Դալմայի այգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալմայի այգիներ
Տեսակայգի
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Հիմնվել էմ. թ. ա. 7
Մակերես530 հեկտար
ԲԾՄմոտ 940 մետր
ԿառավարումԵրևանի քաղաքապետարան
Դալմայի այգիները գտնվում է Հայաստանում
Դալմայի այգիներ
Դալմայի այգիները գտնվում է Երևանում
Դալմայի այգիներ

Դալմայի այգիներ, այգիներ Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև պարփակված հատվածում[1]։ Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգին է։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դալմա» կամ «դեոլմե» բառի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք բացատրություններ։

Ըստ Մ. Խորենացու, Մ. Աբեղյանի, Ա. Ղանալանյանի և Խալաթյանցի՝ դեոլմեն պարսկերեն բառ է և նշանակում է քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել, իսկ որպես ածական՝ պեղած, ծակած[2][3][4]։

Ըստ Երվանդ Շահազիզի՝ «դեոլմեններն» այն հին գետափոր ճանապարհներն են, որոնցով Դալմայի այգում գտնվող ջրանցքի ջուրը հոսել և ոռոգել է Դալմայի այգիները[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության ժամանակահատվածով։ Հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներից Դալմայի այգիները եղել են պտղատու։ Այնտեղ մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող, որից մեծ քանակությամբ գինի են պատրաստել։

Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։ Արձանագրությունում ասվում է.

Կուարլինե դաշտի հողը «շուլե» էր, Ոչ մի բան այնտեղ չկար։ Հենց որ Խալդեն կարգադրեց, ես այս խաղողուտը հիմնեցի, արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի, քաղաք նոր այնտեղ կառուցեցի։ Մի ջրանցք Իլդարունի գետից անցկացրի` ՙՈւմեշե՚ անունով, սույն Ռուսայան դաշտին։ Երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող Խալդեին ողջակիզեն, մեկ ոչխար Խալդեին թող զոհաբերեն, մեկ ոչխար` Թեյշեբային, մեկ ոչխար` Շիվինեին, մեկ «շեխադե»` Անիկուին։ Ռուսա Արգիշթորդու կողմից, որը արքա է հզոր, արքա մեծ արքայության Աշխարհիս։ Արքա Վանեցոց, Արքա արքայոց և արքա Տոսպ քաղաքին։ Ով որ այս արձանագրությունը փչացնի, ով փշրի, հողում թաղի, ով ջուրը գցի, ով տեղից իր շարժի, ով արևի առջևից առանձնացնի կամ ասի «ոչնչացրու», ով ուրիշին ասի. «Ես կատարեցի», ով որ անունս ջնջի և իր անունը գրի, լինի նա Վանեցի, լինի լուլուրեցի, թող որ Խալդե, Թեյշեբա, Շիվինե աստվածները չխնայեն, թե՛ անունը, թե՛ սերունդը երկրի վրա չթողնեն։
- Ռուսա
Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը Զվարթնոցում

Այգու տարածքը պատահական չի ընտրվել։ Այն ունի հարավարևմտյան թեքություն, իսկ նման աշխարհագրական դիրքում լուսավորության և ջերմային պայմանները առավել նպաստավոր են այգեգործության համար։

Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։

1950 թ. Կարմիր բլուրում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերվել են յոթ մառաններ՝ 420 գինու կարասներով՝յուրաքանչյուրը 800-1200 լիտր տարողությամբ։ Կարասների մեջ եղել են խաղողի կորիզներ, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք առ այսօր Դալմայի այգում աճող եզանդարի, խարջի, ասքյարի, մսխալի սորտերից են։ Հայտնաբերվել է նաև ածխացած խաղող, որը ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու պատվերով 1962 թ. ուսումնասիրվել է խաղողագործ-գինեգործ Դերենիկ Սաֆարյանի կողմից։ Դալմայի այգիներում մինչև վերջերս մշակվել են խաղողի մոտ 80 սորտ և թթի, ծիրանի, խնձորի տասնյակ սորտեր[6]։

Ջրանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալմայի այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ Այգում մինչև օրս էլ պահպանվում է Դալմայի ջրանցքը, որը նույնպես կառուցվել է Ռուսա Բ-ի կողմից՝Հրազդան գետի վրա և հիշատակված է վերոնշյալ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով։ Այն ոռոգել է Դալմայի այգիներն ու շրջակա դաշտերը։ Ջրանցքն սկիզբ է առնում Դավթաշենի կամրջի մոտից, գետնի տակով անցնում մոտ երեք կիլոմետր, ապա դուրս է գալիս Հրազդան կամրջին հարող այգու տարածքում։ Ջրանցքն ունեցել է 8,5 կմ երկարություն։ Այն ջրի ամենամեծ պաշարն ունեցող ջրանքն է։

Դալմայի ջրանցքը

Ըստ Երվանդ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքը մեկն էր Երևանի այն գլխավոր առուներից, որոնք սնվում էին Հրազդան գետից։ Դրանք այնքան լայն ու երկար էին, որ գետի ջրերի մի մասը բերում էին քաղաք և հասցնում քաղաքի բոլոր հեռավոր անկյունները՝ լցնելով Թոխմախան գյոլ կոչվող լճակը, որից ջուր էր մատակարարվում Շահարի հանդին[5]։ Ըստ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքի մագիստրալի երկարությունը կազմել է 6 վերստ, իսկ ճյուղավորումը՝ 3 վերստ[5]։

Այսպես է նկարագրում Շահազիզը Դալմայի ջրանցքը.

«Դալման, հանված լինելով Հրազդանի աջ ափից, Երևանի «Այգեձոր» (Դարաբաղ) կոչված արվարձանի դեմ, մտնում է մի ներքնուղու մեջ, որ փորված է մի բավականին բարձր սարի կրծքում, և հակառակ կողմում, 300 սաժեն տարածություն անցնելուց հետո դուրս է գալիս գետնի տակից մի առատաջուր մեծ աղբյուրի նման։ Այդ առուն ոռոգում է «Դամլայի» կոչված այգիները, նրա մի մասն էլ անցնում է Նորագեղի այգիները, մի երրորդ մասն էլ հոսում է դեպի արևմուտք, որտեղից անցնում, ոռոգում է Էջմիածնի նախկին վանքապատկան հողերը»[5]։

Դալմայի ջրանցքի ցուցանակը

Հրազդանի աջ ափին գտնվող Դալմայի այգիները, սակայն, տնկվել են ավելի ուշ՝ Երևանի Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Հուսեյն Ղուլի խանի ապարանքը, որ գտնվել է Երևանի բերդին կից, նայել է այն մերկ ու չոր դաշտերին, որոնց տեղում գտնվել են այգիները։ Նա հրամայել է այդ դաշտն ամբողջությամբ վերածել այգիների։ Սակայն տեղանքն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ այդ տեղանքում ջուր չկա և հնարավոր չի լինի ամայի դաշտն այգու վերածել։

Բազմաթիվ շինարարներ գործի դնելուց հետո պարզ է դառնում, որ նախկինում դաշտը ոռոգել է մի ջրանցք, որը շատ երկար ժամանակ փակ է եղել։ Հյուսեին Ղուլի խանը կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Այնուհետև վարպետներ են կանչում Մակուից, Թավրիզից, Սպահանից։ Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով՝ նրանք գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են բացել խցանված ակը՝ դեոլմե անել։

Այսպիսով, 1815 թ. սրբազների ու գյուղացիների ձեռքով մաքրվում և վերաշինվում է անհիշելի ժամանակներից այդտեղ գոյություն ունեցած ջրանցքը, և առատ ջուրը գետնափոր ճանապարհով՝ «դեոլմեով» կրկին ոռոգում է դաշտերը։ Ջրանցքի ակը բացել տալուց հետո Հուսեյն Ղուլի խանը Հրազդանի աջ ափին 149 այգի է տնկել տվել, որոնցից տարեկան տուրք է ստացել՝ եկամտի կեսը։ Ընդհանրապես, Հուսեյն խանը հայտնի էր իր շինարարական ու վերանորոգչական աշխատանքներով։ Նրա խանության օրոք բացվել են նոր առուներ, հները նորոգվել, տնկվել նոր այգիներ ու պարտեզներ։ Այդպես խանն ավելացրել է իր եկամուտը։ Ընդհանուր առմամբ Հուսեյն խանը քաղաքից միայն ստացել է 12.414 թուման հարկ[5]։

