Բահաուլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահաուլլան (նոյեմբերի 12, 1817(1817-11-12)[1][2][3], Թեհրան, Ղաջարական Պարսկաստան - մայիսի 29, 1892(1892-05-29)[1][2], Աքքա, Բեյրութ (վիլայեթ), Օսմանյան կայսրություն), Բահայի հավատի հիմնադիրն է։

Բահաուլլայի գրպանի ժամացույցը

Պատմության ամբողջ ընթացքում, Աստված իր ներկայությունը ապահովել է տարբեր Աստվածահայտությունների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը հիմնել է հզոր կրոն։ Այդպիսիք են՝ Աբրահամը, Կրիշնան, Զրադաշտը, Մովսեսը, Քրիստոսը, Բուդդան, Մուհամեդը։ Մոտ երկու դար առաջ Բահաուլլան նոր ուսմունք բերեց։ Նա սովորեցրել է, որ կա միայն մեկ Աստված, որ աշխարհում բոլոր կրոնները գալիս են այդ միակ Աստծուց, և որ ժամանակն է, որ մարդկությունը ճանաչի իր միասնությունը և միավորվի։

Բահաուլլայի օգտագործած կնիքները

Բահաուլլան[4][5] ծնվել է 1817թ. նոյեմբերի 12-ին, Իրանի Թեհրան քաղաքում։ Նրա անունը Հուսեյն Ալի էր, և նա մեծահարուստ նախարար Միրզա Բուզուրգ-ի-Նուրիի որդին էր։ Ընտանիքի նախնիները Իրանի կայսերական հայտնի տոհմից էին։ Բահաուլլան թագավորական կյանք է վարել իր պատանեկության տարիներին՝ սովորելով հիմնականում գեղագրություն, ձիավարություն, դասական պոեզիա և սուսերամարտ։ Նրա որդին՝

Քուրդիստանի լեռները

Աբդուլ-Բահան, պատմել է.

«Վաղ մանկությունից նա առանձնանում էր իր հարազատների ու ընկերների շրջանում իմաստությամբ, խելքով և հմտությամբ։

Նա իր հասակակիցներից տարբերվում էր և անգամ գերազանցում էր նրանց։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Նրան, զարմացած էին Նրա վաղ զարգացումից։ Նրանք կարծում էին, որ «նման երեխան երկար չի ապրի», քանի որ ընդհանուր առմամբ հավատում էին, որ հանճար երեխաները երկար չեն ապրում»։

Բահաուլլայի սենյակը Թաքուրում

Բահաուլլայի ընտանիքը մի քանի տուն ուներ,  այդ թվում մեկը՝  Մազենդարան նահանգի Թաքուր քաղաքում։ Տվյալ ժամանակաշրջանի սովորության համաձայն՝ որպես ազդեցիկ պետական պաշտոնյայի որդի, Բահաուլլան ոչ մի պաշտոնական կրթություն չի ստացել։ Այնուամենայնիվ, տասնչորս տարեկանում նա աչքի էր ընկնում իր խորագիտությամբ։ Նա խոսում էր ցանկացած թեմայի շուրջ և լուծում իր առջև դրված ցանկացած խնդիր։ Մարդաշատ հավաքույթներում նա ուլեմներին (իսլամի առաջատար կրոնական առաջնորդ) բացատրում էր բարդ կրոնական խնդիրներ, և նրանք լսում էին մեծ հետաքրքրությամբ։ Հոր մահից հետո Բահաուլլան հրաժարվեց իրեն հասանելիք նախարարի պաշտոնից։ Երբ վարչապետին տեղեկացրին նրա որոշման մասին, նա ասաց, որ այդ պաշտոնը արժանի չէ  Բահաուլլային։

Իշխանության և զվարճանքների ձգտելու փոխարեն,  Բահաուլլան նախընտրեց իր եռանդը նվիրել մի շարք բարեգործական աշխատանքների, ինչի շնորհիվ նա հայտնի դարձավ «աղքատների հայր» անվամբ։ Բահաուլլան շատ էր սիրում բնությունը և երկար ժամանակ էր անցկացնում բնության գրկում։ Այս առիթով նա ասել է. «Երկիրը հոգու տունն է , քաղաքը՝ մարմնի»։

Տեսարան դեպի Բաղդադ 19-րդ դար
Կոստանդնուպոլիս 19-րդ դար
Ադրիանապոլիս 19-րդ դար
Տեսարան՝ Բահաուլլայի բանտախցից, Աքքա

