Աֆրիկայի ազգերի գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աֆրիկայի ազգերի գավաթ 1957 (այլ կիրառումներ)
Աֆրիկայի գավաթ
African Cup of Nations
Հիմնադրվել է
1957
Մայրցամաք
Աֆրիկա 
Թիմերի քանակը
16 (եզրափակչում), մինչև 55 (ընդամենը)
Ընթացիկ չեմպիոն
Կամերուն Կամերուն (2017) (5-րդ տիտղոսը)
Առավելագույն թվով տիտղոսներ
Եգիպտոս Եգիպտոս (7 տիտղոս)
Պաշտոնական կայք
ԿԱՖ

Աֆրիկայի ազգերի գավաթ (Աֆրիկայի Գավաթ) (ֆր.՝ Coupe d'Afrique des nations, CAN, անգլ.՝ Africa Cup of Nations), կարևոր մրցակցություն ազգային հավաքականների միջև՝ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿԱՖ) հովանու ներքո։ Առաջին մրցաշարն անցկացվել է 1957 թվականին, այսինքն գավաթն անցկացվել է այնքան ժամանակ, որքան գոյություն ունի ԿԱՖ-ը։ Սկզբում մասնակիցների թիվը մեծ չի եղել, սակայն աստիճանաբար մրցաշարը կլանել է ողջ Աֆրիկյան մայրցամաքը։ 1968 թվականից մրցաշարն անցկացվում է պարբերաբար՝ երկու տարին մեկ անգամ։ Հաղթողը իրավունք է ստանում մասնակցելու Կոնֆեդերացիաների Գավաթին։ 2013 թվականից սկսած մրցաշարը սկսեց անցկացվել կենտ տարիներին՝ դադարելով անցկացվել այն տարիներին, երբ անցկացվում են աշխարհի առաջնությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցաշարերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցաշարն անցկացվել է 1957 թվականին Խարթումում՝ ընդամենը երեք հավաքականների մասնակցությամբ՝ Եգիպտոս, Սուդան եւ Եթովպիա։ Մրցաշարը հաղթեցին եգիպտացիները։ Եզրափակչում նրանք 4:0 հաշվով պարտության մատնեցին Եթովպիային, ընդ որում՝ բոլոր չորս գնդակներն էլ հեղինակեց Էլ Դիբան։ Մրցաշարին պետք է մասնակցեր նաև Հարավային Աֆրիկայի թիմը։ Այն պետք է կիսաեզրափակչում խաղար Եթովպիայի հետ, բայց հարավաֆրիկացիները ցանկանում էին ուղարկել թիմ, որի մեջ լինեին միայն սպիտակ խաղացողներ, կա՛մ միայն սև։ ԿԱՖ-ը պահանջում էր ուղարկել խառը թիմ։ Ի վերջո, Հարավային Աֆրիկան որակազրկվեց և հեռացվեց ԿԱՖ-ից։

Նույն երեք թիմերը համաձայնվեցին մասնակցել երկրորդ առաջնությանը, որն անցկացվեց Եգիպտոսում 1959 թվականին:Թիմերը խաղում էին շրջանային մրցակարգով, չեմպիոններ կրկին դարձան եգիպտացիները։ Նրանք հաղթեցին Եթովպիային 4:0 հաշվով (Գորին հեթ-տրիկ ձևակերպեց) և Սուդանին՝ 2:1 հաշվով։

1962 թվականի մրցաշարին Եթովպիայում առաջին անգամ մասնակցեցին Թունիսի և Ուգանդայի հավաքականները։ Այս անգամ չեմպիոն դարձավ Եթովպիայի հավաքականը՝ եզրափակչում լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթելով եգիպտացիներին և խանգարելով նրանց հաղթել իրենց երրորդ տիտղոսը։

