Ռայլը «ուշ» Վիտգենշտայնի հետ համարվում է առօրյա լեզվի փիլիսոփայության՝ վերլուծական փիլիսոփայության երրորդ փուլի, հիմնադիրը։ Ռայլը փիլիսոփայության հիմնական խնդիրը համարում է նրա «թերապևտիկական» ֆունկցիան, որի էությունը փիլիսոփայի պրոբլեմների այնպիսի «լուծումն» է, երբ բացառվում է այդ պրոբլեմները դնելու հնարավորությունը (անհեթեթության հանգեցնելու մեթոդ)։ Ըստ Ռայլի, փիլիսոփայի պրոբլեմները «կատեգորիկ սխալների» (օրինակ, ի՞նչ է ճշմարտությունը, գիտակցությունը, պատճառը և այլ հարցերի) արդյունք են, երբ փնտրվում է գոյություն չունեցող վերացարկված նաև սուբստանցի վերածած ընդհանուր հասկացությունների սեռային էությունը։ Այս իմաստով, Ռայլը փիլիսոփաներին նմանեցնում է երեխայի, որը տեսնելով դիվիզիայի հեծելավաշտերը, հրետանային մարտկոցները և գնդերը, հարցնում է․ «Իսկ որտե՞ղ է դիվիզիան»։ Նման ձևով ըմբռնված փիլիսոփայությունը վերածվում է «հակափիլիսոփայության»՝ մոլորության հանգեցնող խոսքերի օգտագործումը բացահայտող հատուկ տրամաբանական տեխնիկայի, որը ծնում է փիլիսոփայի պրոբլեմներ և կասկածի ենթարկում փիլիսոփայության գոյությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։