Բահաուլլան ինքն է նկարագրում իր մանկությունից մի պատմություն, որը պատահել էր, երբ նա ներկա էր իր եղբայրներից մեկի հարսանեկան արարողությանը Թեհրանում։ Սովորության համաձայն, այդ ժամանակ Թեհրանում խնջույքը շարունակվում էր յոթ օր ու գիշեր։ Վերջին օրը հյուրերին զվարճացնելու համար տիկնիկային ներկայացում է բեմադրվում մի հայտնի թագավորի մասին։ Բահաուլլան նստել էր վերևի սենյակում, որը նայում էր դեպի այն բակը, որտեղ ներկայացման համար մի ծածկ էր կանգնեցված։

Նա պատմում է, որ ներկայացման սկզբում հայտնվեցին մի քանի տիկնիկներ։ Նրանք հայտարարեցին, որ թագավորը մոտենում է։ Այնուհետև մի քանի այլ կերպարներ երևացին։ Նրանցից մի քանիսը ավլում էին հատակը, իսկ մյուսները` ջուր էին շաղ տալիս` նախապատրաստվելով թագավորի գալստյանը։ Շուտով, դրանից հետո, քաղաքի մունետիկը բեմ դուրս եկավ և հրամայեց մարդկանց թագավորի մոտ ընդունելության հավաքվել։ Մի քանի խումբ մարդիկ հայտնվեցին և զբաղեցրին իրենց համապատասխան տեղերը։ Վերջապես հայտնվեց թագավորը։ Թագը գլխին` նա դանդաղ և վեհությամբ քայլեց ու բազմեց գահին։ Կրակոցներ եղան, շեփորահարեցին փողերը, և ծածկը ծխով լցվեց։

Երբ ծուխը ցրվեց, երևաց նախարարներով, արքայազներով և պետական պաշտոնյաներով շրջապատված թագավորը։ Այդ պահին մի գողի բերեցին թագավորի առջև, որն էլ հրաման տվեց, որ նա գլխատվի։ Առանց հապաղելու դահճապետը ի կատար ածեց նրա կարգադրությունը։ Մահապատժից հետո թագավորը նախարարների ու ծառայողների հետ խոսակցության բռնվեց։ Հանկարծ լուրեր եկան, որ նահանգներից մեկում ապստամբություն է բռնկվել։ Անմիջապես զորքեր ուղարկվեցին ապստամբությունը ճնշելու համար։ Մի քանի րոպե անց թնդանոթի կրակոցի ձայներ լսվեցին ետևի մասում և հայտարարվեց, որ թագավորի զորքերը կռվի մեջ են մտել ապստամբների հետ։

Աքքայի դարպասները, 19-րդ դար
Աքքայի բանտի մուտքն ու աստիճանները

Ներկայացումը շարունակվում էր։ Բահաուլլան խիստ շփոթված էր այդ ներկայացման բնույթից։ Երբ այն ավարտվեց, և վարագույրը իջեցվեց, Նա տեսավ ծածկի ետևից դուրս եկող մի մարդու, որը արկղ էր կրում իր թևի տակ։ «Այդ ի՞նչ արկղ է,- հարցրեց նրան Բահաուլլան,- և ինչու՞մն է այս ներկայացման իմաստը»։ «Բոլոր այս շքեղ զարդարանքները և այս բարդ հարմարանքները,- պատասխանեց նա,- թագավորը, արքայազներն ու նախարարները, նրանց շքեղությունն ու փառքը, նրանց ուժն ու զորությունը, այն ամենը, ինչ որ տեսել ես, ամբողջն այժմ գտնվում է այս արկղի ներսում»։ Այս խոսքերը մեծ տպավորություն թողեցին Բահաուլլայի վրա և Նա ասաց.

«Այդ օրվանից աշխարհի բոլոր զգեստներն այդ Երիտասարդի աչքերում նման էին այդ նույն ներկայացմանը։ Դրանք երբեք չեն ունեցել և չեն ունենա որևէ արժեք, անգամ մանանեխի հատիկի համեմատությամբ… Շուտով այդ արտաքին զգեստները, այդ ճոռոմ զարդերը, այդ երկրային ունայնությունները, այդ կուտակված գումարտակները, այդ շքեղ արդուզարդը, այդ հպարտ ու մեծամիտ հոգիները` ամեն ինչ կմտնեն գերեզման, այնպես, ինչպես այդ արկղի մեջ։ Ներքին տեսունակությամբ օժտված մարդկանց աչքերում այդ ամբողջ տարաձայնությունները, վեճերը և ունայն փառքը եղել են ու առաջվա պես նման կլինեն մանկական խաղերին»։

1844 թ.-ին Իրանում Սեյիդ Ալի Մուհամմադ անունով մի երիտասարդ հայտարարեց, որ հասել է օրը, որին բոլոր կրոնները սպասում են։ Նա իրեն անվանում էր Բաբ, ինչը նշանակում է «Դարպաս»։ Նրա ուսմունքները  արագորեն տարածվեցին անգամ ամենահայտնի մարդկանց շրջանակներում։ Բահաուլլան ուսումնասիրեց Բաբի գրվածքները և անմիջապես ընդունեց նոր ուսմունքը և դարձավ նրա ամենանվիրյալ հետևորդներից մեկը։

