Jump to content

1992 թվականն Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է 1992 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հունվարի 1 - Աղդամի գումարտակը` Յակուբ Ռազաևի հրամանատարությամբ, տանկերով հարձակվում է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վրա ու վերահսկողության տակ վերցնում այն[1]:
  • Հունվարի 13 - Շահումյան ավանը հրթիռակոծվել է «Գրադ»-ով։
  • Հունվարի 19 - Սկսվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանի ազատագրումը։
  • Հունվարի 20 - Հայ ազատամարտիկները Կրկժանի ազատագրումից հետո դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։
  • Հունվարի 25 - Գիշերը Շուշիի սարահարթից ադրբեջանական զորքերը հարձակման են անցել Քարինտակի ուղղությամբ։
  • Հունվարի 26 - Հարևան գյուղերից և Ստեփանակերտից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ ադրբեջանական ուժերը առաջին լուրջ պարտությունն են կրել Շուշիի մերձակայքում ու ետ քաշվել Քարինտակից[1]։
  • Հունվարի 26 - Շուշիի մերձակայքում կործանվում է ադրբեջանական ՄԻ-8 մարդատար ուղղաթիռը, զոհվում է 44 մարդ[1]:
  • Փետրվարի 9 - Կորցնելով Մալիբեկլուի և Ղուշչուլարի ռազմակայանները, Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցնում ռազմաճակատի ամբողջ երկայնքով։
  • Փետրվարի 14 - Շուշիից առաջին անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը՝ ՄՄ-21 «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքով։
  • Փետրվարի 17 - Ղարադաղլուի ռազմական գործողությունը ավարտվում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հաղթանակով։
  • Փետրվարի 19 - Ծանր զրահատեխնիկայի, այդ թվում՝ Գրադ հրթիռահրետանային համազարկային կայանքի գնդակոծություններից զոհվում է ավելի քան 20 մարդ, վնասվում է Ստեփանակերտի խորհրդարանի շենքը[1]:
  • Փետրվարի 22 - Վերին Վեյսալուի ռազմական գործողության հաղթանակով Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտունիի շրջանում ստեղծում են միասնական ճակատ ու ապահով թիկունք։
  • Փետրվարի 24
    • Հրադադար հաստատելու համար միջնորդական առաքելություն է սկսում Իրանը[1]:
    • Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է ընդունել համապատասխան կարգավիճակ տալ մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկտաներին։
  • Փետրվարի 25 - Սկսվում է Խոջալուի ազատագրումը, որի ժամանակ ճնշվում են ադրբեջանական ռազմական կրակակետերը, առգրավվել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք[1]։
  • Փետրվարի 26 - Խոջալուի ազատագրումով, քանի որ այնտեղ էր գտնվում մարզի օդանավակայանը, վերականգնվել է Ասկերանի հետ հաղորդակցությունը, օդային կապը, կանխվել՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու ծրագիրը[1]։
  • Մարտի 3 - Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի մոտ զենիթա-հրթիռային համալիրից արձակված հրթիռից կործանվում է Մի֊26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան[1]: 50 ուղևորներից 16-ը զոհվում են, իսկ ողջ մնացած 28 ուղևորները նույն օրը տեղափոխվում են Հայաստան[1]:
  • Մարտի 4
    • Արցախի Հարապետության Գերագույն խորհուրդը Արկադի Տեր-Թադևոսյանին նշանակում է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։
    • Հաստատվում է Արցախի Հանրապետության պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են Վլադիմիր Բալայանը, Օլեգ Եսայանը, Արկադի Կարապետյանը, Արթուր Մկրտչյանը (նախագահ), Սերժ Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը և Ռոբերտ Քոչարյանը։
  • Մարտի 11
    • Ասկերանի ինքնապաշտպանության շրջանային ուժերը իրականացնում են ռազմական գործողություն մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանական խմբավորումը գլխովին ջախջախվում է։
    • Արցախի ինքնապաշտպանական ուժերը ռազմական գործողություն են սկսել Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։
  • Մարտի 12
  • Մարտի 13 - Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը[1]:
  • Մարտի 19 - Արցախի հարցով հեռախոսազրույց են ունենում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ու Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը[1]:
  • Մարտի 24 - Հելսինկիում կայանում է ԵԱՀԽ (ԵԱՀԿ) առաջնորդների առաջին արտահերթ հանդիպումը Ղարաբաղի հարցով, որի եզրափակիչ փաստաթղթում նշվում է` բանակցություններին պետք է մասնակցեն նաև Արցախի ներկայացուցիչները[1]:
  • Մարտի 26 - Ստեղծվել է Արցախի պաշտպանության կոմիտեն:
  • Ապրիլի 7 - Մինսկում կայանալիք խորհրդաժողովի նախագահ է նշանակվում Իտալիայի նախկին փոխարտգործնախարար Մարիո Ռաֆֆայելին[1]:
  • Ապրիլի 10 - Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա, հրկիզում գյուղը, և կազմակերպելով զանգվածային կոտորած՝ սպանում ավելի քան 50 խաղաղ բնակչի[1]:
  • Ապրիլի 14 - Սեփական տանը` խորհրդավոր հանգամանքներում սպանվեց Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը[1]:
  • Ապրիլի 29 - Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտում ադրբեջանական կողմը կորցրել է հավասարակշռությունը և նախահարձակ լինելով մատնվել է պարտության։
  • Մայիսի 7 - Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ Իրանի նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդությամբ ստորագրվում է Թեհրանի կոմյունիկեն, որը ստորագրում են՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը և Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը[1]:
  • Մայիսի 8
    • Ժամը 2։30-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերի շուրջ 1200 հոգանոց գրոհային 4 խմբեր իրականացրել են կենդանի ուժով և միջոցներով գերազանցող ադրբեջանական ուժերի ջախջախումը Շուշիի ու Ստեփանակերտի շրջակա հենակետերում։
    • Մարտական գործողություններ են ծավալվել «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություններով։
    • Ասկերանի շրջանի Ջանհասան-Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ինքնապաշտպանական ուժերի հարձակումը շեղելու համար, ադրբեջանական կողմը զրհատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել է Քարագլուխ գյուղը։ Դիրքերում գտնվող Նորագյուղի վաշտի ազտամարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկտաները, կորուստներ պատճառելով, ստիպել են նրանց թողնել Արցախի սահմանները։
  • Մայիսի 9
    • Ավարտվել է Շուշիի ազատագրումը, ինչը հիմք է հանդիսացել Ինքապաշտպանական ուժերի ջոկատները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերակազմավորելու նախապատրաստության համար[1]։
    • Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ Թեհրանում ստորագրված համատեղ հայատարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է խաղաղ ճանապարհով հարթեին տարաձայնությունները, սակայն տեղեկություն է ստացվում, որ հայկական ուժերը մտել են Շուշի[1]:
  • Մայիսի 10
    • Ադրբեջանական բանակը մեծ ուժերով ու միջոցներով հարձակում է սկսել Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ՝ փորձելով ետ վերցնել Շուշի քաղաքը[1]։
    • Ադրբեջանական ուժերը Աղդամի կողմից գրոհելով Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը, ժամանակավորապես զավթել է դրանք։
    • Կրկին հարձակման անցած ադրբեջանական կողմը հաջողության է հասել Սառնաղբյուրում։
    • Իրավիճակը կտրուկ սրվել է Մարտակերտի շրջանում։
    • Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ ադրբեջանական կողմը հարձակման է ենթարկել ու զավթել Մարաղան, իսկ մեկ տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ Չայլուն։
    • Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած արագընթաց հակագրոհով ազատագրել են Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը և ադրբեջանական կողմին դուրս շպրտել Արցախի տարածքից։
  • Մայիսի 11
    • Շուշիի հարցով ՄԱԿ֊ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղում Անվտանգության խորհրդին, որտեղ նշում է, որ «թեև Հայաստանը հակամարտության կողմ չէ, սակայն Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի վրա և ապօրինի ենթարկել է շրջափակման»[1]:
    • Երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և Արցախի սահմանների մի քանի հատվածներում ադրբեջանական հարձակումները հետ մղելուց հետո Ինքնապաշտպանական ուժերը նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը։
  • Մայիսի 12
    • Ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ ազատամարտիկները ազատագրել են Մարաղան, իսկ Չայլուում ընթացել են համառ մարտեր։
    • Քանի որ Ինքնապաշտպանական ուժերի շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել ադրբեջնական կողմի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ, իր վերահսկողության տակ է առնում Զառսլու գյուղը։
    • Ականապատվում է Լիսագոր-Զառսլու ուղեհատվածը։
  • Մայիսի 13 - Զառսլու ներխուժելու նպատակով հարձակման է անցել ադրբեջանական կողմի մարտական տեխնիկան ու հետևակը։ Հարձակման ժամանակ, ականի վրա պայթել է ադրբեջնական տանկը, նռնականետով խոցվել է զրահամեքենան և կանխվել է զրհատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ ադրբեջանական կողմը նահանջել է։
