Գհուկի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գհուկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Արզական, Կոտայքի մարզ, ՀՀ
ԹեմԿոտայքի թեմ
Կազմված էԵկեղեցի, Բնակելի և տնտեսական կառույցներ, Գերեզմանոց և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Ghuki Vank Վիքիպահեստում

Գհուկի վանք, Բոլորահար, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղից 3-4 կմ հյուսիս-արևմուտք, երկու սարերի միջև ձգվող ձորի վերին մասում, խիտ անտառի մեջ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի անունը առաջացել է համանուն տեղանքից։ Գհուկ Արարատյան և Շիրակի բարբառներում նշանակում է «փարախ, ոչխարների գոմ»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը, որտեղ գտնվում է հուշարձանը, նախկինում մտել է Նիգ գավառի մեջ։ X դարում այս շրջանի տեր են դառնում Պահլավունիները, իսկ XII դարի վերջերին արդեն Զաքարյան իշխանության սահմաններում էր։ 1201 թվականին, ռազմական ծառայությունների համար, Զաքարյանները Բջնին իր շրջակայքով և Կեչառիսը նվիրում են Խաղբակյան Վասակ իշխանին, որը նոր էր տեղափոխվել հայրենի Խաչեն գավառից։ Այդպիսով, նշված տարածքները դառնում են Խաղբակյանների ժառանգական սեփականությունը։ Գհուկի վանքը աշխարհագրական տեսակետից մտնում էր Բջնիին հյուսիս-արևմուտքից հարող շրջանի մեջ և պատկանում էր Բջնիի եպիսկոպոսական թեմին։ Այս կապակցությամբ միանգամայն օրինաչափ է Պռոշ Խաղբակյանի շատ կարևոր նվիրատվական արձանագրությունը, փորագրված եկեղեցու պատին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն փարթամ վանական համալիրից պահպանվել է միայն կիսավեր մի եկեղեցի։ Կանգուն են չորս պատերը՝ մոտ 3,5 մ բարձրությամբ։ Եկեղեցին զույգ որմնամույթներով գմբեթասրահ է։ Այն երեք կողմից, բացի հյուսիսայինից թաղված է հողի և քարակույտի մեջ։ Թափված քարերն այնքան շատ են, որ կարելի է դրանց մի մասը վերագրել մեկ այլ շինության։ Միակ մուտքը արևմտյան մասից է, վերևում ունի կամարաձև շարվածք, որը նստած է մուտքի կողերը եզրագծող երկնիստ որմնասյուների վրա։ Մույթերը մասնատում են եկեղեցու ինտերիերը, արևմտյան կողմում ստեղծելով նախասրահի տպավորություն։ Որմնամույթերը վերևից ավարտվում են ուղղանկյուն խոյակներով, որորնք թեթևակի զարդարված են։

Ընդհանրապես եկեղեցին զուրկ է քանդակազարդումներց։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է իր բեմով։ Բեմի երկու կողմերում գտնվում են ցածր մուտք ունեցող ավանդատները, որոնք արևելյան կողմից ունեն դեպի դուրս բացվող պատուհաններ։ Բեմի շարվածքը սկզբնական չէ, կառուցված է խաչքարերի բեկորներով։ Պատուհաններ կան նաև հյուսիսային պատին և խորանի կենտրոնում։ Խորանի կիսաշրջանաձև շարվածքի մեջ բացված են երկու որմնախորշեր, որոնք ծառայել են որպես սրբատեղեր։ Եկեղեցին սալահատակված է եղել, սակայն պահպանվել է սալաքարերի մի մասը։

Եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում կողք-կողքի շարված են խաչքարերի պատվանդաններ, իսկ նրանց առջև ամբողջական և կոտրված խաչքարեր են թափված։ Սրանք աչքի են ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական տարատեսակ զարդաքանդակներով։ Առանձնապես ուշադրություն է գրավում ոճավորված խաչերով քանդակազարդված խաչքարի պատվանդանը։

