Jump to content

Vaporware

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vaporware
Ենթակատեգորիաէություն
 • օբյեկտ
  • արտադրանք Խմբագրել Wikidata
Պատճառdevelopment hell Խմբագրել Wikidata
Բնութագրվում էannounced only Խմբագրել Wikidata
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրել է IBM-ին այն բանում, որ այն սկսել է գովազդել իր System/360 Model 91 համակարգիչը (նկարում) դեռևս երեք տարի առաջ, մինչ այն իրականում հասանելի կդառնար՝ նպատակ ունենալով նվազեցնել մրցակիցների կողմից արտադրվող համակարգիչների վաճառքը[1][2]

Vaporware, ավելի հազվադեպ՝ vapourware (vapor - «գոլորշի, մառախուղ» + ware - «արտադրանք»), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող տերմին, որը նկարագրում է արտադրանք (սովորաբար համակարգչային ծրագրային կամ ապարատային ապահովում), որի մշակման մասին հայտարարվում է լայն հանրությանը, սակայն որը այդպես էլ չի հասնում շուկա։ Միևնույն ժամանակ արտադրանքի չեղարկման մասին պաշտոնական հայտարարություն չի տարածվում։

Vaporware տերմինը կարող է օգտագործվել նաև այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նախապես հայտարարվում կամ կանխատեսվում են, սակայն իրականում երբեք տեղի չեն ունենում։ Այս տերմինը հաճախ կիրառվում է նաև այն արտադրանքների վերաբերյալ, որոնք հայտարարվում են թողարկումից մի քանի ամիս կամ տարի առաջ՝ այն դեպքում, երբ դրանց մշակման գործընթացը գաղտնի է պահվում։ Այդպիսի գործողությունները երբեմն իրականացվում են սպառողներին մրցակից արտադրանքներից հետ պահելու նպատակով, հատկապես այն դեպքերում, երբ մրցակցի արտադրանքը ավելի մեծ ֆունկցիոնալություն է առաջարկում։

Մամուլում ծրագրային և ապարատային ապահովում մշակող ընկերությունները հաճախ մեղադրվում են այն բանում, որ նրանք շատ վաղ են հայտարարում իրենց արտադրանքի մասին՝ մրցակցային առավելություն ստանալու նպատակով։ 1989 թվականին Network World ամսագիրը vaporware տերմինը բնութագրել էր որպես «համաճարակ»՝ մեղադրելով լրագրողներին այն բանում, որ նրանք չեն փորձում պարզել, արդյոք մշակողների հայտարարությունները համապատասխանում են իրականությանը[3]։ 1989 թվականին ծրագրային ապահովման մշակման յոթ առաջատար ընկերություններ հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում ասվում էր, որ vaporware-ը վնասում է համակարգչային արդյունաբերության նկատմամբ վստահությանը[4]։ Միացյալ Նահանգներում շատ ընկերություններ մեղադրվել են հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ՝ իրենց արտադրանքի չափազանց վաղաժամկետ հայտարարությունների միջոցով։ Միևնույն ժամանակ, InfoWorld ամսագիրը նշում էր, որ vaporware տերմինը չափազանց լայնորեն է օգտագործվում և հաճախ անարդարացի պիտակ է, որը դրվում է մշակողների վրա[5]:

