Jump to content

Quid pro quo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Quid pro quo (լատիներեն բառացի՝ «ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց»[1]), ապրանքների կամ ծառայութունների փոխանակում՝ փոխարենը որևէ բան ստանալու ակնկալիքով, «լավություն՝ լավության դիմաց»։ Նման նշանակությամբ այլ արտահայտություններից են «տուր և վերցրու», «դու քորիր իմ մեջքը, և ես կքորեմ քոնը», «սա՝ դրա համար»[2], «մի ձեռքը լվանում է մյուսի համար» և այլն։ Նմանաբովանդակ արտահայտություններ գոյություն ունեն շատ լեզուներում։

Լատիներեն quid pro quo արտահայտությունն ի սկզբանե կիրառվում էր «ինչ-որ բան ինչ-որ բանի փոխարեն» նշանակությամբ, այսինքն՝ ուներ փոխարինման իմաստ, ինչպես, օրինակ,  «Ես ձեզ տվեցի շաքարավազ՝ աղի փոխարեն» նախադասության մեջ։ Արտահայտությունն այլ լեզուներ փոխառվել է սկզբնական լատիներեն նշանակությամբ։ 1530-ական թվականների Անգլիայում եզրույթը գործածվում էր հիմնականում մեկ այլ դեղամիջոցի՝ մյուսով փոխարինելու համատեքստում՝ անկախ այն բանից, թե այդ փոխարինումը լինում էր ակամայից, թե խարդախությամբ[3][4]։ Նույն դարի վերջում quid pro quo-ն ավելի առօրեական բառապաշար մտավ՝ համարժեք փոխանակումներ նկարագրելու համար[5]։

1654 թվականին quid pro quo արտահայտությունը հանդիպում է «Չարլզ արքայի թագավորությունը. տարեգրված պատմություն» աշխատությունում՝  անձնական շահի կամ փոխադարձության ակնկալիքով արված մի բանի համար նշանակությամբ, դրական ենթատեքստով[6]։

Quid pro quo-ն այսօր էլ օգտագործվում է իրավական և դիվանագիտական ​​համատեքստերում՝ որպես հավասարապես արժեքավոր ապրանքների կամ ծառայությունների փոխանակում[7]։

Եվրոպական այլ լեզուներում, ինչպես օրինակ իտալերենում, ֆրանսերենում, իսպաներենում կամ պորտուգալերենում quid pro quo-ն ունի անգիտակցաբար սխալվելու կամ սխալ հասկանալու ենթատեքստ։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական իմաստով quid pro quo-ն ցույց է տալիս, որ ապրանքը կամ ծառայությունը վաճառվել է արժեքավոր բանի դիմաց, հատկապես երբ գործարքի համարժեքությունը հարցականի տակ է։ Պայմանագիրը պետք է ունենա որոշակի նկատառում առ այն, որ արժեք ունեցող մի բան փոխանակվում է արժեք ունեցող մեկ այլ բանի հետ։ Օրինակ՝ հագուստ կամ կաթ գնելիս հաճախորդը նախապես սահմանված գումար է փոխանակում գնվող ապրանքի հետ, հետևաբար վերջինը ստացել է ինչ-որ բան, բայց փոխարենը հրաժարվել է հավասար արժեք ունեցող մեկ այլ բանից։

Այսինքն՝ իրավաբանական տեքստերում quid pro quo արտահայտությունը գործածվում է փոխադարձության իմաստով՝ հակադրելով այն պարտավորությունների միակողմանի բնույթին։ Սակայն հատկապես բիզնես գործարքների դեպքում եզրույթը բացասական ենթատեքստ ունի, քանի որ մեծ կորպորացիաները կարող են խախտել էթիկական սահմանները այլ մեծ բիզնես ընկերությունների հետ փոխադարձաբար շահավետ և արժեքավոր գործարքի մեջ մտնելու համար։ Այսպիսի գործարքները մեծ գումարների համար են և ուստի կարող են հանգեցնել անորոշ ժամանակով բացառիկ գործընկերության խոստումների կամ տնտեսական հաշվետվությունների խեղաթյուրման խոստումների[8][9]։

ԱՄՆ-ում օրինական իրավունք ունեն աջակցելու այն թեկնածուներին, ովքեր զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որոնց հետ համաձայն են դոնորները, կամ որոնք օգուտ կբերեն դոնորներին։ Նման վարքագիծը դառնում է կաշառակերություն միայն այն դեպքում, երբ առկա է բացահայտելի փոխանակում ներդրման և հետագայում պաշտոնի զբաղեցման միջև․ quid pro quo եզրույթը նկարագրում է նաև այսպիսի փոխանակումը[10]։

