Բենեդիկտոս XII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենեդիկտոս XII
լատին․՝ Benedictus PP. XII
 
Կրթություն Փարիզի համալսարան
Մասնագիտություն կաթոլիկ քահանա, աստվածաբան, ինկվիզիտոր և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն ֆր.՝ Jacques Fournier
Ծնունդ 1280[1]
Սավերդեն
Մահ ապրիլի 25, 1342[2][1]
Ավինյոն
Թաղված է Avignon Cathedral
|


Բենեդիկտոս XII, (անգլ.՝ Benedictus PP. XII, աշխարհիկ կյանքում՝ Ժակ Ֆուրնիե ֆր.՝ Jacques Fournier, 1280[1], Սավերդեն - ապրիլի 25, 1342[2][1], Ավինյոն), Հռոմի պապ 1334 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1342 թվականի ապրիլի 25-ը։

Ավինյոնյան գերության ժամանակաշրջանի երրորդ պապը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտոս XII-ը ծնվել է Սավերդենում (Ֆրանսիայի հարավ-արևմուտք, Ֆուա քաղաքի մոտ), ջրաղացպանի ընտանիքում։ Ցիստերցիանների միաբանության անդամ էր, որտեղ ստացել է հիմնավոր աստվածաբանական կրթություն, սովորել է Փարիզի համալսարանում[3]։ 1311 թվականից եղել է Ֆոնֆրուադ աբբայության վանահայր, 1317 թվականից՝ Պամիեյի եպիսկոպոս։ Այս ընթացքում նախաձեռնել է կաթարների հետապնդումներ։ 1326 թվականից եղել է Միրպուայի եպիսկոպոս, իսկ 1327 թվականին նշանակվել է կարդինալ։

Հռոմի պապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուրնիեի ընտրությունը հնարավոր դարձավ հիմնականում հանգամանքների բերումով։ Այդ ժամանակ պապական կոնկլավում ընդունված էր առաջին անգամ քվեարկել ամենաքիչ հավանական թեկնածուի օգտին՝ մյուս թեկնածուների դիրքորոշումը պարզելու համար։ Ճակատագրի հեգնանքով բոլոր կարդինալները, բացառությամբ Ֆուրնիեի, քվեարկել էին նրա օգտին, ինչն անակնկալ էր բոլորի համար։

1334 թվականին պապական գահը ստանձնելուց հետո Բենեդիկտոս XII-ը մեծ ջանքեր գործադրեց վանական միաբանությունների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ 1336 թվականի «Benedictus Deus» սահմանադրության մեջ պաշտոնական դոկտրինա սահմանեց սրբերի և օրհնված հոգիների կարգավիճակների մասին։ Նա նաև կարգադրեց Ավինյոնում կառուցել պապական պալատ։

Քաղաքականության մեջ նա համագործակցում էր Ֆրանսիայի թագավորի հետ։ Նա Ռոբերտ Նեապոլիտանացուն է վստահում Հռոմի ադմինիստրատորի գործառույթը՝ հանձնարարելով նրան խաղաղություն և կարգուկանոն հաստատել «Հավերժական» քաղաքում։ Բայց նրան չի հաջողվում կարգավորել հարաբերությունները Լյուդովիկ Բավարացու հետ։ Գերմանական թագին վերաբերող պապական պահանջներին վերջ տալու համար Լյուդովիկը ընտրվողների ժողով է գումարում, որի ժամանակ էլ որոշվում է, որ օրենքով ընտրված թեկնածուն ճանաչվի Գերմանիայի թագավոր՝ անկախ Հռոմի պապի դիրքորոշումից։

Չնայած Պապը ֆրանսիացի էր, սակայն իր հայրենիքի հանդեպ առանձնակի զգացմունքներ չուներ, և նրա հարաբերությունները Ֆիլիպ VI թագավորի հետ բավականին սառն էին։ Ավելին, երբ վերջինս հայտարարում է Շոտլանդիա ներխուժելու իր մտադրության մասին, Բենեդիկտոսը հայտարարում է, որ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ը, ամենայն հավանականությամբ կհաղթի։

Բենեդիկտոս XII-ը նամակագրական կապ էր պահպանում Ֆրանչեսկո Պետրարկայի (1304–1374) հետ, ում հետ նա անձամբ հանդիպել էր 1326–1327 թվականներին, երբ բանաստեղծը Ավինյոնում էր։ Պապը հույս ուներ, որ Պետրարկան ճանապարհ կհարթի Հռոմ վերադառնալու համար։ 1341 թվականին բանաստեղծը ստանում է ամենաբարձր տիտղոսը՝ հռոմեական Կապիտոլիումում թագադրվելով դափնեպսակով։

Բենեդիկտոս XII-ը Պապը մահացել է Ավինյոնում և թաղվել այնտեղ։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմակի անգամ հիշատակված է Մորիս Դրյուոնի «Անիծված թագավորները» պատմական վեպերի շարքի վերջին՝ «Երբ թագավորը կործանում է Ֆրանսիան» գրքում։

Հիշատակված է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
  2. 2,0 2,1 2,2 http://webdept.fiu.edu/~mirandas/bios1327.htm#Fournier
  3. Jonathan Sumption, Trial by Battle, Vol.1, (Faber and Faber, 1990), 152.