Dignitas (կազմակերպություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dignitas
DignitasLogo.jpg
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված է1998
ՎայրForch, Շվեյցարիա
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Կայքdignitas.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.)
Մասնակից էWorld Federation of Right to Die Societies?

«Dignitas», շվեյցարական ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ մահացու հիվանդ և հաշմանդամության ծանր և անտանելի տեսակներով մարդիկ հնարավորություն են ստանում ավարտել իրենց կյանքը՝ կատարելով ընթերակայված ինքնասպանություն (անգլ.՝ аssisted suicide)։ Սովորաբար դա կատարվում է մահացու նյութ ընդունելու եղանակով։ «Dignitas» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է արժանապատվություն։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Dignitas» կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին շվեյցարացի իրավաբան Լյուդվիգ Մինելիի կողմից։ Շվեյցարական օրենքները սահմանում են, որ ինքնասպանության հարցում օգնություն ցուցաբերելն անօրինական է միայն այն դեպքում, եթե հիմնավորվում է անձնական շահով։

Բժշկի կողմից կատարվող էվթանազիան արգելված է Շվեյցարիայի օրենքներով, սակայն ընթերակայված ինքնասպանությունը թույլատրված է, եթե այն կատարել ցանկացողը որոշումն ընդունում է ամբողջությամբ գիտակցաբար (հոգեբույժի եզրակացությամբ), ինքնուրույն, և եթե հիվանդության անբուժելիությունն ու ծանրությունը հաստատված են անկախ փորձաքննությամբ։

Կյանքն ավարտելու ընթացակարգից առաջ ցանկացողը պետք է անցկացնի «Dignitas» մասնագետների հետ առնվազն երկու խորհրդակցություն։ Սակայն, ըստ կազմակերպության վիճակագրության, այն մարդկանց 70 %-ը, որոնց բժշկական ցուցումները պրոցեդուրան իրականացնելու համար հաստատվել են անկախ փորձաքննությամբ, չեն վերադառնում երկրորդ հարցազրույցի համար։ «Dignitas» կազմակերպության ղեկավար Լյուդվիգ Մինելիի պնդմամբ՝ նման մարդկանց համար այդ հնարավորությունն ավելի շուտ պետք է որպես ապահովագրություն, եթե նրանց հիվանդությունն անտանելի դառնա[1]։

Ընթացակարգը կարող է տեղի ունենալ տանը (Շվեյցարիայի մշտական բնակիչների համար) կամ «Dignitas» կազմակերպության վարձակալած տարածքում՝ երկու աշխատակիցների օգնությամբ։ Մահացու նյութը պատրաստվում է տեղում՝ աշխատակիցների կողմից։ Ընթացակարգը նկարահանվում է տեսախցիկով, տեսագրությունն այնուհետև ներկայացվում է ոստիկանությանը։ Նա, ով ցանկանում է ավարտել կյանքը տեսախցիկի առջև, պետք է ևս մեկ անգամ հաստատի իր արարքի գիտակցությունն ու կամավորությունը, որից հետո պատրաստության դեպքում նա կարող է մահացու դեղամիջոց խմել։ Մահն արձանագրելուց հետո «Dignitas»-ի աշխատակիցը ոստիկանություն է կանչում, որն իրականացնում է հետաքննություն և ստուգում տեղի ունեցածի օրինականությունը[2]։

Ըստ որոշ աղբյուրների` կազմակերպությունն իր ծառայությունների համար գանձում է 4000-7000 եվրո[3]։

Հանրաքվե[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 15-ին կայացած երկու հանրաքվեների արդյունքներով` Ցյուրիխի կանտոնի քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել են ընթերակայված ինքնասպանությունն արգելելու և ընթացակարգը ոչ ռեզիդենտների համար անօրինական ճանաչելու կոչերը։ Ավելի քան 278 000 ձայնից քվեարկածների 85%-ը հրաժարվել է արգելել ընթերակայված ինքնասպանությունը, իսկ 78%-ը հրաժարվել է ընթացակարգն անօրինական համարել ոչ ռեզիդենտների համար[4][5][6]։

Սուիցիդալ տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Սուիցիդալ տուրիզմ

Չնայած, որ «Dignitas»-ում ընթերակայված ինքնասպանության համար հիմնականում դիմում են Գերմանիայի քաղաքացիները, 2015 թվականի օգոստոսի դրությամբ Մեծ Բրիտանիայի շուրջ 300 քաղաքացի ուղևորվել է Շվեյցարիա, որպեսզի կյանքից հեռանա Ցյուրիխի «Dignitas»-ի վարձակալած բնակարաններից մեկում[7][8][9]։

Արժեք և ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական կայքի տվյալների[10]` 2017 թվականի դրությամբ «Dignitas» կազմակերպությունը հիվանդներից գանձում է 7000 շվեյցարական ֆրանկ՝ ընթերակայված ինքնասպանության պատրաստման և անցկացման համար, կամ 10500 շվեյցարական ֆրանկ, եթե կազմակերպությունը լրացուցիչ ստանձնում է հուղարկավորության բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Հայտնի են դեպքեր, երբ «Dignitas»-ը որոշ վճարումներ չի գանձել ֆինանսական ծանր վիճակում գտնվող հիվանդներից[11]։ Շվեյցարական օրենսդրության համաձայն՝ «Dignitas»-ը գործունեություն է ծավալում որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, սակայն հրապարակայնորեն չի բացահայտում իր ֆինանսական հաշվետվությունները, ինչը որոշ կողմերից քննադատություն է առաջացնում[12]։

Ժամկետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերակայված ինքնասպանության ընթացակարգի նախապատրաստման բոլոր փուլերի ընդունումը տևում է միջինը 3-4 ամիս՝ կազմակերպության հետ առաջին շփման պահից մինչև այդ ընթացակարգի փաստացի իրականացման պահը[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wenn Sie das trinken, gibt es kein Zurück
  2. Inside the Dignitas house
  3. Dignitas-Chef Minelli im Interview: «Wenn Sie das trinken, gibt es kein Zurück» — Welt — Tagesspiegel
  4. «Zurich votes to keep 'suicide tourism' alive» (անգլերեն)։ 2011-05-15։ 0307-1235։ Վերցված է 2017-12-09 
  5. «Zurich voters keep "suicide tourism" alive» (անգլերեն)։ Վերցված է 2017-12-09 
  6. «Zurich voters keep 'suicide tourism' alive»։ Fox News (անգլերեն)։ 2011-05-15։ Վերցված է 2017-12-09 
  7. Doward Jamie (2015-08-15)։ «‘One person a fortnight’ travels to Dignitas from Britain to end their lives»։ The Observer (անգլերեն)։ 0029-7712։ Վերցված է 2017-12-09 
  8. «Accompanied Suicides per Year and Residence (pdf)» 
  9. ««Право на смерть есть у всех»»։ Интернет-газета "Бумага" (ռուսերեն)։ 2017-04-10։ Վերցված է 2017-12-09 
  10. Karin։ «Brochure of DIGNITAS» (անգլերեն)։ www.dignitas.ch։ Վերցված է 2017-12-08 
  11. Siddique Haroon (2009-06-15)։ «Man who helped partner die calls for assisted suicide law change»։ The Guardian (անգլերեն)։ 0261-3077։ Վերցված է 2017-12-08 
  12. Whitlock Craig (2005-11-01)։ «Branching Out to Serve a Growing but Dying Market» (անգլերեն)։ 0190-8286։ Վերցված է 2017-12-08 
  13. «Frequently Asked Questions - Dignitas» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]