Բահջիի առանձնատունը, Հայֆա

1848 թ.ին Բեդաշտ գյուղում Բահաուլլան կազմակերպեց Բաբի ակնառու հետևորդների հանդիպում։ Նրանք հայտնի էին որպես բաբիներ։ Հանդիպման ընթացքում հավատացյալների հավաքը  հաստատեց Բաբի դավանանքի իսլամից անկախ բնույթը։ 1848թ. Մազենդարան նահանգի Ամուլ քաղաքում Բահաուլլան ձերբակալվեց և ենթարկվեց բաստինադի (փայտով ոտքերին խփել)՝ Բաբի հետևորդ լինելու համար։  Նա գնացել էր՝ այցելելու Շեյխ Թաբարսի ամրոցում հարձակման ենթարկված մի քանի այլ բաբիների։

Բաբը մահապատժի ենթարկվեց 1850թ., և նրա կրոնի գրեթե բոլոր անդամները սպանվեցին մոլեռանդ հոգևորականների և կառավարական ուժերի կողմից։ Բահաուլլային 1852թ. կեղծ մեղադրեցին շահի սպանությանը մեղսակից լինելու մեջ։ Նա գտնվում էր Թեհրանի մերձակայքում գտնվող Աֆչիհ գյուղում, երբ նրա ձերբակալման և կալանավորման մասին որոշում էր կայացվել։ Ձերբակալության հրամանը ստորագրելուց հետո, Բահաուլլայի հետևորդները առաջարկեցին պաշտպանել նրան շահի և նախարարների բարկությունից, ովքեր մտադիր էին խլել նրա կյանքը։ Փոխարենը, հրաժարվելով թաքնվելուց, Նա գնաց հանդիպելու իրեն մեղադրողներին։ Օգոստոսյան կիզիչ արևի տակ, Բահաուլլան ստիպված քայլեց դեպի Թեհրանի բանտը։ Երթուղու ողջ ընթացքում նրան քարերով հարվածում էին և նետում այն ամենն ինչ ընկնում էր անցորդների ձեռքը։

Թեհրանում Բահաուլլային նետեցին «Սև հոր» անվամբ բանտը, որը հայտնի էր սարսափելի օդով՝ կեղտով ու գաղջով։ Ըստ Բահաուլլայի այս բանտում նա ստացավ աստվածային ուղերձ։ Ավելի ուշ սրա մասին նա գրեց. «Ես պարզապես մարդ էի, ինչպես մյուսները, ովքեր քնած էին իմ կողքին, երբ ահա, Ամենափառահեղի զեփյուռը փչեց իմ վրա և ինձ հայտնեց այն ամենի մասին ինչ եղել է։ Սա Ինձանից չէ, նրանից է, ով Ամենակարող է և Գիտակ։ Եվ Նա ինձ պատվիրեց բարձրացնել Իմ Ձայնը երկրի ու երկնքի միջև»։  Սակայն այս հայտնությունը հրապարակավ հայտարարելու ժամանակը ավելի ուշ կլինի։

Բահաուլլայի սենյակը Բահջիում
Աբբուդի տան սենյակներից մեկը

Չորս ամիս Սև հորում մնալուց հետո, Բահաուլլան վտարվեց իր հայրենիքից՝ քառասուն տարվա աքսոր, բանտարկություն և հետապնդումներ։ Սև հորից նա դուրս եկավ   հիվանդ և ծանր շղթաներից պարանոցին հասցված վերքերով։ Չհասցնելով վերականգնվել նա ստիպված էր ճանապարհ ընկնել իր աքսորման հաջորդ վայրը։ Նախ նա գնաց Բաղդադ, ապա՝ Օսմանյան կայսրություն։

Այսպիսով, տարբեր զրկանքներ կրելով՝ նա հիմնեց նոր դարաշրջանի հոգևոր և սոցիալական արժեքներին համապատասխան հավատք, որը մինչ օրս շարունակում է միավորել, կրթել, զարգացնել, երջանկացնել մարդկությանը։

Վտարումը խորը ձմռանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաուլլան ու նրա ընտանիքը 1853թ.-ի ձմռանը աքսորվեցին Բաղդադ։ Երթուղին անցնում էր Իրանի արևմտյան ձյունապատ լեռներով։ Վատ հագուստը և սննդի պակասը նրանց ճանապարհը ավելի վտանգավոր էին դարձնում։ Բահաուլլան և նրա ընտանիքը ժամանեցին Բաղդադ 1853թ.- ի  ապրիլի 8-ին։ Բաբի հետևորդները, ընդունելով Բահաուլլային որպես իրենց առաջնորդ, հաճախ էին  դիմում  նրան։ Նրա ազնվությունը,  խորհուրդների իմաստությունը, բարությունը,

