Գոդֆրիդ Զեմպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոդֆրիդ Զեմպեր
գերմ.՝ Gottfried Semper
Ծնվել էնոյեմբերի 29, 1803(1803-11-29)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 15, 1879(1879-05-15)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[4]
Ճյուղ(եր)historicism? և նեոռենեսանս
ԿրթությունԳյոթինգենի համալսարան, Gelehrtenschule des Johanneums? և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
ԱշխատավայրJacques Ignace Hittorff?, Franz Christian Gau?, Դրեզդենի կերպարվեստի ակադեմիա, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Համաշխարհային ցուցահանդես
Ուշագրավ աշխատանքներԴրեզդենի պետական օպերա, Semper Synagogue?, Արվեստի պատմության թանգարան, Բնագիտության պատմության թանգարան և Շվերինյան պալատ
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
 Gottfried Semper Վիքիպահեստում

Գոդֆրիդ Զեմպեր (գերմ.՝ Gottfried Semper, նոյեմբերի 29, 1803(1803-11-29)[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մայիսի 15, 1879(1879-05-15)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), արվեստի տեսաբան, XIX դարի գերմանացի ճարտարապետ և էկլեկտիզմի շրջանի ճարտարապետության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ (մինչ 1834 թվականը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդֆրիդ Զեմպերը ծնվել է 1803 թվականի նոյեմբերի 29-ին Համբուրգում՝ ունևոր գործարանատիրոջ ընտանիքում. նա ընտանիքի ութ երեխաներից հինգերորդն էր։ 1806 թվականին ֆրանսիացիների կողմից Համբուրգի գրավումից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Ալտոնա։

Գոդֆրիդ Զեմպերը Բերմշտեդտում սովորել է թեմական դպրոցում, իսկ 1819 թվականից հաճախել է Համբուրգի Յոհանեումի հումանիտար գիմնազիան, որն ավարտելուց հետո էլ մաթեմատիկա և պատմություն է սովորել Գյոթինգենում։

1825 թվականին Գոդֆրիդ Զեմպերը փորձում է Համբուրգում նավահանգստի ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունում աշխատանքի ընդունվել որպես ենթավարպետի, բայց դա նրան չի հաջողվում։ Այդ ժամանակ նա ընդունվում է Մյունխենի արվեստների ակադեմիայի ճարտարապետության դասարան, սակայն լրջորեն չի զբաղվել ուսմամբ։

1826 դեկտեմբերին՝ Գերմանիայում կատարած երկարատև ճանապարհորդությունից (Հայդելբերգ, Վյուրցբուրգ, Ռեգենսբուրգ) հետո, Զեմպերը մեկնում է Փարիզ՝ աշխատելու Փարիզի հիվանդանոցների ճարտարապետ Ֆրանց Քրիստիան Գաուի հետ։ Այստեղ նա աշխատել է մի քանի ուսումնական նախագծերի վրա։

1828 թվականին Զեմպերն որպես ենթավարպետ սկսել է աշխատել Բրեմերհավենի նավահանգստի շինարարությունում, սակայն 1829 թվականին վերադարձել է Փարիզ՝ Գաուի մոտ։ Այնտեղ նա խանդավառությամբ է ընդունել Հուլիսյան հեղափոխությունը

1830-1833 թվականներին Զեմպերը ճանապարհորդել է Իտալիայում և Հունաստանում՝ ծանոթանալով անտիկ ճարտարապետությանը։ Այդ նպատակով նա 1832 թվականին մասնակցել է Աթենքի Ակրոպոլիսի հնագիտական պեղումներին։ Ամենից շատ նրան հետաքրքրում էր «բիդերմեյերի» ժամանակաշրջանում բարձրացված այն հարցը, թե արդյոք հին հույներն ու հռոմեացիները ճարտարապետական կառույցները զարդարում էին գեղարվեստական որմնանկարներով (վեճ բազմագունության վերաբերյալ)։ 1834 թվականին լույս տեսավ Զեմպերի «Դիտարկումներ անտիկ շրջանի բազմագունայինճարտարապետության ու քանդակագործության վերաբերյալ» (գերմ.՝ «Vorläufige Bemerkungen über bemalte Architektur und Plastik bei den Alten») աշխատությունը, որում ներառված էր նաև Տրայանոսի սյան գույների վերաբերյան հետազոտությունը։ Այդ աշխատությունը Զեմպերին մեծ ճանաչում բերեց Եվրոպայում։