1963 թվականին Գանայում կայացած առաջնությանն առաջին անգամ մասնակցեցին Գանայի և Նիգերիայի հավաքականները։ Վեց թիմերը բաժանվեցին երկու խմբի, իսկ եզրափակիչ դուրս եկան Գանայի և Սուդանի հավաքականները։ Տերերը հաղթեցին 3:0 հաշվով։ Մոտ 10 դարի Գանան գերակայեց Աֆրիկայում՝ 2 անգամ դառնալով չեմպիոն և 2 անգամ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

1965 թվականին Թունիսում Գանայի թիմը կրկին դարձավ չեմպիոն։ Եզրափակչի լրացուցիչ ժամանակում նրանք հաղթեցին տանտերերին՝ 3:2 հաշվով։ Նույն թվականին, որպեսզի արագացվի աֆրիկյան ֆուտբոլի զարգացումը, մտցվեց նոր կանոն. յուրաքանչյուր երկիր կարող է թույլատրել երկու խաղացողների հանդես գալ այլ ոչաֆրիկյան երկրներում։

1968 թվականի մրցաշարին մասնակիցների թիվը հասավ 22-ի։ Առաջնության եզրափակիչ փուլ դուրս եկավ 8 թիմ, իսկ եզրափակչում Ադիս Սբեբայում հանդիպեցին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (հետագայում երկիրը կոչվել է Զաիր) և Գանայի հավաքականները։ Կոնգոյի թիմը սենսացիոն հաղթանակ տարավ 1:0 հաշվով, իսկ միակ գնդակը հեղինակեց Կալալան։

Գանան եզրափակչում կրկին խաղաց 1970 թվականին Խարթումում, բայց զիջեց Սուդանին 0:1 հաշվով։

1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թ. Յաունդեում հաղթեց Կոնգոյի հավաքականը։ Եզրափակչում Կոնգոն 3:2 հաշվով հաղթեց Մալիի հավաքականին։ 1974 թվականին եզրափակչում հանդիպեցին Զաիրի և Զամբիայի հավաքականները։ Առաջին խաղն ավարտվեց ոչ-ոքի ՝ 2:2, իսկ պատասխան խաղում Զաիրը հաղթանակ տարավ 2:0 հաշվով։ Ի դեպ, սա առաջին պատասխան խաղն էր Աֆրիկայի ազգերի գավաթի պատմության մեջ։ Զաիրի հարձակվող Նդիայը խփեց չորս գնդակ այդ խաղերում։ Իսկ մի քանի ամիս անց Զաիրի հավաքականը մասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։

Գվինեան արձանագրել է մի շարք հաղթանակներ ակումբային մակարդակով 1970-ական թվականներին, սակայն Աֆրիկայի գավաթի խաղերում այն չի արտացոլվել։ Գվինեայի հավաքականը հաղթանակին մոտ էր 1976 թվականի մրցաշարում, որը անցկացվել էր Եթովպիայում։ Նույն թվականին կիսաեզրափակչի և եզրափակիչի չորս լավագույն թիմերը խաղում էին շրջանային համակարգով։ Որպեսզի գրավեին առաջին տեղը, Գվինեային անհրաժեշտ էր հաղթել վերջին խաղում, որտեղ մրցակիցը Մարոկկոն էր։ Շերիֆը գվինեացիներին առաջ մղեց 33-րդ րոպեին, սակայն խաղից չորս րոպե առաջ Բաբան հավասարեցրեց հաշիվը։ Խաղն այդպես էլ ավարտվեց, և Մարոկկոն դարձավ չեմպիոն։

Այնուամենայնիվ, Մարոկկոյի հավաքականը մյուս Հյուսիսային Աֆրիկայի թիմերի նման, ոչ այնքան հաջող է հանդես գալիս Աֆրիկայի ազգերի գավաթում։ Չնայած մասնակցել է աշխարհի առաջնության չորս եզրափակիչ մրցաշարերում, 1976 թվականի տիտղոսը Մարոկկոյի համար մնում է միակ հաղթանակը առաջնությունում։

