Unchained Melody

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Unchained Melody»
սինգլը
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանԱլեքս Նորթ[1]

Unchained melody (Շղթայազերծ մեղեդի), 1955 թվականին գրված երգ, որի տեքստի հեղինակն է Հայ Զարեթը, իսկ մեղեդին գրել է Ալեքս Նորդը։ Նորդը օգտագործում է երաժշտությունը «Շղթայազերծը» ֆիլմի համար, որը պատմում էր բանտային առօրյայի մասին։ Այստեղից էլ առաջանում է մեղեդու անունը։ Թոդ Դունկանը կատարեց ֆիլմի սաունդթրեքը[2]։ Այդ ժամանակից ի վեր մեղեդին դառնում է ստանդարտ երաժշտություն և 20-րդ դարի ամենաշատ կատարված և ձայնագրված երգերից մեկը։ Երգի ամենահայտնի կատարումներից է Ռայթըս Բրադրսի կատարումը[3]։ Համաձայն երգի պրոդյուսերական վարչակազմի, ամբողջ աշխարհում Unchained melody-ի ավելի քան 1500 օրինակ է ձայնագրվել 670 արտիստների կատարմամբ և բազմաթիվ լեզուներով[4]։ 1955 թվականին երգի երեք տարբերակներ՝ Լես Բաքստերի, Օլ Հիբլերի և Ռոյ Համիլտոնի կատարմամբ, տեղ գրավեցին Միացյալ Նահանգների «Բիլբորդ» ամսագրի հրատարակած «Երգերի լավագույն հարյուրյակում» (Billboard Hot 100)[5], իսկ ևս չորս տարբերակներ՝ Օլ Հիբլերի, Լես Բաքստերի, Ջիմմի Յանգի և Լիբերաչիի կատարմամբ, միաժամանակ տեղ գտան Միացյալ Թագավորության տարվա լավագույն քսան երգերի ցանկում։ Սա անգերազանցելի ռեկորդ է ցանկացած երգի համեմատությամբ[6]։ «Unchained melody» և «Do They Know It's Christmas» երգերը միակ երգերն էին, որ առաջին հորիզոնականներ գրավեցին Միացյալ Թագավորությունում՝ չորս տարբեր արտիստների կատարմամբ[7]։ Ձայնագրված հարյուրավոր տարբերակներից ամենահայտնին, թերևս, 1965 թվականի հուլիսի ձայնագրությունն էր՝ Ռայթըս Բրադրսի կատարմամբ։ Բոբի Հեթֆիլդի մենակատարումը դարձավ 20-րդ դարավերջի ամենաշատ լսվող երգերից մեկը։ Այս տարբերակը երկրորդ մեծ ժողովրդականությունը նվաճեց, երբ դարձավ «Ուրվականը» (1990թ.) ֆիլմի սաունդթրեքը։ 2004 թվականին ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի (AFI's 100 Years...100 Songs) ցանկում գրավեց 27-րդ հորիզոնականը։

Երգի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Ալեքս Նորդին հանձնարարվեց մի մեղեդի գրել «Շղթայազերծը» ֆիլմի համար։ Նորդը հորինեց և ձայնագրեց մեղեդին։ Ապա նրան խնդրեցին ֆիլմի սյուժեի հիման վրա մեղեդու համար տեքստ գրել։ Նորդը խնդրեց լիրիկ Հայ Զարեթին գրել տեքստը, սակայն վերջինս սկզբում մերժեց ասելով, որ չափազանց զբաղված է տունը վերանորոգելով։ Նորդը կարողացավ համոզել նրան ստանձնել այդ աշխատանքը և նրանք միասին ստեղծեցին «Unchained melody»ն[8][9]։ Զարեթը մերժեց պրոդյուսերի խնդրանքը՝ երգի տեքստի մեջ ընդգրկել «շղթայազերծ» բառը։ Ի վերջո, սակայն, երգը հանրությանը ներկայացվեց որպես Unchained melody, չնայած, որ «շղթայազերծ» բառը այդպես էլ տեղ չգտավ երգի մեջ։ Փոխարենը, Զարեթը նկարագրում էր մեկին, որը տառապում էր սիրելիի համար, որին չէր տեսել «մի ողջ հավերժություն»[10]։ 1955 թվականին նկարահանված ֆիլմը պատմում էր մի մարդու մասին, որը խորհում էր կամ բանտից փախչելու և փախուստի մեջ ապրելու, կամ էլ պատիժը կրելուց հետո ընտանիքի և կնոջ մոտ վերադառնալու մասին[10]։ 1955 թվականին երգը՝ Թոդ Դունկանի կատարմամբ, ներկայացվեց «Օսկարի», սակայն լավագույն երգի ակադեմիական մրցանակը շահեց «Սերը հիասքանչ բան է» (Love Is a Many-Splendored Thing) երգը[10]։