Կյանքը Դրեզդենում (1834-1849)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդֆրիդ Զեմպերի հուշարձանը Դրեզդենում

1834 թվականի մայիսի 17-ին Զեմպերը Ֆրանց Քրիստիան Գաուի պնդմամբ Դրեզդենի կերպարվեստի թագավորական ակադեմիայում ստանում է պրոֆեսորի պաշտոն և սեպտեմբերի 30-ին անցնում աշխատանքի։ Նա հավատարմության երդում է տալիս Սաքսոնիայի թագավորին և դառնում Սաքսոնիայի քաղաքացի ու Սաքսոնիայի Գեղարվեստագետների միության անդամ։

1835 թվականի սեպտեմբերի 1-ին Գոդֆրիդ Զեմպերն ամուսնացել է Բերթա Տիմինգի հետ, ով մայորի դուստր էր։ Նրանք ունեցել են վեց երեխա։

Գոդֆրիդ Զեմպերը 1837 թվականին ներկայացնում է Ցվինգերի վերակառուցման ու թագավորական թատրոնի շինարարության աշխատանքների առաջին նախագծերը։ Այդ նախագծով էլ կառուցվում է առաջին Թագավորական թատրոնը, որ բացվել է 1841 թվականին (այրվել է 1869 թվականին)։ Ցվինգերի վերակառուցման նախագիծը մի քանի անգամ վերանայվել է, սակայն չի իրականացվել։ Դրա փոխարեն 1846 թվականին որոշվել է Ցվինգերի հյուսիսարևելյան կողմում կառուցել պատկերասրահ։ Զեմպերը մեկնում է Իտալիա, որպեսզի ծանոթանա պատկերասրահների շինարարության առանձնահատկություններին։ Նրա առաջարկած նախագիծը հաստատվում է և 1847 թվականի ամռանը սկսվում է պատկերասրահի շինարարությունը։ Սակայն 1849 թվականին Զեմպերն ստիպված է լինում փախչել հեղափոխությանը մասնակցած լինելու պատճառով, և ճարտարապետ Կարլ Մորից Հենելին հանձնարավում է ավարտին հասցնել շինարարական աշխատանքները։

Այդ խոշոր նախագծերին զուգահեռ Զեմպերն ունեցել է այլ պատվերներ ևս, որոնցից են Մատերնիհոսպիտալ հիվանդանոցի շենքը, Երրորդ Ռայխի տարիներին ավերված սինագոգը, Օպենհեյմի քաղաքային պալատը և բանկիր Մարտին Վիլհելմ Օպենհեյմի համար կառուցված Ռոզա առանձնատունը։ Վերջինս դարձել է գերմանական վիլլաների կառուցման նախատիպը։

Համոզված հանրապետականներ Գոդֆրիդ Զեմպերն ու նրա ընկեր Ռիխարդ Վագները 1849 թվականին մասնակցեցին Դրեզդենի մայիսյան ապստամբությանը, ինչի շնորհիվ դեմոկրատական մտքերի տեր մարդիկ ցանկանում էին ստանալ քաղաքացիական իրավունքներ։ Զեմպերը եղել է Դրեզդենի ինքնավարության անդամ և տվել է բարիկադներ սարքելու թույլտվություն։ Սակայն նա չի միացել ժամանակավոր կառավարությանը, ինչպես նաև հավատարմության երդում չի տվել թագավորին։ Մայիսի 9-ին ապստամբությունը ճնշվել է։ Զեմպերը փախել է նախ Պիռնա, ապա Ցվիկաու, իսկ մայիսի 16-ին գնացել է Վյուրցբուրգ։ Նույն օրը նոր կառավարությունը հրաման է տվել գտնել «առաջին դասի դեմոկրատներին» և «գլխավոր հրահրիչներին»։ Զեմպերի ընտանիքը մնում է Դրեզդենում։