Վանքը ունեցել է նաև գերեզմանոց, որը գտնվում է հուշարձանից մոտ 0,5 կմ հյուսիս-արևելք, սարալանջի վրա։ Գերեզմանոցի կենտրոնական հատվածում նշմարվում են շինության հետքեր, որոնք մատուռի մնացորդներն են։ Այստեղ կանգնած և ընկած են երկու տասնյակից ավելի խաչքարեր և մոտ երեք տասնյակ տարբեր ձևերի տապանաքարեր։ Ուշագրավ են խաչքարերի զարդաքանդակային մոտիվները։ Գհուկի և նրա շրջակա Թեղենյաց վանքի. Նեղուցի, Չորուտի, Բջնիի, Մայրավանքի, Մաքրավանքի ու մյուս միջնադարյան հուշարձանների խաչքարերի, ինչպես նաև ճարտարապետական որոշ մանրամասների ուշադիր քննությունը թույլ է տալիս խոսելու քանդակագործության մի ուրույն դպրոցի մասին։ Խաչքարային արվեստի փայլուն նմուշներից են անանուն քանդակագործ - վարպետի կերտած երեք խաչքարերը, որոնք կանգնեցված են հիշյալ տարածքում՝ Թեղենյաց վանք, Բջնի և Աղվերան։ Չնայած այդ կոթողները չունեն վկայագրեր, այդուհանդերձ, դրանք նույն վարպետի տաղանդի արգասիք են, քանի որ իրենց ոճով, քանդակազարդային մոտիվներով և կատարման տեխնիկայով համարյա կրկնում են միմյանց։ Որոշակի նմանություններ կան Մայրավանքի, Մաքրավանքի, Նեղուցի խաչքարերի մեջ, որոնք չնայած համեմատաբար պարզ ոճավորման, աչքի են ընկնում քանդակման բարձր տեխնիկայով։

Գհուկի վանքը հայկական հուշարձանների մեջ թերևս ամենաքիչ ուսումնասիրվածներից է։ Դրա պատճառը նախ և առաջ նրա կտրվածությունն է բնակավայրերից և ճանապարհներից։ Մատենագրության մեջ իսպառ բացակայում են հիշատակությունները հուշարձանի մասին, թեև ժամանակին այն բավականին մեծ է եղել, ունեցել է ստվար վանական միաբանություն, ստացել է կալվածքներ և այլ բնույթի նվերներ։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գհուկի եկեղեցին չափազանց հարուստ է վիմագիր արձանագրություններով։ Դրանք փորագրված են հուշարձանի ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասում։ Խիստ ուշագրավ է խորանի կիսաշրջան պատը գոտևորող ծավալուն արձանագրությունը։ Արևելյան պատը արտաքուստ նույնպես ամբողջությամբ պատված է արձանագրություններով։ Եկեղեցու շրջակայքում կան մի քանի արձանագրված խաչքարի պատվանդաններ։ Ամբողջ տարածքում հաշվվում են մոտ երեք տասնայակ արձանագրություններ։ Սրանք բոլորը աչքի են ընկնում խիստ վայելչագիր տառաձևերով։ Արձանագրությունների ճնշող մեծամասնությունը թվագրված է, որով էլ ավելի է բարձրանում դրանց պատմական արժեքը որպես սկզբնաղբյուրների։

Վիմագրերը հիմնականում նվիրատվական են, միայն երեքն են հիշատակագրային։ Վանքին նվիրվել են գյուղ, հողամասեր, այգիներ, զանգ, ձեռագրեր, եկեղեցական սպասք ու սրբազան մասունքներ, դրամով օգնել են շինարարությանը։ Արձանագրություններում հիշատակված են ժամանակի մի շարք նշանավոր դեմքեր՝ Պռոշ Խաղբակյանը, Բջնիի Գրիգոր վարդապետ վանահայրը, Պիչար իշխանը և այլք։ Վկայված են շատ հաճախ սակավ հանդիպող անձնանուններ. Օրինակ՝ Մելեք, Ազգեր, Ալամ, Իշխանտիկին, Պիչար։

