Բյուզինգեն ամ Հոխրհայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բյուզինգեն ամ Հոխրհայն
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Առաջին հիշատակում1087[1]
Մակերես7,62 կմ²
ԲԾՄ395 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն1585 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1[3] և UTC+2
Հեռախոսային կոդ07734
Փոստային դասիչ78266 և 8238
Ավտոմոբիլային կոդBÜS
Պաշտոնական կայքbuesingen.de(գերմ.)
Բյուզինգեն ամ Հոխրհայն (Գերմանիա)##
Բյուզինգեն ամ Հոխրհայն (Գերմանիա)

Բյուզինգեն ամ Հոխրհայն (գերմ.՝ Büsingen am Hochrhein՝ «Վերին Հռենոսի վրա տեղակայված Բյուզինգեն»), քաղաք Գերմանիայում, վարչականորեն պատկանում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին։

Ենթարկվում է Ֆրայբուրգ վարչական շրջանին։ Մտնում է Կոնստանց շրջանի մեջ։ Բնակչությունը՝ 1585 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]։ Զբաղեցնում է 7.63 կմ2 տարածք։ Պաշտոնական կոդ՝ 08 3 35 015։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը երկար ժամանակ գտնվել է Ավստրիայի տիրապետության տակ, քանի դեռ Պրեսբուրգի խաղաղության պայմանագրով չի դարձել գերմանական Վյուրթեմբերգ թագավորության մաս[4]։

1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, անցկացվել է հանրաքվե, որի ժամանակ բնակչության 96 %-ը կողմ է քվեարկել Շվեյցարիայի հետ միանալուն։ Այնուամենայնիվ, այդպես տեղի չունեցավ այն պատճառով, որ Շվեյցարիան փոխանակման համար համարժեք տարածքներ չկարողացավ ներկայացնել։ Այդ պատճառով Բյուզինգենը մինչև օրս մնում է որպես Գերմանիայի էքսկլավ։ Հետագա փորձերը միշտ մերժվել են Շվեյցարիայի կողմից։

Էքսկլավի կարգավիճակ Բյուզինգենը ձևականորեն ստացել է 1967 թվականին՝ Արևմտյան Գերմանիայի և Շվեյցարիայի միջև բանակցությունների արդյունքում։ Միևնույն ժամանակ արևմտագերմանական Ֆերենհոֆ էքսկլավը, որը բաղկացած էր երեք տնից և ուներ ոչ ավել, քան 12 բնակիչ, դարձել է Շվեյցարիայի մաս։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզինգեն ամ Հոխրհայնի տեղադրությունը քարտեզի վրա

Բյուզինգեն ամ Հոխրհայնը Գերմանիայի էքսկլավ է։ Արևմուտքում, հյուսիսում և արևելքում սահմանակցում է շվեյցարական Շաֆհաուզեն կանտոնի հետ, իսկ հարավում ափերը ողողում են Հռենոսի ջրերը։

19-րդ դարի սկզբից քաղաքը Գերմանիայից բաժանվում էր ընդամենը նեղ տարածքով (700 մ), որի վրա տեղակայված է շվեյցարական Դյորֆլինգեն գյուղը։ Վարչականորեն Բյուզինգենը համարվում է Գերմանիայի մաս, պատկանում է Կոնստանց վարչական միավորին, որն էլ իր հերթին մտնում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մեջ, սակայն տնտեսապես այն Շվեյցարիայի մաքսային գոտու մաս է, այնպես, ինչպես անկախ Լիխտենշտայնի իշխանությունն ու իտալայան Կամպիոնե դ'Իտալիա քաղաքը։

Ներկայումս Շվեյցարիայի, Բյուզինգենի և Գերմանիայի մնացյալ մասի միջև սահմանային հսկողություն չի իրականացվում՝ 2008 թվականի սեպտեմբերին Շվեյցարիայի՝ Շենգենյան գոտու մեջ ընդգրկվելուց հետո։

Հատուկ համաձայնագրեր Բյուզինգենի (Գերմանիա) և Շվեյցարիայի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով Եվրոպական Միության մաքսային համաձայնագրի 31-րդ հոդվածից՝ Բյուզինգենը չի համարվում ԵՄ մաքսային տարածքի մաս այն պատճառով, որ Բյուզինգենը պատկանում է շվեյցարական մաքսատանը, որն էլ ունի իր դրույթներն ու հրահանգները։

Արժույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզինգենը միակ գերմանական քաղաքն է, որտեղ մարդիկ հիմնականում օգտագործում են շվեյցարական ֆրանկ, թեև, տեխնիկապես եվրոն Գերմանիայի տարածքում օրինական վճարային միակ միջոցն է։ Մինչև 1980-ական թվականների վերջերը գերմանական դրամը Բյուզինգենում չէր ընդունվում։ Նույնիսկ բյուզինգենյան փոստը միայն շվեյցարիական ֆրանկ էր ընդունում` գերմանական փոստային նամականիշների վճարման համար։ Ուշ ընդունված փոփոխությունները պարտադրում էին վճարման համար ընդունել գերմանական ապրանքային դրամ, իսկ հետագայում՝ եվրո։ Սակայն այսօր շվեյցարական ֆրանկը շարունակում է ժողովրդականություն վայելել այն պատճառով, որ տեղի բնակիչների մեծամասնությունն աշխատում է Շվեյցարիայում և այնտեղ գումար ստանում են շվեյցարական ֆրանկով։