Զեմպերն այլևս երբեք չի վերադարձել Դրեզդեն։ 1863 թվականին Սաքսոնիայի կառավարությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարում։ Զեմպերի կառուցած առաջին Թագավորական թատրոնի հրդեհից հետո Սաքսոնիայի թագավոր Յոհանը քաղաքացիների պնդմամբ Զեմպերին հանձնարարում է կառուցել նոր շենք, Զեմպերն ուղարկում է նախագիծը, սակայն շինարարական աշխատանքները գլխավորում է նրա որդին՝ Մանֆրեդը։

Կյանքը հեղափոխությունից հետո (1849-1855)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Ցվիկաուում, Գոֆում, Կարլսրուեում և Ստրասբուրգում՝ Զեմպերը տեղափոխվում է Փարիզ։ Այնտեղ նա մշակում է սինագոգի շինարարության նախագիծ, որը, սակայն, չի իրականացվում։ Նա որոշում է մեկնել Ամերիկա, սակայն նավ բարձրանալուց հետո փոխում է իր որոշումը, որովհետև Անգլիայում աշխատանքի առաջարկ էր ստացել։ Այնտեղ նա ստանում է մի քանի մանր պատվերներ, և զբաղվում է իր տեսական աշխատություններով՝ «Ճարտարապետության չորս տարրերի մասին» (1851, գերմ.՝ Die vier Elemente der Baukunst) և «Գիտության, արդյունաբերության և արվեստի մասին» (1852, գերմ.՝ Wissenschaft, Industrie und Kunst)։ Այդ ժամանակ էլ նա նախապատրաստում է իր «Ոճը տեխնիկական ու տեկտոնական արվեստներում կամ Գործնական գեղագիտություն» (գերմ.՝ Der Stil in den technischen und tektonischen Künsten oder Praktische Ästhetik) աշխատությունը, որ երկու հատորով հրատարակվել է 1860 և 1863 թվականներին[5]։ Բացի այդ՝ նա ապրուստի միջոցներ է վաստակում պատահական պատվերներ կատարելով (Համաշխարհային ցուցահանդես 1851 թվականին, Արթուր Ուելսլիի՝ Վելինգտոնի առաջին հերցոգի դիապատվանդանը, 1852)։ Հետագայում Ռիխարդ Վագների ազդեցությամբ Զեմպերը մեկնում է Ցյուրիխ։

Կյանքը Ցյուրիխում (1855-1871)[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին նոր պետության կազմավորումից հետո Շվեյցարական Համադաշնությունը որոշում ընդունեց Ցյուրիխում կառուցել Ճարտարագիտական համալսարան։ Մրցույթին ներկայացրած նախագծերը, որոնք գնահատել էր Զեմպերը՝ որպես փորձագետ, վերջինիս կողմից ճանաչվեցին ոչ բավարար, և արդյունքում Զեմպերն ինքը կազմեց ինստիտուտի շենքի նախագիծը (նախապես պլանավորվում էր, որ նոր շենք կտեղափոխվի նաև Ցյուրիխի համալսարանը)։ Քաղաքի հին թաղամասի վերևում՝ ընդարձակ դարատափի վրա, որտեղ ոչ վաղ անցյալում բարձրանում էին պաշտպանական կառույցի պատերը, կառուցվում է ուսումնական հաստատության նոր շենքը, որ լավ երևում է քաղաքի տարբեր կողմերից, և խորհրդանշում է երկրի պատմության նոր փուլի սկիզբը։ 1854-1864 թվականներին կառուցված գլխավոր մասնաշենքը բազմիցս վերանորոգվել է, սակայն պահպանվել է զեմպերյան շունչը։

