Genshin Impact

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Genshin Impact (չինարեն՝ 原神 Յուանշեն, ճապ.՝ 原神 Գենշին, բառացի՝ Սկզբնական Աստված), բաց աշխարհով և համակարգչային դերախաղերով action-adventure ժանրիհամակարգչային խաղ, որը մշակվել է չինական «miHoYo Limited» ընկերության կողմից[1]։ Խաղը տարածվում է թվային բաշխման միջոցով free-to-play մոդելով, սակայն ունի ներխաղային խանութ, որն օգտագործում է իրական արժույթ։ Genshin Impact-ի հիմքում ընկած է «գատյա» համակարգը, որը խաղի մեջ կոչվում է «աղոթք»[2]։ Խաղը տեղի է ունենում Թեյվաթ ֆենտեզի աշխարհում, որը հանդիսանում է յոթ տարբեր ազգերի տուն, որոնցից յուրաքանչյուրը կապված է առանձին տարրերի հետ և ղեկավարվում է տարբեր աստվածների կողմից, որոնք խաղի տիեզերքում կոչվում են «Արխոնտ»։ Պատմությունը Ճանապարհորդի մասին է, որն իր երկվորյակ եղբոր հետ ճանապարհորդում է անթիվ աշխարհներով՝ նախքան Թեյվաթում բաժանվելը։ Իր ուղեկից և ընկերակից Փայմոնի հետ Ճանապարհորդը գնում է կորած եղբորը փնտրելու՝ միաժամանակ մասնակցելով Թեյվաթի ժողովուրդների գործերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Genshin Impact-ի մասին հայտարարվել է 2019 թվականի հունիսին և թողարկումը նշանակվել է 2020 թվականին Windows և iOS հարթակների համար։ Առաջին թրեյլերում ցուցադրվել է բաց աշխարհը, որը մթնոլորտի, տեսքի և գեյմփլեյի առումով ոգեշնչված է եղել «The Legend of Zelda։ Breath of the Wild»-ից, որի նշանակալից մասը կազմված է մասսայական բաց աշխարհի հետախուզումը, փորձությունների կատարումը և գլուխկոտրուկների լուծումը։ Հունիսի վերջին թողարկվել է բետա թեստը[3][4]։

«Sony ChinaJoy 2019»-ի շնորհանդեսի ժամանակ հայտարարվել է խաղի թողարկման մասին՝ PlayStation 4-ի համար[5]։ Nintendo Switch-ի տարբերակը հայտարարվել է ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 13-ին։ Playstation 5-ի համար թողարկումը կայացել է ապրիլի 28-ին։

Օգոստոսի 6-ին miHoYo-ն պաշտոնապես հաստատել է խաղի թողարկման մասին, որը կայացել է 2020 թվականի աշնանը[6]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

miHoYo-ն Unity շարժիչի վրա նոր նախագծի մշակման մասին հայտարարել է 2017 թվականի հունվարի վերջին՝ «Honkai Impact 3rd»-ի թողարկումից 3 ամիս անց։ Ընկերությունը հայտնել է, որ մտադիր են նախորդների համեմատ՝ շատ ավելի մեծ մասշտաբի նախագիծ անել։ Նախագիծը, որի մասին խոսք է գնացել՝ Genshin Impact-ն է։

Ըստ մշակողների՝ իրենց վրա մեծ ազդեցություն են ունեցել «Grand Theft Auto» և «The Legend of Zelda: Breath of the Wild» խաղերը։ Նրանք նպատակադրվել են ստեղծել եզակի նախագիծ, որը շատ կտարբերվեր «Honkai Impact 3rd»-ից մարտական համակարգի, քվեստների, պատահական իրադարձությունների և հետախուզման ռեժիմի առումով[7]։