Ներկայացնում ենք հուշարձանի արձանագրություններից ութը, որոնք իրենց բնույթով և բովանդակությամբ կարևոր են վանքի պատմության հետ կապված որոշ հարցերի լուսաբանման տեսակետից։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հյուսիսային պատին, ներքուստ պահպանվել է մի հողմահարված արձանագրություն, համաձայն որի ոմն Քույրիկ օգնել է եկեղեցու շինանարությանը։ Արձանագրությունը երկտող է, չնայած վատ պահպանվածությանը, այն գրեթե ամբողջությամբ վերծանվել է։

  1. ՇՆՈՐՀԻԻՆ ԱՅ, ԵՍ՝ ՔՈՅՐԻԿՍ ԷՏՈՒ Զ …ՈՅՍ ԻՄ Ի ՇԻՆՈՒ
  2. ԹԵ ԷԿԵՂԷՑՈՅՍ և ԱՌԻ Ա։ ԺԱՄ ՆՈՐ ԿԻՐԱԿԷԻՆ։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույրիկի մեկ այլ արձանագրություն կարդում ենք արևմտյան պատին, մուտքի վերին աջ անկյունում։ Այն բաղկացած է հինգ տողից։ Վիմադրի սկզբնամասերը պարունակող քարը ընկած է, սակայն բովանդակությունը պարզ է։

  1. [ՇՆՈՐՀԻԻՆ ԱՅ], ԵՍ ՔՈՅՐԻԿՍ
  2. [ԷՏՈՒ ԶԱՐԴԻԻՆՍ Ի Շ] ԻՆՈՒԹԻ ԷԿ
  3. [ԵՂԷՑՈՅՍ ԵՒ ՍՊԱ] ՍԱԻՈՐՔՍ ԿԱՐԳ
  4. [ԵՑԻՆ Ի ՏԱՐԻՆ] ԱԻՐ ԾԱՄ ԶԿՆԻ
  5. ԶԱՏԿԻՆ

Քույրիկ անձնանունը հայ վիմագրության մեջ շատ հազվադեպ է հանդիպում։ Այդ անունից են առաջացել նաև Քույրածայրը[3], Քույրոցը[4]։ Քույրիկ անձնանվանը հանդիպում ենք նաև Եղեգնաձորի շրջանի Վերին Ուլգյուր գյուղատեղում կանգնեցված խաչքարի արձանագրության[5], Բագնայրի վանքի մի վիմագրի[6] և վերջերս Դվինի պեղումներից հայտնաբերված 13-րդ դարի տապանաքարի արձանագրության մեջ[7]։

Արձանագրություն 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունը փորագրված է հյուսիսային ավանդատան մուտքի վերևում, բաղկացած է ութ տողից։ Առաջին և երկրորդ տողերի վերջնամասում մի քանի տառեր կոտրված են, իսկ 6-8-րդ տողերի սկզբնահատվածները հողմահարված՝ արձանագրությունը հիմնականում վերծանվում է.

  1. ԿԱՄԱԻՆ ԱՅ, ԵՍ ՏՈԻՐՔՍ, Ո [ՐԴԻ ՍՄԲ] Ա
  2. ՏԱ, ՍՆՈՒՑԱԾ ԱԹԱՊԱ [Կ] Ի Ի
  3. ԱՆԷԻ ԵԻ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ԳՈՀԱՐԽԱԹ
  4. ՈՒՆ, ՄԻԱԲԱՆԵՑԱՔ ՍԲ ՈՒԽՏԻՍ ԵԻ ՏՎ
  5. ԱՔ ՄԵՐ ՀԱԼԱԼ ԸՆՉԻՑ։ [ ԵԻ] ԱՌԱՋՆՈՐԴ
  6. Ք ՍՈՐԱ ԵՏՈՒՆ Ի ՏԱՐԻՆ :Բ: ԺԱՄ ԾԱՌԶԱՐԴԱՐ
  7. ԻՆ ։ Ա։ ԱԻՐ ԻՆՁ, :Ա: ԱԻՐ ԳՈՀԱՐԽԱԹՈՒՆ
  8. [ԻՆ:ՈՎ] Խ [Ա] ՓԱՆԷ, ԴԱՏԻ Ի ՏԷ ԱՅ։ ԹՎ ՈՁԹ

