USS Indianapolis (CA-35)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ինդիանապոլիս»-ը Փերլ-Հարբորում՝ 1937 թվականին

«Ինդիանապոլիս» (անգլ.` USS Indianapolis (CA-35), «Փորթլենդ» դասի ամերիկյան ծանր հածանավ, որը խորտակվել է 1945 թվականի հուլիսի 30-ին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության մեջ` «Ինդիանապոլիս» հածանավի հետ կատարված աղետը հայտնի է, որպես մեկ խորտակման արդյունքում` զոհերի առավելագույն քանակն ունեցածներից մեկը (883 մարդ)։ Այն Երկրորդ համաշխարհային պատերազմում դարձել է ԱՄՆ ռազմածովային ուժերի վերջին խորտակված խոշոր նավը։

Նավաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինդիանապոլիս»-ը պատվիրվել էր 1930 թվականին՝ ԱՄՆ նավատորմի համար և դարձել էր «Փորթլենդ» դասի ծանր հածանավերի երկրորդ և վերջին նավը։ Ի սկզբանե նախագծվել էր որպես թեթև` CL-35 բնույթի նավ, սակայն 1931 թվականի հուլիսի 1-ին, Լոնդոնի ծովային համաձայնագրի շրջանակներում, վերադասակարգվել է որպես ծանր, համարանիշի` СА-35 փոփոխմամբ։ Բոլոր ութ նախագծված նավերը համարվում էին «Նորթհեմփթոն» դասի հածանավերի զարգացումներ, սակայն կառուցվել էին ընդամենը երկուսը, մնացած վեցի շինարարությունը ավարտվել էր որպես` «Նյու-Օռլեան» հածանավերի նոր դասի նավեր։

«Ինդիանապոլիս»-ը ջուրն է իջեցվել 1931 թվականի նոյեմբերի 7-ին, գրեթե կես տարով շուտ, քան այդ դասի առաջին` «Փորթլենդ» նավը։ Ծառայության է ընդգրկվել 1932 թվականի նոյեմբերի 15-ին։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության ընթացքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար, «Ինդիանապոլիս» հածանավը ստացել է 10 մարտական աստղ։ 1945 թվականի հուլիսի 30-ին, «Little Boy» («Փոքրիկ») առաջին ատոմային ռումբի համար խիստ անհրաժեշտ սարքավորումները Տինիան կղզում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա հասցնելու առաքելությունն ավարտելուց հետո, հածանավը տորպեդահարվել է Ճապոնիայի կայսրական նավատորմին պատկանող I-58 սուզանավի կողմից և խորտակվել է 12 րոպե անց։ Նավի վրա գտնվող 1197 մարդուց մոտ 300 հոգին ջրասույզ են եղել նավի հետ միասին։ Մոտավորապես 880 մարդ, մի քանի փրկարարական մակույկներով, առանց ջրի և ուտելիքի, մնացել են օվկիանոսի երեսին։ Ջրում անցկացրած չորս օրերի ընթացքում, ողջ մնացածները սկսել են տառապել ջրազրկումից, հիպոթերմիայից և զգայապատրանքից, ենթարկվել շնաձկների հարձակմանը։ Որոշ տվյալներով, մոտավորապես 60-ից 80 նավաստիներ, զոհվել են շնաձկների հարձակումից։ Դա համարվում է շնաձկների հարձակման ամենախոշոր դեպքերից մեկը։

Օգնությունը հասել է միայն օգոստոսի 2-ին, երբ ջրի վրա գտնվողներին նկատել է PV-1 Ventura պարեկային ինքնաթիռը։ Տեղ հասած փրկարարներին հաջողվել է ջրից հանել միայն 321 նավաստու, որոնցից չորսը շուտով մահացել են։

Խորտակվելուց առաջ «Ինդիանապոլիս»-ը հասցրել է հաղորդել աղետի ազդանշաններ, որոնք ընդունել էին երեք կայաններ։ Այդ կայաններից ոչ մեկը չի արձագանքել հաղորդագրությանը։ Առաջին կայանի հրամանատարը հարբած է եղել, երկրորդի հրամանատարը ենթականերին կարգադրել էր իրեն չանհանգստացնել, իսկ երրորդի հրամանատարը ենթադրել էր, որ դա ճապոնացիներն են ցանկանում իրենց խաբել[1]։ 1999 թվականին, ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ, նավի կապավորը հաստատել է, որ ազդանշանը հաղորդվել է խորտակումից մի քանի րոպե առաջ։ Կատարվածից հետո, ծովային հետախուզությունը «Ինդիանապոլիս» հածանավի ուղերթի շրջանից որսացել է I-58 սուզանավից շտաբ հաղորդվող հաղորդագրությունը` խորտակված նավի վերաբերյալ, սակայն դրան նույնպես ոչ մի արձագանք չի տրվել[2]։

Նավապետ Չարլզ Մակվեյը, ով «Ինդիանապոլիս»-ի նավապետն էր 1944 թվականից, նավի խորտակումից հետո` փրկվածներից մեկն էր։ 1945 թվականի նոյեմբերին, ռազմական դատարանի կողմից նրան մեղադրանք առաջադրվեց «հակատորպեդային զորաշարժ չկատարելու պատճառով` նավը վտանգի ենթարկելու համար»։ Մյուս կողմից առկա էին փաստեր, որ հրամանատարությունն էր նավին վտանգավոր իրադրության մեջ դրել` չապահովելով հակասուզանավային ուղեկցումը։

Հետագայում, հարձակումը կատարած I-58 ճապոնական սուզանավի նավապետ Մոտիցուրա Հաշիմոտոն վկայություն է տվել, որ եթե նավը հակատորպեդային զորաշարժ կատարեր, ապա որևէ արդյունքի չէր հասնի և բոլոր դեպքերում կխոցվեր։ Ըստ նրա բառերի, իրենք հածանավի վրա մոտ հեռավորությունից արձակել էին 6 տորպեդ, որոնցից երկուսը դիպել են թիրախին։

Ժամանակի ընթացքում նավատորմի ծովակալ Չեսթեր Նիմիցը փոխեց Չարլզ Մակվեյի դատավճիռը և վերականգնեց նրա պաշտոնը։ Մակվեյը 1949 թվականին անցավ թոշակի` փոխծովակալի կոչումով։ Նավի խորտակումից ողջ մնացածներից շատերը, հաստատում էին, որ նավի խորտակման համար նավապետը ոչ մի մեղք չունի, սակայն զոհվածներից շատերի ընտանիքների անդամները հակառակն էին կարծում։ 1968 թվականին, որպես պարգև ստացած ատրճանակից` Չարլզ Մակվեյը ինքնասպան է եղել։

2000 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ կոնգրեսը որոշում հաստատեց` հածանավի կործանման մեղադրանքից Չարլզ Մակվեյի բարի անունը վերականգնելու մասին, որը ստորագրել էր նախագահ Բիլ Քլինթոնը։ 2001 թվականի հուլիսին, ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր քարտուղարը հրաման արձակեց` մաքրել նավապետ Մակվեյի անձնական գործը` հածանավի կործանման վերաբերյալ մեղադրանքների ցանկացած գրառումներից։

Հիշատակումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Sinking of USS Indianapolis: Navy Department Press Release, Narrative of the Circumstances of the Loss of USS Indianapolis, 23 February 1946». U.S. Navy. 1946 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.
  2. «USS Indianapolis CA-35». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]