Գևորգ Խատիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Խատիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան
Ծննդյան օր 1876
Ծննդավայր Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1932
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Թիֆլիս
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Հայաստան
Ամուսին Աշխեն Թումանյան

Գևորգ Խատիսյան (հայտնի է նաև որպես՝ Գիգա Խատիսյան, 1876, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1932, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ իրավաբան, փաստաբան, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1]։

Ալեքսանդր Խատիսյանի և Կոստանդին Խատիսյանի կրտսեր եղբայրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1876 (որոշ տվյալներով՝ 1879) թվականին Թիֆլիսում[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի համալսարանը[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարում՝ ձախից աջ նստած են Գևորգ Խատիսյան, զորավար Գաբրիել Ղորղանյան, Ավետիս Ահարոնյան, Մուխթար բեյ, Ալեքսանդր Խատիսյան, Հակոբ Քոչարյան, Մենտոր Բունիաթյան։ Ձախից աջ կանգնած են թուրք պաշտոնյաներ՝ հավանաբար Նուրի բեյ և Ահմեդ բեյ, ապա՝ Դ․ Շահբաղով, Ա․ Աղաբաբյան, Տ․ Միրզոյան, Լևոն Լիսիցյան, 1918 հունիսի 19, Կոստանդնուպոլիս

Թիֆլիսում աշխատել է որպես փաստաբան, զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։

Դաշնակցականների գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դաշնակցության գործը» Ս.Պետերբուրգի սենատում լսելու ժամանակ Գևորգ Խատիսյանը 1911 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է այդ գործով մեղադրյալ, կալանքի տակ գնտվող Հովհաննես Թումանյանի պաշտոնական դատապաշտպան[2][3]։ Հովհաննես Թումանյանը դստերը` 1912 թվականի փետրվարի 23-ին Նվարդին ուղղված նամակում գրում է.

Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի (Սրվանձտյան) և հաշտարխանցիների գործը — որ բոլորը զարմացան — միանգամայն հրաշալի ամենաառաջնակարգների նման։ Բոլոր փաստաբանները շատ գովեցին[3]։

1912-1913 թվականների ընթացքում Հովհաննես Թումանյանն ու Գևորգ Խատիսյանը քանիցս դիմել են Թիֆլիսի նահանգի Գյուղատնտեսության և Պետական գույքերի վարչությանը` Բորչալուի գավառի Խաչիգեղ բնակավայրի մերձակայքում հողամաս ձեռք բերելու նպատակով, որտեղ նրանք մտադիր էին օխրայի հանքանյութի հայտնաբերման հետախուզական աշխատանքներ ծավալել։ Ի վերջո նրանց խնդրանքը մերժվել է[3]։

Եղել է Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1912)։ Մասնակցել է Անդրկովկասի վարչական վերաբաժանման հանձնաժողովի աշխատանքներին (1916 — 1918), հեղինակ` առաջարկվող մի նախագծի ու քարտեզի, կամավորական շարժման գործուն կազմակերպիչներից։ Հայաստանի Առաջին հանրապետության պաշտոնյա՝ Կառավարության գործերի կառավարիչ (1919 — 1920), Կարսի մարզի Պետական գույքերի վարչության լիազոր (1920), Խորհրդարանի պատգամավոր (1919)[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ գործուն կերպով մասնակցել է կամավոր շարժմանը։ 1917 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է Արևելահայերի ազգային համախորհրդակցությանը։ 1919 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) Նախարարների խորհրդի գործերի կառավարիչ, ընտրվել Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր, 1920 թվականի դեկտեմբերից՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո եղել է Թիֆլիսի համալսարանի դոցենտ[2]։

Զոհվել է երկաթուղու վթարից 1932 թվականին Մոսկվայում։ Թաղված է Թիֆլիսում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Հովհաննես Թումանյանի Աշխեն դստեր հետ, ունեցել են մի որդի, որը կրել է բանաստեղծ պապի ազգանունը՝ Հովիկ Թումանյան (19141945)[2][3]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Թումանյանը Գևորգ Խատիսյանին ընտանեվարի անվանել է Գիգա[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ։ 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 "Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հովհաննես Թումանյանը և Խատիսյան ընտանիքը