միավորում և ոգևորում է Բաբի համայնքը։

Մեկուսացումը Քուրդստանի լեռներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղդադ հասնելուց որոշ ժամանակ անց, Բահաուլլան հեռացավ Քուրդստանի լեռնային անապատ, որտեղ երկու տարի մենակ ապրեց։ Նա իր ժամանակն անցկացնում էր խորհելով իր աստվածային առաքելության մասին։ Այս ժամանակահատվածը հիշեցնում է Մովսեսի ճանփորդությունը դեպի Սինա լեռ, Հիսուսի՝ քառասուն օր ու գիշեր անապատում անցկացնելը, և Մուհամմադի Խիրա լեռան քարանձավում անցկացրած ժամանակը։

Վերադարձ Բաղդադ[խմբագրել | խմբագրել կոդը]

1856թ. Բահաուլլան վերադարձավ Բաղդադ։ Նրա ղեկավարությամբ Բաբի համայնքի հեղինակությունը մեծացավ, և նրա՝ որպես հոգևոր առաջնորդի համբավը տարածվեց ամբողջ տարածաշրջանում։ Բահաուլլան Բաղդադում գրել է իր ամենահայտնի սուրբ գրքերը, այդ թվում ՝ «Նվիրական խոսքերը», «Յոթ հովիտները» և «Վստահության գիրքը» (Քիթաբ-ի-Իգան)։ Իր գրվածքներն ակնարկում էին իր դիրքի մասին, բայց դրա մասին հանրությանը կիմանա ավելի ուշ։ Բաղդադի սրճարանները դարձան աստվածաբանական և փիլիսոփայական հարցերի քննարկման վայր։ Բահաուլլան հաճախում էր սրճարաններ և Նրա լեզվի պերճախոսությունը, մտքերի իմաստությունը գրավում էր շատերին։

Աբբուդի տունը, որտեղ ապրել է Բահաուլլան, Աքքա

Բահաուլլան բարձրաձայնում է իր առաքելության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահաուլլան  տասը տարի ապրեց Բաղդադում։ Վախենալով, որ Նրա ճանաչումը կբորբոքի Իրանի ժողովրդի խանդավառությունը նոր կրոնի հանդեպ, շահի վարչակարգը ստիպեց Օսմանյան իշխանություններին աքսորել նրան Բաղդադից։

1863թ. ապրիլ ամսին, Բաղդադից Կոստանդնուպոլիս (Ստամբուլ) մեկնելուց առաջ, Բահաուլլան և նրա ուղեկիցները տասներկու օր մնացին Տիգրիս գետի ափին գտնվող այգում։ Բահաուլլան այստեղ հռչակեց, որ Ինքն է Ավետյացը, ում մասին խոսում էր Բաբը և ում գալուստը  կանխագուշակված էր աշխարհի բոլոր սուրբ գրություններում։ Այսօր բահայի սուրբ օրերից ամենաուրախը Ռիզվանի փառատոնն է, որը նշում է այդ տասներկու օրերի իրադարձությունը։

1863 թ-ի մայիսի 3-ին Բահաուլլան Բաղդադից մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Օսմանյան կայսրության մայրաքաղաք, իր ընտանիքի և մի քանի նվիրյալ հետևորդների ուղեկցությամբ։ Բաղդադի բնակիչները հասցրել էին սիրել և կապնվել նրա հետ։ Ականատեսների խոսքերով, ճանապարհի երկայնքով մեկ հավաքվել էին շատ մարդիկ, որոնց թվում կային գիտնականներ և պետական այրեր, որպեսզի իրենց հարգանքը ցույց տային նրան։

Բահաուլլան հայտնի էր Բաղդադում և Քրդստանում, և մարդիկ դուրս էին գալիս նրան ընդառաջ՝ դեպի Կոստանդնուպոլիս ողջ ճանապարհի ընթացքում։ Շողի Էֆֆենդին՝ Բահայի հավատքի Պահապանը, <<Աստված անցնում է կողքով>> գրքում գրում է. <<Նրա պատվին որոշ կանգառներում ցուցաբերվող հյուրընկալությունը, գյուղացիների պատրաստած և մատուցած սնունդը, ջերմությունը, որը նրանք կրկին և կրկին ցուցաբերում էին նրան ուղեկցողներին մխիթարելու համար, հիշեցնում էին այն հարգանքի մասին, որը Բաղդադի ժողովուրդը բազմիցս ցույց էր տվել Նրան>>:

Շուրջ չորս ամիս Բահաուլլան և Նրա ուղեկիցները ճանապարհորդում էին Թուրքիայի արևելքով՝ ի վերջո հասնելով Սև ծովի ափին գտնվող Սամսուն քաղաքը։ Մի քանի օր այնտեղ մնալուց հետո նրանք նստեցին թուրքական շոգենավ, որը երեք օր անց նրանց հասցրեց Կոստանդնուպոլիս։

Բահաուլլան և նրա ընտանիքն իջան Կոստանդնուպոլսի շոգենավից 1863 թվականի օգոստոսի 16-ին։ Նրանք քաղաքում ստիպված էին մնալ միայն չորս ամիս։ Չնայած Կոստանդնուպոլսում ժողովրդի մեջ ընդունված էր  իշխանություններին նվերներ տալով  արտոնություններ ստանալ, Բահաուլլան հրաժարվեց մտնել նման հարաբերությունների մեջ։ Նրա թշնամիները օգտագործեցին այս իրավիճակը և կարողացան իշխանության կասկածը հարուցել նրա դեմ։ Այդ պատճառով ընդամենը չորս ամիս անց նրան աքսորեցին հաջորդ աքսորավայր՝ Ադրիանուպոլիս (Էդիրնե)։

Խորը ձմռանը Օսմանյան կայսրության տիրակալ սուլթան Աբդուլ-Ազիզը հրաման տվեց Բահաուլլային աքսորել Կոստանդնուպոլսից։ Ի պատասխան՝ Բահաուլլան նամակ գրեց սուլթանին, որում  <<խստորեն դատապարտեց նրա նախարարներին, բացահայտեց նրանց տհասությունն ու անկարողությունը… և խստորեն զգուշացրեց (նրանց) չհպարտանալ իրենց աշխարհիկ ունեցվածքով …>>: Պաշտոնյաներից մեկն, ով կարդացել է այս նամակը, նկատել է. <<Դա նման է այն բանին, ասես Արքաների Արքան իր հանձնարարությունն է տալիս իր ամենահամեստ վասալ թագավորին և պահանջում է նրան կարգավորել իր պահվածքը>>:

Կոստանդնուպոլսից Ադրիանուպոլիս (Էդիրնե) ձմռան կեսին ճանապարհորդությունը տևեց ընդամենը 12 օր, բայց այն իրականացվեց վերջին 40 տարիների ամենացուրտ ձմռանը։ Բահաուլլան, Նրա ընտանիքը և ընկերներն ամբողջությամբ իրենց թշնամիների տիրապետության տակ էին։ Բահաուլլան այս ճանփորդության մասին ասաց. <<Նրանք վտարեցին մեզ այնպիսի նվաստացուցիչ կերպով, որի հետ չի կարող համեմատվել երկրի վրա ոչ մի նվաստացում։ Ո՛չ իմ ընտանիքը, ո՛չ ինձ ուղեկցողները, չունեին անհրաժեշտ հագուստ, որպեսզի այսպիսի սառնամանիքին պաշտպանվեին ցրտից>>: Եվ նորից. <<Խորաթափանց մարդիկ շատ էին ցավում մեզ բաժին ընկած ճակատագրի համար և անգամ մեր թշնամիների աչքերից արցունքներ էին թափվում>>:

Բահաուլլան և նրան ուղեկցողները տառապում էին շատ հիվանդություններից։ Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի որդին, ով այդ ժամանակ 19 տարեկան էր, ճամփորդության ժամանակ ցրտահարել էր իր ոտքերը և ողջ կյանքում տառապում էր դրանից։

Ադրիանապոլսում աքսորյալները պարզեցին, որ տրամադրված տունը նրանց չի պաշտպանում ծայրաստիճան ցրտից։ Բահաուլլան այս քաղաքն անվանեց <<հեռավոր բանտ>>:

Չնայած այն պայմաններին, որոնցում Բահաուլլան և մյուս բահայի աքսորյալներն ապրում էին Ադրիանապոլսում, նրա ուսմունքը շարունակում էր տարածվել։ Այստեղ նրա գրչից ավելի շատ սուրբ գրվածքներ դուրս եկան, քան երբևէ, և դրանք տարածվեցին նրա հետևորդների կողմից մինչև Եգիպտոս և Հնդկաստան։ Ականատեսներից մեկը գրում է. <<Օր ու գիշեր Աստծո տաղերը անձրևի պես հորդում էին այնպիսի քանակությամբ, որ դրանք անհնար էր գրի առնել>>: Գիշեր ու ցերեկ աշխատող մի քանի քարտուղարներ չէին հասցնում գրի առնել այն ամենը, ինչ այն ժամանակ թելադրում էր Բահաուլլան։