Սմբատի որդի Տուրքը այլ հիշատակություններ չունի։ Տուրքը որպես անձնանուն լայն կիրառություն չի ունեցել[8][9]։

Արձանագրության մեջ Տուրքը իրեն համարում է «սնուցած աթապակ ԻԻԱՆԷԻ»։ Այս երևույթը միջնադարյան Հայաստանում բավական տարածված է եղել, «սնուցելն» նշանակում է «մեծցնել, կերցնելով պահել, կրթել զավակը, սանը»[10]։ Ավելի հաճախ այդ դերում հանդես էին գալիս խոշոր իշխանական տների ներկայացուցիչները։

Արձանագրություն 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմագիրը փորագրված է աջ ավանդատան մուտքի վերևում։ Արձանագրության առաջին տողերն ընդգրկող քարերն ընկած են. բաղկացած է եղել 15-16 տողից։ Պահպանված առաջին երեք տողերի վերջնամասերը հողմահարված են, սակայն ամբողջությամբ վերականգնվում են։ Այդ վիճակում են նաև նախավերջին և վերջին տողերի որոշ հատվածներ։

  1. [Ի ԹՈԻԻՍ, Ի ՏԵՐՈՒԹԵՆ ԲԱՐԵՊԱՇՏ]
  2. [ԱԾԱՍԷՐ ԹԱԳԱԴՐԻՆ ՎՐԱՑ՝ ԱԻԱԳԻՆ ԵԻ]
  3. [ՇԱՀ] ԱՆՇԱՀԻ, ԵՍ ՊՌՈՇ, ՈՐԴԻ [ՎԱ]
  4. ՍԱԿԱ ԻՇԽԱՆԻՆ ԵԻ ԱՄՈՒՍԻՆ [Խ]
  5. ՈՒԹ [ԼՈՒ] ԽԱԹՈՒՆԻ, ՄԻԱԲԱՆԵՑԱ [ՍԲ]
  6. ՈՒԽՏԻՍ ԵԻ ՏՎԻ ԳԵՂՋ ԱՆԱՊԱՏՆ
  7. ԻԻՐ ԿՈՊԱՐՈՎՆ ԵԻ ԱՌԱՋՆՈՐԴ
  8. Ք ՍՈՐԱ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ Ի ՏԱՐԻՆ
  9. :Ի։ ԱԻՐ ՊԱՏԱՐԱԳ ԻՆՁ։ ԵԹԷ Ո
  10. Ք ԽԱՓԱՆԷ ԿԱՄ ԽԼԵԼ ՋԱՆԱ Ի ՄԵՐ
  11. ՈՑ ԿԱՄ ԱԻՏԱՐԱՑ ԶԳԵՂՆ, ՆԶՈՎ
  12. ԵԼ ԵՂԻՑԻ ՅԺԸ ՀԱՅՐԱՊԵՏԱ
  13. ՑՆ։ ԵԻ ՏՎԱՔ ԱՆԱՊԱՏԵՑԻ Շ
  14. ԻՆԱԿԱՆ ԶԳՐԻԳՈՐԱ ՈՐԴԻՔՆ։
  15. ԶՄԽԻԹԱՐ………….:

