Arnoldo Mondadori Editore
Arnoldo Mondadori Editore | |
|---|---|
| Տեսակ | գրահրատարակչություն |
| Անվանված է ի պատիվ | Arnoldo Mondadori? |
| Հիմնադրված է | 1907 |
| Հիմնադիր | Arnoldo Mondadori? |
| Վայր | Mondadori headquarters, Segrate, Միլան մետրոպոլիտեն քաղաք, Լոմբարդիա, Իտալիա[1] |
| Երկիր | |
| Տնօրեն | Մարինա Բերլուսկոնի |
| Արդյունաբերություն | հրատարակչություն, Մեդիա և խանութների ցանց |
| Մայր ընկերություն | Fininvest? |
| Դուստր ընկերություններ | Rizzoli International Publications?, Fabbri Editori? և Frassinelli? |
| Սեփականատեր | Fininvest? |
| Կայք | mondadorigroup.com(անգլ.) |
| Բորսա | MNDI[2] |
Arnoldo Mondadori Editore, իտալական հրատարակչություն, որը հրատարակում է գիտական և գեղարվեստական գրականություն, ինչպես նաև ամսագրեր։ Ընկերությունը հիմնադրել է Առնոլդո Մոնդադորին 1907 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Առնոլդո Մոնդադորին սկսել է աշխատել փոքրիկ Fratelli Manzoli հրատարակչությունում։ 1907 թվականին արդեն բավականաչափ գումար էր կուտակել՝ այդ հրատարակչությունը գնելու համար, որից հետո այն վերանվանել է La Sociale։ Նույն թվականին հրատարակչությունը սկսել է լույս ընծայել Luce! ամսագիրը։
1917 թվականին գնվել է տպարան Վերոնայում, իսկ 1923 թվականին բացվել է մասնաճյուղ Միլանում։ 1920-ական թվականներին ընկերությունը սկսել է հրատարակել կանանց համար նախատեսված La Donna ամսագիրը, Le Grazie գրական ամսագիրը, ինչպես նաև մանկական Enciclopedia dei Ragazzi հանրագիտարանը։
1927 թվականից սկսվել է փափուկ կազմով գրքերի հրատարակությունը, մասնավորապես՝ դետեկտիվ վեպերի։ La Sociale-ի արտադրանքը վաճառվում էր ինչպես Իտալիայում, այնպես էլ Ամերիկայում, որտեղ բնակվում էր մեծաթիվ իտալական սփյուռք[3]։
1930 թվականին հիմնվել է Libri Azzurri մատենաշարը, որտեղ հրատարակվել են համաշխարհային դասական գրականության թարգմանությունները՝ փափուկ կազմով։ 1935 թվականին հրատարակչությունը The Walt Disney Company-ից ձեռք է բերել լիցենզիա՝ Միկի Մաուսի և Դոնալդ Դաքի կերպարներով կոմիքսների շարք հրատարակելու համար։
1930-ական թվականների վերջում հիմնադրի որդին՝ Ալբերտո Մոնդադորին, սկսել է հրատարակել Tempo շաբաթաթերթը։ 1938 թվականին հիմնադրվել է կանանց համար նախատեսված Grazia ամսագիրը։ 1950 թվականին ընկերությունը սկսել է հրատարակել պատկերազարդ Epoca շաբաթաթերթը։
1950-ական թվականներին ստեղծվել է Club degli Editori-ն՝ Իտալիայի առաջին գրքային ակումբը, իսկ 1954 թվականին սկսվել է Mondadori per Voi գրախանութների ցանցի զարգացումը։ 1958 թվականին գործարկվել է Il Saggiatore իմպրինտը, որը մասնագիտացած էր փիլիսոփայական գրականության հրատարակության մեջ։
Հիմնադրի երկրորդ որդին՝ Ջորջո Մոնդադորին, սկսել է զարգացնել ընկերության արդյունաբերական ուղղությունը։ 1961 թվականին բացվել է գրենա կան պիտույքների և բացիկների արտադրության գործարան, իսկ 1964 թվականին՝ թղթի արտադրությանգործարան։ Ջորջոյի ղեկավարությամբ Սեգրատեում կառուցվելն է նաև ընկերության նոր գլխավոր գրասենյակը՝ ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։