Կարծիքներ և ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի մեկնարկը ամենազանգվածայինն է եղել չինական խաղերի մեջ, մեկնարկից մի քանի ժամ անց «Twitch»-ով հեռարձակումների դիտողների թիվը գերազանցել է 110 հազարը։ Sensor Tower-ի տվյալներով՝ խաղի բջջային տարբերակները մեկ շաբաթվա ընթացքում վաստակել են մոտ $60 միլիոն ԱՄՆ դոլար։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակում խաղն իր ծրագրավորողներին բերել ավելի քան 100 միլիոն դոլար և փոխհատուցել ծախսը։ Առաջին ամսվա ընթացքում միայն խաղի բջջային տարբերակը իր ստեղծողներին բերել է 245 միլիոն դոլար։ Երկու ամսվա ընթացքում խաղի բջջային տարբերակը իր ստեղծողներին բերել է 393 միլիոն դոլար՝ դառնալով երկրորդ ամենաշատ եկամուտ ունեցող բջջային խաղն այդ ժամանակահատվածում։

Game Informer-ը խաղը գնահատել է 10 միավորից 9,25-ով, իր գրախոսության մեջ հեղինակը բարձր է գնահատել հերոսների տարրերային կախարդանքների փոխազդեցության մեխանիզմը և դրանց ազդեցությունն աշխարհի վրա, գրախոսը թույլ կողմ է համարել սյուժեն։ Destructoid-ի գրախոսն իր հոդվածում նշել է, որ խաղի ամենահաջող տարրը նրա մարտական համակարգն է, բայց առաջադրանքների միջև ընկած աշխարհը չափազանց դատարկ է թվում։ Հրատարակության կողմից խաղը ստացել է 10-ից 7,5 միավոր։

Խաղը ճանաչվել է 2020 թվականի տարվա խաղ «Google Play» և «Apple» հարթակների կողմից։ Խաղը նաև առաջադրվել է «Լավագույն դերախաղ» և «Լավագույն բջջային խաղ» անվանակարգերում «The Game Awards 2020» մրցանակաբաշխության ժամանակ։

2021 թվականի սեպտեմբերի 28-ին խաղի վարկանիշը «Google Play » հավելվածների խանութում կտրուկ անկում է ապրել։ Դա պայմանավորված է եղել խաղում կուտակված խնդիրներով և վերջին կաթիլը դարձել է տարեդարձի պարգևները, որոնք խաղացողներն անբավարար են համարել խաղի պատմության մեջ նման կարևոր իրադարձության համար։ Խաղացողները որոշել են ծայրահեղ քայլերի դիմել՝ խաղի մշակողների վրա ազդելու համար։ Ավելի ուշ «miHoYo Limited»-ը ելույթ է ունեցել և հայտնել, որ երկրպագուների համար հատուկ նվերներ են պատրաստվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lai, Sam. «Open-world ARPG Title Genshin Impact available for its Latest Closed Beta Tomorrow, March 19». www.gamasutra.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Gene Park reporter (September 30, 2020 at 4:01 p.m. GMT+3). «'Genshin Impact' tries an interesting live service trick: Make a good game at launch» (անգլերեն).
  3. Young, Rory (8 июня 2019), «Zelda-Inspired Open World Action Game 'Genshin Impact' Announced», gamerant.com (անգլերեն), Վերցված է 2020-08-29-ին
  4. Herndandez, Patricia (21 июня 2019), «That Breath of the Wild anime 'clone' actually looks impressive», www.polygon.com (անգլերեն), Վերցված է 2020-08-29-ին
  5. Romano, Sal (1 Aug 2019), «Genshin Impact coming to PS4 in 2020», gematsu.com (անգլերեն), Վերցված է 2020-08-29-ին
  6. Миркин, Евгений (2020 թ․ օգոստոսի 19). «Условно-бесплатный ролевой экшен Genshin Impact выйдет на ПК и мобильных платформах 28 сентября». 3dnews.ru. 3DNews. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Genshin Impact-Step into a Vast Magical World for Adventure». genshin.mihoyo.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]