Cloud (խաղ)
| Cloud | |
|---|---|
| Մշակող | Jenova Chen? |
| Նախագծող | Jenova Chen? և Stephen Dinehart? |
| Հրատարակիչ | USC Interactive Media Division? |
| Կոմպոզիտոր | Vincent Diamante? |
| Պրոդյոսեր | Kellee Santiago? |
| Թողարկման թվական | հոկտեմբերի 24, 2005 |
| Պլատֆորմներ | Windows |
| Ժանր | գլուխկոտրուկ |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
| 🌐 | interactive.usc.edu/projects/cloud/(անգլ.) |
Cloud (անգլ. թարգմանաբար՝ «Ամպ »), 2005 թվականի համակարգչային ինդի-խաղ գլուխկոտրուկ ժանրի, որը ստեղծել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների թիմը։ Թիմը սկսել է Cloud-ի մշակումը 2005 թվականի հունվարին՝ 20 000 դոլար բյուջեով. այն անվճար հասանելի է դարձել նույն թվականի հոկտեմբերին։ 2006 թվականի հուլիսին խաղի կայքն ունեցել է 6 միլիոն այցելու, իսկ խաղն ինքնին ներբեռնվել է ավելի քան 600 000 անգամ։
Cloud-ը պատմում է մի տղայի մասին, որը քնած է հիվանդանոցի մահճակալին և երազում է, թե թռչում է։ Հայեցակարգը մասամբ հիմնված է առաջատար խաղերի դիզայներ Ջենովա Չենի մանկության վրա. նրան հաճախ հոսպիտալացնում էին ասթմայի պատճառով, և նա երազում էր միայնակ իր պալատում։ Խաղալով տղայի դերում՝ խաղացողը թռչում է նրա երազանքների աշխարհով և կառավարում ամպերը՝ գլուխկոտրուկներ լուծելու համար։
Խաղը դրական է ընդունվել քննադատների կողմից, որոնք գովել են նրա վիզուալ էֆեկտները, երաժշտությունը և հանգստացնող մթնոլորտը: Cloud-ը 2006 թվականին արժանացել է Slamdance Guerilla Games Competition-ի լավագույն ուսանողական փիլիսոփայության մրցանակին, ինչպես նաև արժանացել է մրցանակի՝ 2006 թվականի Independent Games Festival-ում: Չենը և խաղի պրոդյուսեր Քելլի Սանտյագոն հետագայում շարունակեցին աշխատել համատեղ նախագծերի վրա՝ հիմնելով իրենց «Thatgamecompany» ստուդիան։
Խաղի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Cloud-ը Microsoft Windows-ի համար նախատեսված մեկ խաղացողի խաղ է։ Գլխավոր հերոսը մի տղա է, ով թռչում է երկնքում՝ հիվանդանոցային մահճակալին քնած ժամանակ։ Խաղացողը ստանձնում է քնած տղայի ավատարի կառավարումը և առաջնորդում նրան երազանքների աշխարհով, որը բաղկացած է կղզիների փոքր խմբից՝ հավաքելով ամպեր։ Ավատարի ուղղությունն ու արագությունը կառավարվում են մկնիկով. շարժումը սովորաբար տեղի է ունենում հորիզոնական, բայց կարելի է թռչել նաև ուղղահայաց՝ պահելով մկնիկի երրորդ կոճակը[1]։ Խաղացողը կարող է փոխազդել ամպերի հետ միայն հորիզոնական թռիչքի ժամանակ։
Խաղը պարունակում է երեք տեսակի ամպեր՝ սպիտակ, որոնք հետևում են ավատարին, մոխրագույն չեզոք ամպեր, որոնք սպիտակում են հպվելիս, և սև ամպեր, որոնք կարող են միավորվել սպիտակ ամպերի հետ՝ անձրև առաջացնելու համար, որը լուծում է երկու ամպերը[2]: Մեծ քանակությամբ սպիտակ ամպերն ավելի հեշտությամբ են լուծում ավելի փոքր քանակությամբ մուգ ամպեր, քան հավասար թիվը, և հակառակը: Սպիտակ ամպերը դադարում են հետևել ավատարին, եթե խաղացողը շատ արագ է շարժվում, և նրանք վերսկսում են շարժումը, եթե նորից մոտենան[1]: Cloud-ի չորս առաքելություններից յուրաքանչյուրն ունի տարբեր նպատակ, օրինակ՝ դրանցից մեկում պահանջվում է ամպերից նախշ ստեղծել, մյուսում՝ վերացնել բոլոր սև ամպերը, իսկ երրորդում՝ անձրև ստեղծել կղզիներից յուրաքանչյուրի