Ընկերության հասույթը 1960 թվականի 16 միլիարդ լիրայից 1965 թվականին հասել է 71 միլիարդ լիրայի, իսկ աշխատակիցների թիվը նույն ժամանակահատվածում աճեց 2,3 հազարից մինչև 5 հազար։
1962 թվականին սկսել է հրատարակվել Panorama ամսական հանդեսը, որը 1967 թվականից դարձել է շաբաթաթերթ։ 1963 թվականին մեկնարկել է 15-հատորյա գիտատեխնիկական հանրագիտարանի հրատարակությունը, որի հեղինակների թվում կային նաև Նոբելյան մրցանակի մի քանի դափնեկիրներ։
1971 թվականին մահացել է Առնոլդո Մոնդադորին, և ընտանեկան բիզնեսի ղեկավարումը ստանձնել է Ջորջո Մոնդադորին։ 1970-ական թվականների առաջին կեսին ընկերությունը ձեռք է բերել երկու տպարան Իտալիայում և մեկը՝ Իսպանիայում[3]։
1975 թվականին հիմնադրվել է La Repubblica օրաթերթը, որը Mondadori-ի և L’Espresso խմբի համատեղ նախագիծն էր։
1976 թվականին Լաուրա և Կրիստինա Մոնդադորի քույրերը Ջորջոյին հեռացրել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, և ընկերության ղեկավար է դարձել Մարիո Ֆորմենտոնը՝ Կրիստինայի ամուսինը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Retequattro հեռուստաալիքը և Gestione Pubblicitaria Editoriale (GPE) գովազդային գործակալությունը։ 1980-ական թվականների սկզբին հիմնադրվել է Editoriale Le Gazzette դուստր ընկերությունը, որը սկսել է հրատարակել չորս տարածաշրջանային թերթ։
1982 թվականից Mondadori-ի բաժնետոմսերը սկսել են շրջանառվել Իտալիայի ֆոնդային բորսայում։ 1984 թվականին Mondadori-ն հայտնվել է սնանկացման եզրին, քանի որ Retequattro հեռուստաալիքը չկարողացավ գրավել բավարար հեռուստադիտողներ և ընկերությանը մեծ վնասներ էր պատճառում։ 1984 թվականի վերջին հեռուստաալիքը վաճառվել է Սիլվիո Բեռլուսկոնիի Fininvest հոլդինգին[3]։
1985 թվականին Arnoldo Mondadori Editore հրատարակչության համար ստեղծվել է AME Finanziaria (AMEF) հոլդինգային ընկերությունը, որի մեջ ներդրումներ են կատարել արտաքին ներդրողները, մասնավորապես՝ Carlo De Benedetti-ն՝ CIR Group-ի ղեկավարը (ձեռք է բերել բաժնետոմսերի 17 %-ը), և Silvio Berlusconi-ն (9 %)։
Ներդրումների շնորհիվ հրատարակչությունը կարողացել է արագ հաղթահարել ճգնաժամը, սակայն 1987 թվականին հանկարծամահ է եղել Մարիո Ֆորմենտոնը, ինչից հետո ընկերության ղեկավարության համար պայքար է սկսվել հիմնադրի թոռների՝ Leonardo Mondadori-ի և Luca Formenton-ի միջև։
1988 թվականի բաժնետերերի ընդհանուր ժողովում Ֆորմենտոնը, Դե Բենեդետտիի աջակցությամբ, կարողացել է Լեոնարդո Մոնդադորիին դուրս մղել տնօրենների խորհրդից։ Հաջորդ տարի ընկերությունը հաստատել է լիակատար վերահսկողություն La Repubblica թերթի նկատմամբ։