Վաղ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը կատարում էր Թոդ Դունկանը։ Ֆիլմում նա կատարում է երգի կրճատ տարբերակը՝ խաղալով բանտարկյալներից մեկի դերը։ Մահճակալին պառկած, նա երգում է՝ մեկ այլ կիթառահար բանտարկյալի նվագակցությամբ, իսկ մյուսները տխուր լսում են[2]։ Նվագախմբի ղեկավար Լես Բաքստերը ևս կատարել է երգի վաղ տարբերակներից մեկը։ Կատարումը Միացյալ Նահանգների երգերի վարկանիշային աղյուսակներում հասավ մինչև առաջին հորիզոնական, իսկ Միացյալ Թագավորությունում՝ տասներորդ։ Երգի սկզբում կրկնվում են «պոկիր շղթաներս» բառերը, իսկ մնացած տեքստը կատարում է երգչախումբը։ 1955 թվականին Բիլբորտի «տարվա 100 լավագույն սինգլների» ցանկում երգը գրավեց հինգերորդ հորիզոնականը[11]։ Երգի հաջորդ կատարողը դարձավ Օլ Հիբլերը՝ վոկալային տարբերակով և Բիլբորտի ցանկում այն գրավեց արդեն երրորդ հորիզոնականը, իսկ Միացյալ Թագավորության վարկանիշային ցուցակներում՝ երկրորդ։ Նրան արագ հաջորդեց Ջիմմի Յանգը, որի տարբերակը բրիտանական ցուցակներում առաջին հորիզոնականը գրավեց։ 1964 թվականին Ջիմմի Յանգը երգի մեկ այլ տարբերակ ևս ձայնագրեց, որը սակայն, չունեցավ նույն հաջողությունը, ինչ որ առաջինը։ 1955 թվականին, Յանգի հաջողությունից ընդամենը երկու շաբաթ էլ չէր անցել, երբ Լիբերաչին կատարեց երգի իր տարբերակը և քսաներորդ տեղը զբաղեցրեց վարկանիշային աղյուսակներում։ Ռոյ Համիլտոնի տարբերակը (Epic Records-ի կատալոգային համարը 9102) «Առ ընդ բի» բեսթսելլերների ցանկում գրավեց առաջին հորիզոնականը և փոփ երգերի ցանկում՝ վեցերորդը[12]։ 1956 թվականին Հարի Բելաֆոնտեն երգը կատարեց «Ակադեմիական մրցանակաբաշխության» (Academy Awards) ժամանակ, որտեղ այն ներկայացվել էր «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։

Ռայթըս Բրադրսի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Unchained Melody-ի ամենահայտնի տարբերակը կատարել է Ռայթըս Բրադրս դուետը՝ 1965 թվականին։ Գլխավոր վոկալը կատարում է Բոբի Հեթֆիլդը, որն ավելի ուշ ձայնագրում է երգի այլ տարբերակներ ևս, բայց արդեն՝ առանձին։ Ըստ դուետի մյուս երգչի՝ Բիլ Մեդլիի, նրանք պայմանավորվել էին յուրաքանչյուրը մեկ մեներգ ունենալ ամեն մի համատեղ ալբոմում։ Երկուսն էլ ուզում էին իրենց չորրորդ ալբոմում կատարել «Unchained melody»ն, սակայն Հեթֆիլդը հաղթում է վիճակահանության մեջ[13]։ «Unchained melody»ն ի սկզբանե թողարկվեց որպես «Hung On You» սինգլի ձայնապնակի «B» երեսի երգ՝ հաջորդելով «Just Once in My Life» սինգլին։ Այնուամենայնիվ «Hung On You» երգը չկարողացավ շարժել ռադիո-DJ-ների հետաքրքրությունը, որոնք նախընտրում էին ձայնապնակի «ետևի երեսը»՝ «Unchained melody»ն։ Ըստ Մեդլիի, պրոդյուսեր Ֆիլ Սփեքթորը, որը