Արձանագրությունը թվագրվում է 13-րդ դարի 40-ական թվականներին։ Հիշատակված է ժամանակի նշանավոր իշխաններից մեկը՝ Պռոշ Խաղբակյանը։ Նա իր կնոջ՝ Խութլուխաթունի հետ վանքին նվիրում է Անապատ գյուղը իր բոլոր սահմաններով և նույն գյուղից Գրիգոր շինականի որդիներին։ Անապատ գյուղի տեղադրությունը անհայտ է[11]։ Վերջում նշված է արձանագրությունը փորագրող գրիչի՝ Մխիթարի, անունը։

Արձանագրություն 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունը փորագրված է եկեղեցու ներսում, հյուսիսային պատին, պատուհանի տակ, ձախ կողմից, ունի 6 տող։ Պահպանված է գերազանց։

  1. Ի ԹՈԻԻՍ :ՈՂԹ (1250): ԿԱՄԱԻՆ ԱՅ, ՌՈԻՍՈՒՔ
  2. ԱՆՍ, ԴՈՒՍՏՐ ՎԱՍԱԿԱ, ՈՐԴՈ ՎԱԽՏԱՆԳԱ ՏՆ
  3. ԽԱՉԻՆՈ, ԳՆԵՑԻ ՁՁԻԹԵՆԵԱՑ ԱՅԳՈՑՆ Չ
  4. ԱՐԵՔՆ, Ի ՍԲ ՈՒԽՏՍ ԵՏՈՒ ԵԻ ՍՊԱՍԱԻՈՐՔ ՍՈՐԱ ԵՏ
  5. ՈՒՆ Ի ՏԱՐԻՆ :Ա: ԱԻՐ ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱԻՆԻ ՏՆԸՆԴԱՌ
  6. ԱՋԻՆ, ՈՐ ԽԱՓԱՆԷ ԴԱՏԻ ՅԱՅ

Եթե Վախտանգի թոռ Ռուղուքանը 13-րդ դարի կեսերի անձնավորություն է։ Մատենագրական և վիմագրական աղբյուրներից հայտնի են երեք Վախտանգ անունով անձինք։ Առաջինը Հասան-Ջալալի հայր Վախտանգ Տանգիկն է, մահացած 1214 թվականին։ Հասան-Ջալալն ունեցել է Ռուզուքան անունով աղջիկ, որն ապրել է 13-րդ դարի 50-60-ական թվականին։ Մյուսը՝ Հաթերքի ճյուղից Վախտանգ իշխանաց իշխանն է, Հասան Կրոնավորյալի որդին, որի Վասակ անունով որդի, սակայն, աղբյուրներում չի հիշատակված։ Թերևս հնարավոր է, որ նա ունեցել է անհայտ մի որդի Վասակ անունով, որի դուստր Ռուզուբանը, այցելելով իրենց ազգակից Խաղբակյաններին, նրանց տիրույթներում գտնվող վանքին նվիրատվություն է կատարել[12]։ Երրորդը՝ Ռուզուքանի հայրը հնարավոր է լինի Վասակ Խաղբակյանը, որը ունեցած լինի Վախտանգ կրկնանունը։

Արձանագրության մեջ նշված «Ձիթենեաց այգու», չորրորդ մասը գնելով, Ռուզուքանը նվիրել է վանքին։ Ամենայն հավանականությամբ «Ձիթենյացը» տեղավայրի անուն է և կապ չունի ձիթենու կամ ձիթապտղի հետ։ Այդ է վկայում Արզականից ոչ հեռու, Դալիլար գյուղատեղի կիսավեր եկեղեցու մի արձանագրությունը, ըստ որի Սարգիս վարդապետը կառուցել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին և նվիրել իր «բաժին այգին ի Ձիթենիա[ց][13]։ Երկու հիշատակությունները ցույց են տալիս, որ նշված տեղավայրը պետք է փնտրել Արզական գյուղի շրջակա տարածքում։

Արձանագրություն 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Գհուկի վանք, Արձանագրություն 6
Գհուկի վանք, Արձանագրություն 6

Վիմագիրը փորագրված է եկեղեցու հյուսիսային որմնամույթի հարավային երեսին, ունի 13 տող, պահպանվածությունը գերազանց է։