Այգու խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեսարան

Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ յուրօրինակ պատմամշակութային համալիր են։ Դրանք պատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի համար։

1931 թ. խորհրդային իշխանությունները Դալմայի այգիները վերցրել են այգեգործների ձեռքից և հանձնել կոլտնտեսությանը։ Այդ ժամանակ այգին պատկանում էր Շահումյանի շրջանի 18 և 19-րդ համագումարների անվան կոլտնտեսություններին։

1990-ական թվականներին տեղական իշխանությունները վարձակալության տվեցին Դալմայի այգիները՝ մշակման համար։

Մինչև 2000 թ. Դալմայի այգիներն ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետության՝ բնության պետական հուշարձանների ցանկում՝ 790 հա պահպանման տարածքով, որից 533 հա բուն այգու տարածքն էր։ Սակայն 2003 թ. անհասկանալի պատճառներով այգու տարածքից դուրս մնաց 277 հա տարածք[7]։

Շինություններ

Մինչև 2004 թ. Դալմային հարող ու այգու մաս կազմող Սարդարի այգին Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցուցակում նույնպես արձանագրված էր որպես պահպանվող հուշարձան, ինչը ենթադրում էր, որ այն պետք է պաշտպանվեր կառուցապատումից։ Սակայն մինչև 2003 թ. այգին արդեն կառուցապատվել էր չորս կողմից և այգուց մնացել էր միայն մի փոքր հատված։

1996 թ. այգու մնացած հատվածը տրվել էր Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ դեսպանատուն, մզկիթ և հյուրանոց կառուցելու համար։ Սակայն Կանաչների միություն կուսակցության ջանքերի շնորհիվ այդ ծրագիրը չիրականացավ։

1927 թվից Սարդարի այգին հատկացվել է Խաղողագործության, պտղագործության և գինեգործության ինստիտուտին՝ որպես գիտահետազոտական տարածք։ Այստեղ մշակվել են խաղողի 80 սորտեր։

2004 թ. ՀՀ կառավարության թիվ 19/41 որոշամբ Դալմայի այգիների 150 հա տարածքը ճանաչվեցին հանրային գերակա շահ, իսկ վարձակալվող տարածքները խլվեցին հողօգտագործողների ձեռքից<ref=safaryan />։

«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 1990-1991 թվականների ընթացքում Հայաստանում իրականացված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում գտնվող կոլտնտեսությունների հողերը որպես սեփականություն տրվեցին այդ կոլտնտեսությունների անդամներին՝ բացառությամբ Երևանի Դալմայի այգիներում գործող կոլտնտեսական հողերի՝ այն պատճառաբանությամբ, որ Դալմայի այգիները պատմական հուշարձան են և չեն կարող տրվել քաղաքացիներին որպես սեփականություն։ Վերջին հանգամանքը, սակայն, չխանգարեց իշխանություններին հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձանը մասնատել ու որպես անձնական սեփականություն բաժանել տարբեր հողօգտագործողների միջև։ Ըստ այդ օրենքի 6-րդ հոդվածի՝ որպես սեփականություն հող էր տրամադրվում նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն էին հայտնում մշտական բնակություն հաստատել գյուղում և վարել գյուղացիական տնտեսություն։

Դալմայի այգիներ

Համաձայն ՀՀ օրենքի՝ եթե գնորդը 3-4 տարվա ընթացքում ներդրումներ չի կատարում ձեռքբերված հողակտորի վրա, ապա այդ հողակտորը հետ է վերցվում պետության կողմից։ Հօղօգտագործողները պատճառաբանում են, որ եթե պետությունը չի կարող փոխհատուցել, ապա պետք է հետ վերցնել այդ հողերը գնորդներից, որովհետև արդեն 4 տարուց ավելի է, ինչ նրանք այդ հողերի վրա ներդրում չեն արել[8][9]։

2004 թ. ՀՀ կառավարությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք ընդունեց որոշում, որով նախատեսվում էր Երևանի Դալմայի այգիների 750 հա գոտուց կանաչապատ թողնել միայն 256-ը։ Այդ որոշումով Երևանի քաղաքապետարանին թույլատրվեց վաճառքի հանել Դալմայի այգիների առանձին հատվածներ՝ ոտնահարելով հողօգտագործողների իրավունքները։ Վաճառքի հանված տարածքներում սկսվեցին բետոնապատման աշխատանքներ, իսկ Դալմայի այգիները տարիներ շարունակ մշակած վարձակալողների ձեռքից հողը խլվեց` դեռ պայմանագրերի ժամկետները չլրացած։

