Jump to content

Server-side request forgery (SSRF)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Server-side request forgery (SSRF)
ԵնթադասԷքսփլոյտ (համակարգչային անվտանգություն) Խմբագրել Wikidata

Server-side request forgery (SSRF) համակարգչային անվտանգության խոցելիություն է, որը թույլ է տալիս հարձակվողին ուղարկել հարցումներ խոցելի սերվերից դեպի ներքին[1], կամ արտաքին համակարգեր[2]: Այս խոցելիությունը առաջանում է, երբ սերվերի ֆունկցիոնալությունը շահարկվում է՝ հասանելիություն ստանալու կամ այն ռեսուրսները փոփոխելու համար, որոնք այլ կերպ անհասանելի են[3]։ SSRF-ը համարվում է API անվտանգության ամենակրիտիկական ռիսկերից մեկը[4]։ Նաև ճանաչված է որպես ծրագրային ապահովման ամենալուրջ խոցելիություններից մեկը[5]։

Ընդհանուր նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

SSRF միջադեպի ընթացքում խոցելի սերվերը հարցում է ուղարկում հարձակվողի կողմից տրամադրված կամ փոփոխված URL հասցեին։ Թեև տրամադրված URL-ը կարող է ուղղված լինել ցանկացած վերջնակետի, ամենատարածված թիրախներն են ներքին ցանցերը, localhost ծառայությունները և ամպային միջավայրերի մետատվյալների վերջնակետերը, որոնք սովորաբար անհասանելի են արտաքին օգտատերերի համար։

SSRF-ը չի սահմանափակվում միայն HTTP արձանագրությամբ։ Որոշ դեպքերում, երբ հավելվածն ինքն է կատարում երկրորդ հարցումը, այն կարող է օգտագործել տարբեր արձանագրություններ (օրինակ՝ FTP, SMB, SMTP և այլն) և սխեմաներ (schemes) (e.g. file://, phar://, gopher://, data://, dict://, etc.)[2]։

SSRF հարձակման ընդհանուր հոսքի սխեմա

SSRF հարձակման վտանգավի աստիճանը կախված է նրանից, թե որ ռեսուրսներին կարելի է հասանելիություն ստանալ և արդյոք սերվերի պատասխանը հասանելի է հարձակվողին։

Լուրջ դեպքերում SSRF-ը կարող է հանգեցնել ամպային միջավայրերի փոխզիջման, ներքին համակարգերի շահագործման, զգայուն տեղեկատվության ձեռքբերման կամ սերվերի օգտագործման, որպես միջնորդ, այլ վնասակար գործողությունները թաքցնելու նպատակով։

Ինչպես միջկայքային հարցումների կեղծման (CSRF՝ Cross-Site Request Forgery) հարձակման դեպքում, երբ հարձակվողը որպես միջնորդ օգտագործում է նույն տիրույթում գործող վեբ հաճախորդը, օրինակ՝ վեբ դիտարկիչը, այնպես էլ SSRF հարձակման դեպքում որպես միջնորդ օգտագործվում է նույն տիրույթում գտնվող խոցելի սերվերը։

Հիմնական SSRF

Այս տեսակի հարձակման դեպքում պատասխանը ցուցադրվում է հարձակվողին։ Սերվերը ստանում է հարձակվողի կողմից պահանջված URL հասցեն, կատարում է համապատասխան հարցումը և ստացված պատասխանը վերադարձնում հարձակվողին։

Կույր SSRF

Այս տեսակի հարձակման դեպքում պատասխանը չի վերադարձվում հարձակվողին։ Հետևաբար, հարձակվողը պետք է գտնի այլ եղանակներ, հաստատելու, որ տվյալ խոցելիությունն առկա է։

SSRF-ը տեղի է ունենում, երբ API-ի վերջնակետը դիմում է հաճախորդի կողմից տրամադրված URL հասցեին, առանց ստուգելու, որ հարցումն ուղղված է նախատեսված և թույլատրելի նպատակակետին[6]:

Կանխարգելման միջոցոցները ներառում են մուտքային տվյալների վավերացում, որը կարող է իրականացվել ստատիկ անվտանգության վերլուծության գործիքների (SAST՝ Static Analysis Security Testing) աջակցությամբ։

Հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել սերվերի կողմից կատարվող հարցումները, թույլատրելով միայն վստահելի հավելվածների նախապես հաստատված ցանկում (allowlist) ներառված հասցեներին ուղղված հարցումները։ Սակայն հոսթանունների վերլուծման (hostname resolution), վերահղումների (redirects) և DNS վերահղման (DNS rebinding) հետ կապված ռիսկերը մեղմելու համար կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ պաշտպանական միջոցներ։

Եթե սերվերը պետք է հարցումներ ուղարկի կամայական արտաքին դոմենների կամ IP հասցեների, խորհուրդ է տրվում կիրառել ցանցային տարանջատում (network segregation), որպեսզի ցանցային մակարդակում արգելափակվի չթույլատրված տրաֆիկը[2]:

Հայտնի շահագործման դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Capital One (2019) AWS-ի հավատարմագրերի բանալիի արտահոսքի պատճառ դարձած SSRF շահագործումը հանգեցրեց տվյալների խոշոր արտահոսքի։ Դրա հետևանքով բացահայտվեցին շուրջ 1 միլիոն սոցիալական ապահովագրության համարներ (Կանադա), 140,000 սոցիալական ապահովության համարներ (Social Security Numbers, ԱՄՆ) և 80,000 բանկային հաշիվների համարներ։ Միջադեպը ազդեց մոտավորապես 100 միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում և շուրջ 6 միլիոն մարդու վրա Կանադայում[7]: Դեպքից հետո ընկերությունը տուգանվեց 80 միլիոն ԱՄՆ դոլարով, ԱՄՆ-ի Office of the Comptroller of the Currency (OCC) կարգավորող մարմնի կողմից[8], և տվյալների արտահոսքի հետ կապված կոլեկտիվ հայցը (class-action lawsuit) կարգավորելու նպատակով վճարեց 190 միլիոն ԱՄՆ դոլար[9]:
  • 2021 թվականին Microsoft Exchange Server-ում հայտնաբերված SSRF խոցելիությունը հարձակվողներին հնարավորություն էր տալիս ուղարկել կամայական HTTP հարցումներ և նույնականանալ Exchange սերվերի անունից[10]: Այն դարձավ Microsoft Exchange Server-ի ամենահայտնի և ամենամեծ ազդեցությունն ունեցած շահագործման շղթան (exploit chain), ազդելով գնահատականներով շուրջ 250,000 սերվերի և 30,000 կազմակերպության վրա ԱՄՆ-ում[11]:

Ծանորագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Novikov, Ivan (2017 թ․ հունվարի 26). «SSRF Bible» (PDF). OWASP. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 1 2 3 «Server Side Request Forgery Prevention - OWASP Cheat Sheet Series». cheatsheetseries.owasp.org. Վերցված է 2025-09-11-ին.
  3. ↑ «The Open Web Application Security Project». OWASP.org. Արխիվացված է օրիգինալից 2019-09-19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  4. ↑ «OWASP API Security Top 10». owasp.org. Վերցված է 2025-09-11-ին.
  5. ↑ «CWE - 2024 CWE Top 25 Most Dangerous Software Weaknesses». cwe.mitre.org. Վերցված է 2025-09-11-ին.
  6. ↑ «CWE-918: Server-Side Request Forgery (SSRF)». CWE.Mitre.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. ↑ «2019 Capital One Cyber Incident | What Happened». Capital One (անգլերեն). Վերցված է 2025-09-17-ին.
  8. ↑ «OCC Assesses $80 Million Civil Money Penalty Against Capital One». OCC.gov (ամերիկյան անգլերեն). 2020-08-06. Վերցված է 2025-09-17-ին.
  9. ↑ «Capital One settles a class-action lawsuit for $190 million in a 2019 hacking. (Published 2021)» (անգլերեն). 2021-12-23. Վերցված է 2025-09-17-ին.
  10. ↑ Intelligence, Microsoft 365 Security, Microsoft Threat (2021-03-02). «HAFNIUM targeting Exchange Servers with 0-day exploits». Microsoft Security Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-09-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. ↑ «At Least 30,000 U.S. Organizations Newly Hacked Via Holes in Microsoft's Email Software – Krebs on Security» (ամերիկյան անգլերեն). 2021-03-29. Վերցված է 2025-09-17-ին.