Ագեղցի (եկեղեցի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագեղցի (այլ կիրառումներ)

Ագեղցի, եկեղեցի Տավուշի մարզում, Կողբ գյուղից 1,2 կմ հարավ-արևմուտք, Կողբ գետի աջ ափին, Ագեղցի կոչվող զյուղատեղիում։

Եկեղեցին վերակառուցվել է 17-րդ դարում ավելի վաղ գոյություն ունեցածի մասերի և քարերի օգտագործմամբ։ Եռանավ դահլիճի տիպի կառույց է։ Պահպանվել է արևելյան թևը՝ կիսաշրջանաձև խորանով և կից ավանդատներով, մյուս կողմերի պատերի մի մասը՝ կես բարձրությամբ։ Աղոթասրահի (13,9 x 9,4 մ) զգալի լայնությունից որոշակի է նրա եռանավ լինելը։ Եկեղեցին եղել է փայտածածկ, մուտքերը հարավային և հյուսիսային կողմերից են։ Հյուսիսային կողմի ավանդատունը կրկնահարկ է, երկրորդ հարկում ունի հետագայում ավելացրած գաղտնարան-խուց՝ արևմտյան պատի 35х50 սմ բացվածքով (մուտք չունի)։ Խորանի ստորին շարքում ագուցված են բազմաթիվ խաչքարերի բեկորներ։ Ավանդատների պատուհանները արևելյան ճակատից են՝ պատած քանդակազարդ եզրակալներով։ Կառուցված է մանր գլաքարերով և ավազաքարերով։ Գտնվում է կիսավեր վիճակում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., 2014, էջ 5։