  • Մայիսի 17 - Հակամարտության կողմերի հետ երեք ամիս բանակղած և մի քանի անգամ տարածաշրջան եկած Իրանի փոխարտգործնախարար Մահմուդ Վաեզին հայտարարում է, որ Իրանը դադարեցնում է միջնորդական առաքելությունը[1]:
  • Մայիսի 18
    • Առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, Ինքնապաշտպանական ուժերի կազմավորումները հարձակման են անցել Լաչին (Բերձոր) քաղաքի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն[1]։ Ավարտվել է Լաչին քաղաքի կրակակետերի ճնշումը, որով վերականգնվել է Հայաստանի հետ ցամաքային կապը[1]:
    • Ինքնապաշտպանական ուժերը Լաչինից դուրս են եկել Հայաստանի սահման և միաժամանակ հետապնդել են Քելբաջարի ու Կուբաթլուի ուղղությամբ նահաջնող ադրբեջնական ուժերին։
  • Հունիսի 2 - Ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։
  • Հունիսի 12
    • Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ սկսել են լայնածավալ հարձակումներ՝ Արցախի Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանի ուղղություններով:
    • Ասկերանի ճակատում ադրբեջնական ուժերը հարձակվել են Ասկերանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով, որին նախորդել էր ուժգին հրթիռահերտանային հարձակում։
    • Ադրբեջանական ուժերը ՍՈՒ-24-ով ռմբակոծել են Նորագյուղ և Խանաբադ գյուղերը, Ասկերանը և Արցախի ինքանպաշտպանական ուժերի պաշտպանական դիրքերը։
    • Ադրբեջնական ուժերը մարտի են հանել մեծաթիվ կենդանի ուժ և շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր։
    • Ճակատի մի հատվածում ադրբեջանական գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ ու Դահրազ գյուղերը, իսկ Ինքնապաշտպանական ուժերի ազատամարտիկներին հաջողվել է կասեցնել նրանց առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։
    • Ադրբեջանական ուժերը 2 տանկի և 1 ՀՄՄ-ի աջակցությամբ գրոհել են Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետը, իսկ 1 տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ՝ Խանաբադը։ Ադրբեջանական կողմին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայկական կողմը ստիպված է եղել դիմադրությունը շարունակել երկրորդ բնագծից։
    • Ադրբեջանական հարձակմանը դիմակայող ազատամարտիկներին օգնության են հասել Ինքնապաշտպանական ուժերի 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։ Հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են ադրբեջանական երկու տանկեր, խփվել մեկ ՀՄՄ-2, ինչից հետո նրանց առաջխաղացումը կասեցվել է։
  • Հունիսի 13
    • Առավոտյան հայ ազատամարտիկները հակահարձակման են անցել և հետ վերցրել 4-րդ պահակակետը, իսկ ադրբեջանական ուժերը հետ են շպրտվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությունից։
    • Վաղ առավոտյան ադրբեջանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Շահումյանի ուղղությամբ, ինչը ավարտվել է նրանց հաղթանակով։
    • Խփելով մոտ 12 միավոր տեխնիկա և զգալի կորուստ տալով ադրբեջանական կողմին՝ Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի մարտիկները ընդամենը կարողացել են ապահովել շուրջ 13․000 բնակիչների նահանջն ու տարհանումը։
    • 4 տանկերով հրետակոծելով Խաչենագետի կամուրջը, ադրբեջնական ուժերը ներխուժել են Սրխավենդ ու Կիչան, խափանելով Մարտակերտի ու Շահումյանի հետ կապը։
    • Մեծաքանակ հետևակ ու մարտական զրահատեխնիկա կենտրոնացնելով Կարմիրավան-Չայլու և Մարաղա-Թալիշ ուղղություններում (միայն այստեղ՝ 1500 զինվոր, 4 տանկ և այլ տեխնիկա), ինչպես նաև օդից ռմբակոծելով Թալիշը, ադրբեջանական կողմը ամբողջությամբ մեկուսացրել է Շահումյանի շրջանը։
  • Հունիսի 15 - Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատագրել են Կիչան ու Սրխավենդ գյուղերը։
  • Հունիսի 16
    • Ադրբեջանական գերակշիռ ուժերին հաջողվել է մխրճվել Ինքնապաշտպանական ուժերի պաշտպանության խորքերը՝ Չայլու, Թալիշ և Մադաղիս ուղղություններով։
    • Չայլուի ուղղությամբ հանդիպելով ուժեղ դիմադրության և կորցնելով 3 զրահամեքենա, նահանջել է։
    • Թալիշում չհանդիպելով լուրջ դիմադրության՝ 7 զրահամեքենայով շարժվել է դեպի Մադաղիս և գրավել այն։
    • Շրջափակման վտանգի տակ հայտնված Չայլուի պաշտպաններին հետ քաշվելու հրաման է տրվել։
  • Հունիսի 17 - Մարտակերտի ճակատում Ինքնապաշտպանական ուժերի դիրքերը անցել են Մադաղիս-Լևոնարխ-Մարգուշավան-Մարաղա գծով։
  • Օգոստոսի 15 - Ստեղծվել է Արցախի պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 «Ղարաբաղյան ժամանակագրություն. Հրադադարից 25 տարի անց». azatutyun.am. 2019 թ․. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 19-ին.