We Will Rock You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«We Will Rock You»
«We Will Rock You» սինգլի շապիկը (Queen, 1977)
Queenսինգլը
«News of the World» ալբոմից
Թողարկված1977 թվականի հոկտեմբերի 25-ին
Ձայնագրված1977
ԺանրԱրենա ռոք
ԵրգահանԲրայան Մեյ
Տևողություն2:01
ԼեյբլElektra Records
ՊրոդյուսերQueen
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Long Away»
(1977)
«We Will Rock You»
(1977)
«Spread Your Wings»
(1977)

We Will Rock You (հայերեն թարգմանությամբ՝ «Մենք ձեզ ճոճում ենք»), անգլիական Queen ռոք խմբի երգը News of the World ալբոմից։ Երգի հեղիանկն Է Բրայան Մեյը։ Չնայած այն հանգամանքին, որ երգը սինգլի տեսքով թողարկվել է միայն մի քանի երկրներում, այն մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, և երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։ ԱՄՆ-ում «We Will Rock You»-ն և «We are the Champions»-ը թողարկվել են ձայնասկավառակի նույն կողմում, քանի երգերը միշտ միասին են կատարվել՝ ռադիում, սպորտային մրցումների ժամանակ։ Անգամ ալբոմի համար երգերը ձայնագրվել են միասին։

Երգը «Հարյուրամյակի երգեր» ցանկում 146-րդ հորիզոնական է զբաղեցրել[1]։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հայտնի է իր հիշվող ռիթմի շնորհիվ՝ երկու հարված ոտքով և մեկ ծափ ձեռքերով։ Երգը սկսվում է նման ուղեկցությամբ և շարունակվում մինչև երգի ավարտը։ Երգը եզակի է նաև նրանով, որ այն նվագվում է միայն մեկ երաժշտական գործիքով՝ էլեկտրոնային կիթառով։ Մեյը երգի մեջ է մտնում երրորդ տնից հետո։ Նա սկսում է սահել լարերով՝ ստեղծելով միատոն ձայն, որը գնալով ավելի է բարձր դառնում։ Այդ բառերի չորրորդ կրկնությունից հետո Մեյը սկսում է իր սոլո կատարումը և նրա կատարմամբ էլ ավարտվում է երգը։ Սկզբում երգը պետք է լիներ «We Will Beat You», սակայն Մերկուրին ասել է, որ դա հիմար է հնչում և փոխել է երգի բառերը։

Համերգներին երգը նվագվում էր այլ կերպ, սակայն այնուամենայնիվ չէր կորցնում հնչեղությունը։ Ոտքերով և ձեռքով հարվածելու փոխարեն ռիթմը կատարում էր Ռոջեր Թեյլորը իր հարվածային գործիքներով։ Միայն կիթառի սոլոյի ժամանակ նա մի քանի անգամ հարվածում էր ափսեներին և նորից սկսում նվագել սովորական ռիթմ։ Հարվածային գործիքները ուղեկցվում էին Ջոն Դիքոնի բաս կիթառով և Մեյի էլեկտրակիթառով։ Այս ամենից հետո բեմ է դուրս գալիս Ֆրեդի Մերկուրին և սկսում երգել։ Հաճախ Մերկուրին երգի ժամանակ իր հետ այլ բաներ էր վերցնում։ Օրինակ՝ ինչ-որ անսովոր գլխարկ էր հագնում, կամ եթե համերգն անցկացվում էր արտասահմանում, իր հետ մեծ կտավ էր վերցնում, որի մի կողմում Մեծ Բրիտանիայի դրոշն էր, իսկ մյուս կողմում՝ այն երկրի դրոշը, որտեղ տեղի էր ունենում համերգը։

Արագ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Queen-ը երգի ևս մեկ տարբերակ է պատրաստել՝ այն անվանելով «We Will Rock You (fast version)»[2][3]։ Երգի ստուդիական ձայնագրությունը պահվում է BBC-ի արխիվներում և ոչ մի ալբոմի վրա չի ձայնագրվել, սակայն այդ տարբերակով 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբերին խումբը սկսում էր իր համերգները: Այս երգի և օրիգինալ տարբերակի միջև կան մի քանի տարբերություններ՝ այն սովորական ռիթմը, որը եղել է սկզբնական կոմպոզիցիայում, չկար, երգը շատ ավելի արագ և ավելի ծանր էր: Հարվածային գործիքները և կիթառը կատարում էին ավելի կարևոր դեր։ Մերկուրին Թեյլորի հետ հաճախ էր երգում կրկներգը և առանց երգն ավարտելու միանգամից անցնում հաջորդ տնին։ Երկրորդ տնից հետո Մեյը բոլորովին այլ կիթառային սոլոյով էր հանդես գալիս։ Վերջում՝ երրորդ տնից հետո, Թեյլորը որոշ ժամանակ նվագում է իր հարվածային գործիքները, և երգը ավարտվում է։

Երգը ներառվել է «Live Killers, Queen On Fire - Live at the Bowl» և «Queen Rock Montreal» համերգային ալբոմներում։ 1979 թվականի օգոստոսին երգը թողարկվել է սինգլի տեսքով՝ «Let Me Entertain You» երգի համերգային ձայնագրության հակառակ կողմում։ Այնուամենայնիվ սինգլն այդպես էլ հաջողություն չի չունեցել հիթ-շքերթներում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռոք Ֆլիքսը 1978 թվականի հունվարին։ Նկարահանումներն անցկացվել են Թեյլորի ձյունածածկ պարտեզում։ Տեսահոլովակում ներկայացվում է խմբի ելույթը։ Տեսանյութը նկարահանվել է «Spread Your Wings»-ի տեսահոլովակի հետ միասին, և այդ երկու տեսանյութերը նման են իրար:

Եղանակի պատճառով բոլոր երաժիշտները տաք բաճկոններ են հագել. Դիքոնը կարմիր սպորտային հագուստով է, Թեյլորը՝ մուգ բաճկոնով, Մերկուրիի հագուստը նույնն է, ինչ Թեյլորինը, իսկ Մեյի վրա պարզ կաշվե բաճկոն է: Բացի այդ, հագուստից հարկ է նշել Մերկուրիի աստղերի տեսքով մուգ ակնոցները (նա ակնոցներ է կրել միայն «Spread Your Wings», «Body Language», «Breakthru», «The Invisible Man» և «Innuendo» տեսահոլովակներում), Մեյի նարնջագույն շարֆը և Թեյլորի սև-սպիտակ կաշվե կոշիկները:

Տեսահոլովակում հայտնի ռիթմը ստեղծում են Դիքոնը, Թեյլորը և Մեյը (թեև այն, ինչ անում է կիթառահարը, ցուցադրվում է միայն մեկ անգամ): Նրանք չեն նվագում իրենց գործիքները, թեև բասիստի մոտ կիթառ կար, իսկ հարվածային գործիքները դրված էին երաժիշտների մոտ։ Այս դեպքում նրանք պարզապես ֆոն էին հանդիսանում։ Մերկուրին երգի սկզբում նստում է բեմի վրա և սկսում երգել։ Երբեմն երևում Է Մեյի դեմքը: Կրկներգը երգում են բոլոր երաժիշտները, բացի նրանից։ Նրա կիթառը չի ցուցադրվում մինչև տեսահոլովակի վերջին պահը, մինչև որ նա սկսում է կիթառ նվագել։ Տեսահոլովակում նա նվագում է ոչ թե «Red Special»-ով, այլ այդ կիթառի կրկնօրինակով։ Սոլոյի սկզբում կարելի է նկատել, որ Մերկուրին հանում է ակնոցները, սակայն հաջորդ պահին դրանք կրկին նրա աչքերի վրա էին։

Տեսահոլովակը հաճախ ցուցադրվում էր «We Are the Champions» երգի տեսահոլովակի հետ միասին։

Երգը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգի պատվին անվանվել է Queen խմբի ստեղծագործության վրա հիմնված մյուզիքլը։
  • 2004 թվականին երգը օգտագործվել է Pepsi-ի գովազդային տեսահոլովակում: Այս ծրագրի պրոդյուսերը եղել է Բրայան Մեյը։ Երգը կատարել են Բիյոնսեն, Բրիթնի Սփիրսը և Փինկը[4]։
  • 1992 թվականին «Zoo TV Tour» շրջագայության ժամանակ, իր համերգները բացելու համար U2 իռլանդական խումբն օգտագործել է «Emergency Broadcast Network»-ի արտադրության հոլովակը, որտեղ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը «We Will Rock You»-ն է ցուցադրում:
  • Երգը օգտագործվել է ավստրալիական «Կոկորդիլոսների որսորդները» շոուի ժամանակ, ընդ որում բառերը փոխվել են և դարձել «He will, He will, Croc you!»։
  • «Blondie» խմբի Good Boys երգը պարունակում է այս երգի բառերը՝ ռեփ ոճով։
  • Սա «Pro Evolution Soccer 2»-ի ֆուտբոլային սիմուլյատորի պաշտոնական երգն է։
  • Երգը օգտագործվել է «Ֆլինսթոունները Ռոք Վեգասում» ֆիլմում։
  • «Տասներորդ Թագավորություն» հեռուստասերիալում Վիրջինիայի գլխավոր հերոսոը երգում է «We Will Shear You»:
  • «Հզոր բադեր 2» ֆիլմում հոկեյի խաղի ժամանակ հանդիսատեսը բղավում է «We Will Quack You»։
  • «Drake & Josh» հեռուստասերիալի «The Storm» դրվագում Դրեյքի գլխավոր հերոսի հյուրերը երգում են այդ երգը զվարճանալու համար, քանի որ տունը հոսանքազրկվել էր։
  • Քոլին Ֆարելի հերոսը «Ռեկրուտ» ֆիլմում խաղի ժամանակ երգում է երգի առաջին երկտողը։
  • Հոմերը, Լենինը և Կառլը The Simpsons անիմացիոն շարքում երգում են «Please Homer, don' t Hammer ' Em...» հատվածը։
  • Երգը օգտագործվել է Wii խաղային կցորդի գովազդում, որտեղ տեղ են գտել այլ բառեր, օրինակ՝ «Wii will, Wii will rock you»։
  • We Will Rock You մյուզիքլի կատարողները և Queen խումբը կատարել են այս երգը «Al Murray' s Happy Hour» շոուի վերջին մասում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «RIAA - Top 365 Songs of the 20th Century - The Association Admiration Aggregation»։ theassociation.net (անգլերեն) 
  2. Gillian G. Gaar (2012-12-04)։ «Album reviews of Queen's second box set of reissues»։ Կաղապար:En2 (անգլերեն)։ Վերցված է 2014-03-16 
  3. Jesse Serwer (2012-10-16)։ «The 77 Best Rock Samples in Rap History»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2014-03-16։ «The distinctive stomp-stomp-clap drum pattern from "We Will Rock You"—the apotheosis of arena rock» 
  4. WeLoveBritneySpears (2011-02-02)։ «[HD] Britney Spears, Beyonce & Pink - We Will Rock You (Pepsi)»։ Վերցված է 2018-11-26 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]