Manhunt
| Manhunt | |
|---|---|
| Մշակող | Rockstar North? |
| Հրատարակիչ | Rockstar Games[1][1] |
| Դիստրիբյուտոր | Steam[2], Humble Store[3] և PlayStation Store |
| Միջերեսի լեզու | անգլերեն[4][1][1] և իսպաներեն |
| Սերիայի մաս | Manhunt? |
| Հաջորդ | Manhunt 2? |
| Վայր | Carcer City? |
| Թողարկման թվական | նոյեմբերի 18, 2003 |
| Պլատֆորմներ | Windows, PlayStation 4, PlayStation 3, PlayStation 2[1][1] և Xbox |
| Շարժիչ | RenderWare |
| Ժանր | հոգեբանական սարսափ |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
| PEGI | PEGI 18 |
| ESRB | 17+[5], 17+[5] և 17+[5] |
| Կրիչ | թվային ներբեռնում և օպտիկական սկավառակ[1][1] |
| Կառավարում | գեյմփադ |
| 🌐 | rockstargames.com/games/manhunt(անգլ.) |
Manhunt (հայերեն՝ Մարդու որս), սթելս տարրերով գոյատևման սարսափ ժանրի տեսախաղ, որը մշակվել է Rockstar North ընկերության և հրատարակվել Rockstar Games-ի կողմից։ Այն սկզբնապես թողարկվել է PlayStation 2-ի համար 2003 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ Microsoft Windows-ի և Xbox-ի համար՝ 2004 թվականի ապրիլի 20-ին։ Manhunt-ը PlayStation Network-ի միջոցով վերաթողարկվել է PlayStation 3-ի՝ 2013 թվականին, PlayStation 4-ի՝ 2016 թվականին և PlayStation 5-ի՝ 2020 թվականին։ Այն Manhunt խաղաշարի առաջին մասն է, որին 2007 թվականին հաջորդել է Manhunt 2-ը։
«Manhunt»-ը, որի գործողությունները ծավալվում են ամերիկյան հորինված Քարսեր Սիթի քաղաքում, պատմում է մահապարտ բանտարկյալ Ջեյմս Էրլ Քեշի մասին։ Նրան ստիպում են մասնակցել «սնաֆ» ֆիլմերի շարքի, որոնք նկարահանում է հեղինակազրկված ֆիլմարտադրող Լայոնել Սթարքվեզերը: Քեշն իր ազատությունն է վաստակում տեսախցիկների առջև սպանելով իրեն որսալու համար ուղարկված հանցագործ խմբավորումների անդամներին։
Թողարկումից հետո «Manhunt»-ը հիմնականում դրական արձագանքներ է ստացել խաղային հրատարակությունների կողմից և առանձնացվել է իր ինքնատիպության համար։ Այն գովաբանվել է իր մթնոլորտի, ժխտողական տոնայնության և մատուցման համար, թեև քննադատվել է կրկնվող լինելու պատճառով։ Խաղի ընթացքն ու դժվարությունը երկակի կարծիքներ են առաջացրել քննադատների շրջանում, ինչպես և խաղի ընդհանուր բռնի բնույթն ու գրաֆիկական բովանդակությունը։
«Manhunt»-ը թողարկումից հետո հայտնվեց մեծ աղմուկի կենտրոնում. այն արգելվեց մի շարք երկրներում, մեղադրվեց սպանությունն ու ինքնադատաստանը փառաբանելու մեջ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների կողմից կապվեց մի սպանության հետ, թեև այս ենթադրությունը հետագայում մերժվեց ոստիկանության և դատարանների կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Քարսեր Սիթիում լրագրողը հեռուստատեսությամբ հայտնում է Ջեյմս Էրլ Քեշի մասին, ով մահապարտ բանտարկյալ էր և վերջերս իբր մահապատժի էր ենթարկվել մահացու ներարկմամբ։ Իրականում Քեշին ընդամենը քնեցրել էին․ նա արթնանում է և ականջակալով լսում անհայտ ձայն, որն իրեն անվանում է «Ռեժիսոր» ու տալիս հրահանգներ։ Ռեժիսորը Քեշին ազատություն է խոստանում, սակայն միայն այն պայմանով, որ նա տեսախցիկներով նկարահանվող հատուկ տարածքներում սպանի «Որսորդներին»՝ իրեն սպանելու համար ուղարկված հանցախմբերի անդամներին։
Քեշին հանձնարարվում է սպանել «Դիմակավորներին»՝ կաշառված պարեկային ոստիկաններին, որոնք հսկում են Քարսեր Սիթիի լքված թաղամասերից մեկը։ Քեշը սպանում է նրանց, սակայն նրան առևանգում են «Սերբերուսները»՝ վարձկանների ստորաբաժանումը, որը գործում է որպես Ռեժիսորի անձնական անվտանգության ծառայություն։ Քեշին հայտնում են, որ նա «դեռ անելիքներ ունի մինչև գիշերվա ավարտը», և ստիպում են մեկը մյուսի հետևից վերացնել առավել վտանգավոր հանցախմբերի։