Տերմինն առաջին անգամ օգտագործվել է Microsoft կորպորացիայի աշխատակցի կողմից 1982 թվականին՝ կապված այդ ընկերության կողմից մշակվող Xenix օպերացիոն համակարգի հետ։ Տպագրության մեջ vaporware-ը որպես տերմին առաջին անգամ հայտնվել է 1983 թվականին համակարգչային տեխնոլոգիաների փորձագետ Էսթեր Դայսոնի հոդվածում։ Այն արագորեն տարածում գտավ համակարգչային լրագրողների շրջանում և օգտագործվում էր նկարագրելու այն ապրանքները, որոնք, ըստ նրանց, չափազանց երկար ժամանակ չեն թողարկվում շուկա։ InfoWorld ամսագրի խմբագիր Ստյուարտ Օլսոփը նպաստեց դրա հանրահռչակմանը՝ Բիլ Գեյթսին շնորհելով «Ոսկե vaporware» մրցանակը 1985 թվականին Windows-ի առաջին տարբերակի ուշ թողարկման համար։ Տերմինն առաջին անգամ սկսեց ենթադրել դիտավորյալ խաբեության մեղադրանքներ Ovation Technologies ընկերության Ovation գրասենյակային փաթեթի հետ կապված 1983 թվականին. փաթեթի ցուցադրությունը լավ ընդունվեց մամուլի կողմից, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նման արտադրանք երբեք գոյություն չի ունեցել։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Vaporware» տերմինի օգտագործման առաջին հայտնի դեպքը վերաբերում է 1982 թվականին[6]: Open Systems Accounting[7] Software ընկերության նախագահ Վինբլոդը ցանկանում էր իմանալ, թե երբ է Microsoft-ը նախատեսում դադարեցնելու Xenix օպերացիոն համակարգի աջակցությունն ու զարգացումը։ Դրանից էր կախված Open Systems-ի որոշ ապրանքների ճակատագիրը։ Նա ուղևորվեց Microsoft-ի գրասենյակ, որտեղ երկու ինժեներներ՝ Ջոն Յուլեթը և Մարկ Յուրսինոն, հաստատեցին, որ Xenix-ի մշակումը դադարեցվել է։ Նրա խոսքով, նրանցից մեկն ասել է, որ Xenix-ը, փաստորեն, vaporware է։ Վինբլոդը այս բառը համեմատեց «ծուխ վաճառելու» գաղափարի հետ՝ ենթադրելով, որ Microsoft-ը վաճառում է մի ապրանք, որին շուտով կդադարի աջակցել[8]:

Հայտնի գրող Էսթեր Դայսոնը (2008 թվականի լուսանկար) հանրահռչակեց «vaporware» տերմինը RELease 1.0 թերթի 1983 թվականի նոյեմբերյան համարում

Վինբլոդն այս դեպքի մասին հայտնել է համակարգչային տեխնոլոգիաների հայտնի փորձագետ Էսթեր Դայսոնին[7], որն էլ պատմել է այդ մասին իր ամենամսյա RELease 1.0 էլեկտրոնային թերթում։ 1983 թվականի թերթի համարում «Vaporware» վերնագրով հոդվածում Դայսոնը սահմանել է այս տերմինը որպես «ոչ լիովին մարմնավորված լավ գաղափարներ»։ Նա նկարագրել է երեք ապրանք, որոնք ցուցադրվել են այդ տարի Լաս Վեգասում կայացած COMDEX ցուցահանդեսում, որոնք ակտիվորեն գովազդվում էին, բայց, ըստ նրա, ցուցահանդեսում ներկայացված «ենթադրյալ հեղափոխությունների, բեկումների և նոր սերունդների» ցուցադրումը չի համապատասխանել գովազդային խոստումներին[9][10]։

Հոդվածի հրապարակումից հետո Դայսոնի բառը տարածում գտավ անհատական համակարգիչների համար նախատեսված ծրագրային ապահովման արդյունաբերության մասին գրող լրագրողների շրջանում՝ նկարագրելու այն ապրանքները, որոնց թողարկումը, նրանց կարծիքով, չափազանց ուշացած էր առաջին հայտարարությունից հետո[6]։ InfoWorld ամսագրի խմբագիր Ստյուարտ Օլսոփը հանրահռչակեց դրա օգտագործումն այս իմաստով՝ շնորհելով Բիլ Գեյթսին, որն այդ ժամանակ Microsoft-ի գործադիր տնօրենն էր, «Ոսկե Vaporware» մրցանակը Windows-ի առաջին տարբերակի թողարկումը 18 ամսով հետաձգելու համար 1985 թվականին։ Օլսոփը այն ներկայացրեց Գեյթսին թողարկման տոնակատարության ժամանակ՝ «The Impossible Dream» երգի հնչյունների ներքո[11][12]։