Քրեական իրավունքում quid pro quo-ն գործարվում է որպես մեղմասացություն շորթման կամ կաշառակերության պես հանցագործությունների դեպքում[11]։

Quid pro quo-ն հաճախակիորեն նշվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետաքննության ժամանակ՝ նկատի ունենալով այն մեղադրանքը, Հանթեր Բայդենի հետաքննության հարցում նրա հարցումը նախապայման է եղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ Կոնգրեսի կողմից լիազորված ռազմական օգնություն տրամադրելու համար[12]։

Հակակոռուպցիոն համատեքստում quid pro quo-ն հաճախ գործածվում է՝ նկարագրելու ոչ էթիկական կամ անօրինական գործարքներ, որոնք արվում են  իշխանության կամ պետական ​​պաշտոնի չարաշահմամբ։ Այս եզրույթը սովորավար կիրառվում է կաշառակերություն, շորթում և կոռուպցիոն այլ դրսևորումներ նկարագրելիս, երբ անհատը կամ կազմակերպությունը օգուտ է տալիս՝ որոշակի արտոնյալ վերաբերմունքի, բարենպաստ որոշումների կամ ռեսուրսների հասանելիության դիմաց։

Օրինակ՝ հանրային հատվածին վերաբերելի կոռուպցիայի դեպքում quid pro quo պայմանավորվածությունը կարող է լինել պետական ​​պաշտոնյայի կողմից մասնավոր ընկերությանը «նվիրաբերած» շահութաբեր գործարք՝ ատկատների[13] կամ անձնական ձեռքբերումների դիմաց։ Նման դեպքերում խաթարվում է հանրային շահը, քանի որ որոշումներն ունենում են ոչ թե արժանիքների, այլ մասնավոր շահի ազդեցությունը, և թափանցիկ չեն լինում։ Նման կերպ, քաղաքական կոռուպցիայի դեպքում quid pro quo պայմանավորվածությունը կարող է լինել քարոզարշավի նվիրատվությունների կամ նվերների տեսքով, որոնք առաջարկվում են օրենսդրական աջակցության կամ կարգավորող զիջումների դիմաց: Այսպիսի պայմանավորվածությունները քայքայում են հանրային ինստիտուտների, ինչպես նաև հաշվետվողականության և արդարության սկզբունքների հանդեպ վստահությունը։

Quid pro quo պայմանավորվածությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը հաճախ ներառում են կաշառակերության դեմ խիստ օրենքների կիրարկում, որոշումների կայացման գործընթացներում թափանցիկության բարձրացում, ինչպես նաև զսպումների և հակակշիռների սկզբունքի միջոցով ազնվության խթանում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Quid Pro Quo-ի սահմանումը՝ trigs.djvu.org էլեկտրոնային բառարանում». triggs.djvu.org. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Quid Pro Quo Harassment: What It Is? Know Everything» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «quid pro quo - Advanced search results in Historical Thesaurus | Oxford English Dictionary». www.oed.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Grant, Anthony (2019 թ․ նոյեմբերի 25). «Quid pro quo: the origins of the Latin term and how its uses evolved in English». The Conversation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Definition of QUID PRO QUO». www.merriam-webster.com (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. L'Estrange, Hamon; L'Estrange, Hamon; Faithorne, William (1656). The reign of King Charles: an history disposed into annalls. Boston Public Library. London: Printed by F.L. and J.G. for Hen: Seile, Senior and Junior, over against St. Dunstans Church in Fleetstreet, and Edw: Dod, at the Gun in Ivy-lane.
  7. Galles, Gary (2014 թ․ հոկտեմբերի 23). «Understanding "Quid Pro Quo" | Mises Institute». mises.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «Do You Know What Quid Pro Quo Means? – ABA Law Info». abalawinfo.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. Տես օրինակ. «2–302 Unconsciable contract or term». Uniform Commercial Code. Cornell Universit (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. Sahajwani, Manish. «Bribery vs. Lobbying: What's the Difference?». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. Norris, Mary (2019 թ․ նոյեմբերի 25). «A Quid-Pro-Quo Mystery». The New Yorker (ամերիկյան անգլերեն). ISSN 0028-792X. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Top White House official told Congress 'there was no doubt' Trump sought quid pro quo with Ukrainians». The Washington Post.
  13. Ալեքսանյան, Հարություն; Գոլդբերգ, Ելեն (2016). Բարեվարքության եզրույթների բառարան. Երևան: «Էդիթ Պրինտ». էջ 128.