  1. ՇՆՈՐՀԻԻՆ ԱՅ,
  2. ԵՍ՝ ՍԱՐԳԻՍ, ՈՐԴԻ ԳՈ
  3. ՇԻՆ, ՄԻԱԲԱՆԵՑԱ ՍԲ
  4. ՈՒԽՏԻՍ ԵԻ ՏՎԻ Ի Հ
  5. ԱԼԱԼ ԸՆՉԻՑ ԻՄ
  6. ՈՑ Ծ։ ԴԿ։ , ԵԻ Ս
  7. ՊԱՍԱԻՈՐՔՍ Խ
  8. ՈՍՏԱՑԱՆ :Բ: ԱԻՐ
  9. ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱԻՆ
  10. Ի ՍԲ ՍԱՐԳՍԻՆ :Ա: Ի
  11. ՆՁ :Ա: ՄԵԼԵՔԻՆ
  12. ԿԱՏԱՐԻՉՔՆ Ա (ԻՐ) Հ (Ն)
  13. ԻՆ Ի ՏԷ, Ի ԹՎ ։ Ձ։ (1251) ։

Արձանագրության հեղինակ սարգիսը իր անձնական միջոցներից 50 դահեկան է նվիրում վանքին և ստանում երկու պատարագ, մեկը՝ իրեն, մյուսը կնոջը՝ Մելեքին։ Արձանագրության մեջ հիշատակվում է Գոշ անունը։ Այժմ այդ անունով հայտի էր միայն Միթար Գոշը։ Արձանագրության վերջում կա մի փակագիր, որը փորագրող գրչի անունն է, սակայն եղծված լինելու պատճառով դժվարան է վերծանվում։

Արձանագրություն 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրված է հարավային որմնամույթի հյուսիսային երեսին, ունի 10 տող, պահպանվածությունը բավարար է, հողմահարված են 7-9-րդ տողերի միջնամասերը։ Չնայած դրան, արձանագրությունը լիարժեք վերծանվում է։

  1. ՇՆՈՐՀԻԻՆ ԱՅ,
  2. ԵՍ՝ ՏԻՐԱՏՈՒՐ, Ի Հ
  3. ԱԼԱԼ ԸՆՉԻՑ
  4. ԻՄՈՑ ՏՎԻ ՄԻՆ ՓԱ
  5. ՐՏ ԶԱՆԿԱԿՍ :ԵՃ (:)
  6. (Ս) Պ։ ԵԻ ՍՊԱՍԱԻՈՐՔՍ
  7. ԽԱՍՏԱՑԱՆ Ի ՏԱՐ
  8. ԻՆ :Բ: ԱԻՐ ՊԱՏԱՐԱԳ
  9. ՈՎ ԽԱՓԱՆԷ ԴԱՏԻ ՏԷ
  10. ԹՎ ՉԼ (1281)

Արձանագրության մեջ նշվում է նվիրված առարկան՝ «մին փարտ զանկակս»[14]։

Արձանագրություն 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունը փորագրված է եկեղեցու ներսի հարավային պատին, աջ կողմում։ Բաղկացած է հինգ տողից։ Ընդհանուր առմամբ լավ է պահպանված։ Հողմահարված են երրորդ տողի վերջնամասը և չորրորդ ու հինգերորդ տողերի սկզբնամասերը, սակայն ելնելով բովանդակությունից՝ հեշտությամբ վերականգնվում և վերծանվում է։

  1. ՇՆՈՐՀԻԻՆ ՔԻ, ԵՍ՝ ՊԻԶԱՐ, ՈՐԴԻ ՎԱՐԴԱՆԱ, ՄԻ
  2. ԱԲԱՆԵՑԱ ՍԲ ԲՈԼՈՐԱՀԱՐԻՍ ԵԻ ԵՏՈՒ ԶԻՄ ՀՈԳ
  3. Ո ԲԱԺԻՆՍ Ի ՍԲ ՈՒԽՏՍ, ԵԻ ՍՊԱՍԱԻՐՔՍ ՀԱՍՏԱՏԵ
  4. ՑԻՆ :Բ: ԱԻՐ ՊԱՏԱՐԱԳ ԻՆՁ, ԿԱՏԱՐԻՉՔ
  5. Ի ՏԷ։ Ի ԹՎ :Ձ։ Ձ :Դ։ (1335) ԶԵՐԵՄԻԱ ԱՂԱԻԹՍ (ՅԻՇԵՑԷՔ)