«Vaporware» տերմինը սկսեց օգտագործվել նաև այն ապրանքները նկարագրելու համար, որոնք երբեք գոյություն չեն ունեցել։ Նորաստեղծ Ovation Technologies ընկերությունը 1983 թվականին հայտարարեց Ovation գրասենյակային փաթեթի մասին[13]։ Ընկերությունը գումար ներդրեց գովազդային արշավի մեջ, որում Ovation-ը ներկայացվում էր որպես «մեծ նորարարություն» և ցուցադրում էր ապրանքը համակարգչային ցուցահանդեսներում[6][14]։ Ցուցադրությունները լավ գնահատվեցին լրագրողների կողմից, նշվեցին մասնագիտական ամսագրերի համարներում և, ըստ որոշ տեղեկությունների, ստիպեցին սպառողներին սպասել ապրանքի թողարկմանը[14]։ Ավելի ուշ պարզվեց, որ Ovation փաթեթը երբեք գոյություն չի ունեցել։ Ապրանքի մշակումն ավարտելու համար գումար հավաքելու նպատակով պատրաստվել էին կեղծ ցուցադրական տարբերակներ, սակայն բավարար ներդրումներ ներգրավել այդպես էլ չհաջողվեց։ Դա առաջին դեպքն էր, երբ vaporware տերմինն օգտագործվեց այն իմաստով, որը ենթադրում էր դիտավորյալ խարդախություն[13]։ The New York Times-ից Լորի Ֆլինի կարծիքով՝ Ovation-ը «համարվում է ամբողջ vaporware-ի նախահայրը»[6]։

«Vaporware» տերմինը միասնական սահմանում չունի։ Այն սովորաբար օգտագործվում է սարքավորումների կամ ծրագրային ապահովման արտադրանքը նկարագրելու համար, որը հայտարարվել է մշակողի կողմից, բայց այդպես էլ չի թողարկվել[10][15] կամ թողարկվել է անընդունելիորեն մեծ ուշացումով։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում տերմինի նշանակությունը աստիճանաբար ընդլայնվել է։ Newsweek ամսագրում Ալան Սլոանը 1997 թվականին Yahoo!-ի և Amazon.com-ի կողմից իրականացվող ֆինանսական շուկայի մանիպուլյացիան անվանել է «ֆինանսական vaporware»[16]: Popular Science ամսագիրը սպառողական էլեկտրոնիկայի նոր սարքերի թողարկման ամսաթվերը նկարագրելու համար օգտագործում է սանդղակ՝ «vaporware»-ից մինչև «կարող եմ երաշխավորել դա»[17] միջակայքով։ Vaporware տերմինով են անվանվել General Motors ավտոարտադրողի՝ 2008 թվականին Vector W8 էլեկտրական մեքենա մշակելու և վաճառքի հանելու պլանները[18]:

Տերմինի կիրառման պատճառներ և դրա օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման ուշացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքի հայտարարված թողարկման ամսաթվի բացթողումը և մամուլի կողմից դրան «vaporware» պիտակը փակցնելը կարող է պայմանավորված լինել մշակման գործընթացի ձգձգմամբ։ 2001 թվականին կատարված հետազոտության համաձայն, որն ուսումնասիրել է vaporware-ի պատճառներն ու հետևանքները, ծրագրային ապահովման արտադրանքի մեծ մասը ժամանակին չի թողարկվում[12]։ Ծրագրային ապահովման մշակումը բարդ գործընթաց է, և հաճախ մշակողները չեն կարող վստահորեն ասել, թե որքան ժամանակ կտևի իրենց աշխատանքը առանձին վերցրած նախագծի վրա[12][19]։ Օրինակ, ծրագրային ապահովման մշակման ժամանակի զգալի մասը կարող է զբաղեցնել սխալների ուղղումը, իսկ մշակողները հակված չեն լույս ընծայել սխալներով ծրագրեր, քանի որ դա կարող է վնասել նրանց հեղինակությանը[12]։ Հաճախ «վերջին րոպեին» փոփոխություններ են տեղի ունենում նախագծի ճարտարապետական լուծման մեջ[12]։ 1986 թվականին SQL լեզուն ընդունվել է ANSI-ի կողմից որպես տվյալների բազաների կառավարման լեզուների ԱՄՆ ազգային ստանդարտ։ Ashton-Tate ընկերությունն արդեն պատրաստ էր թողարկել իր dBase IV տվյալների բազայի կառավարման համակարգը, սակայն թողարկումը հետաձգվեց SQL-ի աջակցությունն ավելացնելու անհրաժեշտության պատճառով։ Համարվում էր, որ առանց դրա ծրագիրը մրցունակ չի լինի[14]։ 1980-ական թվականների կեսերին լրագրողների կողմից «vaporware» տերմինի տարածման կապակցությամբ InfoWorld ամսագրի խմբագիր Ջեյմս Ֆոսեթը գրել է, որ դրա հետ կապված բացասական ասոցիացիաները անարդարության դրսևորում են մշակողների նկատմամբ հենց նման իրավիճակների պատճառով[5]։