միտումնավոր կերպով մի «անպետք» երգ էր տեղադրել «ետևի երեսին», պարզապես կատաղում էր, երբ դիջեյները շարունակ գերադասում էին այդ «անպետք» երգը և կոչ էր անում ռադիոկայաններին, որ արգելեն նրանց միացնել «Unchained melody»ն[14]։ Այնուհանդերձ, դա չխանգարեց երգի ժողովրդականությանը և հաջողությանը և 1965 թվականին Բիլբորտի «լավագույն երգերի հարյուրյակում» (Billboard Hot 100) երգը գրավեց չորրորդ, իսկ Միացյալ Թագավորությունում՝ 14-րդ հորիզոնականը։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի ձայնագրության հետ կապված գոյություն ունեն որոշ տարաձայնություններ, ըստ որոնց Սփեքթորի ստուդիան թողարկել է Ռայթըս Բրադրսի բազմաթիվ ձայնապնակներ, սակայն կոնկրետ «Unchained melody»ն թողարկվել է բացառապես Մեդլիի ջանքերի շնորհիվ[15][16]։ Սփեքթորն ի սկզբանե հետաքրքրված էր սինգլներ թողարկելով և բնականաբար «Unchained melody»ն պետք է դուրս մնար ալբոմներից։ Մեդլին ասել է. «Ֆիլը եկավ ինձ մոտ և խնդրեց, որ ինքս թողարկեմ Ռայթըս Բրադրսի ալբոմները, քանի որ նրանք չափազանց երկար են և ծախսատար»[17]։ Ձայնագրման փորձերի ժամանակ Հեթֆիլդը մի քանի փոփոխություններ է անում, բայց հետո վերադառնալով սկզբնական տարբերակին, միայն փոխում է «I need your love» տողը և այն մի փոքր բարձր տոնով է երգում։ Հետո նա ասում է, որ կարող էր ավելի լավ կատարել այդ կտորը, որին Մեդլին պատասխանում է, որ չէր կարող[16]։ Մեդլին դաշնամուրով նվագակցում է Հեթֆիլդին։ Ավելի ուշ նա ասելու էր. «Եթե իմանայի, որ երգը հիթ է դառնալու, ավելի լավ դաշնակահար կհրավիրեի»։

Վերաձայնագրություն և վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին «Unchained melody»ն կրկին հայտնվում է Բիլբորտի ցանկում, երբ Ռայթըս Բրադրսի կատարումը օգտագործվում է «Ուրվականը» ֆիլմի (1990թ.) համար։ Այդ տարի Միացյալ Նահանգներում շրջանառվում էր երգի երկու տարբերակ՝ նախնականը և նոր ձայնագրությունը։ Ըստ Մեդլիի, նա ցանկանում էր նախնական տարբերակը թողարկել՝ քանի որ երգի նկատմամբ նորից հետաքրքրություն էր առաջացել, սակայն արտոնագրի հետ կապված որոշ հարցեր ծագեցին։ Չնայած Հեթֆիլդն այլևս չուներ նույն ձայնային հնարավորությունները, երբ նրանք առաջին անգամ էին ձայնագրում երգը, նրանք որոշեցին վերաձայնագրել այն Քարբ Ռեքորդսի համար[18]։ Վերաձայնագրված տարբերակը թողարկվեց թե՛ որպես ձայներիզային սինգլ և թե՛ որպես վինիլային սինգլ։ Թեպետ երգը ստացավ հեռարձակման մինիմում ժամանակ, սակայն վաճառքի ծավալները գերազանց էին։ 1991 թվականի հունվարի 10-ին երգի վերաձայնագրված տարբերակը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից (Recording Industry Association of America, RIAA) արժանացավ պլատինե մրցանակի և ստացավ Գրեմմի մրցանակ[19]։ Երգի այս վերաձայնագրված տարբերակը շուրջ չորս շաբաթ մնաց Միացյալ Թագավորության վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականում՝ դառնալով 1990 թվականին ամենաշատ վաճառված սինգլը՝ 2012 թվականի տվյալներով՝ 1 միլիոն 40 հազար օրինակ[20]։ 1990 թվականի վերաթողարկված տարբերակը առաջին հորիզոնականներ գրավեց նաև Ավստրալիայում, Ավստրիայում, Իռլանդիայում, Նիդերլանդներում և Նոր Զելանդիայում։

