Ալյասկայի վաճառք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
7.2 միլիոն ԱՄՆ դոլարի կտրոնն օգտագործվել է Ալյասկայի գնումը վճարելու համար (123 միլիոն այսօրվա դրությամբ[1][2]
Հյուսիսարևմտյան Ամերիկայի տարածքների քարտեզ, որոնք 1867 թվականին Ռուսական կայսրությունը հանձնել է ԱՄՆ-ին

Ալյասկայի վաճառք, Ալյասկայի գնումը ԱՄՆ-ի կողմից Ռուսական կայսրությունից 1867 թվականի մարտի 30-ին, պայմանագիրը վավերացվեց ԱՄՆ Սենատի և ստորագրվեց նախագահ Էնդրյու Ջոնսոնի կողմից։

Ռուսաստանը ցանկանում էր վաճառել Ալյասկայի տարածքը՝ վախենալով, որ այն կբռնագրավվի Միացյալ Թագավորության հետ պատերազմի դեպքում։ Տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական գործունեությունն Ալյասկայում մորթու առևտուրն էր և միսիոներական աշխատանքն Ալյասկայի բնիկ ժողովրդի շրջանում։ Ալյասկան ԱՄՆ-ի տարածքին ավելացրեց 586,412 քառակուսի մղոն (1,518,800 կմ2) նոր տարածքներ։

ԱՄՆ-ի գնմանը հիմնական դրական վերաբերմունք դրսևորվեց, չնայած որոշ ընդդիմադիրներ այն անվանում են «Սյուարդի հիմարություն» (նկատի ունենալով Ուիլյամ Սյուարդին) չնայած այն բանին, որ շատերը քայլը դիտարկեցին Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի՝ Խաղաղօվկիանոսյան առևտրի ամերիկյան զավթողականության հիմնական հակառակորդների թուլացմանն ուղղված քայլ[3][4] :

Առաջին անգամ Ալյասկայի վաճառքի առաջարկով հանդես է եկել Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ Նիկոլայ Մուրավյով-Ամուրսկին 1853 թվականին։

Դրդապատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկան Հին աշխարհի համար բացահայտվել է 1732 թվականին Միխայիլ Գվոզդևի և Իվան Ֆյոդորովի արշավախմբի կողմից։ Այն եղել է Ռուսաստանի սեփականությունը Հյուսիսային Ամերիկայում։ Սկզբում այն յուրացվել է ոչ թե պետության, այլ մասնավոր անձանց կողմից, սակայն սկսած 1799 թվականից` հատուկ ձևավորված մոնոպոլիայի` Ռուս-ամերիկյան կազմակերպության (ՌԱԿ) կողմից։

Վաճառված տարածքի մակերեսը կազմում էր 586.412 քառակուսի մղոն (1 518 800 կմ²)։ Այն գործնականում բնակեցված չէր. հենց Ռուս-ամերիկյան կազմակերպության գնահատականով վաճառքի ժամանակ ամբողջ Ալյասկայի և Ալեուտյան կղզիների բնակչությունը բաղկացած էր 2.500 ռուսներից և մոտ 60.000 հնդկացիներից ու էսկիմոսներից։ 19-րդ դարի սկզբին Ալյասկայի եկամուտն ապահովվում էր մորթու վաճառքի հաշվին, սակայն դարակեսին կարծիք կազմվեց, որ այդքան մեկուսացված ու հեռավոր տարածքը պահելու ծախսերը աշխարհաքաղաքական տեսանկյունից գերազանցում են նրանից ստացվող եկամուտը։ Ալյասկայի` ԱՄՆ-ին վաճառելու հարցն առաջին անգամ ռուս կառավարության առաջ բարձրացրել է Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ Նիկոլայ Մուրավյով-Ամուրսկին 1853 թվականին՝ մատնանշելով, որ այդ գործարքը անխուսափելի է, և միևնույն ժամանակ դա թույլ կտա ամրացնել Ռուսաստանի դիրքերը Խաղաղ օվկիանոսի ասիական ափին Բրիտանական կայսրության օրեցօր աճող ազդեցության ֆոնին։

Հիմա, երբ զարգանում է երկաթուղին, պետք է հաշվի առնենք, որ Նահանգները կընդարձակվեն հյուսիսային ուղղությամբ, և մենք վաղ թե ուշ ստիպված կլինենք զիջել մեր հյուսիսային տարածքները։ Այս դիտարկումից ելնելով` չպետք է անտեսել մեկ այլ հանգամանք ևս. միանգամայն բնական է, որ Ռուսաստանը չի տիրում ամբողջ Արևելյան Ասիային, բայց գոնե պիտի վերահսկողություն սահմանի Արևելյան օվկիանոսի ասիական ափին, ուր իրենց ազդեցությունն են ուժեղացնում անգլիացի գաղութարարները։ Հանգամանքների բերումով մենք թողել ենք, որ անգլիացիները թափանցեն Ասիայի այդ կողմը, բայց դա դեռ կարելի է ուղղել, եթե մենք սերտ կապեր հաստատենք Հյուսիսամերիկյան Նահանգների հետ[5]:

Ալյասկայից արևելք ձգվում էին Բրիտանական կայսրության կանադական տարածքները, որ պաշտոնապես պատկանում էր Հուդզոնի ծոցի ընկերությանը։ Ռուսաստանի և Բրիտանիայի հարաբերությունները, որոնք բացահայտ թշնամական էին, պայմանավորված էին աշխարհաքաղաքական հակասություններով։ Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ բրիտանական օդուժը դեսանտ էր իջեցնում Կամչատկայի Պետրոպավլովսկում, Ամերիկայի հետ ուղղակի բախման վտանգը դառնում է ավելի քան իրական։ Այս պայմաններում 1854 թվականի գարնանը ամերիկյան կառավարությունից, որ ցանկանում էր կանխել Ալյասկայի օկուպացիան Բրիտանական կայրության կողմից, առաջարկ է ստացվում ժամանակավոր (3 տարի ժամկետով) վաճառել Ռուս-ամերիկյան կազմակերպության ամբողջ ունեցվածքը 7 միլիոն 600 հազար դոլարով։ ՌԱԿ-ը այդպիսի համաձայնագիր է կնքում Սան Ֆրանցիսկոյում, որը հսկվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից, սակայն համաձայնագիրը ուժի մեջ չի մտնում, քանի որ ՌԱԿ-ին հաջողվում է պայմանավորվածություն ձեռք բերել Հուդզոնի ծոցի ընկերության հետ։

Բանակցություններ վաճառքի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես վաճառքի մասին հաջորդ առաջարկները ստացվել են ռուսական կողմից, որը ներկայացրել է բարոն Էդուարդ Ստեկլը Վաշինգտոնից, սակայն նախաձեռնողը եղել է իշխան Կոնստանդին Նիկոլաևիչը` Ալեքսանդր II-ի փոքր եղբայրը, ով առաջին անգամ այդ առաջարկը հնչեցրել է 1857 թվականի գարնանը արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Գորչակովին ուղղված հատուկ նամակում։ Գորչակովը կողմ է եղել առաջարկին։ Նախարարությունը որոշել է ուսումնասիրել հարցը` դրա իրագործումը հետաձգելով 1862 թվականին, երբ կլրանար ՌԱԿ-ի արտոնության ժամկետը։ Այնուհետև միառժամանակ հարցը հետաձգվում է` կապված ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկսվելու հետ։

1866 թվականի դեկտեմբերի 16-ին կայանում է հատուկ խորհրդակցություն, որին ներկա են եղել Ալեքսանդր II-ը, մեծ իշխան Կոնստանդինը, ֆինանսների և ծովային նախարարները և Վաշինգտոնի ներկայացուցիչ բարոն Էդուարդ Ստեկլը։ Բոլոր մասնակիցները դրվատում են Ալյասկայի վաճառքի գաղափարը։ Ֆինանսների նախարարության առաջարկով գումարի շեմ է սահմանվում 5 միլիոն դոլարը ոսկով։ 1866 թվականի դեկտեմբերի 22-ին Ալեքսանդր II-ը ուրվագծում է տարածքի սահմանը։ 1867 թվականի մարտին Ստեկլը գալիս է Վաշինգտոն և պետքարտուղար Ուիլյամ Հենրի Սյուարդին հիշեցնում «մեր գաղութների վաճառքի համար նախկինում եղած առաջարկները»` ավելացնելով, որ «ներկայումս կայսրական կառավարությունը հակված է բանակցություններ սկսելու»։ Ստանալով նախագահ Էնդրյու Ջոնսոնի համաձայնությունը` Սյուարդը արդեն երկրորդ հանդիպման ժամանակ, որ կայացել է մարտի 14-ին, կարող էր քննարկել գալիք պայմանագրի գլխավոր կետերը։

1867 թվականի մարտի 18-ին նախագահ Ջոնսոնը ստորագրում է պաշտոնական երաշխավորագիր Սյուարդի լիազորության հարցով, որից անմիջապես հետո կայանում են բանակցությունները պետքարտուղար Ստեկլի հետ։ Դրա արդյունքում ընդհանուր կերպով ուրվագծվում է Ամերիկայում ռուսների տիրապետության տակ գտնվող տարածքների վաճառքի համաձայնության ծրագիրը 7.2 միլիոն դոլարով։

Ալյասկայի վաճառքի պայմանագրի կնքում և վավերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը կնքվել է 1867 թվականի մարտի 30-ին Վաշինգտոնում։ Այն կնքվել է անգլերեն և ֆրանսերեն (դիվանագիտական լեզուներ)։ 1867 թվականի մայիսի 3-ին (15) պայմանագիրը ստորագրել է կայսր Ալեքսանդր II-ը, իսկ մայիսի 6-ին (18) Ղեկավար սենատը հրամանագիր է ստորագրել պայմանագիրը կատարելու վերաբերյալ, որի ռուսերեն տեքստը` «Հյուսիսամերիկյան Նահանգներին ռուսական հյուսիսամերիկյան գաղութների զիջման մասին բարձրագույն վավերացման կոնվենցիա» վերնագրով, հրատարակվել է Ռուսական կայսրության օրենքների լիակատար ժողովածուում (№ 44518)[7]: Գործարքի արժեքը կազմել է 7.2 միլիոն դոլար ոսկով (2009 թվականի կուրսով` 108 միլիոն դոլար)[9]։ ԱՄՆ-ին են անցել Ալյասկա թերակղզին ամբողջությամբ, Ալյասկայի հարավի ափագծի հատվածը` 10 մղոն լայնությամբ Բրիտանական Կոլումբիայի արևմտյան ափի երկարությամբ, Ալեքսանդրի կղզեխումբը, Ալեուտյան կղզիները` Ատտու կղզով, Մերձակա կղզիները, Առնետի, Աղվեսի , Անդրեյանովյան, Շումագինի կղզիները, Տրինիտին, Ումնակը, Կադյակը, Կադյանսկի կղզեխումբը և առավել մանր այլ կղզիներ, Բերինգի ծովի կղզիները` Սուրբ Լավրենտիոսի, Սուրբ Մատվեյի կղզիները, Նունիվակը և Պրիբիլովի կղզիները` Սուրբ Գեորգիի և Սուրբ Պետրոսի։ Վաճառված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1.519.000 կմ², հետևաբար քառակուսի կիլոմետրի համար վճարվել է 4 դոլար 73 ցենտ։ Տարածքի հետ ԱՄՆ-ին վաճառվել են ողջ անշարժ գույքը, գաղութի արխիվները, պետական ու պատմական փաստաթղթերը, որոնք վերաբերել են այս տարածքին։

Ընդունված կանոնակարգով պայմանագիրը փոխանցվել է ԱՄՆ-ի Կոնգրեսին։ Քանի որ Կոնգրեսի նստաշրջաններն ավարտվել էին հենց այդ օրը, նախագահը Սենատի արտակարգ նստաշրջան է հրավիրում։

Պայմանագրի կնքումը 1867 թվականի մարտի 30-ին։ Ձախից աջ` Ռոբերտ Չու, Ուիլյամ Սյուարդ, Ուիլյամ Հանթեր, Վլադիմիր Բոդիսկո, Էդուարդ Ստեկլ, Չարլզ Սամներ, Ֆրեդերիկ Սյուարդ

Պայմանագրի ճակատագիրը հայտնվում է Սենատի` Արտաքին գործերի կոմիտեի անդամների ձեռքում։ Կոմիտեի կազմի մեջ էին մտնում Չարլզ Սամները Մասսաչուսեթսից, Սայմոն Կամերոնը Փենսիլվանիայից, Ուիլյամ Ֆեսենդենը Մենից, Ջեյմս Հարլանը Այովայից, Օլիվեր Մորտոնը Ինդիանայից, Ջեյմս Պատերսոնը Նյու Հեմփշիրից, Ռևերդի Ջոնսոնը Մերիլենդից։ Այսինքն` տարածքի միավորման հարցը, որով ավելի շատ շահագրգռված էին խաղաղօվկիանոսյան նահանգները, լուծելու էին հյուսիսարևելյան նահանգների ներկայացուցիչները։

ԱՄՆ-ի Սենատը, ի դեմս արտաքին գործերի կոմիտեի ներկայացուցչի, տարակուսանք է հայտնում նման ծանր բեռ հանդիսացող ձեռքբերման առթիվ այն ժամանակ, երբ երկրում նոր միայն ավարտվել էր քաղաքացիական պատերազմը։ Տարակույսներ են արտահայտվում նաև այն բանի կապակցությամբ, որ վճարումը պետք է կատարվեր ոչ թե դոլարով, այլ ոսկով, և որ փոխանցումը պետք է կատարվի ոչ թե Ռուսաստանի նախարարության, այլ մասնավոր անձի` Ստեկլի հաշվին, ինչը հակասում էր պայմանագրի պահանջներին։ Ամեն դեպքում, գործարքը հաստատվում է Սենատում` 37 կողմ և 2 դեմ քվեներով (դեմ քվեարկել էին Ֆեսենդենն ու Ջասթին Մորիլը Վերմոնտից)։ Մայիսի 3-ին պայմանագիրը վավերացվում է։ Հունիսի 8-ին Վաշինգտոնում կայանում է վավերացման փաստաթղթերի փոխանակումը։ Հետագայում ընդունված կարգի համաձայն պայմանագիրը տպագրվում է և մտնում Ռուսական կայսրության օրենքների լիակատար ժողովածուի մեջ (№ 44518)[7][10]:

Ալյասկան ԱՄՆ-ի իրավասությանը հանձնելու արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականի հոկտեմբերի 6-ին (18) ժամը 15:30-ին Ալյասկան պաշտոնապես հանձնվեց ԱՄՆ-ին։ Ռուսաստանի կողմից հանձնման ակտը ստորագրել է 2-րդ կարգի սպա Ալեքսեյ Պեշչուրովը։ Հանձնման արարողությունը կայացել է Նովոարխանգելսկում (այժմ` Սիտկա)` ամերիկյան «Օսիպի» ռազմանավի վրա։ Ալյասկայում այդ պահին գործող ժամանակի հաշվարկման ռուսական տարբերակով ակտը ստորագրվել է շաբաթ հոկտեմբերի 7-ին (19)։ Քանի որ Ռուսաստանում գործում էր հուլյան օրացույցը, և ռուսական Ամերիկայում ժամանակը հաշվարկվում էր Պետերբուրգից դեպի արևելք և ոչ դեպի արևմուտք, ամսաթիվը համընկնում էր մայրցամաքային Ռուսաստանի հետ` մեկ օրով տարբերվելով նույն պահին Ամերիկայի ժամանակից։

1917 թվականից հոկտեմբերի 18-ը նշվում է Ալյասկայի օր։

Այդ նույն օրը ընդունվում է ԱՄՆ-ում գործող գրիգորյան օրացույցը, և ժամանակը համապատասխանեցվում է ԱՄՆ-ի արևմտյան կողմի հետ։ Արդյունքում օրը տեղափոխվում է 11 օր առաջ, որից 12 օրը հուլյան ու գրիգորյան օրացույցների տարբերությունն էր, իսկ մեկ օրը` ամսաթվի փոխման գիծը արևելք տեղափոխելու, և շաբաթը դառնում է ուրբաթ[11][12]։

Ալյասկան ԱՄՆ-ին հանձնելուց անմիջապես հետո Սիտկա են ժամանում ամերիկյան զորքերը։

Գործարքի գների համեմատությունը ժամանակի համանման գործարքների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի շրջանային դատարանը, որն ավելի թանկ է արժեցել, քան ամբողջ Ալյասկան
  • Ռուսական կայսրությունը դժվար հասանելի և անմարդաբնակ տարածքը վաճառում է ակրը երկու ցենտով (մեկ հեկտարը 0.0474 դոլար), այսինքն երկու անգամ էժան, քան 50 տարի առաջ նապոլեոնյան Ֆրանսիան պատերազմական պայմաններում ԱՄՆ-ին վաճառել էր լիովին բնակեցված պատմական Լուիզիանայի տարածքը։ Միայն Նյու Օռլեան նավահանգստի համար Ամերիկան ի սկզբանե առաջարկում էր 10 միլիոն դոլար` 19-րդ դարասկզբի դոլարի առավել արժեքավոր պայմաններում։ Սակայն Լուիզիանայի տարածքները ստիպված են եղել կրկին վերագնելու նրանց իրական տերերից` այնտեղ բնակվող հնդկացիներից։
  • Այդ նույն ժամանակ, երբ վաճառվեց Ալյասկան, Նյու Յորքի կենտրոնում գտնվող միակ եռահարկ շինությունը` Նյու Յորքի շրջանային դատարանը, որ կառուցվել էր «Տվիդի խմբի» կողմից, Նյու Յորքի նահանգային գանձարանին ավելի թանկ է արժեցել, քան ԱՄՆ-ի կառավարությանն Ալյասկան։
  • ԱՄՆ-ում կարծիք է հայտնվել, որ վաճառքի ծախսերն այդպես էլ չեն արդարացրել գործարքը, քանի որ նոր տարածքների կառավարումն ու ընկերություններին տրամադրված արտոնությունները, որոնք մշակում են Ալյասկայի բնական ռեսուրսները, գերազանցում են բոլոր եկամուտները[13][14]։

Ալյասկայի վաճառքի զանազան տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական հրապարակախոսության մեջ տարածված է կարծիք, որի համաձայն Ալյասկան իրականում չի վաճառվել, այլ վարձակալությամբ է տրված եղել 99 տարով, սակայն ԽՍՀՄ-ը քաղաքական որոշակի նկատառումներով այն հետ չի պահանջել[15][16]։ Այս տեսակետն է ընկած Ջեֆրի Արչերի «A Matter of Honour» վեպում։ Սակայն պատմաբանների ճնշող մեծամասնության կարծիքով այս տեսակետը ոչ մի հիմք չունի, քանի որ 1867 թվականի պայմանագրի համաձայն Ալյասկան միանշանակ, վերջնականապես և անշրջադարձելիորեն անցել է ԱՄՆ-ի լիակատար տնօրինմանը[17]։

Որոշ պատմաբաններ պնդում են, որ Ռուսաստանը չի ստացել ոսկին. այն փոթորկի ժամանակ խորտակվել է ոսկին տեղափոխող «Օրկնի» (անգլ.՝ Orkney) բեռնանավի հետ[17][18]։ Սակայն Ռուսաստանի պետական պատմական արխիվում պահպանվում է ֆինանսների նախարարության ծառայողի փաստաթուղթը` 1868 թվականի երկրորդ կեսին թվագրվող, որը փաստում է, որ Հյուսիսամերիկյան Նահանգներին զիջված տարածքների համար Նահանգներից ստացվել է 11.362.481 ռուբլի 94 կոպեկ, որից 10.972.238 ռուբլի 4 կոպեկը արտասահմանում ծախսվել է երկաթուղու համար անհրաժեշտ պարագաների գնման վրա։ Մնացած 390.243 ռուբլի 90 կոպեկը մուտք է գործել կանխիկ ռուբլով[19][20]։ Ինչ վերաբերում է «Օրկնի» բեռնանավին, ապա այն ֆիքսված է 1870-1871 թվականների` Լլոյդի տեղեկատուներում, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ դրա հետ կապված վարկածը հիմնավորված չէ[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Consumer Price Index (Estimate) 1800- | Federal Reserve Bank of Minneapolis». www.minneapolisfed.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Wolfram Alpha
  3. Welch, Richard E., Jr. (1958). «American Public Opinion and the Purchase of Russian America». American Slavic and East European Review. 17 (4): 481–494. JSTOR 3001132.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Howard I. Kushner, '"Seward's Folly'?: American Commerce in Russian America and the Alaska Purchase". California Historical Quarterly (1975): 4–26. Կաղապար:Jstor.
  5. коллектив авторов главы 9, 10, 11 // История Русской Америки (1732-1867) / Отв. ред. акад. Н. Н. Болховитинов. — М.: Междунар. отношения, 1997. — Т. 3. — P. 480. — ISBN 5-7133-0883-9
  6. Czar's Ratification of the Alaska Purchase Treaty, 6/20/1867 Արխիվացված 2015-07-11 Wayback Machine, National Archives and Records Administration
  7. 7,0 7,1 7,2 Полное собрание законов Российской империи. Собр. 2, т. 42, отд. 1, № 44518, с. 421—424
  8. United States Statutes at Large, Treaties and Proclamations, Volume 15: 1867-1869. Little, Brown & Co. Boston, 1869
  9. «Measuring Worth - purchasing power of the dollar». www.measuringworth.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «http://www.vostlit.info/Texts/Dokumenty/S.America/XIX/1840-1860/Sale_Alaska/1-20/7.phtml?id=4699». www.vostlit.info. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  11. Alaska: … The transfer of territory from Russia to the United States, Executive document 125 in Executive documents printed by order of the House of Representatives during the second session of the fortieth Congress, 1867-'68, vol. 11, Washington: 1868.
  12. Charles Sumner, The cession of Russian America to the United States in The Works of Charles Sumner, vol. 11, Boston: 1875, pp. 181—349, p. 348.
  13. Powell, Michael (2010 թ․ օգոստոսի 18). «How Alaska Became a Federal Aid Magnet». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  14. Miller, John. The Last Alaskan Barrel: An Arctic Oil Bonanza that Never Was. Caseman Publishing. ISBN 978-0-9828780-0-2.
  15. Кто продал Аляску?
  16. «Чья земля Аляска? Миф и факты». 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  17. 17,0 17,1 «Чья земля Аляска? Миф и факты». Голос Америки. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  18. «В России ищут юридические основания для возврата Аляски». NEWSru.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
  19. Российский государственный исторический архив. Ф. 565. Оп. 3. Д. 17843. Л. 9.
  20. Петров А. Ю. Деньги, полученные от продажи Аляски США, пошли на железнодорожное строительство в России // Американский ежегодник. 2002. — М., 2004. — С. 291—292.
  21. «Twice Sorry - Russian Conspiracy Theories about Alaska» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկայի վաճառք» հոդվածին։