վրա[2]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի յոթ ուսանողներից բաղկացած թիմը՝ Cloud-ը, մշակել և թողարկել է[3]։ Ըստ մշակողների՝ խաղը ստեղծվել է մարդկանց բոլոր դասերի և տարիքի համար[4]։ Մշակումը սկսվել է 2005 թվականի հունվարին և ավարտվել հոկտեմբերի վերջին, իսկ վերջնական թարմացումը թողարկվել է դեկտեմբերին[3][5]։ Մշակողների թիմը ղեկավարում էր Ջենովա Չենը, դրա մեջ մտնում էին նաև Ստեֆան Դայնհարթը, Էրիկ Նելսոնը, Աարոն Մեյերսը, Գլեն Սոնգը, կոմպոզիտոր Վինսենթ Դայամանտեն և պրոդյուսեր Քելլի Սանտյագոն[6]։ Խաղի գաղափարը մասամբ հիմնված էր Չենի մանկական փորձի վրա, քանի որ նրան հաճախ հոսպիտալացնում էին ասթմայի պատճառով, և նա, պառկած հիվանդանոցային պալատում, հաճախ էր ընկղմվում երազանքների մեջ[7]։ Խաղը համալսարանից ստացել է դրամաշնորհ՝ նախատեսված փորձարարական խաղերի արտադրությունը աջակցելու համար, 20000 դոլարի չափով, որից 12000-ը գնացել է մշակմանը, իսկ 8000-ը՝ մարքեթինգին[3][4]։
Ըստ Չենի, Cloud-ը մշակվել է «ընդլայնելու մարդկանց զգացմունքների սպեկտրը վիդեոխաղերից»[8]։ Չենը նաև պատմել է, թե ինչպես է իր մոտ առաջացել խաղի գաղափարը. մի անգամ, երբ նա գնում էր դպրոց, նայել է երկնքին՝ նկատելով տարբերությունը փափուկ սպիտակ և «կեղտոտ ու մոխրագույն» ամպերի միջև, և հենց այդ ժամանակ նրա մոտ միտք առաջացավ խաղ ստեղծել ամպերի մասին[9]։ Նա ցանկանում էր ստեղծել մի պատմություն, որը կարող էր «խաղացողի համար ստեղծել նախադրյալ և օգնել նրան էմոցիոնալ ներդրում ունենալ խաղում», սակայն թիմը չէր ցանկանում սյուժեն չափազանց մանրամասն դարձնել, քանի որ այն «կշեղեր խաղացողին հիմնական փորձից»՝ ազատ թռիչքից և ամպերի ստեղծումից[7]։ Այսպիսով, պատմությունը պետք է պատմեր մի օտարերկրացու մասին, ով փորձում է մաքրել շրջակա միջավայրը, բայց այն կրճատվել է մինչև «հիվանդանոցային պալատում փակված երեխայի մասին պարզ բանաստեղծական նախապատմություն»[10]։ Թիմը Cloud խաղը նախատեսել էր «երիտասարդության, ազատության և երևակայության զգացողության հետ շփվելու համար»[3]։ Խաղում օգտագործվել է խաղային շարժիչի ձևափոխված տարբերակը, որը մշակվել է թիմի մի քանի անդամների կողմից իրենց նախորդ «Dyadin» խաղի համար[10]։ 2006 թվականի Game Developers Conference-ում Չենը և Սանտյագոն Cloud-ը ցույց տվեցին Sony-ի ներկայացուցիչ Ջոն Հայթին։ Վերջինս հետաքրքրվել է խաղով, սակայն Sony-ն հրաժարվել է այն հրապարակել[11]։
Ընկալում և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Cloud-ը արժանացել է Best Student Philosophy մրցանակին Slamdance Guerilla Games Competition-ում և Student Showcase-ին Independent Games Festival-ում։ Խաղը ցուցադրվել է Spike TV-ով, G4TV-ով և CBS Sunday-ով[4]։ Cloud-ը թողարկումից անմիջապես հետո մեծ ուշադրություն է գրավել[3]։ Այսպես, 2006 թվականի փետրվարին, թողարկումից ընդամենը երեք ամիս անց, խաղով կայքը դիտվել էր ավելի քան մեկ միլիոն անգամ, իսկ խաղն ինքնին ներբեռնվել էր ավելի քան 300 000 անգամ։ 2006 թվականի հուլիսին այցելությունների թիվը հասել էր վեց միլիոնի, իսկ խաղն արդեն ներբեռնվել էր ավելի քան 600 000 անգամ[3][10]։