Ռոբսոն և Ջերոմի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբսոն և Ջերոմի տարբերակը նշանավոր է նրանով, որ դարձավ 1995 թվականին Միացյալ Թագավորությունում ամենաշատ վաճառված սինգլը։ Այն նաև Ռոբսոն և Ջերոմ երգչական դուետի կարիերայի սկիզբը դրեց և դարձավ Սայմոն Քաուելի մեծագույն հիթը, նշանավորելով նրա մուտքը երաժշտական արդյունաբերություն[21]։ 1994 թվականի նոյեմբերին, բրիտանական «Զինվոր, զինվոր» հեռուստատեսային դրամայի էպիզոդներից մեկում դերասաններ Ռոբսոն Գրինը և Ջերոմ Ֆլինը հանպատրաստից ներկայացրեցին Unchained melody-ն՝ դուետով[22][23]։ Նրանց կատարումը մեծ արձագանք առաջացրեց հանդիսատեսների շրջանում, որոնք փորձեցին ձեռք բերել դուետի ձայնագրությունը, որը, սակայն, դեռևս չկար։ Հանդիսատեսների ցուցաբերած հետաքրքրությունը երգի նկատմամբ գրավեց Սայմոն Քաուելի ուշադրությունը, որը հաջորդ չորս ամիսների ընթացքում այնպիսի եռանդով էր համոզում երկու անտարբեր դերասաններին ձայնագրել երգը, որ Ռոբսոն Գրինը սպառնաց իրավական գործողություն կիրառել նրա նկատմամբ, եթե չդադարի անհանգստացնել իրենց[24][25]։ Ի վերջո դերասանները համաձայնեցին ձայնագրման պայմանագիր ստորագրել Քաուելի հետ և ձայնագրեցին Ռայթըս Բրադրսի տարբերակի նման մի դուետ։ Ձայնագրությունը իրականացրեց Մայք Սթոք և Մաթ Այթքեն ստուդիան։ Ավելի ուշ Սթոքը կբացահայտեր, որ երգի որոշ հատվածներ կատարելիս երգիչներին «օգնում էին» ուրիշ երգիչներ[26][27]։ Ձայնագրությունն անմիջապես առաջին տեղը գրավեց Միացյալ Թագավորությունում և թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց երգի 314 հազար օրինակ. այդ ժամանակ այն ամենաարագ վաճառված սինգլն էր վարկանիշային աղյուսակների պատմության մեջ[23]։ Յոթ շաբաթ շարունակ երգը մնաց վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականում, դառնալով 1995 թվականի ամենաշատ վաճառված սինգլը և երկրի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սինգլներից մեկը՝ մեկ միլիոն 860 հազար վաճառված օրինակներով։ «Ռոբսոն և Ջերոմ» ալբոմը, որը նրանք թողարկեցին այդ տարվա վերջին, նույնպես դարձավ 1995 թվականի ամենաշատ վաճառված ալբոմը[28]։ Սայմոն Քաուելը, որը մինչ այդ հայտնի էր միայն որպես հեռուստատեսային ձայնագրությունների կոմպոզիտոր, ինչպես օրինակ «Զիգն ու Զագը» տիկնիկային ներկայացման մեջ և «Հզոր Ռենջերներ» խաղարկային ֆիլմում, հայտնվեց զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ կարողացել էր հիթային ձայնագրություններ կատարել։

Այլ նշանավոր կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թ. Սփայք Միլիգան և Փիթեր Սելերս[29][30]
  • 1979 թ. Ջորջ Բենսոն[31]
  • 1981 թ. «Հարթ» (Heart) խումբ[32](2006 թվականին այս կատարումը տեղ գտավ խմբի թողարկած «Սիրային երգեր» ալբոմում)
  • 1986 թ. Լեո Սեյեր[33]
  • 2003 թ. Սինդի Լոպեր (նրա կատարումը ներկայացվեց 2005 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը «Լավագույն գործիքային կոմպոզիցիա վոկալի համատեղությամբ» անվանակարգում[34])