1855 թվականից Զեմպերը եղել է Ճարտարագիտական ինստիտուտի պրոֆեսոր՝ նպաստելով ուսումնական հաստատության ծաղկմանը. Զեմպերի դասախոսությունները լսելու էին գալիս Եվրոպայի տարբեր ծայրերից։ Նրա աշակերտներից մեկն է եղել շվեյցարացի ճարտարապետ Էմիլ Շմիդը։

Զեմպերին հաջողվում է ընտանիքը Սաքսոնիայից տեղափոխել Ցյուրիխ։

Շվեյցարիայում Զեմպերի կառուցած ճարտարապետական հուշարձաններից մեկն էլ Վինտերտուրի ռատուշայի շենքն է։

Թագավոր Լյուդվիգ II Բավարացու համար Զեմպերը կազմում է Մյունխենի Ռիխարդ Վագների թատրոնի շենքի նախագիծը, իսկ համերգասրահի շինարարության պլանը, որ կազմվել էր 1864-1866 թվականներին, չի իրականացվել։

Կյանքը Վիեննայում (1871-1879)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդֆրիդ Զեմպերի շիրիմը Հռոմի բողոքականների գերեզմանատանը

1860-ական թվականներին Վիեննայում քննարկվում էր, այսպես կոչված, «թանգարանային հարցը»։ Արվեստի գործերի կայսերական հավաքածուների նմուշները տեղափոխվեցին Վիեննայի տարբեր շենքեր։ Զեմպերը Ֆրանց Իոսիֆ I կայսրից պատվեր ստացավ կազմել Ռինգշտրասսե փողոցում կառուցվելիք նոր շենքերի նախագիծը։ 1869 թվականին Զեմպերը նախագծեց Կայսերական հրապարակը, որը, սակայն, այդպես էլ մինչև վերջ չիրագործվեց։ Այնուամենայնիվ, կառուցվեցին արվեստների պատմության ու բնագիտության թանգարաններն ու թագավորական թատրոնը։ Այդ պատվերների պատճառով Զեմպերը 1871 թվականին մեկնում է Վիեննա։ Զեմպերն ու նրա գործընկերը՝ ճարտարապետ բարոն Կառլ ֆոն Խազենաուերը, տարաձայնություններ ունեին շինարարության հարցերի վերաբերյալ։ 1876 թվականին Զեմպերը ավարտին հասցրեց նախագծի իր բաժինը։ Հաջորդ տարի Զեմպերի մոտ նկատվեցին առողջական խնդիրներ։ Երկու տարի անց նա մահացավ Իտալիայում։ Թաղվել է Հռոմի բողոքականների գերեզմանատանը[6]։

Գոդֆրիդ Զեմպերի մահից հետո նրա որդին՝ Մանֆրեդ Զեմպերը, հրատարակել է «Կառույցների, ուրվանկարների ու էսքիզների» ժողովածուն (1881 թվականին և հաջորդ տարիներին), իսկ մյուս որդին՝ Հանս Զեմպերը, տպագրել է իր հոր կենսագրությունը (գերմ.՝ Gottfried Semper, ein Bild seines Lebens und Wirkens, 1880

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական կառույցներ (ընտրանի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաուցենում

  • զորանոցի շենքը (գերմ.՝ Alte Kaserne)

Դրեզդենում

  • Թագավորական թատրոնի շենքը - 1832-1841 (գերմ.՝ Hoftheater) (այրվել է 1869 թվականին)
  • Ռոզա առանձնատուն - 1839 (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զգալի վնասվել է, հետագայում քանդվել է)
  • սինագոգի շենքը - 1839-1840 (ավերվել է 1938 թվականն նոյեմբերի 9-ին)
  • Օպենհեյմի ապարանքը - 1845-1848 (ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)
  • Դրեզդենի պատկերասրահի շենքը - 1847-1855
  • նոր Թագավորական թատրոնի շենքը (Զեմպերի օպերա) (գերմ.՝ Semperoper) - 1871-1878
Ցյուրիխի Ճարտարագիտական համալսարանի շենքը, 1865 թվական

