Բերնարտ դը Վենտադորնը ապրել է ասպետական լիրիկայի ծաղկման շրջանում։ Ստեղծագործությունների մեջ համատեղել է կուրտուազական սիրո բարդ ուսմունքը և անկեղծ զգացմունքն ու ներշնչանքը։ Սիրահարվելով իր սենյորի տիկնոջը՝ Բերնարտը նվիրել է նրան մի շարք սիրերգեր։ Տրիբադուրի պաշտամունքի առարկան է եղել նաև Անգլիայի թագուհի Էլեոնոր Աքվիտանցին, որի արքունիքում նա որոշ ժամանակ ծառայել է։ Բերնարտ դը Վենտադորնի գրական ժառանգությունից պահպանվել են չորս տասնյակից ավելի կանցոններ, որոնք միջնադարյան քնարական պոեզիայի լավագույն նմուշներից են։