Ամալյա Ֆլեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալյա Ֆլեմինգ
Amalia_Fleming.jpgpx
Ծնվել էհունիսի 28, 1912(1912-06-28)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 26, 1986(1986-02-26)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Ազգությունհույն
ԿրթությունԱթենքի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ
ՊաշտոնՀունաստանի խորհրդարանի անդամ, Հունաստանի խորհրդարանի անդամ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԱնդամակցությունՀամալսարանական կանանց ասոցիացիա, Amnesty International և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԿուսակցությունՀամահունական սոցիալիստական շարժում
ԱմուսինԱլեքսանդր Ֆլեմինգ

Ամալյա Ֆլեմինգ (անգլ.՝ Amalia Fleming), հայտնի է որպես Լեդի Ֆլեմինգ (Lady Fleming[3] ), ծննդյամբ՝ Կուցուրի Վուրեկաս (անգլ.՝ Koutsouri-Vourekas, հուն․՝ Κουτσούρη-Βουρέκα, հունիսի 28, 1912(1912-06-28)[1][2], Կոստանդնուպոլիս - փետրվարի 26, 1986(1986-02-26)[1][2], Աթենք, Հունաստան), հույն բժշկուհի, հասարակական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1912 թվականի հունիսի 28-ին Կոստանդնուպոլսում։ Ամալյայի հայրը՝ Խալարիոս Կուցուրիսը (Χαρίλαος Κουτσούρης), եղել է հայտնի բժիշկ- մաշկաբան և աշխատել է Կոստանդնապոլսում, բայց 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, թուրքական կառավարությունը բռնագրավել է նրա տունն ու կլինիկան, որից հետո նրա ընտանիքը ստիպված փախել է Հունաստան:

Ամալյան բժշկություն է սովորել Աթենքի համալսարանում, մասնագիտացել մանրէաբանության մեջ։ Ուսումը շարունակել է Փարիզում և Լոնդոնում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Աթենքի քաղաքային հիվանդանոցներից մեկում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ «Առանցքի ուժերի» կողմից Հունաստանի շրջափակման ժամանակ, նա ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային դիմադրութան շարժմանը, որի համար էլ իտալական իշխանությունների կողմից դատապարտվել և բանտարկվել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բրիտանական իշխանությունները գնահատել են «Դիմադրություն» շարժման մեջ նրա ծառայությունները և թոշակ նշանակել, ինչպես նաև աշխատանք տվել Լոնդոնի՝ 1947 թվականին Սբ.Մարիա հիվանդանոցում հիմնադրված Ռայտա-ֆլեմինգի ինստիտուտում (Wright–Fleming Institute of Microbiology), որը ղեկավարում էր մանրէաբան, 1945 թվականին բժշկության Նոբելյան մրցանակակիր Ալեքսանդր Ֆլեմինգը։

1949 թվականին վերադարձել է Աթենք և սկսել աշխատել «Էվանգելիսմոս» հիվանդանոցում։

1953 թվականի ապրիլի 9-ին ամուսնացել է Ալեքսանդր Ֆլեմինգի հետ, բայց 2 տարի անց այրիացել է։

1963 թվականին վերադարձել է Հունաստան։ Ռոլան Բարտի հետ օգնել է գրող Պերիկլիս Կորովեսիսին և դերասանուհի Քիթ Արսենին՝ լքելու երկիրը գնդապետների ռեժիմի ժամանակ և երկրում խոշտանգումների վերաբերյալ բողոք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովին։

1971 թվականի օգոստոսի 31-ին ձերբակալվել է։ Նրան մեղադրել են մահվան դատապարտված[4] Ալեքսանդր Պանագուլիսի փախուստը կազմակերպելու փորձի մեջ։ Հունաստանից վտարվելուց առաջ նա մի քանի ամիս հունական հատուկ քննչական կենտրոնի կողմից բռնության և խոշտանգման է ենթարկվել. ստիպել են իրեն մեղավոր ճանաչել այն բանում, որ ինքը (անկուսակցական) եղել է կոմունիստական գաղտնի կազմակերպության ղեկավարը, նախապատրաստել ահաբեկչական գործողություններ և կազմակերպել դավադրություններ։ Նրան ստիպել են նաև զրպարտել ուրիշ անմեղ մարդկանց նմանատիպ հանցագործությունների մեջ։ Նա վրդովված հարցրել է խոշտանգողներին. «Ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն իշխանությանը, որը մարդկանց մղում է խելագարության, ստում է, զրպարտում, սադրում»։ Ի հատուցումն այդ ամենի՝ նա զրկվել է քնելու հնարավորությունից, ներկա գտնվել ուրիշ դատապարտյալների խոշտանգումներին։ Ամալյա Ֆլեմինգն այս ամենին դիմակայել է, իսկ հետո վճռականորեն հրաժարվել է ստորագրել հայտարարությունը, որն իր խոսքով՝ պարունակել է ֆանտաստիկ ստերի կույտ Հունաստանի կոմունիստների մասին։ Ելնելով առողջական վիճակից՝ ազատ է արձակվել բանտից, բայց միևնույն ժամանակ զրկվել է Հունաստանի քաղաքացիությունից և արտաքսվել երկրից։

Մելինա Մերկուրիի և Հելեն Վլախոսի հետ աշխատել է Լոնդոնի «Կատիմերինի» թերթում՝ մամուլում հանդես գալով Հունաստանում գերիշխող սև գնդապետների ռեժիմի դեմ[5]։

1974 թվականին՝ խունտայի անկումից հետո, Ամալյա ֆլեմինգը վերադարձել է Հունաստան, որտեղ միացել է համահունական սոցիալիստական շարժմանը և երեք անգամ (1977 թվական, 1981 թվական և 1985 թվական) ընտրվել խորհրդարանում։ 1985 թվականին՝ վարչապետ Անդրեաս Պապանդրեուի հետ տարաձայնությունից հետո, հեռացել է քաղաքականությունից։

Նա եղել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների անդամ, այդ թվում՝ Amnesty International Democratic concern-ի և Human Rights Union-ի։ Նախաձեռնել և ֆինանսավորել է «Ալեքսանդր Ֆլեմինգ»-ի (1965 թվական) հիմնարար կենսաբանական հետազոտությունների հունական հիմնադրամի ստեղծումը, որն ավելի ուշ վերափոխվել է պետական կենսաբժշկական գիտական կենտրոնի, որն էլ գիտահետազոտական աշխատանքների է մասնակցել՝ ներառելով իմունոլոգիան, մոլեկուլային կենսաբանությունը, գենետիկան և մոլեկուլային ուռուցքաբանությունը։

Ամալյա Ֆլեմինգը վախճանվել է 1986 թվականի փետրվարի 26-ին Աթենքում[6]։ Այդ թվականին Աթենքի հիվանդանոցներից մեկը անվանակոչվել է իր պատվին, որն էլ ներկայումս հայտնի է որպես «Սիսմանոգլիո- Ամալյա Ֆլեմինգ» (Γενικό Νοσοκομείο Αττικής «Σισμανογλειο - Αμαλια Φλεμιγκ»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Lady Amalia Fleming(անգլ.)
  4. Спецслужбы и войска особого назначения / сост. Кочеткова Полина Владимировна, Линник Татьяна Ивановна. — 1997. — С. 14. — 608 с. — (Энциклопедия тайн и сенсаций). — ISBN 985-437-032-1
  5. Clogg, Richard (17 October 1995-10-17). «Obituary: Helen Vlachos» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  6. Lady Fleming, 73, Activist in Greek Resistance, Dies(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալյա Ֆլեմինգ» հոդվածին։