Ախորժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նախաճաշին» (Զինաիդա Սերեբրյակովա)

Ախորժակ, որոշակի սննդի նկատմամբ մարդու ցանկությունը։ Ախորժակը սուբյեկտիվորեն տարբերվում է քաղցի զգացողությունից։ Քաղցը սննդանյութերի նկատմամբ օրգանիզմի պահանջն է (սովորաբար՝ տհաճ)։

Ախորժակի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախորժակն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի որոշակի բաժինների դրդմամբ և ուղեկցվում է թքարտադրությամբ, մարսողական հյութերի արտադրությամբ, ստամոքսաղիքային համակարգի գալարակծկանքի ուժեղացմամբ, որոնք համապատասխան մարսողական օրգանները նախապատրաստում են սննդի ընդունմանը։ Համեղ պատրաստված սննդի հաճելի տեսքը և հոտը, սեղանի գեղեցիկ սպասքավորումը գրգռում են ախորժակը, իսկ սննդի տհաճ տեսքից և հոտից, ոչ հաճելի մթնոլորտից ընկնում է այն և բացասաբար ազդում մարսողության օրգանների գործունեության վրա։

Կանոնավոր ռեժիմով սնվող անձանց օրգանիզմում արտադրվում են որոշակի ժամերի և որոշակի քանակությամբ մարսողական հյութեր։ Անկանոն, չոր կերակուրներով սնվելը, խոսակցությունը, ընթերցանությունը, աշխատանքը և այլն ազդում են ախորժակի վրա և կարող են դառնալ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ու նյութափոխանակության խանգարման պատճառ։ Ախորժակի բացակայությունը կարող է կապված լինել գերհոգնածության, աշխատանքում և տանը տիրող նյարդային իրավիճակի հետ։ Երեխաների (օրինակ՝ առաջին դասարանցիների, մանկապարտեզ և մանկամսուր հաճախողների) ախորժակը երբեմն ընկնում է ռեժիմի փոփոխության, ինչպես նաև օրաբաժնում նոր սննդամթերքի առկայության դեպքերում։ Ուտելիքի նկատմամբ հաճախ խիստ քմահաճ են դառնում հղի կանայք, հիվանդները։

Ախորժակի փոփոխությունները՝ լրիվ բացակայությունից (անորեքսիա) մինչև ուտելու նկատմամբ անզսպությունը (բուլիմիա), կարող են ուղեկցել տարբեր հիվանդությունների, ուստի ախորժակի մշտական խանգարումների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Ախորժակը կարգավորող հիմնական հորմոններն են՝ գրելինը, լեպտինը, նեյրոպեպտիդ Y-ն։

Ընթերցե՛ք «ախորժակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 201
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։