Նիգերիան առաջին անգամ նվաճեց գավաթը 1980 թվականին։ Կիսաեզրափակիչ, բացի նրանից, դուրս էին եկել նաև Ալժիրի, Եգիպտոսի և Մարոկկոյի հավաքականները։ Եվ Հյուսիսային Աֆրիկայի թիմերը կրկին չհասան հաջողության։ Եզրափակչում նիգերիացիները 80 000 երկրպագուների աջակցությամբ հաղթեցին Ալժիրի հավաքականին 3:0 հաշվով՝ շնորհիվ Օդեգբամի դուբլին և Լավալի գոլին։

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանան վերադարձրեց Աֆրիկայի Գավաթի լավագույն թիմի տիտղոսը 1982 թվականին Լիբիայում։ Երկու ֆուտբոլիստների կանոնը չեղյալ է հայտարարվել, քանի որ արդեն չափից շատ աֆրիկացիներ էին ընդգրկվել Եվրոպայում։ Բացման հանդիպմանը Լիբիան հաղթեց Գանային 2:0 հաշվին, ապա այդ նույն թիմերը հանդիպեցին եզրափակչում։ Այդ խաղը մեծ փորձություն էր Գանայի հավաքականի խաղացողների համար։ Սկզբում նրանք պահում էին ոչ ոքի՝ 1:1 հաշիվը, ապա հաղթեցին 7:6 հաշվով՝ հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ։

1984 թ. Կոտ դ'Իվուարում իր առաջին տիտղոսը նվաճեց Կամերունը։ Կիսաեզրափակչում նրանք հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Ալժիրին, իսկ եզրափակիչում՝ Նիգերիային՝ 3:1 հաշվով։ 

1986 թվականի մրցաշարը Եգիպտոսում աչքի է ընկել բազմաթիվ միջադեպերով՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Այսպես, մրցաշարից մեկ շաբաթ առաջ Եգիպտոսում ապստամբեցին զորակոչիկները։ Մտցվեց պարետային ժամ, և սա դառավ իրական սպառնալիք մրցաշարը չեղյալ համարելու համար։ Բարեբախտաբար, պարետային ժամը չեղյալ հայտարարվեց, ու մրցաշարը կայացավ։ Ճիշտ է, հնարավոր զանգվածային անկարգությունների կարգավորման համար մարզադաշտը շրջապատծ էր տանկերով և զրահամեքենաներով։

Ինչ վերաբերում է բուն ֆուտբոլին՝ շատ ֆուտբոլիստներ և մարզիչներ քննադատեցին մրցավարական անձնակազմին։ Օրինակ՝ Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Ժոզե Ֆարիան խաղերից մեկի մասին ասել է, որ այնտեղ եղել է ավելի շատ կոպտություն, քան ռեգբիստների խաղում՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև, որը տեղի էր ունեցել, միևնույն ժամանակ։ Գավաթին գործող չեմպիոն Կամերունի հավաքականը կրկին հասավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց տանտերերին՝ եգիպտացիներին։ Ողջ մրցաշարում թմերը խաղում էին պաշտպանողական մարտավարությամբ, և այս խաղը նույնպես բացառություն չէր։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներում գնդակ չխփվեց, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով եգիպտացիները հաղթեցին 5:4 հաշվով։

Կամերունցիները վերադարձրին իրենց չեմպիոնական կոչումը միայն 1988թ. Մարոկկոյում։ Կիսաեզրափակիչում նրանք 1:0 հաշվով հաղթեցին տանտերերին, իսկ նիգերիացիները միայն 11-մետրանոց հարվածաշարով կարողացան հաղթանակի հասնել Ալժիրի հավաքականի նկատմամբ։ 50 000 երկրպագուներ Կասաբլանկայում ականատես դարձան Կամերունի 1:0 հաշվով հաղթանակին։ Միակ գոլը հեղինակեց Էմանուել Կունդեն 55-րդ րոպեին։