Դալմայի այգիներ

Այգու տարածքում շինարարությունն սկսվել է առանց քաղաքաշինության նախարարության և պատմամշակութային կոթողների պաշտպանության կոմիտեի թույլտվության՝ առանց նախապես փորձագիտական աշխատանքներ կատարելու[8][10]։

2006 թ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը հողօգտագործողներին Դալմայի այգիների հողատարածքներից զրկելով խախտել է վերջիններիս իրավունքները։

2008 թ. հունիսի 11-13-ը Ռիգայում կայացած Օրհուսի կոնֆեդերացիայի նիստում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որում անօրինական է ճանաչել հողօգտագործողների հանդեպ ՀՀ իշխանությունների որդեգրած մոտեցումը[11]։

2011 թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշինևում տեղի ունեցող ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ կրկին անդրադարձ է եղել Դալմայի այգիների խնդրին։ Հանձնաժողովը փաստել է, որ Հայաստանը այգիների մասին որոշմամբ խախտել են Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Նիստին նաև հանձնարարական է տրվել ՀՀ կառավարությանը՝ իրականացնել մի շարք միջոցառումներ խախտումների վերացման ուղղությամբ[8][9]։

Պտղատու ծառեր

2016 թ. մարտի 8-ին ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում նշվում էր, որ ՀՀ կառավարության կողմից 1991 թ. մարտի 5-ին ընդունված N166 որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել» «միայն» այն դեպքում, երբ այդ քաղաքացիներին իրենց համաձայնությամբ այլ, համարժեք հողամաս է հատկացվում (նշված որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը)։

Տարիներ շարունակ դատարաններում պայքարելուց հետո հողամասերից զրկված հողօգտագործողների միայն մի քանիսին տրվեց փոխատուցում, այն էլ գնորդների հաշվին։ Մյուս մասի` շուրջ 2 տասնյակ հողօգտագործողների փոխհատուցման հարցը կարգավորելու համար ոչ գնորդների, ոչ պետական համապատասխան պաշտոնյաների կողմից քայլեր չձեռնարկվեցին[12]։

Մեկ այլ խնդիր էլ տարբեր հողօգտագործողների տրվող խիստ անհավասար փոխհատուցումն է։ Հողօգտագործողների մի մասի կարծիքով՝ առաջին հերթին պետք է լուծվի արդարացի փոխհատուցման հարցը[13]։

Այսպես, 2003 թ. առ այսօր խախտվել են և շարունակում են խախտվել ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներ, այդ թվում` Օրհուսի կոնվենցիան, ՀՀ բազմաթիվ օրենքներ և նորմատիվներ (ՇՄԱՓ, ՀՀ հողային, ՀՀ քաղաքաշինության մասին, վարչարարության և այլն)[7]։

Ավտոմայրուղու կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. մարտի 7-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը։

Նախագծով նախատեսվում էր Երևան քաղաքի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղի կառուցել։ Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների անտառային ֆոնդի հողերի սահմանով՝ Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքով։ Ավտոմայրուղու կառուցման արդյունքում նշված տարածքում առաջացող 5,3 հա ազատ հողամասը Երևանի քաղաքապետարանը մեկ քառ. մետրը մոտ 70 000 ՀՀ դրամով պետք է վաճառեր «Սահակյանշին» ՓԲԸ-ին, որը պարտավորվում էր 3-7 տարիների ընթացքում կառուցապատել տարածքը[14]։

Դալմայի այգիների կրճատման հաշվին նոր ավտոմայրուղու կառուցման խնդիրը մտահոգեց երևանցիներին և շուտով լայն արձագանք ստացավ մամուլում։ Նախագծի դեմ հանդես եկող քաղաքացիներն ու բնապահպանները նշում էին, որ վերոնշյալ օրինագիծը խախտում է ՀՀ միջազգային կոնվենցիաներն ու ՀՀ Սահմանադրության պահանջները։

Նրանք, մասնավորապես, առանձնացնում էին հետևյալ հիմնական 4 կետերը.