Ցյուրիխում

  • ռատուշայի շենքը - 1858 (մրցութային նախագիծ, որ չի իրականացվել)
  • Ճարտարագիտական համալսարանի շենքը (գերմ.՝ ETH) - 1858-1864
  • Դաշնային աստղադիտարանի շենք
Վինտերտուրի ռատուշայի շենքը

Վինտերտուրում

Վիեննայում

  • Բուրգթատրոն արքունական թատրոնի շենքը (գերմ.՝ Burgtheater) 1873-1888
  • Վիեննայի կայսերական հրապարակ, մասնավորապես՝
    • Վիեննայի արվեստների պատմության թանգարանի շենք - 1872-1881, շինարարությունն ավարտվել է 1889 թվականին
    • Վիեննայի բնագիտության պատմության թանգարանի շենք - 1872-1881, շինարարությունն ավարտվել է 1891 թվականին
    • Նոյե Բուրգի շենքը (գերմ.՝ Neue Burg) - 1881-1923

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gottfried Semper (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Земпер Готфрид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Curl, James Stevens (2006). A Dictionary of Architecture and Landscape Architecture (Paperback) (Second ed.). Oxford University Press. էջեր 880. ISBN 0-19-860678-8.
  6. «Non-Catholic Cemetery in Rome databases Semper Goffredo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berry, J. Duncan. The Legacy of Gottfried Semper. Studies in Späthistorismus (Ph. D. Diss., Brown University, 1989).
  • Breitschmid, Markus. Can architectural art-form be designed out of construction? Carl Boetticher, Gottfried Semper, and Heinrich Woelfflin: a sketch of various investigations on the nature of "Tectonic" in nineteenth-century architectural theory, (Blacksburg: Architecture Edition, 2004). ISBN 978-0-9702820-8-8
  • Hvattum, Mari. Gottfried Semper and the Problem of Historicism (Cambridge, 2004). ISBN 0-521-82163-0
  • Herrmann, Wolfgang. Gottfried Semper: In Search of Architecture (Cambridge, MA/London, 1984). ISBN 0-262-08144-X
  • Karge, Henrik (ed.). Gottfried Semper. Die moderne Renaissance der Künste (Berlin, 2006). ISBN 3-422-06606-3
  • Lipsius, «Semper in seiner Bedeutung als Architekt» (1880).
  • Mallgrave, Harry Francis. Gottfried Semper - Architect of the Nineteenth Century (New Haven/London, 1996). ISBN 0-300-06624-4
  • Mallgrave, Harry Francis. Modern Architectural Theory: A Historical Survey, 1673-1968 (Cambridge, 2005). ISBN 0-521-79306-8
  • Mallgrave, Harry Francis. Architectural Theory: An Anthology from Vitruvius to 1870 (Malden, MA/Oxford, 2006). ISBN 1-4051-0258-6
  • Muecke, Mikesch W. Gottfried Semper in Zurich - An Intersection of Theory and Practice (Ames, IA, 2005). ISBN 978-1-4116-3391-9
  • Nerdinger, Winfried and Werner Oechslin (eds.). Gottfried Semper 1803-1879 (Munich/Zurich, 2003). ISBN 3-7913-2885-9
  • Pecht, «Deutsche Künstler des XIX Jahrhunderts», (т. I, 1877).
  • Semper, Gottfried. The Four Elements of Architecture and Other Writings. Trans. Harry F. Mallgrave and Wolfgang Herrmann (Cambridge, 1989). ISBN 0-521-35475-7
  • Semper, Gottfried. Style in the Technical and Tectonic Arts; or, Practical Aesthetics. Trans. Harry F. Mallgrave (Santa Monica, 2004). ISBN 0-89236-597-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրիդ Զեմպեր» հոդվածին։