1990-ին Ալժիրում նիգերիացիները կրկին խաղացին եզրափակչում։ Սակայն նրանց մրցակիցն էր տանտերերի թիմը, որին աջակցում էին 80 000 հանդիսատես։ Ուջանիի գոլը 38-րդ րոպեին հաղթանակ պարգևեց ալժիրցիներին։ Իսկ նիգերիացիներին մնում էր միայն գանգատվել վատ բախտից, քանի որ վերջիններս 4 անգամ դուրս էին եկել եզրափակիչ, բայց հաղթել էին միայն 1 անգամ։

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին հաղթողների ցուցակում հայտնվեց նոր անուն՝ Կոտ դ'Իվուար։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվում էր Սենեգալում, իսկ մասնակիցների թիվը ավելացվել էր 12-ով։ Դրա պատճառ էր հանդիսանում տարեցտարի մրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցող հավաքականների աճը։ Նույնիսկ այնպիսի փոքր երկրներ, ինչպիսիք էին Բուրկինա Ֆասոն, Սվազիլենդը և Սեյշելները, ցանկանում էին իրինց ուժերը փորձել Աֆրիկայի ազգերի գավաթում։ Կիսաեզրափակչում կոտ դ՝Իվուարցիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին Կամերունի թիմին։ Իսկ եզրափակչում նրանց դեմ խաղում էր իրենց արևելյան հարևանը՝ Գանայի հավաքականը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով Կոտ դ՝Իվուարի հավաքականը հաղթեց 11:10 հաշվով։

1993 թվականի ապրիլին Զամբիան վերապրեց ողբերգություն։ Ինքնաթիռը, որով ազգային հավաքականը թռչում էր Մավրիկիոսից Սենեգալ՝ անցկացնելու հանդիպում աշխարհի առաջնությունում, ընկավ Գաբոնի մոտակայքում։ Բոլոր 30 ուղևորները, այդ թվում՝ 11 ֆուտբոլիստներ, զոհվեցին։ Բայց ինքնաթիռում չէին մի քանի խաղացողներ, ովքեր հանդես էին գալիս Եվրոպայում։ Նրանք դարձան նոր թիմի կորիզը, որը կարողացավ դուրս գալ եզրափակիչ 1994 թվականի Թունիսի մրցաշարում։ Երկրպագուների մեծ մասը երկրպագում էր Զամբիային, սակայն եզրափակչում նրանք պարտվեցին Նիգերիայի հավաքականին։ Նիգերիացիները դուրս էին եկել առաջնության եզրափակիչ չորրորդ անգամ վերջին 10 տարիների ընթացքում և վերջապես հասել հաջողության։

1996 թվականին թիմերի քանակը ավելացվեց մինչև 16։ Առաջնությունը հաղթեց Հարավային Աֆրիկայի թիմը, որի վրայից հանվել էր մասնակցության արգելքը՝ դրված 1957 թվականին։

1998 թվականին հարավաֆրիկացիները նորից դուրս եկան եզրափակիչ։ Բեննի Մակկարտին ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող և կիսեց առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը։ Սակայն եզրափակչում նա աչքի չընկավ, իսկ ՀԱՀ-ը պարտվեց Եգիպտոսին 0:2 հաշվով։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մալիում Կամերունը, հաղթելով Սենեգալին, դարձավ չեմպիոն:Հաջորդ երկու առաջնություններում՝ 2004 և 2006 թվականներին, հաղթեցին առաջնության հյուրընկալող թիմերը՝ համապատասխանաբար Թունիսը և Եգիպտոսը։ 2008 թվականին Եգիպտոսը կրկնեց իր հաջողությունը՝ նորից չեմպիոն դառնալով։

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Անգոլայում Եգիպտոսը նվաճեց իր 7-րդ եւ 3-րդ անընդմեջ տիտղոսը։ 2012 թվականի մրցաշարում հաղթեց Զամբիան, իսկ 2013 թվականին հաղթանակ տարավ Նիգերիան։ 2015 թվականին հաղթանակի հասավ Կոտ դ՛Իվուարը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]