Jump to content

Ավետիք Եվդոկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Եվդոկացի
Ծնվել էապրիլի 7, 1657(1657-04-07) կամ ապրիլի 1, 1657(1657-04-01)[1]
ԾննդավայրԹոքաթ
Մահացել էհուլիսի 21, 1711(1711-07-21) (54 տարեկան) կամ հուլիսի 10, 1711(1711-07-10)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունպատրիարք, գրիչ, բանաստեղծ և քահանա
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և Երուսաղեմի հայոց պատրիարք

Ավետիք Եվդոկացի (Ավետիք Թոխաթցի, Ավետիք Պատրիարք, ապրիլի 7, 1657(1657-04-07) կամ ապրիլի 1, 1657(1657-04-01)[1], Թոքաթ - հուլիսի 21, 1711(1711-07-21) կամ հուլիսի 10, 1711(1711-07-10)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]), հայ գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ։ Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք (1702–1706): Հակակաթոլիկական գործունեության համար աքսորվել է Ասորիք (1703), ազատվել և վերականգվել պաշտոնում (1704-1706

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Եվդոկացին ծնվել է ապրիլի 1-ին։ Եղել է Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարք (1702 թվականից)։ Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վարդապետ Պելենկցուն։ 1675 թվականին Փայասում ձեռնադրվել է սարկավագ, Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ։ Ավետիք Եվդոկացու ջանքերով նորոգվել են Կապոսի Սուրբ Հակոբ վանքը, Տիրանաշենի Սուրբ Նշան, Երզնկայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները։ Այդ առիթով անբաստանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է։ Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, որտեղ 1691 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702 թվականի փետրվարի 24-ին սուլթանական արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք։ Սակայն հակակաթոլիկական գործունեության համար 1703 թվականին աքսորվել է Ասորիք, 1704 թվականին ազատվել է և վերականգնվել Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնում։ Նույն թվականի նոյեմբերին, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռները։

Ավետիք Եվդոկացին պատրիարքության շրջանում Կոստանդնուպոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև։ Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ Ավետիք Եվդոկացուն անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»։ Ավետիք Եվդոկացին խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին։ 1706 թվականին պատրիարքը կրկին զրկվել է աթոռից աքսորվել Թենետոս կղզի։ Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Ս. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները։ 1710 թվականին Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն Ավետիք Եվդոկացուն ազատել են բանտից՝ սահմանելով հսկողություն[2]։

Վախճանվել է հուլիսի 10-ին, Փարիզում։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր։ Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Ինքնակենսագրություն» (1709 թ.), հրատարակվել է «Մասիս»-ում, 1874 թվականին), որի լեզուն յուրօրինակ խառնուրդ է գրաբարի և խոսակցական աշխարհաբարի։ Ավետիք Եվդոկացին գրել է նաև տաղեր[3]՝ «Տաղ ի վերայ գարնան...», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան, ձեռագիր՝ № 6517, 10167), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան, ձեռագիր՝ № 142), «Տաղ սուրբ Աստուածածնայ...» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 156) ևն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711 թվականին՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի Ազգային մատենադարան, ձեռագիր՝ № 28, 89, 155, 156, 197, 139): Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709, «Մասիս», 1874, № 1490–1496, 1498–1500): Քնարական ջերմ շնչով է գրված նրա «Ահա եղև օրհևեալ գարուն» սկզբնատողով տաղը («Բազմավեպ», 1873, էջ 333)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ավետիք Եվդոկացի | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  3. «ԱՒԵՏԻՔ ՎԱՐԴԱՊԵՏ (ԵՎԴՈԿԱՑԻ)». aua.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:
  • Ալպոյաճյան Ա., Պատմութիւն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952։
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։
  • Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 615
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: