Volkswagen currywurst
| Ենթատեսակ | Կարիվուրստ |
|---|---|
| Արտադրող | Volkswagen Group |



Currybockwurst (գերմ.՝ ˈkœʁiˌbɔkvʊʁst), հիմնականում հայտնի որպես Volkswagen currywurst (գերմ.՝ ˈfɔlksˌvaːɡn̩ ˈkœʁiˌvʊʁst), նրբերշիկի ապրանքանիշ, որը արտադրում է գերմանական Volkswagen ավտոընկերությունը 1973 թվականից Վոլֆսբուրգի գլխավոր գործարանում։ Այն մատուցվում է ընկերության վեց գերմանական գործարանների ռեստորաններում, վաճառվում է սուպերմարկետներում և ֆուտբոլային մարզադաշտերում, իսկ երբեմն տրվում է հաճախորդներին։ Երշիկը կատակով պիտակավորված է որպես Volkswagen Originalteil «Volkswagen-ի ավտոմաս»՝ 199 398 500 A համարի ներքո[1]։
Այս երշիկը համարվում է Volkswagen-ի ամենաշատ արտադրվող ապրանքը (միայն 2019 թվականին արտադրվել է մոտ 7 միլիոն հատ)[2]։ Տարիներ շարունակ ընկերությունն ավելի շատ երշիկ է արտադրել, քան մեքենաներ։ Volkswagen-ը նաև արտադրում է հատուկ կետչուպ (ավտոմասի համարը՝ 199 398 500 B), որը սովորական կետչուպից մի փոքր ավելի թանձր է[3]։ Նրբերշիկի և կետչուպի տուփը արժե մոտ 9 եվրո[4]։ Գործարանը նաև արտադրում է ցորենից պատրաստված բուսական տարբերակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրբերշիկը պատրաստում է 30 հոգուց բաղկացած թիմը՝ Վոլֆսբուրգի Volkswagen գործարանում[1]։ Այն լինում է երկու չափսի՝ մեկը մոտ 13 սմ երկարությամբ, մյուսը՝ մոտ 25 սմ[4]։ Մեծ նրբերշիկը կշռում է մոտ 170 գրամ[1]։
Գործարանը շաբաթը երեք անգամ խոզի միս է գնում նրբերշիկ պատրաստելու համար[3]։ Լրացուցիչ ճարպը հեռացվում է՝ ճարպի պարունակությունը մոտ 20% պահելու համար, ինչը շատ ավելի քիչ է, քան բրատվուրստի սովորական մրբերշիկի դեպքում (35%)[1]։ Այնուհետև խոզի միսը մանրացնում են և խառնում գաղտնի համեմունքների հետ։ Դրանից հետո թաղանթով պատում են նրբերշիկը, որի վրա գրված է լինում՝ Volkswagen Original Part[1][5]։
Նրբերշիկները կախում են և հաճարենու փայտի ծխով ապխտում մոտ 100 րոպե 176°C (349°F) ջերմաստիճանում: Սառչելուց հետո դրանք փաթեթավորում են՝ յուրաքանչյուր փաթեթի մեջ ներառելով հինգ նրբերշիկ[1]։
Ամենածանրաբեռնված ժամանակ գործարանն ամեն օր արտադրել է մոտ 20,000 նրբերշիկ, ինչը կազմել է տարեկան մոտ 1,181 տոննա:
Volkswagen-ը հայտարարել է, որ կարիվուրստը չի պարունակում սպիտակուցային փոշի, գլուտամինաթթվի նատրիում (MSG) կամ ֆոսֆատներ[5]: Նրանք նաև պլանավորում են դադարեցնել գործարանային ֆերմաների մսի օգտագործումն իրենց աշխատակազմի համար մինչև 2025 թվականը[6]։
Կարիվուրստը վաճառվում է Վոլֆսբուրգի գործարանի 17 տարբեր սրճարաններում և ռեստորաններում: Այն սովորաբար մատուցվում է կետչուպով և կարտոֆիլի ֆրիով[1]: Նաև վաճառում են կարիվուրստով ապուր: Կարիվուրստի 45-ամյակի կապակցությամբ ներկայացվել են հատուկ ուտեստներ, ինչպիսիք են կարիվուրստով բուրգերները և պիցցան[4]։
Volkswagen-ը նաև վաճառում է կարիվուրստի համար սպասք, օրինակ՝ 33D 069 602 ավտոմասի համարով հատուկ ափսե[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ Վոլֆսբուրգի գործարանը կառուցվել էր հեռու վայրում, բացումից հետո՝ 1938 թվականից սկսած, Volkswagen-ը սկսել է սնունդ արտադրել իր աշխատողների համար: Կարիվուրստի արտադրությունը սկսել է 1973 թվականին[1]։
Սկզբում գործարանը կենդանիներ է բերել Volkswagen–ի սեփական ֆերմայից և տեղում մորթել։ Սակայն հիմա Volkswagen–ը դադարեցրել է այդ ռազմավարությունը և արդեն մորթված միսը ստանում է տեղական մատակարարներից[4][1]։
Նրբերշիկը նախկինում պատրաստվել է և՛ խոզի, և՛ տավարի մսից, բայց տավարի միսը հանվել է վաճառքից 1990-ականներին՝ Մեծ Բրիտանիայում «խելագար կովի հիվանդության» (BSE) համաճարակի պատճառով[1]։
Կարիվուրստը մրցանակներ է շահել գերմանական սննդի փառատոներում, այդ թվում՝ Գերմանական գյուղատնտեսական ընկերության ոսկե մեդալ[1]։
Այն նաև ցուցադրվել է Volkswagen ավտոթանգարանում և Deutsches Currywurst թանգարանում (որը փակվել է 2018 թվականին)[4]։
Volkswagen կարիվուրստի մոտ 40%-ը սպառվում է Գերմանիայի վեց գործարանների ներսում գտնվող ռեստորաններում։ Մնացած մասը վաճառվում է խանութներում, սուպերմարկետներում և ֆուտբոլային մարզադաշտերում։ Մի մասը նաև ուղարկվում է Եվրոպայում գտնվող Volkswagen ավտոսրահներ՝ որպես նվեր նոր մեքենաներ գնողներին։