Ադրիանապոլիս աքսորյալների ժամանումից անմիջապես հետո քաղաքի բնակիչներից շատերը խորապես գրավված էին Բահաուլլայի անձով։ Նահանգապետը, բարձրաստիճան պաշտոնյաները և մտավորականները փնտրում էին նրա ընկերակցությունը և խորին ակնածանք էին ցուցաբերում նրա հանդեպ։ Երբ Բահաուլլան քայլում էր փողոցով, մարդիկ ինքնաբերաբար կանգնում էին և խոնարհվում նրա առջև։

1867 թվականից սկսած՝ Ադրիանապոլսում և շարունակելով հետագայում Աքքայում, Բահաուլլան գրեց աշխարհի թագավորներին և ղեկավարներին, այդ թվում նաև Նապոլեոն 3-րդ կայսրին, Վիկտորիա թագուհուն, Վիլհեմ 1-ին կայսերը, Ալեքսանդր 2-րդ արքային, Ֆրանց Յոզեֆ կայսրին, Պիոս 9-րդ պապին, սուլթան Աբդուլ Ազիզին և Իրանի շահ Նասրիդ-Դին Շահին։ Այս նամակներում Բահաուլլան բացահայտորեն հռչակում է իր՝ որպես Աստծո Դեսպանորդի դիրքը։ Նա կոչ է անում առաջնորդներին հաստատել արդարություն և զինաթափ լինել, հաստատել ժողովուրդների միություն, զգուշացնելով նրանց այն սարսափելի հետևանքների մասին, որոնք տեղի կունենան, եթե նրանք չկարողանան հաստատել խաղաղություն։

1868 թ.-ին սուլթանը կրկին աքսորեց Բահաուլլային՝ դեպի Օսմանյան կայսրության  քաղաք-բանտ Աքքա՝ հավատալով, որ հենց այստեղ նրա երիտասարդ կրոնը հավանաբար կվերանա։ Հաջորդ օրը Ադրիանապոլսում գտնվող Բահաուլլայի տունը շրջապատված էր զինվորականներով։ Նրա ողջ ընտանիքն ու հետևորդները տարվել էին հարցաքննության։ Բահաուլլային հայտնեցին, որ նրանցից ոմանք կաքսորվեն Աքքա։

Արտասահմանյան տերությունների որոշ հյուպատոսներ, ովքեր տպավորված էին Բահաուլլայի և Նրա որդի Աբդուլ-Բահայի հիանալի կերպարներով, առաջարկեցին միջամտել և պաշտպանել նրան, <<մի առաջարկ, որի համար Բահաուլլան հայտնեց իր երախտագիտությունը, բայց կտրականապես հրաժարվեց>>:

Բահաուլլայի օգտագործած վրանները, Հայֆա Կարմել լեռ

1868 թ-ի օգոստոսին, Աքքայի ճանապարհին Բահաուլլան և շուրջ 70 աքսորյալներ երեք գիշեր անցկացրին Գալիպոլիում։ Նրան և նրա ընտանիքին հրամայված էր գնալ քաղաք-բերդ, բայց աքսորյալների մյուս մասը նրան կամավոր էր ուղեկցում։ Բահաուլլան[6][7] իր ուղեկիցներին զգուշացրեց, որ իրենց էլ ավելի մեծ փորձություններ են սպասվում և եթե նրանք պատրաստ չեն անցնել այդ դժվարությունների միջով անցնել, ապա ավելի լավ կլինի չշարունակել իրենց հետ այդ ճանապարհորդությունը։ Այս նախազգուշացումն աքսորյալները նախընտրեցին անտեսել։

1800-ականների կեսերին Աքքան ամենահայտնի մարդասպանների, ավազակների և օսմանյան ռեժիմի քաղաքական թշնամիների վերջնական հանգրվանն էր։ Պարսպապատ, կեղտոտ փողոցներով և խոնավ, լքված տներով այդ քաղաքը քաղցրահամ ջրի աղբյուր չուներ, իսկ օդն այնքան կեղտոտ էր, որ տեղացիներն ասում էին, թե «թռչունները քաղաքի վրայով թռչելիս սատկած ցած էին ընկնում»։ Իշխանություններն ակնկալում էին, որ Բահաուլլան և նրա ուղեկիցները շատ արագ կմահանան այդ քաղաք-բանտում[8]։

Աքքա տանող ծովային դարպասները

Զմյուռնիայում, Ալեքսանդրիայում և Հայֆայում կարճատև կանգառներից հետո Բահաուլլան և նրան ուղեկցողները ստիպված եղան ևս ութ ժամ ճամփորդել ծովով։ Հետագայում Բահաուլլայի դուստրը՝ Բահիյա խանումը, այսպես է նկարագրել այդ ուղևորությունը. «Տոթը….անտանելի էր, մեզ նստեցրին առագաստանավ։ Քանի որ քամի և արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու ծածկ չկար, մենք ութ ժամ տառապեցինք և վերջապես հասանք Աքքա՝ մեր ճանապարհորդության վերջնակետին»։