Միջպետական համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի սեպտեմբերի 9-ին Լոկառնոյում Շվեյցարիայի և Գերմանիայի միջև տեղի է ունեցել կոնֆերանս, որի նպատակը Բյուզինգենում երկու երկրների իրավասությունների կարգավորումն էր։ Համաձայնագիրը ստորագրվել է 1964 թվականի նոյեմբերի 23-ին և ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 4-ին[5]։ Ըստ այդ համաձայնագրի՝ Շաֆհաուզենի կանտոնային ոստիկանությանը թույլատրվում է Բյուզինգենում մարդկանց ձերբակալել և ուղարկել Շվեյցարիա։ Համաձայնագրի պահանջով՝ Շվեյցարացի ոստիկանների քանակը չպետք է գերազանցի 10-ը․ միևնույն ժամանակ գերմանացի սպաների թվաքանակը պետք է հավասար լինի 100 բնակչին 3 սպա հարաբերակցությանը։ Շվեյցարական ոստիկանությունը իրավասություն ունի միայն այն հատվածներում, որտեղ կիրառվում են շվեյցարական օրենքները, հակառակ դեպքում՝ պատասխանատվությունն անցնում է գերմանական ոստիկանությանը։

Գերմանական ոստիկանության սպաները, ուղևորվելով Բյուզինգեն, պարտավոր են օգտագործել սահմանված երթուղիներ և ձեռնպահ մնալ որևէ պաշտոնական հայտարարություն անելուց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են շվեյցարական իրավասության տակ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզինգենն ունի մանկապարտեզ։ Երեխաները մինչև 4-րդ դասարանը կարող են հաճախել տեղի տարրական դպրոցը։ Հետագայում ծնողները կարող են ընտրել ինչպես շվեյցարական, այնպես էլ գերմանական դպրոց[6]։

Փոստ և հեռահաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզինգենում կա գերմանական փոստային բաժանմունք։ Քաղաքն ունի փոստային երկու դասիչ՝ գերմանական և շվեյցարական։ Բյուզինգեն նամակ ուղարկելու համար հասցեն պետք է գրել՝

8238 Büsingen am Hochrhein
Schweiz

կամ

78266 Büsingen am Hochrhein
Deutschland

Բյուզինգենին ուղարկված նամակները կարող են նախավճարվել կա՛մ շվեյցարական, կա՛մ գերմանական դրամով։ Սովորական նամակը Բյուզինգենից Շվեյցարիա ուղարկելու համար պահանջվում է 85 սանտիմ, կամ գերմանական 62 եվրոցենտ (մոտավորապես 74 սանտիմ)։ Հեռախոսակապ ներկայացնում է ինչպես Deutsche Telekom-ը, այնպես էլ Swisscom-ը։

Բացի այդ, Բյուզինգենի բանակիչները կարող են օգտագործել ինչպես գերմանական (+49 7734 կոդով), այնպես էլ շվեյցարական (+41 52 կոդով) հեռախոսահամարներ։

Տրանսպորտային միջոցների գրանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսային պատճառներով՝ Բյուզինգենն ունի իր նախամասնիկը (BÜS) համարանիշների վրա, թեև համարվում է Կոնստանց շրջանի մաս։ Նման հատուկ համարանիշ ստեղծվել է շվեյցարական մաքսատան աշխատանքը պարզեցնելու համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.leo-bw.de/web/guest/detail-gis/-/Detail/details/ORT/labw_ortslexikon/14272/B%C3%BCsingen+am+Hochrhein+-+Altgemeinde~Teilort
  2. 2,0 2,1 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  3. GeoNames — 2005.
  4. Frank Jacobs (2012 թ․ մայիսի 15). «Enclave-Hunting in Switzerland». The New York Times.
  5. Statement of Treaties and International Agreements Registered Or Filed and Recorded with the Secretariat During the Month of April 2005. New York: United Nations Publications. 2005. էջ 80.
  6. «Schools and training centers.» (Archive) Büsingen am Hochrhein. Retrieved on 14 November 2013.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christoph Errass, Hans Martin Tschudi (Hrsg.): Büsingen - Eine deutsche Exklave. Grenzüberschreitende Fragestellungen. Nomos, Baden-Baden 2017, ISBN 978-3-8487-4139-7.
  • Franz Götz: Andreas Schiendorfer, Günter Eiglsperger: 900 Jahre Büsingen, eine deutsche Gemeinde in der Schweiz. Eigenverlag der Gemeinde, Büsingen am Hochrhein 1990, ISBN 3-921413-23-0.
  • Franz Götz: Das Büsinger Vertragswerk (= Hegau-Bibliothek, Band 14). Herausgegeben im Auftrag des Landkreises Konstanz und der Gemeinde Büsingen am Hochrhein in Verbindung mit dem Verein für Geschichte des Hegaus e. V. 1968.
  • Ernst Schneider: Flurnamen der Exklave Büsingen am Rhein, Landkreis Konstanz (= Hegau-Flurnamen, Band III). Herausgegeben vom Verein für Geschichte des Hegaus e. V., 1964.
  • Ursula Wolf, Hans Lieb: Die Bergkirche Büsingen (= Schweizerische Kunstführer GSK, Band 531). GSK Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte, Bern 1993, ISBN 3-85782-531-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզինգեն ամ Հոխրհայն» հոդվածին։