Այս արձանագրության մեջ առաջին և միակ անգամ հիշատակվում է Գհուկի վանքի իրավական անվանումը՝ Բոլորահար[15]։ Արձանագրությունը ուշագրավ է նաև այնտեղ հանդիպող անձանց՝ Վարդանի և նրա որդի Պիչարի կապակցությամբ։ Նշված իշխանները սերում են Դոփյան տնից, իսկ նրանց վերոհիշյալ շինարարական գործունեությունը ծավալվել է Արցախի Ծար գավառում[16]։ Պիչար անունը հայկական աղբյուրներում միայն մեկ անգամ է հիշատակված[17][18]։ Դա Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի ձեռագիր Ավետարանի հիշատակարանում է, գրված 1330 թվականին՝ Ջղոնա անապատում։ Ձեռագիրը ընդօրինակված է Կիրակոս Երզնկացի գրչի կողմից, պատվիրատուն է Վեգեն իշխանը, որը դարձել էր կրոնավոր։

«Արդ այսպիսի պատուական և անգին մարգարտի բաղձացեալ իբրև զիմաստուն վաճառականն մեծազարմ իշխանս Վեգեն՝ մականուն կոչեցեալ Վրթանէս, որ արհամարհեաց զսնոտի փափկութիւն կենցաղոյս՝ խարազնազգեստ եղեալ կրաւնաւորեցաւ և շինեաց եկեղեցիք մեծապայծառ, հանդերձ եղբայրրն իւրով Պիչար իշխանաւն, յանուն սուրբ Աստուածածնին և շինեալ եկեղեցին Դեղձանավանաց սալեցին և զժամատունն գեղ [եց] կապէս յաւրինեցին… »
- Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի ձեռագիր Ավետարան

Ձեռագիրը գրվել է.

«յանապատիս Ջղաւնա, ընդ հովանեաւ սուրբ նշանացս»
- Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի ձեռագիր Ավետարան

Հիշատակարան ներկայացված են տոհմի անդամները.

«Յիշեցէք և դդեռաբողբոջ մանուկն գՀասան, զորդի Բիչարին և զ Աւլատայն՝ որդի նորա և զքոյր պարոնցս (Վեգեն- Վրթանեսի և Պիչարի –Գ. Ս)՝ զԽորիշահ և զգլուխ նորա՝ զպարոն Չէսարն՝ ամենայն զաւակաւք և զմիւս քոյրն՝ զՎախախ ամենայն ընտանեաւք և զմայր պարոնացս զԴաւփ և զԹաւղթանի՝ զուգակից Պիչարին։ Այլ և զծնողս Վեգենա՝ զպարոն Վարդան և ղՄահան յիշել աղաչեմ՝ զփոխեալսն առ Քրիստոս և զհանիկն՝ զՎախախ ղսնուցանաւղ պարոնացս և զյոյժ երախտաւոր՝ զմայր Վարդանա և զհանիկ սոցա… »
- Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի ձեռագիր Ավետարան

Արձանագրության մեջ հստակ նշված են Խորիշահի ծնողները՝ Վարդանը և Դոփը ու կասկածանքի հիմքեր չեն տալիս։ Վիմագրի այդ հատվածի վերծանությունը լիարժեք է։