Սակայն ղեկավարության ներսում հակամարտությունը շարունակվել է։ 1989 թվականին Սիլվիո Բեռլուսկոնին կարողացել է արգելափակել Դե Բենեդետտիի CIR Group-ի և AMEF-ի միաձուլումը։ Նույն տարվա դեկտեմբերին Լուկա Ֆորմենտոնը համաձայնել է իր բաժնետոմսերը վաճառել Բեռլուսկոնիին, ինչի հետևանքով Բեռլուսկոնիի և Դե Բենեդետտիի միջև սկսվել է երկարատև դատական վեճ։
Առաջին ատյանի դատարանը 1990 թվականի հունիսին վճիռ է կայացրել հօգուտ Դե Բենեդետտիի, սակայն 1991 թվականի հունվարին վերաքննիչ դատարանը չեղարկել է այդ որոշումը։
1991 թվականի մայիսին կողմերը համաձայնության եկան հրատարակչության ակտիվների բաժանման շուրջ․ Բեռլուսկոնին ստացավ ակտիվների հիմնական մասը՝ գրքերի և ամսագրերի հրատարակությունը, ինչպես նաև գովազդային գործակալությունը, իսկ Դե Բենեդետտիին անցել է թերթային բիզնեսը՝ La Repubblica-ն և 15 տարածաշրջանային թերթերը[3]։
ետագայում Բեռլուսկոնիի փաստաբան Չեզարե Պրևիտին դատապարտվել է վերաքննիչ դատարանի դատավորին կաշառք տալու համար[4][5], իսկ Fininvest հոլդինգը դատարանի որոշմամբ պարտավորվեց փոխհատուցել Դե Բենեդետտի խմբին պատճառված վնասները[6][7]։
1991 թվականին Լեոնարդո Մոնդադորին նշանակվել է հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև իր մահը՝ 2002 թվականի դեկտեմբերին[8]։
1990-ական թվականներին հրատարակչական ոլորտում սկսվել է անկում, սակայն մրցակիցների կլանման շնորհիվ Mondadori-ի մասնաբաժինը Իտալիայի տպագիր հրատարակությունների շուկայում աճել էր 20 %-ից մինչև 29 %[3]։
2006 թվականին ընկերությունը ձեռք է բերել ֆրանսիական Emap France հրատարակչությունը։ 2015 թվականին կլանվել էր Rizzoli Libri հրատարակչությունը։ 2018 թվականին վաճառվել էր Panorama ամսագիրը, իսկ 2019 թվականին՝ Emap France-ը[9]։ 2021 թվականին ընկերությունը ձեռք էր բերել դասագրքերի հրատարակիչ D Scuola-ն։
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (53,3 %) պատկանում է Բեռլուսկոնիի ընտանիքի Fininvest հոլդինգին։
- Մարինա Բեռլուսկոնի — 2002 թվականից տնօրենների խորհրդի նախագահ։
- Անտոնիո Պորրո (Antonio Porro, ծնված՝ 1965 թվականին) — 2021 թվականի ապրիլից գլխավոր գործադիր տնօրեն (CEO)։ Fininvest-ում աշխատում է 1991 թվականից, իսկ Mondadori-ում՝ 1993 թվականից[10]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորաբաժանումները 2023 թվականի դրությամբ)[11][12]:
- Գրքերի լայն ընթերցողական շրջանակի համար, գրքերի հրատարակում տպագիր և էլեկտրոնային ձևաչափերով, ինչպես նաև աուդիոգրքերի արտադրություն Mondadori, Giulio Einaudi Editore, Piemme, Sperling & Kupfer, Frassinelli, Rizzoli, BUR, Fabbri Editori, Rizzoli Lizard, De Agostini Libri, Star Comics և Mondadori Electa ապրանքանիշերով։ Այս ստորաբաժանումը զբաղվում է նաև այլ հրատարակիչների գրքերի տարածմամբ, տարբեր տեսակի տպագիր արտադրանքի (կատալոգներ, ուղեցույցներ, բրոշյուրներ) թողարկմամբ, թանգարանների կառավարման կոնցեսիոն գործունեությամբ և էքսկուրսիաների կազմակերպմամբ։ Ապահովում է ընկերության հասույթի 35 %-ը։