«Vaporware» տերմինով նշանակում են նաև այն ապրանքները, որոնք այդպես էլ չեն թողարկվել ֆինանսական խնդիրների կամ մշակման ժամանակահատվածում տեխնոլոգիական մակարդակի փոփոխությունների պատճառով[14]։ Երբ 3D Realms ընկերությունը առաջին անգամ հայտարարեց Duke Nukem Forever խաղի առաջիկա թողարկման մասին 1997 թվականին, մշակումը գտնվում էր վաղ փուլում[20]։ Նախորդ խաղը՝ Duke Nukem 3D-ն, թողարկվել է 1996 թվականին և հաջողություն է ունեցել քննադատների մոտ, ինչպես նաև զգալի եկամուտ է բերել։ Օգտատերերը սպասում էին շարունակությանը։ 1990-ականների վերջին համակարգիչների ապարատային ապահովման հզորությունների հեղեղաձև աճը սադրեց «սպառազինության մրցավազք» համակարգչային խաղեր մշակող ընկերությունների միջև (համաձայն Wired News-ի)։ 3D Realms-ն անընդհատ հետաձգում էր խաղի թողարկումը հաջորդ 12 տարիների ընթացքում, որպեսզի դրա մեջ ավելացնի նոր, ժամանակի պահանջներին համապատասխան հնարավորություններ։ 2009 թվականին 3D Realms-ի փակման պահին այդպես էլ չթողարկված Duke Nukem Forever խաղը փաստացիորեն դարձավ «vaporware»-ի դասական օրինակ, որն օգտագործվում էր լրագրողների կողմից[21][22]։ Խաղի մշակումը, այնուամենայնիվ, շարունակվեց, և դրա թողարկումը կայացավ 2011 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gerlach (2004).
  2. «IBM Antitrust Suit Records». Hagley Museum and Library. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  3. Mohen (1989).
  4. Messmer (1990).
  5. 5,0 5,1 Fawcette (1985).
  6. 6,0 6,1 6,2 6,3 Flynn (1995), p. 1.
  7. 7,0 7,1 Shea (1984).
  8. Flynn (1995), p. 1.
  9. Dyson (1983), pp. −6.
  10. 10,0 10,1 Bayus; Jain; Rao (2001) p. 3.
  11. Garud (1997); Ichbiah cited in Bayus; Jain; Rao (2001) p. 3.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Bayus; Jain; Rao (2001), p. 5.
  13. 13,0 13,1 Flynn (1995), p. 2.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Jenkins (1998).
  15. Prentice; Langmore (1994) p. 11.
  16. Sloan (1997)
  17. What's New(անգլ.) // Popular Science : magazine. — Bonnier Corporation, 2007. — С. 15. — ISSN =0161-7370.
  18. Bersinger, Ken (2008 թ․ ապրիլի 5). «Road for electric car makers full of potholes». Los Angeles Times. Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  19. Johnston; Betts (1995).
  20. Thompson (2009).
  21. Kesten, Lou (2009 թ․ ապրիլի 11). «R.I.P. `Duke Nukem Forever'». ABC News. ABC News Internet Ventures. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Kane, Yukari Iwatani (2009 թ․ մայիսի 7). «Duke Nukem Nuked». The Wall Street Journal Blogs. Dow Jones & Company. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Flynn, Laurie The Executive Computer(անգլ.) // The New York Times : newspaper. — The New York Times Company, 1995. — ISSN 0362–4331.
  • Dyson, Esther Vaporware (und) // RELease 1.0. — Rosen Research, 1983. — С. 5.
  • Shea, Tom Developers Unveil 'Vaporware'(անգլ.) // InfoWorld : magazine. — InfoWorld Media Group, 1984. — Т. 6. — № 19. — С. 48. — ISSN 0199-6649.
