer, Bettina; Astrid Surmatz (eds.). Beyond Pippi Longstocking: Intermedial and International Aspects of Astrid Lindgren's Works. Routledge. ISBN 978-0-415-88353-5.
  • Silvey, Anita (2005). 100 Best Books for Children. Houghton Mifflin Harcourt.
  • Van den Bossche, Sara (2011). «We Love What We know: The Canonicity of Pippi Longstocking in Different Media in Flanders». In Kümmerling-Meibauer, Bettina; Astrid Surmatz (eds.). Beyond Pippi Longstocking: Intermedial and International Aspects of Astrid Lindgren's Works. Routledge. ISBN 978-0-415-88353-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frasher, Ramona S. (1977). "Boys, Girls and Pippi Longstocking". The Reading Teacher. 30 (8): 860–863. JSTOR 20194413.
  • Metcalf, Eva-Maria (1990). "Tall Tale and Spectacle in Pippi Longstocking". Children's Literature Association Quarterly. 15 (3): 130–135. doi:10.1353/chq.0.0791.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]