Խայտաքիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Vormela peregusnaից)
Խայտաքիս
Խայտաքիս
Խայտաքիս
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Վերնաընտանիք Musteloidea
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ենթաընտանիք Ictonychinae
Ցեղ Vormela
Տեսակ Խայտաքիս (V. peregusna)
Միջազգային անվանում
Vormela peregusna
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խայտաքիս (լատին․՝ Vormela peregusna), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում։ Բնակվում է տարբեր կենդանիների (հիմնականում՝ ավազամկների) լքված հին բներում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 27-35 սմ է, պոչինը՝ 12-20 սմ։ Մազածածկը կարճ է, հարթ, խայտաբղետ։ Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են։ Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն։ Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է կրծողներով (հիմնականում՝ ավազամկներով), որոնց որսում է բների մեջ։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացումը սկսվում է վաղ գարնանը։ Ձագերը ծնվում են մայիսի սկզբին։ Ունենում է 3-8 ձագ։ Ակտիվ է երեկոյան և լուսաբացին, ցերեկը թաքնվում է բնում։ Վտանգի դեպքում պաշտպանվում է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Հարավարևելյան Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Չինաստան և Մոնղոլիա։ Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր շրջաններում, ծովի մակարդակից 1000–2000 մ բարձրություններում։ Արեալը և էկոլոգիան բոլորովին ուսումնասիրված չեն[1]։

Հատուկ պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներին։ Հայաստանում որսն արգելված է։

Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններից է բիոտոպերի ոչնչացումը։ Թվաքանակի աճին խոչընդոտող հիմնական սահմանափակող գործոնը կիսաանապատային և լեռնատափաստանային հողերի մշակումն է, դրանց ապրելավայրերում անասունների գարնանային արածեցումը, ինչպես նաև մեծ քանակությամբ պեստիցիդների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Էրեբունի» արգելոցներում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում և մի շարք արգելավայրերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։