Եկատերինյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինյան պալատ
Екатерининский дворец
ԵրկիրՌուսաստան
🌐tzar.ru(ռուս.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Եկատերինյան պալատ (նաև՝ Ցարսկոսելսկյան մեծ պալատ, Եկատերինյան մեծ պալատ, Մեծ պալատ[1], Հին պալատ[2]), նախկին կայսերական պալատ, ռուսական երեք կայսրուհիների՝ Եկատերինա I-ի, Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա II-ի ամառային պաշտոնական նստավայր։ Պալատը գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնից 26 կմ հարավ, նախկին Ցարսկոյե Սելոյում (այսօր` Պուշկին քաղաք)։

Համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ[3], ներառված է «Պուշկին քաղաքի պալատա-պուրակային անսամբլը և նրա պատմական կենտրոնը» համալիրի մեջ , որն էլ համալրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկը՝ որպես «Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և հարակից հուշարձանների համալիր»[4]։

Պալատը կառուցվել է 1717 թվականին Եկատերինա I կայսրուհու հրամանով, որի անունով էլ կոչվում է։ XVIII դարի ընթացքում բազմիցս վերանորոգվել է և այժմյան տեսքով հանդիսանում է ուշ բարոկկոյի օրինակ։ Խորհրդային շրջանում պալատում բացվել է թանգարան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պալատը խիստ վնասվել է։ Նրա վերականգնումը տևել է երկար տարիներ և ընթացքի մեջ է։ Վերականգնումը խիստ գիտական հիմքով իրականացվում է Լենինգրադի ռեստավրատորների դպրոցի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի պատմության և ճարտարապետության մեջ իրենց արտացոլումն են գտել ոչ միայն պալատի վերապրած դարաշրջանների ճարտարապետական ուղղությունները, այլ նաև տվյալ ժամանակաշրջանի ռուսական տիրակալների անձնական հակումները։ Պալատի կառուցումը սկսվել է 1717 թվականին գերմանացի ճարտարապետ Յոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյնի գլխավորությամբ՝ որպես Եկատերինա I-ի ամառային նստավայր։ 1724 թվականի օգոստոսին շինարարության ավարտի կապակցությամբ պալատում տոնակատարություն են կազմակերպում, որի ընթացքում «13 թնդանոթից երեք անգամ կրակ են արձակել»։ Հանդիսությանը ներկա էր կայսրը։ Առաջին նախագծով պալատն իրենից ներկայացնում էր XVIII դարի սկսզբի ռուսական ճարտարապետությանը բնորոշ երկհարկանի ոչ մեծ շինություն՝ հոլանդական ոճով՝ «16 շքասրահներով»։

1743 թվականին նոր գահ բարձրացած Ելիզավետ Պետրովնան հանձնարարում է ռուս ճարտարապետ Միխայիլ Զեմցովին և Անդրեյ Վասիլևիչ Կվասովին ընդարձակել և կառուցապատել պալատը։ Կվասովի հետ միաժամանակ հրավիրվում է նաև Սավվա Չևակինսկին, որն ըդարձակում է պալատը՝ գրեթե հասցնելով ներկայիս երկարությանը։ Նրա նախագծով է իրականացվում եկեղեցու, Գահական դահլիճի ինտերիերը, բակային առանձնաշենքերը։ Այդպիսով, Ելիզավետա Պետրովնայի օրոք պալատը ստանում է այժմյան տեսքն ու ոճը։ 1752 թվականի մայիսին նա հանձնարարում է ճարտարապետ Վարֆոլոմեյ Ֆրանչեսկո Ռաստրելլիին կրկին վերակառուցել պալատը։ Չորս տարի տևած վերակառուցողական և շինարարական հսկայածավալ աշխատանքից հետո հայտնվեց այժմյան պալատը՝ կատարված Ռուսական բարոկկոյի ոճով։ Ավելի քան 100 կգ ոսկի է ծախսվել ճակատային նոր հարդարանքների և տանիքի բազմաթիվ քանդակների ոսկեզօծման համար։ Փառահեղ ճակատի առջև փռված էր ոչ պակաս վեհասքանչ «ճիշտ» զբոսայգին։ 1756 թվականի հուլիսի 30-ին 325 մետրանոց պալատը ի ցույց դրվեց հիացած ռուս մեծատոհմիկներին և օտարերկրյա հյուրերին։