  • 2006 թ. Բառի Մանիլոու[35]
  • 2011 թ. Սյուզան Բոյլ[36]

Երգը «քանթրի» աղյուսակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տարբեր կատարումներ ձևավորել են քանթրի երգերի վարկանիշային աղյուսակներ։

  • Ջո Սթեմլի, 1975 թ. (համար 41)[37]
  • Էլվիս Փրեսլի, 1978 թ. (համար 6)։ 1977 թվականի հունիսի 21-ին Էլվիս Փրեսլին կատարեց երգը Հարավային Դակոտայի Ռափիդ քաղաքում կայացած մի շոուի ժամանակ։ Շոուն, որ ներկայացվեց որպես «նրա կարիերայի վերջին մեծ պահերը», հեռարձակվեց Փրեսլիի մահից (1977 թ. օգոստոս) երկու ամիս առաջ[38]։
  • Ռոննի Մաքդաուել, 1991 թ. (համար 26)[39]
  • Լիեն Ռայմս, 1997 թ. (համար 3)[40]

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Unchained melody -ն միակ երգն է, որի չորս տարբեր ձայնագրություններ գրավել են առաջին հորիզոնականներ Միացյալ Թագավորության վարկանիշային աղյուսակներում, մինչև որ այն միացավ «Do They Know It's Christmas» բարեգործական սինգլին՝ 2014 թվականին վերաձայնագրման ժամանակ[7][41]։ Այն միակ երգն է, որի միլիոնից ավելի օրինակներ են վաճառվել Միացյալ Թագավորությունում՝ երեք տարբեր ձայնագրություններից՝ Ռոբսոն և Ջերոմ- 1.86 միլիոն, Գարեթ Գեյթս-1.34 միլիոն և Ռայթըս Բրադրս-1.04 միլիոն[20]։ Միացյալ Թագավորության հեռուստատեսության չորրորդ և հինգերորդ հեռուստաալիքների անցկացրած հարցախույզների արդյունքում երգը առաջինն է ճանաչվել սիրային երգերի ցանկում։ Երգը կատարել են շատ արտիստներ. համաձայն երգի թողարկման համար պատասխանատու վարչակազմի հրապարակած տեղեկության, Unchained Melody-ի մոտավորապես 1500 ձայնագրություններ են կատարվել ավելի քան 670 արտիստների կատարմամբ՝ բազմաթիվ լեզուներով։ Երգի ժողովրդականությունը նաև վկայում է, որ այն դասվում է պրոդյուսերային ընկերություններին ամենամեծ շահույթ ապահոված երգերի դասին. ԲիԲիՍիի հրապարակած «Աշխարհի ամենաշահութաբեր երգերի» ցանկում այն գրավել է հինգերորդ հորիզոնականը՝ 18 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր շահույթով[42]։

Գնահատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին երգը արժանացել է Օսկարի՝ Լավագույն երգ անվանակարգում՝ «Շղթայազերծը» ֆիլմի երաժշտության համար[43]։ Ռայթըս Բրադրսի վերաձայնագրած տարբերակը արժանացել է Գրեմմի մրցանակի՝ 33-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Լավագույն փոփ կատարում զուգերգով կամ խմբով» անվանակարգում[44], իսկ Ռայթըս Բրադրսի սկզբնական կատարումը 2000 թ. ընդգրկվել է Գրեմմիի Հոլ ըվ Ֆեյմում (Grammy Hall of Fame)[45][46]: 1992 թվականին երգը մրցանակ շահեց ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ասոցիացիայի կողմից (ASCAP), որպես տարվա ամենաշատ կատարված երգ։ Նույն ասոցիացիան 1999 թվականին երգը ընդգրկեց 20-րդ դարի 25 ամենաշատ կատարված երգերի և երաժշտական ստեղծագործությունների ցանկում, իսկ 2003 թվականին երգը ճանաչվեց 1950-ականների ամենաշատ կատարված սիրային երգ[47]։ 2001 թվականին