1868 թվականի օգոստոսի 31-ին աքսորյալներին վերջապես իջեցրին Աքքայի ծովային դարպասների մոտ՝ բերդաքաղաքի երկու մուտքերից մեկի մոտ։ Այս ճանապարհորդությունը Բահաուլլային բերեց մի վայր, որտեղ նա անցկացրեց իր կյանքի վերջին 24 տարիները։

Աքքան շրջապատված էր կրկնակի պարիսպներով, նրա դարպասներից ներս չկար ջրի աղբյուր, այնտեղ վխտում էին լվերը, խոնավ էր,  կեղտոտ ու ոլորուն փողոցներ ուներ։ Բահաուլլան թուրք սուլթանին ուղղված Իր նամակում գրում է, որ «Աքքան աշխարհի քաղաքներից ամենալքվածն է, արտաքինից ամենագորշը, ամենազզվելին՝ կլիմայով, և ամենակեղտոտը՝ ջրով։ Կարծես այն լիներ բուերի հավաքատեղի»։

Բահաուլլայի բանտախուցը, որն այժմ բաց է ուխտագնացների համար

Այստեղ բոլորը, բացի երկուսից, հիվանդացան ժամանելուց անմիջապես հետո։ Մալարիան և դիզինտերիան էլ ավելի ծանրացրին նրանց տառապանքները։ Ի վերջո Բահաուլլային և Նրա ուղեկիցներին տարան իրենց խցերը, որոնք գտնվում էին միջնաբերդի հյուսիս-արևմտյան մասում՝ մռայլ, տոթ և անհյուրընկալ, որտեղ նրանք գտնվեցին ձերբակալության մեջ։ Անդրադառնալով Աքքայի բանտում իր և իր ուղեկիցների կրած դժվարություններին, Բահաուլլան հայտարարում է. «Ոչ ոք չգիտի, թե ինչ տառապանքներ են մեզ բաժին ընկել, բացի Աստծուց՝ Ամենակարողից, Ամենագետից ... Աշխարհի ստեղծումից մինչ օրս նման դաժանություն երբեք չի տեսնվել և չի լսվել»։

Բանտի առաջին ամիսները սարսափելի էին և խիստ, բանտապահները խստորեն կատարում էին սուլթանի հրամանները։ Բահաուլլան գտնվում էր հսկողության տակ և ամբողջովին մեկուսացված էր։ Բայց աստիճանաբար, չնայած դատավճռի ոչ մի բառ փոփոխության չէր ենթարկվել, պաշտոնյաները սկսեցին այլ կերպ վերաբերվել բանտարկյալ-բահայինների հետ։ Աբդուլ-Բահայի հոգատարությունը հիվանդների և բանտարկյալների հանդեպ, Բահաուլլայի վարքն ու ազնվական ծագումը այնքան տպավորեցին իշխանություններին, որ նրանք մեղմացրին որոշ սահմանափակումներ։

Բահաուլլայի հագուստը, որը պահվում է բահայի արխիվում

Երբ Աքքա նրա ժամանման լուրը տարածվեց ողջ տարածաշրջանում, Բահաուլլայի հետևորդներից շատերը տարբեր բնակավայրերից հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ անցան, հաճախ ոտքով, որպեսզի այցելեն նրան։ Սովորաբար նրանց արգելում էին մտնել պարսպապատ քաղաք, և նրանք ստիպված էին մի ակնթարթ տեսնել նրան՝ հեռավոր պատուհանի մոտ կանգնած։

Ժամանակի ընթացքում բանտարկյալների, հատկապես Աբդուլ-Բահայի պահվածքի  և ազնվական բնավորության շնորհիվ իշխանությունների համար պարզ դարձավ, որ բահայինները սպառնալիք չեն ներկայացնում։ Նահանգապետը թույլ տվեց Բահաուլլային այցելուներ ընդունել։

Որոշ ժամանակ անց իշխանությունները Բահաուլլային և Նրա ընտանիքին թույլ տվեցին դուրս գալ բանտից և քաղաքի շրջակայքում տուն վարձել։ Չնայած ատելությանը և նախապաշարմունքներին, որոնք ուղեկցում էին Բահաուլլայի՝ Աքքա ժամանմանը, ժամանակի ընթացքում քաղաքի բնակիչներից շատերը դարձան նրա երկրպագուները, փնտրեցին նրա խորհուրդը և փորձեցին նրա կյանքն ավելի հարմարավետ դարձնել։

