Շելկովնիկովի կուտորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Neomys teresից)
Շելկովնիկովի կուտորա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Eulipotyphla
Ընտանիք Գետնափորներ (Soricidae)
Ենթաընտանիք Soricinae
Տրիբա Nectogalini
Ցեղ Neomys
Տեսակ Շելկովնիկովի կուտորա (N. teres)
Միջազգային անվանում
Neomys teres
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Շելկովնիկովի կուտորա (լատին․՝ Neomys schelkovnikovi), գետնափորների ընտանիքի կուտորաների ցեղի կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մեծ և Փոքր Կովկասում, Կուր-Արաքսյան հարթավայրում, Թուրքիայում, Իրանում, Հայաստանում։ ԼՂՀ-ում հանդիպում է Թարթառ գետի հովտում, Սարսանգի և Մատաղիսի ջրամբարների շրջակայքում։ Նկատվում է արեալի կրճատման միտում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտորաները բնակություն են հաստատում գետերի, առվակների ափերին, նախընտրում են պարզ ջրերով առվակները, որոնք ունեն արագ հոսք։ Սակայն առանձին դեպքերում կարող են հեռանալ ջրամբարներից և ապրել խոնավ տարածքներում։ Կուտորաները բներ փորում են հազվագյուտ և կարող են յուրացնել խլուրդների, մկնանման կրծողների լքած բները, քարերի տակը, հողաճեղքերը, երբեմն շարժվում են անտառների սփռոցի կամ ձյան շերտերի տակ` կառուցելով ժամանակավոր կացատեղեր։ Ակտիվ եմ ամբողջ տարին։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտորաների գանգը տարբերվում է ուղեղատուփի բավականին մեծ ծավալով, որը մեծանում է բարձրության և լայնության մեծացման հաշվին։ Մարմնի վերին հատվածում մորթախավն ունի մոխրասևավուն գունավորում, սովորաբար մազերի ծայրերի լուսաբեկման շնորհիվ, որոշակի արծաթափայլ փառով։ Մարմնի ստորին մասը, ինչպես նաև շուրթերը մոխրասպիտակավուն են, հաճախ շիկաշագանակագույն բծերով, որոնք ունեն տարբեր ինտենսիվություն։ Մարմնի երկարությունը՝ 71-100 մմ է, պոչինը՝ 53-71,5 մմ, ետին թաթը՝ 15-22 մմ, գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 21,3-22,2 մմ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանու բազմացման վերաբերյալ տեղեկությունները սուղ են։ Հայաստանում և Արցախում բազմացումը սկսում է մարտի կեսերին, հղիությունը տևում է 18-25 օր, սերնդում ունենում են 5-9 ձագ, տարվա մեջ (կախված եղանակից, կերի առատությունից և պոպուլյացիայի խտությունից) կարող է ունենալ 2-3 ծին, լակտացիան տևում է 40-45 օր։ Բնության մեջ կյանքի տևողությունը մոտ 1,5-2 տարի է։

Թվաքանակի վրա բացասական է ազդում անթրոպոգեն գործոնը։

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտորաները երբեմն զոհ են դառնում ճահճակուղբերին, ջրասամույրներին, ցերեկային գիշատիչներին, բվերին, աքիսներին, հազվագյուտ՝ աղվեսներին։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուտորաների մոտ նկատվում են տուլարեմիայի վարակներ, սակայն դրանց համաճարակաբանական դերն այդքան մեծ չէ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչնչացնում է վնասակար միջատներին, ինքն էլ հանդիսանում է սննդային շղթայի օղակ[1][2][3][4]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես վտանգված տեսակ ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Մեծ կուտակումներ չի առաջացնում։ Ավելի հաճախ ապրում են առանձին կամ 2–5 առանձնյակներից կազմված փոքր խմբերով։ Ջրավազանների աղտոտման և բնական ապրելավայրերի քայքայման պատճառով մի շարք շրջաններում (Հանքավան, Դիլիջան, Իջևան և այլն) թվաքանակը զգալիորեն կրճատվել է։

Վտանգման հիմնական գործոններն են ջրավազանների աղտոտումը և մարդու տնտեսական գործունեությունը։

Հանդիպում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 185։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Ավագյան Ա. Ա., Հայաստանի միջատակերների ֆաունա և էկոլոգիա, թեկնածուական ատենախոսության սեղմագիր, Ե., 2010։
  4. Соколов В. Е., Темботов А. К., Млекопитающих (Насекомоядные), Москва, Наука, 1989.
  5. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելկովնիկովի կուտորա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելկովնիկովի կուտորա» հոդվածին։