Արտաքին վաճառքից ստացված եկամուտը Volkswagen-ն օգտագործում է իր ռեստորաններում աշխատակիցների համար սննդի գները սուբսիդավորելու նպատակով[1]։
Արտադրանքը վաճառվում է 11 երկրներում[8]։ Այն հասանելի չէ Միացյալ Նահանգներում՝ չեփված մսի ներմուծման վերաբերյալ կանոնների պատճառով[3][5]։
Volkswagen-ը փորձել է նաև խոհարարներ ուղարկել ԱՄՆ՝ տեղական բաղադրիչներով կարիվուրստը վերարտադրելու համար[3]։ Ընկերությունը նաև պլանավորում է այն վաճառել Սինգապուրում[1]։
Կարիվուրստի արտադրությունը զգալիորեն աճել է 2010-ականների վերջին։ 2015 թվականին Volkswagen-ն արտադրել է 7.2 միլիոն նրբերշիկ, ինչը 14%-ով ավելի է, քան 2014 թվականի արտադրանքը[5]։ 2009-2018 թվականների ընթացքում արտադրությունն աճել է 264%-ով։ 2018 թվականին արտադրվել է 6.81 միլիոն նրբերշիկ, ինչի շնորհիվ կարիվուրստը Volkswagen-ի ամենաշատ արտադրվող ապրանքատեսակն է[1]։ Ամենաշատ արտադրանքը եղել է 2019 թվականին՝ 7 միլիոն նրբերշիկ[9]։
Տարիներ շարունակ Volkswagen-ն ավելի շատ կարիվուրստ նրբերշիկ է արտադրել, քան մեքենա[5][8]։
Կետչուպի արտադրությունը նույնպես աճել է՝ մոտ 537,000 կգ-ից (2014 թվական) հասնելով ավելի քան 608,000 կգ-ի (2015 թվական)[10][11]։
Volkswagen-ը սկսել է բուսական ծագմամբ կարիվուրստ արտադրել 2010 թվականին[8]: 2021 թվականին նրա ճաշարաններից մեկը դադարել է մատուցել խոզի մսով տարբերակը և անցել է միայն բուսականին: Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին դուր չի եկել այս փոփոխությունը[12] և նա առցանց գրառում է արել, որ կարտոֆիլի ֆրիով կարիվուրստը կարևոր է գործարանային աշխատողների համար և պետք է մնա ճաշարաններում[13][9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Volkswagen currywurst կատեգորիայում։ |
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Attwood, James (2019 թ․ հունվարի 1). «Volkswagen's currywurst factory: motoring's strangest production line». Autocar. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Dupuy, Matt. «Volkswagen to stop making its best-selling product for Wolfsburg workers: VW-branded sausages». www.theregister.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Brehaut, Laura (2018 թ․ մայիսի 16). «Volkswagen's bestselling product is … a type of sausage!?!?». National Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Hruby, Denise (2019 թ․ սեպտեմբերի 30). «Volkswagen's Best-Selling Product Is a ... Sausage». OZY. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Wieczner, Jen (2016 թ․ փետրվարի 19). «Volkswagen's Sausages Sell Better Than Its Cars». Fortune. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Volkswagen To Stop Serving Sausage In Wolfsburg As It Tries To Leave Its Wurst Emissions Behind». Jalopnik (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Americans Can’t Buy VW’s Best Seller, and It’s the Wurst
- ↑ 8,0 8,1 8,2 Krok, Andrew (2018 թ․ մայիսի 14). «Volkswagen's best-selling product is actually sausage». CNet Road Show. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 9,0 9,1 Posaner, Joshua; Gehrke, Laurenz (2021 թ․ օգոստոսի 10). «It's the Wurst! Schröder slams sausage-free Volkswagen menu». Politico. Վերցված է 2025 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Rodionova, Zlata (2016 թ․ փետրվարի 19). «Volkswagen sold more sausages than cars last year». The Independent. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «VW's hottest product tastes like curry». Deutsche Welle. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ex-German Chancellor bemoans currywurst loss at VW». Deutsche Welle. 2021 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Gerhard Schröder on LinkedIn: #vw #rettetdiecurrywurst». LinkedIn. Վերցված է 2025 թ․ հունվարի 19-ին.