Եղնասարի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղնասարի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԳետաշեն, Շահումյանի շրջան, Արցախ
ԹեմԱրցախի
Հոգևոր կարգավիճակչգրոծող (անհայտ)
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ

Եղնասարի վանք, Հայ առաքելական եկեղեցու վանք Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից[1] շուրջ 1,5 կմ հարավ՝ անտառի փեշին՝ հյուսիսահայաց մեղմաթեք սարալանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղնասարի վանքի համալիրի կառույցներից մեծամասնությունը՝ եկեղեցի, միաբանական սենյակներ, դարպասը, հիմնականում վերաբերում են 17-րդ դարին, բայց հնավայրում պահպանված միջնադարյան խաչքարերի և եկեղեցու որմերում ագուցված ճարտարապետական առանձին բեկորները վկայում են, որ այդ շինությունների տեղում ավելի հնում եղել են պաշտամունքային կառույցներ։

Եղնասարի վանքի մասին մատենագրական համարյա ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Հայտնի է, որ, չնայած քաղաքական ծանր կացությանը, 18-րդ դարում Եղնասարի վանքում հաստատված էր միաբանություն և ստեղծվում էին ձեռագիր մատյաններ[2]։

15-րդ դարում գրված մի ձեռագիր 1744 թվականին նորոգվել է Եղնասարի վանքում։ Հիշատակարանում դրա վերաբերյալ կա հետևյալ տեքստը.

Նորոգեցաւ դառն եւ դժնեա ժամանակիս, որ ոչ կարէ ոք պատմել նեղութիւն եւ սուգս... Արդ` եղեւ նորոգեալ ի դուռն անապատիս Եղնասարա, որում աստ բնակեալ եմք միաբան...[3]

Համեմատաբար առատ են 19-րդ դարին վերաբերող արխիվային վավերագրերը։ Դրանց շնորհիվ պարզվում է վանքի միակ եկեղեցու անունը և այլ մանրամասներ։ Հայտնի է, որ վանքը գործել է մինչև 19-րդ դարի սկզբները[4]։

20-րդ դարի սկզբին վանքն էլ ավելի անխնամ ու անտեր վիճակում էր գտնվում, վանքում խոզեր էին պահում[4]։ 19-րդ դարի վերջերին վերաբերող վանքի վիճակի նկարագրությունները համեմատելով (1988 թ.) դրության հետ, կարելի է ասել, որ այդ ընթացքում համալիրը համարյա անփոփոխ է մնացել, միայն նկատվում են նոր ժամանակների մի քանի փոքրածավալ ավերումներ՝ ակնհայտորեն գանձախուզության նպատակով[5]։

Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի ունեցվածքի մասին 1841 թվականին մի վավերագրում ասված է.

Եղնասար անապատ գեղեցկաշէն յանուն սուրբ Աստուածածնի կառուցեալ, բայց այժմ է ամայի։ Ունի զհող հարիւր եւ տասն օրավար, որոյ արժողութիւնն է երկու հարիւր մանէթ, մի այգի եւս մրգաբեր, բայց այժմ է խոպանացեալ»[6]։

1853 թվականին կազմված մի վկայագրում էլ գրած է.

Անապատս այս եղեալ է ի նախնումն մի ի հարուստ եւ փառաւօր վանօրէից ունելով բաւականութիւն միաբանս, որոց եւ գերեզմանք արդէն գտանին անդր, շրջապատ պարիսպք եւ այլ շինուած ի ներկայումս ոմանք են քայքայեալք եւ ոմանք կիսախախտք, իսկ եկեղեցին կայ յամբողջ դրութեամբ։ Անապատս այս ունեցեալ ընդ սեպհական պատկանելիութեան իւրում զշրջակայ տեղիսն, յորս պարունակին վարելահողք, արոտատեղիք եւ անտառք ընդ յետագայ չորիս սահմանացս։ Արեւելեան կողմն է գետն Ղարաբուլախ գեղջ. արեւմտեան կողմն է Սպիտակ ջուրն, հարաւային է Ղօնճայ կոչեցեալ տեղին, լեառնակողմն եւ հիւսիսային Օշեփ ասացեալ քարն, ընդ մէջ այսոցիկ սահմանաց բաղկացեալ տեղիք պատկանեցեալ է վերոհիշեալ անապատին ըստ վկայաբանութեան մերձակայ բնակիչ հմտագոյն ստորագրելեաց ի սմին վկայագրի...[7]

1886 թվականին դեռևս վանքապատկան էին որոշ տարածությամբ վարելահողեր ու անտառ[8]։

1910 թվականին կազմված Գանձակի վանական կալվածքների տեղեկագրում նշված է

Այս խղճուկ անապատը թէեւ անցեալում ունեցել է կալվածք, բայց այժմս չունի ոչ մի արդիւնաբերող կալվածք։ Արքունի կառավարութիւնը դատով տարել է այս անապատին պատկանեալ անտառը, որ մօտաւորապէս հաշւում են 800 դեսիատին։ Ներկայումս կան երեք հին խարխուլ սենեակներ։ Երբեմն-երբեմն լինում են ուխտագնացութիւն[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այժմ շրջանի տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և համապատասխանւոմ Գյոյգյոլի շրջանին, իսկ գյուղն էլ կոչվում է Չայքենդ։
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 354-355
  3. Մխրթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, Երևան, 1983, էջ 50
  4. 4,0 4,1 Լալայեան Երևան, Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 138։
  5. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 355։
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1 գ. 3798, թ. 64-65
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ.19
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 138, թ. 100-101:
  9. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ.25