  1. Բնապահպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները չէին ներկայացրել իրենց դիրքորոշումը Երևանի 4 վարչական շրջաններին թթվածնով ապահովելու հնարավորություն ունեցող կանաչ զանգվածի կրճատման շուրջ։
  2. Նախագիծը ներկայացնող կողմը հաշվի չէր առել ներկայացված դիտողություններն ու ոչ-դրական կարծիքները։
  3. Բազմաթիվ էական հարցեր մնում էին անպատասխան։ Օրինակ` ավտոմայրուղու կառուցման համար անհրաժեշտ հողամասը ներկայումս ինչ նպատակային և գործառնական նշանակություն պետք է ունենա, ծրագրի իրականացմամբ ավտոմայրուղու հարակից տարածքների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումները, ավտոմայրուղու կառուցման և հետագա շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական խնդիրները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել Դալմայի այգիների անտառային ֆոնդի հողերի անմիջական հարևանությամբ։
  4. Հաշվի չէր առնվել շահագրգիռ համայնքների կարծիքը[15]։

Մայրուղու կառուցման աշխատանքները սկսվեցին 2012 թ. հուլիսին և ավարտվեցին 2014 թ. մայիսի 31-ին։ Ավտոմայրուղու շինարարության վրա ծախսվել է 6.1 միլիարդ դրամ։ Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից մայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների թվով 9 ուղիների ընդհանուր երկրարությունը 2.2 կմ է։ Կանաչապատվել են 5 հա մակերեսով տարածքներ, տնկվել են 2000 հատ դեկորատիվ ծառեր ու թփեր[16]։

Ավտոմայրուղու պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2014 թ. հունիսի 14-ին։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ և այլ հյուրեր[16]։

Ազգային թաղամասի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. հունիսին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեցին այգու տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական գյուղ» ազգային թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը։

Այգու տարածքում ծրագրվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգային թաղամաս` բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով։

Թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում[17]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթատիպ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
  2. Արամ Ղանալանյան, «Ավանդապատում», Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, 1969
  3. Մովսես Խորենացի, «Պատմութիւն Հայոց», Գիրք Ա, Գլուխ Ի
  4. Մանուկ Աբեղյան, «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ», Վաղարշապատ, 1899
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Երվանդ Շահազիզ, «Հին Երևանը», Մուղնի հրատարակչություն, 2003
  6. «Քաղաքի զարգացումը սպառնում է պատմական այգիների գոյությանը». Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan. 2003 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  7. 7,0 7,1 Ecolur. «Հայաստանի Կանաչների կուսակցությունը պահանջում է դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». www.ecolur.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 Դալմայի այգիների մասին որոշումով ՀՀ-ն խախտել է Օրհուսի կոնվենցիան
  9. 9,0 9,1 «Բնակիչներին ասել են՝ Դալմայի այգիները պատմամշակութային հողեր են, բայց գերակա շահ են ճանաչել ու վաճառել». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  10. Ecolur. «Ինչպես են ոչնչացրել Դալմայի այգիները (Լուսանկարներ) - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». www.ecolur.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  11. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցը (ռուսերեն)
  12. «Ամառ-ձմեռ ցրտին-շոգին սպասում են Սերժ Սարգսյանին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  13. «Հողօգտագործողները Դալմայի փրկությունը քաղաքապետի ոչ մի թեկնածուի հետ էլ չեն կապում (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  14. Ecolur. «Երեւանի քաղաքապետարանը մտադիր է Դալմայի այգիներում նոր ավտոմայրուղի կառուցել, իսկ Բնապահպանության եւ Գյուղտնտեսության նախարարությունները լռում են - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». www.ecolur.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  15. Ecolur. «Դալմայի այգու պաշտպաններ՝ նոր ավտոմայրուղին բարբարոսաբար կավիրի կանաչ գոտին - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». www.ecolur.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  16. 16,0 16,1 «Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Երևան-Էրեբունի» հնչյունների ներքո բացվեց Լենինգրադյանը Ծովակալ Իսակովին կապող մայրուղին (լուսանկարներ)». lurer.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  17. «ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են մայրաքաղաքի ներդրումային մի շարք ծրագրերի նախագծերին (լուսանկար)». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալմայի այգիներ» հոդվածին։