Սկզբում Քեշը բախվում է «Սկինհեդներին»՝ աղբանոցի տարածքում։ Այնուհետև լքված կենդանաբանական այգում նա մարտնչում է «Մարտական Շների»՝ սադիստական ռազմականացված խմբավորման դեմ, որը որպես պատանդ օգտագործում է Քեշի ընտանիքին՝ նրան դուրս խայծելու համար։ Հետո Քեշը բախվում է «Անմեղներին» (իսպանախոսներից կազմված խմբավորում), «Գանգեր» կոչվող օկուլտիստ խուլիգաններին և «Մանկադեմներ» կոչվող մտագարներին՝ Քարսեր Սիթիի լքված հատվածի փողոցներում, առևտրի կենտրոնում, գերեզմանատանը և քիմիական գործարանում։ Իմանալով, որ Ռեժիսորն արդեն սպանել է իր ընտանիքին, Քեշը երդվում է վրեժխնդիր լինել։
Ռեժիսորը ստիպում է Քեշին մարտնչել «Ժպտերեսների»՝ հոգեբուժարանը գրաված շիզոֆրենիկ, հոգեպատ պատժառուների դեմ։ Քեշին հանձնարարվում է հոգեբուժարանի միջանցքներով հետապնդել «Սպիտակ Ճագարին»՝ ճագարի կոստյում հագած տղամարդուն, մինչև Ռեժիսորն ի վերջո դավաճանում է նրան իր ֆիլմի «վերջին տեսարանի» համար։ Քեշն անսպասելիորեն ողջ է մնում և փախչում հոգեբուժարանից, ինչը ստիպում է Ռեժիսորին ուղարկել «Մարտական Շների» մնացած անդամներին՝ դաժան Ռամիրեսի գլխավորությամբ, որպեսզի որսան և սպանեն նրան։ Ռամիրեսը բռնում է Քեշին և որոշում նրա հետ կատվի ու մկան վերջին խաղ խաղալ։ Քեշին հաջողվում է սպանել Ռամիրեսին ու նրա խմբավորմանը, իսկ իրադարձությունները լուսաբանող լրագրողը հասնում է մեքենայով և փրկում նրան։ Նա բացատրում է, որ Ռեժիսորը Լայոնել Սթարքվեզերն է՝ Հոլիվուդի նախկին հայտնի ֆիլմարտադրող, ով այժմ ղեկավարում է սնաֆ (դաժան սպանությունների) ֆիլմերի ցանց։ Լրագրողն ապացույցներ էր հավաքում Սթարքվեզերի դեմ և բավարար նյութեր ունի նրան բացահայտելու համար, սակայն պետք է դրանց մի մասը վերցնի իր բնակարանից։
Սթարքվեզերը շանտաժի է ենթարկում Հարի Շաֆերին՝ Քարսեր Սիթիի ոստիկանության ծախու պետին, որպեսզի ձերբակալի Քեշին և լրագրողին։ Քեշն ուղեկցում է լրագրողին մինչև նրա բնակարանը՝ պաշտպանելով ոստիկաններից, ապա ուղևորվում անձամբ հաշվեհարդար տեսնելու Սթարքվեզերի հետ։ Քեշը մարտնչում է իրեն հետապնդող ոստիկանների և SWAT-ի հատուկ ջոկատայինների դեմ մետրոյում ու փողոցներում, մինչև նրան շրջափակում են գնացքների դեպոյում։ Քեշին քիչ էր մնում տեղում գնդակահարեին, երբ ոստիկաններին սպանում են «Սերբերուսները», որոնք կրկին բռնում են Քեշին և տանում Սթարքվեզերի առանձնատուն, որտեղ նրան դարձյալ սպառնում է մահապատիժը։
«Սերբերուսների» ուշադրությունը շեղվում է, երբ Փիգսին՝ հոգեկան շեղումներով, շղթայասղոցով զինված հոգեպատը, ով որպես դիմակ կրում է խոզի գլուխ և սովորաբար շղթայված է պահվում Սթարքվեզերի ձեղնահարկում, ազատվում է շղթաներից։ Քեշն առաջ է շարժվում այգով ու առանձնատնով՝ ճանապարհին սպանելով «Սերբերուսների» անդամներին, մինչև վերին հարկերում բախվում է Փիգսիի հետ։ Քեշը հաղթում է՝ Փիգսիին խաբեությամբ քաշելով ճաղավանդակի վրա, որը փլուզվում է նրա ծանրությունից, և վերջինս ընկնելով մահանում է։ Ի վերջո Քեշը մտնում է Սթարքվեզերի աշխատասենյակ, Փիգսիի շղթայասղոցով հոշոտում նրան և սպանում։
Ավելի ուշ առանձնատուն են ժամանում լրատվամիջոցներն ու ոստիկանությունը․ լրագրողը բացահայտում է Սթարքվեզերի սնաֆ ցանցն ու ոստիկանության հանցակցությունը, իսկ Շաֆերը ենթարկվում է քրեական պատասխանատվության կոռուպցիայի համար։ Քեշին, սակայն, այդպես էլ չեն գտնում։