երգը 138-րդ հորիզոնականը գրավեց Ամերիկայի ձայնագրման ինդուստրիա ասոցիացիայի «Դարի երգեր» ցանկում[48]։ 2004 թվականին «Ռոլինգ Սթոունը» երգի Ռայթըս Բրադրսի կատարումը ընդգրկեց իր «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր» ցանկի 365-րդ տեղում։ 2004 թվականին ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի (AFI's 100 Years...100 Songs) ցանկում գրավեց 27-րդ հորիզոնականը[49]։ 2007 թվականին երգահանների Songwriters Hall of Fame ընկերությունը «Շղթայազերծ մեղեդուն» մրցանակ շնորհեց որպես մի երգի, որը «տարիներ շարունակ յուրահատուկ ազդեցություն է ունեցել մշակույթի վրա»[50][51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ISWC-Net
  2. 2,0 2,1 Robert Rodriguez, The 1950s' Most Wanted: The Top 10 Book of Rock & Roll Rebels, Brassey's, p.90.
  3. Dowling, Stephen (2003 թ․ նոյեմբերի 6). «Entertainment | Brothers in good company with hits». BBC News. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  4. «Unchained Meldoy». Unchained Melody Publishing LLC.
  5. «500 Greatest Songs of All Time». Rolling Stone.
  6. The encyclopedia of singles. 1999. էջ 222. ISBN 0-7525-3337-1. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Record Breakers and Trivia : Singles : Individual Hits : Number 1s». Every Hits.
  8. «Biography of Hy Zaret». Argosy Music Corporation.
  9. «'Unchained Melody' Lyricist Dies at 99 All Things Considered». National Public Radio (U.S.). 2007 թ․ հուլիսի 3. The audio linked from that page includes snippets of various artists performing the song.
  10. 10,0 10,1 10,2 «"Lyricist behind Unchained Melody dies", CBC Arts». CBC. 2007 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 5-ին.
  11. «Billboard Top 30 – 1955». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  12. Whitburn, Joel (2004). Top R&B/Hip-Hop Singles: 1942–2004. Record Research. էջ 243.
  13. Steve Sullivan (2013 թ․ հոկտեմբերի 4). Encyclopedia of Great Popular Song Recordings, Volume 2. Scarecrow Press. էջ 632. ISBN 978-0-8108-8295-9.
  14. Bill Medley (2014 թ․ ապրիլի 24). The Time of My Life: A Righteous Brother's Memoir. Da Capo Press. էջեր 53–54. ISBN 978-0-306-82316-9.
  15. Robert Dimery (2011 թ․ դեկտեմբերի 5). 1001 Songs: You Must Hear Before You Die. Cassell Illustrated.
  16. 16,0 16,1 Prato, Greg (2014 թ․ հունիսի 15). «Bill Medley of The Righteous Brothers». Songfacts.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. Sharp, Ken. «Soul & Inspiration: A Conversation with Bill Medley of the Righteous Brothers (page 2)». Rockcellar Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. Bill Medley (2014 թ․ ապրիլի 24). The Time of My Life: A Righteous Brother's Memoir. Da Capo Press. էջ 140. ISBN 978-0-306-82316-9.
  19. «Hatfield dies at 63». Billboard. 2003 թ․ նոյեմբերի 15.