  • Bayus, Barry L.; Jain, Sanjay; Rao, Ambar G. Truth or consequences: An analysis of vaporware and new product announcements(անգլ.) // Journal of Marketing Research : journal. — American Marketing Association, 2001. — Т. 38. — № 1. — С. 3—13. — ISSN 0022-2437. — doi:10.1509/jmkr.38.1.3.18834
  • Johnston, Stuart J.; Betts, Mitch Industry debates U.S. vaporware probe(անգլ.) // Computerworld : magazine. — Computerworld, 1995. — С. 2. — ISSN 0010-4841.
  • Jenkins, Avery Long overdue; The reasons behind vaporware(անգլ.) // Computerworld : magazine. — Computerworld, 1998. — С. 10. — ISSN 0010-4841.
  • Gerlach, Heiko A. Announcement, entry, and preemption when consumers have switching costs.(econometric analysis)(անգլ.) // The RAND Journal of Economics : journal. — The RAND Corporation, 2004. — Т. 35. — № 1. — С. 184. — ISSN 0741-6261.
  • Haan, Marco A. Vaporware as a Means of Entry Deterrence (und) // The Journal of Industrial Economics. — John Wiley and Sons, 2003. — Т. 51. — № 3. — С. 345—358. — ISSN 0022-1821. — doi:10.1111/1467-6451.00204
  • Stern, Richard H. Microsoft and vaporware (und) // IEEE Micro Magazine. — IEEE, 1995. — Т. 15. — № 2. — С. 6—7. — ISSN 0272-1732.
  • Messmer, Ellen Software firms form group to raise ethics (und) // Network World. — IDG Network World, 1990. — Т. 7. — № 43. — С. 9. — ISSN 0887-7661.
  • Mohen, Joseph Seeking a cure for the vaporware epidemic (und) // Network World. — IDG Network World, 1989. — Т. 6. — № 24. — С. 32. — ISSN 0887-7661.
  • Fawcette, James E. Press' Vaporgate(անգլ.) // InfoWorld : magazine. — InfoWorld Media Group, 1985. — Т. 7. — № 23. — С. 5. — ISSN 0199-6649.
  • Prentice, Robert Vaporware: imaginary high-tech products and real antitrust liability in a post-Chicago world(անգլ.) // Ohio State Law Journal : journal. — 1996. — Т. 57. — № 4. — ISSN 1163-1262.
  • Thompson, Clive (2009 թ․ դեկտեմբերի 21). «Learn to Let Go: How Success Killed Duke Nukem». Wired News. Condé Nast Digital. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  • Sloan, Allan Financial Vaporware(անգլ.) // Newsweek : magazine. — 1997. — Т. 129. — № 17. — С. 57.
  • Prentice, Robert A.; Langmore, John H. Beware of varpoware: product hype and the securities fraud liability of high-tech companies(անգլ.) // Harvard Journal of Law & Technology : journal. — Harvard Law School, 1994. — Т. 8. — № 1. — ISSN 0897-3393.
  • Zachary, G. Pascal; Carlton, Jim Software rivals vying to define how PCs work(անգլ.) // The Wall Street Journal (eastern edition). — Dow Jones & Company, 1994. — ISSN 00999660.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сообщения Community Memory փոստային ցուցակի (1996) տվյալներով տերմինի ծագումը վերագրվում է Էնն Վինբլոդին և Ստյուարտ Օլսոպին։
  • RELease 1.0 (1983 թվականի նոյեմբեր) - Էսթեր Դայսոնի բնօրինակ հոդվածի սկանավորված պատճենը։
  • Wired Magazine-ի Vaporware մրցանակները.