Խաղն արժանացել է քննադատների դրական արձագանքներին։ GameSpy-ից Ջոել Դուրհեմը նշել է, որ «Cloud-ում ամեն ինչ պարզապես հիասքանչ է» և գովել է դրա երաժշտական ձևավորումը, տեսողական էֆեկտները և խաղի աշխարհում ընկղմվելու բարձր աստիճանը[12]։ GameTunnel-ից Ուիլյամ Աշերը նույնպես գովել է տեսողական էֆեկտները և երաժշտությունը, այդ թվում նա ասել է, որ խաղի գրաֆիկան ստեղծել է հանգստացնող մթնոլորտ, և որ «հուզիչ երաժշտական պարտիտուրան էմոցիոնալ կերպով կտեղափոխի ցանկացած խաղացողի տղայի երազների աշխարհ»[2]։ Game Informer-ի գրախոսը Cloud-ն անվանել է ավելին, քան սովորական խաղ[2]։ Ռոն Ուայթը PC World-ից նաև խաղից ստացված փորձը անվանել է «ամենահանգստացնողը, որը երբևէ ունեցել եմ»[13]։ Դարհեմը եզրակացրեցլ է, որ Cloud-ը «ձեր միտքը կուղարկի ազատ թռիչքի»[12]։
Չենը և Սանտյագոն ավելի ուշ հիմնեցին իրենց սեփական վիդեոխաղերի մշակման ստուդիան, որը կոչվում էր Thatgamecompany: Կոմպոզիտոր Վինսենթ Դայամանտեն և Էրիկ Նելսոնը աշխատել են ընկերության հետ իրենց երկրորդ Flower խաղի վրա[14]։ Thatgamecompany թիմը դիտարկում էր Cloud-ի բարելավված տարբերակի մշակումը, բայց որոշել է սկսել այն միայն այն դեպքում, եթե անձնակազմը չկարողանա ներկայացնել որևէ այլ խաղային գաղափար[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Cloud Instructional Booklet» (PDF) (անգլերեն). Университет Южной Калифорнии. 2006 թ․ հուլիսի 28. էջեր 5, 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- 1 2 3 4 Usher, William. «Cloud review». Game Tunnel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- 1 2 3 4 5 6 «IGF Student Showcase Q&A: Cloud Team ( Cloud )». Gamasutra (անգլերեն). 2006 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- 1 2 3 Shamoon, Evan. «It'll Play in Peoria». Wired (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Чэнь, Дженова (2005 թ․ հոկտեմբերի 24). «Cloud Release Build V1.0» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Cloud Creation» (անգլերեն). interactive.usc.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- 1 2 «Interview with Jenova Chen – The old Blog of Tale of Tales» (անգլերեն). Tale of Tales. 2008-04. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Go With the fl0w : Jenova Chen on Console Independence». Gamasutra (անգլերեն). 2007 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Game Informer Interview: Redefining Video Games(անգլ.) // GameStop. — 2010. — № 207. — С. 34. — ISSN 1067-6392.
- 1 2 3 Fullerton, Tracy; Chen, Jenova; Santiago, Kellee; Nelson, Erik; Diamante, Vincent; Meyers, Aaron; Song, Glenn; DeWeese, John That Cloud Game: Dreaming (and Doing) Innovative Game Design. — Бостон: Ассоциация вычислительной техники, 2006. — С. 56. — ISBN 1-59593-386-7
- ↑ Chaplin, Heather (2009 թ․ մարտի 25). «Video Game Grad Programs Open Up The Industry». NPR.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
- 1 2 Durham, Jr., Joel (2006 թ․ դեկտեմբերի 14). «Download This! #35». GameSpy. էջեր С. 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
- ↑ White, Ron (2007 թ․ մայիսի 7). «Got a Minute? Then We've Got 15 Free Games for You!». PC World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ «ThatGameCompany, LLP» (անգլերեն). thatgamecompany. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Finding A New Way: Jenova Chen And Thatgamecompany» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
|