  20. 20,0 20,1 Ami Sedghi (2012 թ․ նոյեմբերի 4). «UK's million-selling singles: the full list». The Guardian. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  21. Justin Lewis (2012). Olly Murs – The Biography. John Blake. ISBN 978-1-78219-085-1.
  22. Jon Kutner (2010 թ․ մայիսի 26). 1000 UK Number One Hits. Omnibus Press. ISBN 978-0-85712-360-2.
  23. 23,0 23,1 Official Charts Company (2012 թ․ նոյեմբերի 4). Million Sellers. Omnibus Press. ISBN 978-0-85712-882-9.
  24. Chas Newkey-Burden. Simon Cowell: The Unauthorized Biography. Michael O' Mara Books. ISBN 978-1-84317-445-5.
  25. Natalie Wain (2011 թ․ հունվարի 24). «I was warned to stop harassing TV stars Robson and Jerome, admits Simon Cowell». Daily Mail.
  26. Richard Simpson (2008 թ․ դեկտեմբերի 20). «The fake factor: Robson and Jerome may have made Cowell's name … but they needed help to hold a tune». Daily Mail.
  27. Tom Bower (2012). Sweet Revenge: The Intimate Life of Simon Cowell. Faber & Faber Non Fiction. ISBN 978-0-571-29938-6.
  28. Ross McG (2015 թ․ հունիսի 17). «What was the biggest selling album in 1995 Britpop Britain? The answer may surprise you». Metro.
  29. «Surreal brand of humour which baffled the Beeb». Yorkshire Post. 2002 թ․ փետրվարի 27.
  30. «The Goons – Unchained Melodies». Discogs.
  31. «Billboard Adult Contemporary Chart History for Unchained Melody by George Benson». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  32. «Heart | Awards». AllMusic. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  33. «Leo Sayer». The Official UK Charts Company.
  34. Kenneth Jones (2005 թ․ փետրվարի 11). «Which Cast Album Will Win the Grammy Feb. 13? Avenue Q, Assassins, Boy From Oz, Wicked or Wonderful Town?». Playbill.
  35. «Oldies Good to Manilow». Billboard: 22. 2006 թ․ փետրվարի 18.
  36. https://www.youtube.com/watch?v=hUKokyvgnhA
  37. Whitburn, Joel (2008). Hot Country Songs 1944 to 2008. Record Research, Inc. էջ 397. ISBN 0-89820-177-2.
  38. Andy Greene (2013 թ․ ապրիլի 4). «Flashback: Elvis Presley Sings 'Unchained Melody' Two Months Before His Death». Rolling Stone.
  39. Whitburn 2008, p. 269
  40. Whitburn 2008, p. 352
  41. Paul Sexton (2014 թ․ նոյեմբերի 24). «Band Aid 30's 'Do They Know It's Christmas' Opens at No. 1 in U.K. With Huge Sales». Billboard.
  42. «BBC4….The World's Richest Songs». Did You Watch It. 2012 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  43. «25 Greatest Original Song Oscar Nominees that lost». HitFix. 2014 թ․ փետրվարի 24.
  44. Paul Geitner (1991 թ․ հունվարի 11). «Grammy Nominees Announced». Associated Press.
  45. Don Tyler (2007 թ․ հունիսի 15). Hit Songs, 1900–1955: American Popular Music of the Pre-Rock Era. McFarland & Co Inc. էջ 338. ISBN 978-0-7864-2946-2.
  46. «GRAMMY Hall Of Fame List». GRAMMY.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  47. Douglas Martin (2007 թ․ հուլիսի 3). «Hy Zaret, 99, Tin Pan Alley Lyricist, Is Dead».
  48. «Songs of the Century». CNN. 2001 թ․ մարտի 7.
  49. «AFI'S 100 Years...100 Songs». American Film Institute.
  50. «"Unchained Melody" Honored As 2007 Songwriters Hall Of Fame "Towering Song"». Songwriters hall of Fame.
  51. John Bessman (2007 թ․ հունիսի 9). «They Wrote The Song». Billboard.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Unchained Melody» հոդվածին։