Անտոնիո Կուբիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Կուբիլո
իսպ.՝ Antonio de León Cubillo Ferreira
Ծնվել էհունիսի 3, 1930(1930-06-03) կամ հուլիսի 3, 1930(1930-07-03)[1]
ԾննդավայրՍան Կրիստոբալ դե լա Լագունա, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 10, 2012(2012-12-10)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՍանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունփաստաբան և ազատության մարտիկ

Անտոնիո դե Լեոն Կուբիլո Ֆերեիրա (իսպ.՝ Antonio de León Cubillo Ferreira, հակիրճ՝ Անտոնիո Կուբիլո, հունիսի 3, 1930 թվական, Սան Կրիստոբալ դե լա Լագունա - դեկտեմբերի 10, 2012 թվական, Սանտա Կրուս դե Տեներիֆե[3]), իսպանացի քաղաքական գործիչ, Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման հիմնադիր և առաջնորդ, ահաբեկիչ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո դե Լեոն Կուբիլո Ֆերեիրան ծնվել է Իսպանիային պատկանող Կանարյան կղզեխմբի Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգի Սան Կրիստոբալ դե լա Լագունա բնակավայրում 1930 թվականի հունիսի 3-ին ուսուցչի ընտանիքում։ Մանուկ հասակում տեղափոխվել է Իկոդ դե լոս Վինոս։ Ավարտել է Լա Լագունայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1956 թվականին դարձել է քրեական գործերով փաստաբան[5]։

1959 թվականին հանդիսացել է «Կանարյան ազատության» համահիմնադիր։ Հետագայում կազմակերպության անդամների մեծ մասը ձերբակալվեցին, սակայն Անտոնիո Կուբիլոյին հաջողվեց խուսափել ձերբակալվելուց։ Դրանից հետո նա հանդիպում է Իսպանիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սանտյագո Կարիլիոյի հետ, որպեսզի քննարկի Իսպանիայի կոմունիստական կուսակցությունից անկախ Կանարյան կղզիների կոմունիստական կուսակցություն ստեցղծման հարցը։ Կարիլիոն դեմ արտահայտվեց այդ գաղափարին, ինչից հետո Կուբիլոն հեռացավ կոմունիստներից։

1964 թվականին Անտոնիո Կուբիլոն հիմնում է Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժումը[6]։ Այդ ժամանակ նա արտագաղթել էր Ալժիր՝ թաքնվելով Ֆրանկոյի ղեկավարած վարչակարգից։ Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման հենակայանը գտնվում էր Ալժիրում։ Այնտեղ նա հիմնում է շարժման ռադիոկայանը և Կանարյան կղզիների բնակչության համար ռադիոհաղորդումներ հեռարձակում։ 1968 թվականին այն ճանաչվել է Աֆրիկայի միասնության կազմակերպության կողմից, երբ աֆրիկյան կազմակերպությունը քվեարկեց Կանարյան կղզիների ինքնորոշման իրավունքի օգտին՝ հաշվի առնելով այն, որ կղզեխումբը Աֆրիկայի մաս է, այլ ոչ Իսպանիայի։ Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման զինված պայքարն իրականացնում էր շարժման ռազմական թևը հանդիսացող Գուանչիների զինված ուժերը, որը 1976 թվականին ռմբահարեց Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում գտնվող առևտրի կենտրոնը։

1978 թվականին Ալժիրում Անտոնիո Կուբիլոյի նկատմամբ իրականացվեց մահափորձ, որը կազմակերպել էին իսպանական հատուկ ծառայությունները։ Այդ մահափորձի հետևանքով նա դարձավ հաշմանդամ[7]։ Մահափորձից հետո նա ստիպված էր տեղաշարժվել ձեռնափայտերով։

Զինված պայքարի շրջանակներում Անտոնիո Կուբիլոյի ղեկավարած Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժումն իրականացրել է մի շարք ահաբեկչական հարձակումներ։ 1977 թվականի հունվարի 3-ին շարժման ռազմական թևը հանդիսացող «Գուանչիների զինված ուժերը» Լաս Պալմասում պայթեցրեցին South African Airways ընկերության գրասենյակը։ 1977 թվականի մարտի 27-ին ռազմական խմբավորումը Լաս Պալմասի Գրանն Կանարյա օդանավակայանում պայթեցրեց ծաղկի խանութ։ Պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Հարձակումից հետո հնչեցվեց օդանավակայանում մեկ այլ ռումբ պայթեցնելու մասին սպառնալիք, ինչը ոստիկանությանը ստիպեց ժամանակավորապես փակել օդանավակայանը։ Օդանավակայանի փակումից որոշ ժամանակ անց տեղի ունեցավ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետը։ Օդանավակայանի թռիչքուղու վրա իրար բախվեցին KL4805 Ամստերդամ - Լաս Պալմաս չվերթն իրականացնող հոլանդական KLM ավիաընկերությանը պատկանող Բոինգ 747-206B և PA1736 Լոս Անջելես - Նյու Յորք - Լաս Պալմաս չվերթն իրականացնող ամերիկյան Pan American ավիաընկերության Բոինգ 747-121 օդանավերը։ Ավիաաղետի հետևանքով զոհվեց 583 մարդ, այդ թվում՝ KLM-ին պատկանող օդանավում գտնվող բոլոր 248 անձինք (234 ուղևոր և անձնակազմի 14 անդամ) և Pan American ընկերության օդանավում գտնվող 335 մարդ (326 ուղևոր և անձնակազմի 9 անդամ)։ Կենդանի մնաց 61 մարդ (Pan American ավիաընկերության օդանավի 54 ուղևոր և անձնակազմի 7 անդամ)[8][9][10][11][12]։