Ավանդաբար պալատը կապում են Եկատերինա Մեծի անվան հետ, թեև կայսրուհին համարում էր այդ «հարած կրեմը» հնաոճ։ Հանգուցյալ Ելիզավետա կայսրուհու կամքի համաձայն՝ Եկատերինան առաջին հերթին կարգադրեց ոսկեզօծել զբոսայգու արձանները։ Երբ դրանց մի մասը մշակեցին, Եկատերինան, իմանալով նրանց աշխատանքի արժեքը, հրամայեց դադարեցնել աշխատանքը։ Իր հուշերում նա հանդիմանում է իր նախորդի շռայլությունը։ Իր թագավորության ընթացքում նա վերակառուցում էր պալատը և զբոսայգին իր ճաշակով՝ դարձնելով ապրելու համար հարմար և համեստ։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաստրելլին վերակառուցեց Մեծ (Եկատերինյան) պալատը (1752—1756) Ցարսկոյե Սելոյում հետևյալ կերպ։ Կառույցի երկայնակի առանցքը դարձավ նրա նախագծի գլխավոր տարածական կոորդինատը։ Հանդիսավոր շինությունների երկու զուգահեռ սենեկաշարերի (անֆիլադների) հսկայական տարածականությունը, որի մասշտաբը աճում է դեպի կենտրոն՝ Մեծ դահլիճ և Պատկերասրահ, ընգծված է շքամուտքի աստիճանները դուրս բերումով կառույցի հարավ - արևմտյան կողմ։ Ճակատի Օրդերայի համակարգի ռիթմիկ բազմազանությունը, անտաբլեմենտով պսակված սյունաշարի խոյակները, պատուհանների խորը գոգավորությունները, որոնք լուսաստվերային հարուստ խաղ են ստեղծում, դեկորատիվ քանդակների առատությունը, ճակատի բազմերանգությունը (սպիտակ և երկնագույն գույները՝ համադրված ոսկեգույնի հետ) կառույցին հաղորդում են զգայական, հագեցած, տոնական և շատ հանդիսավոր տեսք։

Կոմս Ս. Դ. Շերեմետևի հուշերից. «Առաջին անգամ Ցարսկոսելսկյան Մեծ պալատը տեսա իր ողջ շքեղությամբ պարահանդեսի ժամանակ (1863 թվական)։ Պարում էինք մեծ դահլիճում, իսկ միջանցիկ սրահում ընթրիքի սեղան էր գցված անթիվ հյուրերի համար։ Ոսկեզօծ փայտե սյուները՝ անցած դարի ոճով հյուսված դարասանգներով, շողում էին լույսերով։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում էլեկտրական լուսավորությունը, և վառվում էին անհամար մոմերը, ինչպես Եկատերինայի ժամանակ։ Հրաշալի տեսարան էր, որը հնարավոր չէ մոռանալ... Ես այն ժամանակ երիտասարդ սպա էի և պարում էի մազուրկա արքայադուստր Եկատերինա Պետրովնա Օլդենբուրգսկայայի հետ»։

Պալատը 1917 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական շրջափակման շրջանում համալիրը խիստ տուժվեց, պալատները կողոպտվեցին, շատ ցուցադրանմուշներ այրվեցին։ Այսօր պալատն ամբողջությամբ վերականգնված է ռեստավրատորներ Ն. Վ. Բարանովի, Ա.Ա. Կեդրինսկու, Ն. Ե. Թումանովի, Ի. Պ.Սաուտովի և ուրիշների կողմից։

2010թվականի մայիսի 23-ին «Ցարսկոյե Սելո» պետական արգելոց - թանգարանի տնօրեն Օլգա Տարատինովան հայտնեց լրագրողներին, որ Ցարսկոյե Սելոյի 300-ամյա հոբելյանին կբացվեն մի քանի վերանորոգված դահլիճներ և տաղավարներ.

«Կբացենք կրկնակի վերանորգված Գահադահլիճը Եկատերինյան պալատում։ Կբացենք Նաև մեր հյուրերի համար անհայտ դահլիճ պալատի այն հատվածից, որտեղ ապրել է եկատերինան՝ Արաբեսկյան դահլիճը։ Այժմ այնտեղ տարվում են կահույքի և վարագույրների հետ կապված աշխատանքներ»։

Կբացենք կրկնակի վերանորգված Գահադահլիճը Եկատերինյան պալատում։ Կբացենք նաև մեր հյուրերին անհայտ մի դահլիճ պալատի այն հատվածից, որտեղ ապրել է Եկատերինան՝ Արաբեսկյան դահլիճը։ Այժմ այնտեղ տարվում են կահույքի և վարագույրների հետ կապված աշխատանքներ[5]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պալատի հսկա ծավալը անմիջապես նկատվում է։ Բացի դրանից, պալատի ճակատի դրվագված պորտիկների համաչափ առանցքային համակարգը համապատասխանում է զբոսայգու նախագծի հիմնական տարածական կոորդինատներին։

Պալատի դահլիճներ և սենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթե սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթե սենյակ կամ Սաթե առանձնասենյակ (ռուս.՝ Янтарная комната) - Եկատերինյան մեծ պալատի ամենանշանավոր սենյակներից մեկը։ Սաթե սենյակի հիմնական կահավորանքը արվել է XVIII դարի սկզբին Պրուսիայում, 1716 թվականին նվիրվել Պետրոս I-ին Ֆրիդրիխ Վիլհելմի I-ի կողմից, 1746 թվականին լրացվել և հավաքվել Պետերբուրգի Ձմեռային պալատում, 1755 թվականին՝ Ցարսկոյե սելոյում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սաթե սենյակի հարդարանքը դուրս է բերվում գերմանացի շրջափակողների կողմից Քյոնիգսբերգ։ Սենյակի հետագա ճակատագիրն անհայտ է։ 1979 թվականից Սանկտ Պետերբուրգում Սաթե սենյակը վերստեղծելու աշխատանքներ են տարվում, 2003 թվականին Սանկտ Պետերբուրգի 300 ամյակի առիթով այն ամբողջովին վերականգնվում է ռուս մասնագետների կողմից, այդ թվում և գերմանական ընկերությունների միջոցներով։

Պալատական եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է հյուսիսային կողաշենքում 1746 -1756 թվականներին։ Մի քանի անգամ վերանորոգվել է 1820 և 1863 թվականների հրդեհներից հետո։ Նրա ձևավորմանը մասնակցել են Չևակինսկին, Ռաստրելլին, Ստասովը և ուրիշներ։ Եկեղեցու ինտերիերը գրեթե ոչնչացվել է Պուշկինի շրջափակման ժամանակ և մինչ այսօր վերանորոգված չէ։ 1993 թվականից եկեղեցում հազվադեպ է արարողակարգ կատարվում։

Լիոնյան դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոնյան դահլիճ- Եկատերինյան պալատի ամենահանդիսավոր սրահներից մեկը՝ կառուցված ճարտարապետ Չարլզ Կամերոնի նախագծով 1781-1783 թվականներին։ Այդպես է կոչվում, քանի որ պատերը հարդարված են Լիոնում արտադրված մետաքսով։ Վերջին անգամ Լիոնյան դահլիճը բացվել է 1941 թվականի հունիսի 22-ին։

2019 թվականի հունիսի 6-ից, մոտ 80 տարի անց, սրահը կրկին բաց է այցելուների առջև։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատերի հարդարանքը և առաստաղի որմնանկարները ոչնչացվել են։ Նախկին կահավորանքից պահպանվել էր միայն լազուրիտի կիրառումով պատրաստված կահույքի 25 իր։ Բարեբախտաբար, պահպանվել է նաև փայտով և սադափով հարդարված մանրահատակը, որը ֆաշիստների կողմից տարվել է Գերմանիա և վերադարձվել 1947 թվականին։

Լիոնյան դահլիճի վերականգնումը իրականացվել է պահպանված պալատական նկարագրությունների, արխիվային փաստաթղթերի և նկարների հիման վրա։ Մետաքսե գործվածքը վերստեղծվել է լիոնյան «Փրելլ» մանուֆակտուրայում, որի արխիվում պահպանվել են 1866 թվականին ռուսական կայսերական պալատի պատվերով պատրաստված գործվածքի և թելերի նմուշներ։ Կահույքի լազուրիտե տարրերը վերստեղծվել են Ցարսկոսելսկի սաթի արհեստանոցի մասնագետների կողմից՝ օգտագործելով Աֆղանստանից բերված կիսաթանկարժեք քարերը, որոնք կիրառվել են նաև XIX դարում։ Վառարանը և մանրահատակը կվերադարձվեն ավելի ուշ[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Большой дворец (г. Пушкин). Общий вид Иллюстрация». bse.sci-lib.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  2. Екатерининский дворец, 1850—1862. И. Монигетти, А. Штакеншнейдер Արխիվացված 2018-12-17 Wayback Machine // Екатерининский дворец. — сайт «Энциклопедия Царского Села», 2015 — проверено 15.11.2015
  3. «Сведения из Единого государственного реестра объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации» (ռուսերեն). opendata.mkrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  4. 540-006. The Palaces and Parks Ensembles of the Town of Pushkin (Tzarskoe Selo) Russian Federation, 1990 // Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments. — World Heritage List. UNESCO
  5. В Екатерининском дворце Царского Села откроют Арабесковый и Тронный залы(ռուս.)
  6. «Музей Царское Село 6 июня откроет воссозданный Лионский зал Екатерининского дворца». ТАСС Культура (05.06.2019).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петров А. Н., Пушкин. Дворцы и парки, [2 изд.], Л., 1969;
  • Եկատերինյան պալատ — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
  • Мосякин А. Г. Жемчужное ожерелье Санкт-Петербурга. Дворцы, восставшие из пепла. Санкт-Петербург, «Паритет», 2014. — 432 с., илл. — ISBN 978-5-93437-405-2
  • Мосякин А. Г. Прусское проклятие. Тайна Янтарной комнаты. Санкт-Петербург, «Пальмира», 2018. — 479 с. : илл. (Серия «Исчезнувшие сокровища») — ISBN 978-5-521-00932-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինյան պալատ» հոդվածին։