Robot (լուսանկարչական սարք)
| Երկիր | Գերմանիա | |
|---|---|---|
Robot, լուսանկարչական ապարատ, զսպանակավոր լարման մեխանիզմով և ժապավենի ավտոմատ ձգման համակարգով լուսանկարչական ապարատների ընտանիք, որը 1934-1996 թվականներին արտադրել է գերմանական «Otto Berning & Co.» ընկերությունը (հետագայում՝ «Robot-Berning»)։ Այս խցիկների մեծ մասը սանդղակային կոդավորմամբ ապարատներ էին՝ նախատեսված ստանդարտ 35 մմ-անոց ֆոտոժապավենի համար՝ ապահովելով 24×24 մմ չափսի յուրօրինակ քառակուսի կադր։
Ավելի հազվադեպ են 18×24 և 24×36 մմ չափսի կադրերով կեսֆորմատ և փոքրֆորմատ մոդելները, իսկ արտադրանքի մի մասն էլ նախատեսված է եղել 6×24, 12×24 և 16×16 մմ ոչ ստանդարտ չափսերի համար։
Robot լուսանկարչական ապարատները համարվել են աշխարհում առաջին ընդհանուր նշանակության ֆոտոխցիկները, որոնք չեն պահանջել փականի ձեռքով լարում և ժապավենի առաջմղում։ Այս առանձնահատկության և փոքր չափսերի շնորհիվ դրանք անփոխարինելի են եղել կիրառական այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդալուսանկարահանումը և ծածուկ նկարահանումը՝ մի քանի տասնամյակ մնալով անմրցելի[1]։ Լուսանկարչական ապարատի առանձին նմուշներ ընդգրկված են եղել ԽՍՀՄ Պետական անվտանգության մարմինների հատուկ ստորաբաժանումների սպառազինության մեջ[2]։
Տեխնիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսանկարչական ապարատը ստեղծել է գերմանացի ժամագործ Հայնց Կիլֆիտը, որը 1930 թվականին մշակել է 24×24 մմ չափսի քառակուսի կադրով 35 մմ-անոց կինոժապավենային ֆոտոխցիկ: Սովորական 24×36 մմ փոքրֆորմատ կադրի համեմատությամբ՝ այն թույլ է տվել ստանդարտ ժապավենի տարողունակությունը 36-ից հասցնել 50 կադրի: «Eastman Kodak» և «Agfa» ընկերություններից մերժում ստանալով՝ Կիլֆիտն իր գյուտի արտոնագիրը վաճառել է Օտտո Բերնինգին, ով արդեն 1934 թվականին կազմակերպել է դրա սերիական արտադրությունը:
Առաջին «Robot I» լուսանկարչական ապարատները չժանգոտվող պողպատից պատրաստված կառուցվածքում պարունակել է զսպանակավոր մեխանիզմ, որն ունակ է եղել ժապավենը ձգել վայրկյանում մինչև 4 կադր հաճախականությամբ, և ոսպնյակամերձ պտտաթերթիկավոր տիպի սկավառակային փակիչ, որն ապահովել է 1-ից մինչև 1/500 վայրկյան պահաժամեր։ Զսպանակի մեկ լարումը, որն արտադրել է Baeuerle & Söhne ժամացույցի ընկերությունը, բավականացրել է ժապավենի 24 կադր ձգելու համար[3]: Հեռաչափ և ֆոկուսացման այլ սարքեր կառուցվածքով նախատեսված չեն եղել, քանի որ Zeiss Tessar հաստիքային կարճկիզակետ ոսպնյակները, որոնցով համալրվել են առաջին ապարատները, հստակության մեծ խորության շնորհիվ թույլ են տվել կիզակետել ըստ հեռավորության սանդղակի։
Երկրորդ «Robot II» մոդելի վրա կարողացել են տեղադրել մինչև 75 մմ կիզակետային հեռավորությամբ փոփոխվող ոսպնյակներ։ Ճարտարապետական և լանդշաֆտային նկարահանումների հատուկ լուսանկարչական աշխատանքների համար թողարկվել են մինչև 240 մմ կիզակետային հեռավորությամբ «Tele Xenar» ոսպնյակներ։ Հաստիքային ոսպնյակով նկարահանելիս կադրավորումն իրականացվել է պարզագույն հեռադիտակային տեսադիտակի միջոցով, իսկ փոփոփխվող օպտիկան համալրվել է դրա կցորդներով: Վերջինս ուներ պտտվող կառուցվածք, որը ներկառուցված հայելու միջոցով թույլ էր տալիս իրականացնել ինչպես ուղիղ տեսանշում, այնպես էլ դիտարկում կողքից՝ 90° անկյան տակ։ Այն ժամանակ 135 տիպի կասետների համընդհանուր ստանդարտ դեռևս գոյություն չուներ, ուստի «Robot» լուսանկարչական ապարատները