2012 թվականի օգոստոսին Rockstar Mayhem Festival-ի ժամանակ Artisan News Service-ին տված հարցազրույցում Motörhead-ի թմբկահար Միկի Դին նշել է, որ խումբը The Wörld Is Yours[9] ալբոմի վրա աշխատելիս գրել է մի քանի նոր երգերի տեքստեր և այժմ հիմք է դնում ապագա ստուդիական նյութերի համար։ Այնուհետև նա հավելել է, որ նոր ալբոմը կձայնագրվի և կթողարկվի 2013 թվականին[9]։ Classic Rock Revisited-ին տված հարցազրույցում լրագրող Ջեբ Ռայթը հարցրել է Motörhead-ի առաջատար Իան «Լեմի» Քիլմիստերին հնարավոր ստուդիական ալբոմի ձայնագրման մասին։ Լեմին ասել է, որ քննարկել է ձայնագրման հարցը խմբի մնացած անդամների հետ և որ «դա զվարճալի կլինի անել»։ Նա նաև նշել է, որ եթե ալբոմը թողարկվի, այն երաժշտական հաճույք կլինի ունկնդիրների համար և շապիկին կներկայացվի խմբի ավանդական «War-Pig» կերպար-թալիսմանը[10]։
2012 թվականի հոկտեմբերի վերջին խումբը պաշտոնապես հաստատել է, որ պլանավորում է վերադառնալ ստուդիա 2013 թվականի սկզբին[11]։ Քեմերոն Ուեբը, որը պրոդյուսերավորել է Motörhead-ի նախորդ չորս ստուդիական ալբոմները՝ վերամիացել է խմբին համագործակցության համար։ 2013 թվականի փետրվարի 28-ին Motörhead-ը սկսել է սկավառակի ձայնագրությունը[12]։ 2013 թվականի հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ ալբոմի անվանումը կլինի «Aftershock»[13]։ Այն պետք է թողարկվեր ամռանը[14][15]։ Սակայն թողարկումը հետաձգվել է մինչև 2013 թվականի աշուն։ Aftershock-ը թողարկվել է Գերմանիայում հոկտեմբերի 18-ին, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում՝ հոկտեմբերի 21-ին, իսկ ԱՄՆ-ում ալբոմը սկսել է վաճառվել հոկտեմբերի 23-ին[16]։
Նույնիսկ Aftershock ալբոմի թողարկումից առաջ Motörhead-ը հայտարարել է, որ շրջագայելու է ալբոմին աջակցության համար։ Շրջագայությունը նախատեսված է եղել սկսել 2013 թվականի նոյեմբերին, սակայն բոլոր համերգները հետաձգվել են մինչև 2014 թվականի փետրվար և մարտ՝ Լեմիի՝ շաքարախտի հետևանքով վատթարացող առողջական վիճակի պատճառով։ 2014 թվականի հունվարին երաժիշտները հայտարարել են բոլոր առաջիկա ելույթների չեղարկման մասին[17]։ Նախատեսված շրջագայությունը կայացել է միայն ամռան՝ խումբը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Գերմանիայում[18]։ Հուլիսի 25-ին Motörhead-ը ելույթ է ունեցել Ռուսաստանում՝ համերգը կայացել է Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլլում[19][20]։
Ալբոմը երաժշտական հրատարակչություններից ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել։ Շատ քննադատներ գովաբանել են Aftershock-ի հնչողությունը, որը, ըստ գրախոսների, մոտ է եղել Motörhead-ի նախորդ աշխատանքներին[1][2][21]։ Pitchfork Media-ից Հենք Շտիմերը նշել է, որ Aftershock-ը ոչ մի նոր բան չի բերել։ Այնուամենայնիվ, Շտիմերը ալբոմն անվանել է «իսկապես գրավիչ» և հավելել է, որ «Նրանք [Motörhead-ը] դեռևս լավ են կատարում այն»[5]։ Revolver ամսագիրը նույնպես դրական արձագանք է տվել ալբոմին՝ գովաբանելով երաժիշտների կատարման ոճը ալբոմում։ MetalSucks-ի գրախոս Սեմի Օ'Հագարը ալբոմը գնահատել է 4 աստղ 5-ից՝ նշելով, որ խումբը շարունակում է նվագել բավականին «ծանր» և «գռռացող» երաժշտություն[4]։ Rolling Stone Russia-ի գրախոս Բորիս Դալը նույն գնահատականն է տվել՝ նա գրել է, որ «Motörhead-ի 21-րդ ալբոմը շատ ավելի կենդանի է հնչում, քան նրանց նախորդ միզանտրոպիկ աշխատանքը՝ The World Is Yours-ը»[8]։ Aftershock-ը USA Today-ի խմբագրական խորհրդի կողմից անվանվել է «Շաբաթվա ալբոմ»[22]։
ԱՄՆ-ում թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ալբոմը վաճառվել է 11,000 օրինակով[23]՝ Billboard 200 չարթում զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը[24]։
↑Krovatin, Christopher (2013 թ․ հոկտեմբերի 21). «Review: Motörhead — Aftershock». Revolver. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.