- Ուսումնական գրականություն, դպրոցական դասագրքերի և այլ ուսումնական նյութերի հրատարակում Mondadori Education, Rizzoli Education և D Scuola ապրանքանիշերով։ Ապահովում է հասույթի 25 %-ը։
- Տպագիր արտադրանքի առևտուր, Իտալիայում գործում է ավելի քան 500 գրախանութ, ինչպես նաև իրականացվում են վաճառքներ համացանցի և փոստային պատվերների միջոցով։ Ապահովում է հասույթի 21 %-ը։
- Զանգվածային լրատվամիջոցներ, ամսագրերի հրատարակում (13 անվանում՝ ընդհանուր 9 միլիոն տպաքանակով), կայքերի և սոցիալական ցանցերի էջերի կառավարում (12 ապրանքանիշ՝ ամսական ընդհանուր 28,7 միլիոն օգտատիրոջ լսարանով), ինչպես նաև բջջային կապի բաժանորդների համար նպատակային գովազդի իրականացում։ Ապահովում է հասույթի 15 %-ը։
Ընկերության հասույթի 90 %-ը բաժին է ընկնում Իտալիային, 5 %-ը՝ եվրոպական այլ երկրներին, իսկ մնացած 5 %-ը կազմվում է Միացյալ Նահանգներում իրականացվող վաճառքներից[11]։
2023 թվականին Mondadori-ն Իտալիայի լայն ընթերցողական շրջանակի համար նախատեսված գրքերի շուկայում զբաղեցնում էր 27,6 %, իսկ դպրոցական դասագրքերի շուկայում՝ 32 %[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gruppomondadori.it/chi-siamo/la-nostra-sede
- ↑ http://www.borsaitaliana.it/borsa/azioni/scheda.html?isin=IT0001469383&lang=en
- 1 2 3 4 5 «Arnoldo Mondadori Editore» (անգլերեն). Reference for Business. Արխիվացված օրիգինալից 2024-07-05-ին. Վերցված է 2024-07-03-ին.
- ↑ «An Italian story» (անգլերեն). The Economist. 2001-04-26. Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2014-10-20-ին.
- ↑ «Italy's worst case of corruption» (անգլերեն). The Guardian. 2003-08-07. Վերցված է 2024-07-03-ին.
- ↑ «Berlusconi's Fininvest ordered to pay 560m euro damages» (անգլերեն). BBC. 2011-07-08. Արխիվացված օրիգինալից 2024-07-05-ին. Վերցված է 2024-07-03-ին.
- ↑ «Prosecutor says Berlusconi should pay damages in Mondadori case -sources» (անգլերեն). Reuters. 2013-06-27. Վերցված է 2024-07-03-ին.
- ↑ «Leonardo Mondadori, 56; Led Italian Publishing House» (անգլերեն). The New York Times. 2002-12-15. Արխիվացված օրիգինալից 2024-07-05-ին. Վերցված է 2024-07-04-ին.
- ↑ «The Group History» (անգլերեն). Fininvest. Արխիվացված օրիգինալից 2024-07-02-ին. Վերցված է 2024-07-02-ին.
- ↑ «Antonio Porro» (իտալերեն). Reputation Manager S.p.A. Վերցված է 2024-07-04-ին.
- 1 2 «Arnoldo Mondadori Editore S.p.A. – MarketScreener» (անգլերեն). Superperformance. Արխիվացված օրիգինալից 2022-06-06-ին. Վերցված է 2024-07-01-ին.
- 1 2 «Annual report 2023» (PDF) (անգլերեն). Arnoldo Mondadori Editore S.p.A. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024-06-23-ին. Վերցված է 2024-07-04-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Arnoldo Mondadori Editore» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||