Սենյակը, որտեղ համբարձվել է Բահաուլլան

Մի անգամ նրան այցելեց քաղաքի կառավարիչը և հարցրեց, թե կարող է արդյոք որևէ ծառայություն մատուցել Բահաուլլային։ Բահաուլլան խնդրեց վերականգնել և շահագործման հանձնել հին ջրատարը, որով ժամանակին քաղաքը մատակարարվում էր քաղցրահամ ջրով։ Նահանգապետն անմիջապես աշխատանքի անցավ, և շուտով խմելու ջուրը կրկին հասանելի դարձավ։ Այցելուներից մյուսը անգլիացի պրոֆեսոր Էդվարդ Գրենվիլ Բրաունն էր, ով հանդիպել է Բահաուլլայի հետ։

Արդարության Համաշխարհային Տունը

Պրոֆեսոր Բրաունը իր առաջին հանդիպման մասին գրել է. «Այն դեմքը, որին հայացքս էի ուղղել, ես երբեք չեմ կարող մոռանալ, թեև չեմ էլ կարող նկարագրել այն։ Այդ թափանցող աչքերը թվում էր հենց հոգիդ են կարդում. ընդարձակ հոնքերը ընդգծում էին ուժն ու հեղինակությունը, որոնք արտացոլվում էին բարձր ճակատի վրա, ճակատի խորը կնճիռներն ու դեմքը ցույց էին տալիս Նրա տաիրքը, չնայած սաթի նման սև մազերին ու շքեղ մորուքին, որը հասնում էր համարյա գոտկատեղին։ Հարցնելու կարիք չկար, թե ում ներկայությամբ էի գտնվում, երբ խոնարհվում էի մեկի առջև, Ով մարդկանց անձնվիրության և սիրո առարկան էր, որին կարող էին նախանձել թագավորները, իսկ կայսրերը` զուր փափագել»։

Արխիվի շենքը, որտեղ պահվում են Բահաուլլային պատկանող իրերն ու օրիգինալ նկարը

Այդ հանդիպման ժամանակ բահաուլլան Ասել է. <<… Որ բոլոր ազգերը պետք է ունենան մեկ հավատք, իսկ բոլոր մարդիկ՝ եղբայրներ, որ մարդկանց որդիների միջև կապվածության և միասնության կապերը պետք է ամրապնդվեն, որ կրոնական բազմազանությունը պետք է վերանա, և ցեղերի մեջ տարբերությունները պետք է դադարեցվեն։ Ի՞նչ վնաս կարող է դրանում լինել:…. Բայց այդպես էլ կլինի, այս անպտուղ կռիվները, այս կործանարար կռիվները կանցնեն, և կգա <<Մեծագույն խաղաղությունը>>… Թող մարդը չպարծենա, որ սիրում է իր երկիրը, թող նա ավելի շուտ պարծենա, որ սիրում է իր երկիրը, որովհետև սիրում է իր տեսակներին>>:

1892 թվականի մայիսի 29-ի վաղ առավոտյան Բահաուլլան հեռացավ այս աշխարհից։ Բահաուլլային թաղեցին Բահջիի առանձնատանը։ Այն բահայինների համար երկրի ամենասուրբ տեղն է։ Ուխտագնացները գալիս են ամբողջ աշխարհից՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Բահաուլլային և իրենց կյանքը նվիրելու այն վեհ նպատակներին, որոնք նա դրել է մարդկության առջև։

Ինը օր անց Նրա կտակը բացվեց։ Այնտեղ նշված էր, որ Աբդուլ-Բահան նշանակվում է իր իրավահաջորդ և Բահայի հավատքի ղեկավար։ Պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային դավանանքի հիմնադիրը հասկացրեց, թե իր հետևորդները ում ղեկավարությանը պետք է դիմեն իր մահից հետո։ Բահաուլլայի այս կարգադրությունը պահպանեց Բահայի համաշխարհային համայնքի միասնությունը։ Հետագայում հիմնադրվեց Բահաուլլայի կոցմից նախանշված միջազգային ղեկավար մարմինը՝ Արդարության Համաշխարհային Տունը, որը ապահովում է Բահայի համայնքի միասնությունը[9][10]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. «Bahá'u'lláh | What Bahá'ís Believe». www.bahai.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Baha'i Faith | Definition, History, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Library». Library (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  7. «The Baháʼí Faith - Home». www.bahai.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  8. «News». BahaiTeachings.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Bahá'u'lláh» (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 28. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Լույս աշխարհին, (Light to the World), Վերցված է 2019-07-30-ին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Story of Baha'u'llah: Promised One of All Religions: by Druzelle Cederquist
  • Gleanings from the Writings of Bahá’u’lláh: by Bahaullah
  • Call to Remembrance: by Baha'u'llah
  • “The Life of Baha’u’llah”: by Melissa Charepoo