Ավիաաղետից հետո՝ 1979 թվականին Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժումը տարածեց զինված պայքարից հրաժարվելու մասին հայտարարություն[7]։

Անտոնիո Կուբիլոյի ղեկավարած շարժումն իր գործունեությունը դադարեցրեց այն բանից հետո, երբ 1982 թվականին իսպանական կառավարությունը Կանարյան կղզիներին տրամադրեց ինքնավարության կարգավիճակ[13]։ Անտոնիո Կուբիլոյին շնորհվեց թագավորական համաներում, և նա վերադարձավ Իսպանիա[7]։ Կանարյան կղզեխմբի ինքնավարության և անկախության շարժման քաղաքական թևը հայտնի էր Կանարյան աշխատավորական կուսակցություն անունով։ Մինչև իր լուծարումը, կուսակցությունը տեղական մունիցիպալիտետներում կայուն ներկայություն ուներ[14]։

1986 թվականին Անտոնիո Կուբիլոն հիմնում է Ազգային կանարյան կոնգրես կուսակցությունը[15]։ Նորաստեղծ կուսակցությունը հաջողություն չունեցավ։ Այն ներկայություն ուներ միայն Լանսարոտե կղզու իշխանության մարմիններում։

2003 թվականին Իսպանիայի գերագույն դատարանը պարտադրեց Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը Անտոնիո Կուբիլոյի նկատմամբ մահափորձ կատարելու համար նրան վճարել 150 հազար եվրո[16]։ 2011 թվականին լույս է տեսնում «Կուբիլո։ պատմություն պետական հանցագործության մասին» փաստավավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է ազգային հեռուստատեսությամբ։

2007 թվականին «El Dia» թերթում հրապարակվում է Կանարիայի Դաշնային Հանրապետության սահմանադրության նախագիծը, որով իսպաներեն լեզվին հավասար պաշտոնական կճանաչվեր նաև բերբերերենը, տամազիգերենը, արաբերենը և ֆրանսերենը, որոնք պետք է դասավանդվեին համալսարաններում։ Սահմանադրության նախագծով պետք է սահմանվեր արական և իգական սեռի ներկայացուցիչների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն 17 տարեկանից, ստեղծվեր կանոնավոր բանակ, որը պետք է կոչվեր «Գուանչիների զինված ուժեր»։ Առաջարկվում էր պետական արժույթն անվանել «աֆրիկո»։

2012 թվականին՝ իր մահվանից կարճ ժամանակ առաջ, Անտոնիո Կուբիլոն ցանկություն էր հայտնել մասնակցել վուելտային, ինչպես որ արել էր 1988 թվականին[17]։

Անտոնիո Կուբիլոյի հիմնական հայտարարություններից մեկն այն էր, որ Կանարյան կղզիներն առավել լայն ինքնավարության պայմաններում կարող էին պահպանել ու արտադրել ավելի շատ ռեսուրսներ։ Նա պնդում էր, որ նկատի ունի զբոսաշրջության ոլորտը, ձկնորսությունը, նավաշինությունը, նավթի հանույթը։ Իր հիմնած շարժումը բնակչության շրջանում աջակցություն չստացավ, ըստ որոշ տեսաբանների, իր բռնի մեթոդների պատճառով[18]։

Անտոնիո Կուբիլոն մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 10-ին Սանտա Կրուս դե Տեներիֆեում գտնվող իր տանը 82 տարեկան հասակում առողջական խնդիրների պատճառով[5]։

Անտոնիո Կուբիլոն ամուսանցած էր, ուներ երեք երեխա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. «Muere Antonio Cubillo, líder independentista de Canarias». Público. 10 de diciembre de 2012.
  4. El Cabildo de Lanzarote iza la bandera separatista canaria de Antonio Cubillo.
  5. 5,0 5,1 5,2 «Fallece Antonio Cubillo, líder del Movimiento por la Independencia canaria». El Mundo (Spain) (Spanish). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. O'Brien, Sally; Sarah Andrews, Chris Andrews, Miles Roddis (2004). Canary Islands. Lonely Planet. էջ 25. ISBN 978-1-74059-374-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 Javier Nart i Antonio Cubillo (MPAIAC) Արխիվացված 2006-05-15 Wayback Machine
  8. Jan Reijnoudt, Niek Sterk. Tragedie op Tenerife: de grootste luchtramp, optelsom van kleine missers. — Kok, 2002. — 216 с. — ISBN 9043505633.(անգլ.)
  9. KL4805 չվերթի աղետի նկարագրությունը Aviation Safety Network կայքում: Արխիվացված 2015-03-21 Wayback Machine(անգլ.)
  10. PA1736 չվերթի աղետի նկարագրությունը Aviation Safety Network կայքում: Արխիվացված 2021-03-18 Wayback Machine(անգլ.)
  11. The Tenerife crash - March 27th, 1977.(անգլ.)
  12. Катастрофа столетия.(ռուս.)
  13. MIPT Terrorism Knowledge Base MIPT Terrorism Knowledge Base
  14. Historia electoral, Coalición Canaria
  15. El Guanche Արխիվացված 2006-05-15 Wayback Machine
  16. ABC, 22 de octubre de 2003
  17. Un líder nacionalista canario afirma que saboteará el paso de la Vuelta, diario Levante-EMV, 31/01/2012.
  18. «Canarias Semanal». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]