Ալբանիայի ազգային գրադարանը ազգային ու մշակութային կարևոր ինստիտուտ է ու ամենահինը Ալբանիայում։ Գրադարանն զբաղեցնում է 2 շենք և աշխատում է Զբոսաշրջության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի նախարարության ենթակայության ներքո։ Գրադարանի խնդիրներից են ալբանական ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության մասին պատմող գրավոր ու այլ նյութերի հավաքումը, մշակումը, վերականգնումը, պահպանությունն ու հասցնումն ընթերցողին։ Այնտեղ կազմակերպում են գրադարանային գործի ուսուցում, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կատարվում են գրադարանային գործին վերաբերող գիտահետազոտական ուսումնասիրություններ։
Ալբանիայի ազգային գրադարանի ֆոնդում ներառնված են գրքեր, պարբերական հրատարակություններ, քարտեզներ, ատլասներ, միկրոֆիլմեր և գրադարանային պահպանության ենթակա այլ միավորներ։ Առանձին հավաքածուներ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն Ալբանիայի, այլև եվրոպական մշակույթն ուսումնասիրելու տեսանկյունից։ Գրադարանը, որպես կանոն, բաց է շաբաթական 72 ժամ 16 տարեկանից բարձր ընթերցողների համար։