նախատեսված են եղել յուրահատուկ կառուցվածքով «Կ» տիպի կասետների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լուսանկարչական ապարատի քաղաքացիական տարբերակի թողարկումը դադարեցվել է, և փոխարենը կազմակերպվել է ավիացիոն տարբերակի արտադրությունը, որը տեղադրվել է Junkers Ju 87 «Շտուկա» սուզանավարկիչ-ռմբակոծիչների պոչամասում՝ ռմբակոծման արդյունքներն արձանագրելու և օդային հետախուզություն իրականացնելու համար[4]: Ֆոտոխցիկը հաճախ հիշատակվել է «Robot Luftwaffen Eigentum» անվանմամբ, որի վերջին երկու բառերը նշանակել են «Լյուֆտվաֆեի սեփականություն»։ Ի տարբերություն սովորական տարբերակի՝ ավիացիոնն ունեցել է զսպանակի մեծացված լարում և դեպքերի մեծ մասում զուրկ է եղել որևէ տեսադիտակից[5]։ Պատերազմի ավարտից հետո սկսվել է առավել կատարելագործված «Robot IIa» և «Robot Star» ապարատների թողարկումը։ Բացի այդ, սերիապես արտադրվել են լուսանկարչական ապարատներ՝ հատուկ նախատեսված քողարկման և ծածուկ նկարահանում իրականացնելու համար[6]։
Խորհրդային պատճեն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե) պատվերով 1949 թվականին Լենինգրադի ԳՕՄԶ (Պետական օպտիկամեխանիկական գործարան) միավորումում արտադրվել են «Robot» լուսանկարչական ապարատների խորհրդային պատճենները[7]։ Հայտնի են Լենինգրադում թողարկված «Robot II»-ի գրեթե ճշգրիտ պատճեն հանդիսացող առնվազն մի քանի նմուշներ[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Немецкий фотоаппарат Robot II» (ռուսերեն). LiveInternet. 2014-09-30. Վերցված է 2016-10-10-ին.
- ↑ Г. Абрамов. «Из истории создания первого советского специального фотоаппарата «Аякс»». Камеры для разведцелей (ռուսերեն). Этапы развития отечественного фотоаппаратостроения. Արխիվացված օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016-10-09-ին.
- ↑ Stephen Gandy (2003-11-26). «Robot 1: Heinz Kilfitt's 1934 Motorized Masterpiece». Camera Articles (անգլերեն). Stephen Gandy's CameraQuest. Արխիվացված օրիգինալից 2015-07-16-ին. Վերցված է 2016-10-10-ին.
- ↑ «Robot II "Luftwaffe"» (անգլերեն). 99 Cameras Museum. Վերցված է 2025-12-17-ին.
- ↑ Dan Cuny (2020-08-31). «Robot Luftwaffen Eigentum» (անգլերեն). Concert Photos, Historical Images, Widelux-XPan Images, Travel Photos, Camera Reviews & Camera Collecting Blog. Վերցված է 2025-12-17-ին.
- ↑ Г. Абрамов. «Музей истории шпионской техники Кита Мэлтона». Камеры для разведцелей (ռուսերեն). Этапы развития отечественного фотоаппаратостроения. Արխիվացված օրիգինալից 2016-10-12-ին. Վերցված է 2016-10-11-ին.
- ↑ 1200 фотоаппаратов из СССР, 2009, էջ 598
- ↑ «Информационный бюллетень №8. Советский «РОБОТ»» (ռուսերեն). «Фотолюбитель». 2018-07-02. Արխիվացված օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2020-10-18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Суглоб В. П. Глава II. Фототехника специального назначения // 1200 фотоаппаратов из СССР / И. Вирковский. — Минск: «Медиал», 2009. — С. 589—626. — 656 с. — ISBN 978-985-6914-10-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Инструкция фотоаппаратов Robot» (PDF) (անգլերեն). Butkus. Վերցված է 2016-10-11-ին.
- «Robot» (անգլերեն). Camera Wiki. Վերցված է 2016-10-10-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Robot (լուսանկարչական սարք)» հոդվածին։ |