Գհուկ-Բոլորահարի վանքի արձանագրությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն հուշարձանի պատմությունը վեր հանելու, այլև ժամանակի սոցիալ-տնտեսական, դրամական և հողային հարաբերությունների, ինչպես նաև մշակութային կյանքի ուսումնասիրման տեսակետից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաքելյան Բ., Կարախանյան Գ., Գառնի III, 1949-1956 թթ. Պեղումների արդյունքները, Երևան, 1962։
  • Պետրոսյան Հ.,, Գառնին 9-14-րդ դարերում, Երևան, 1988։
  • Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայոց բառ ու բան, աշխատասիրեց Սահակ Վարդապետ Ամատունի, Վաղարշապատ, 1912 թվական, էջ 145
  3. Ս. Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, հ 3, Երևան, 1967 թվական, էջ 16, արձանագրություն 12
  4. Ս. Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, հ 4, Երևան, 1973 թվական, էջ 177, արձանագրություն 303
  5. Ս. Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, հ 3, Երևան, 1967 թվական, էջ 38, արձանագրություն 95
  6. Կ. Կոստանյան, Վիմական տարեգիր, Պետերբուրգ, 1913 թվական, էջ 225, արձանագրություն 26
  7. Ա. Ժամկոչյան, Դվինի միջնաբերդի հարավային բուրգի 1977-78 թթ. պեղումները.- Հայկական ՍՍՅ-ում 1977-78 թթ. դաշտային հնագիտական աշխատանքներին նվիրված զեկուցումների թզիսներ. Երևան, 1979 թվական, էջ 31
  8. Ս. Ա. Ավագյան, Հ.Ս. Ջանֆոլադյան, Դիվան հայ վիմագրության, հ 6, Երևան, 1977 թվական, էջ 26, արձանագրություն 32
  9. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961 թվական, էջ 171
  10. Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ 4, Երևան, 1979 թվական, 251 էջ
  11. Հայկական Սովետական Հանրագիտարան. հ , Երևան, 1974 թվական, էջ 367
  12. Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում, Երևան, 1975 թվական
  13. Մ. Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունիքի ծովազարդ գավառի, Վաղարշապատ, 1895 թվական, էջ 315
  14. «Փարտ» տերմինը վիմագիր արձանագրություններում շատ հազվադեպ է հանդիպում։ Ունի արաբական ծագում։ Նշված լեզուներում այդ բառը հանդես է գալիս «ֆարդ» ձևով և ունի բազմաթիվ բացատրություններ. «1.անհատականություն (индивидум), մարդ, 2. կենտ թիվ, կենտություն, 3. ցուցակ, գրանցման մատյան (որտեղ նշվում էին հարկատու գյուղացիների անուները և եկամտի չափը) , 4. միակը, հավասարը չունեցող, ոքանչելի, բարձրագույն կարգի, հատ » ։ Հանդիպում է նաև «ֆարդ-ֆարդ» բառակապակցությունը, որը թագմանված է` «հատ-հատ»։
  15. Անվան բացատրությունը առայժմ դժվար է տալ, թեև բառն ինքնին բավականին պարզ կառուցվածք ունի։ «Բոլոր» բառից կազմված տեղանունները Հայսատանում տարածված են եղել. օրինակ՝ Բոլորաքար, Բոլորաձոր, Բոլորաբերդ։
  16. Այդ եղրակացությունների համար հիմք են ծառայել երեք հանգամանք. նախ՝ Դեղձավանքը ամենայն հավանականությամբ Ծար գավառում հիշատակված Դեղձանց գյուղում է եղել, երկրորդ՝ Ծարում միայն մեկ Աստվածածին եկեղեցի է հիշատակված, որը կառուցել են Հովհաննես Գ եպիսկոպոսը՝ «որդի Գրիգորի և թոռն Դոփի» և Գրիգոր 11-ը՝ Հովհաննեսի որդին, երրորդ՝ իշխանները կապված են Դոփյանների հետ (հիշատակարանում նշված է Դոփ անունը)։
  17. Ղ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881 թվական, էջ 120
  18. Բագնայրի արձանագրություններից մեկում հիշատակված է «Պիչարենց հյուրատանը»