1963-1964 թվականների միջհամայնքային խռովություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արյունոտ Սուրբ ծնունդ (թուրքերեն՝ Kanlı Noel), տերմին, որն օգտագործվում է հիմնականում, բայց ոչ բացառապես, թուրք կիպրական և թուրքական պատմագրության մեջ՝ նկարագրելու 1963-1964 թվականներին Կիպրոսի ճգնաժամի ժամանակ հույն և թուրք կիպրոսցիների միջև ծագած միջհամայնքային անկարգությունները, 1963 թվականի դեկտեմբերի 20-21-ի գիշերը և ամբողջ կղզու տարածքում հետագա անկարգությունների շրջանը[1], որոնք հավասարազոր էին քաղաքացիական պատերազմի[2]։ Հունական պատմագրության մեջ այս դեպքերը կոչվում են 1963-1964 թվականների միջհամայնքային խռովություններ։ Անկարգությունների պոռթկման արդյունքում զոհվել է 364 թուրք կիպրոսցի և 174 հույն կիպրոսցի[3]։ 104 տարբեր գյուղերից շուրջ 25 000 թուրք կիպրոսցիներ փախել են իրենց գյուղերից[4]։ Շուրջ 1200 կիպրոսցի հայեր և 500 հույն կիպրոսցիներ տեղահանվել են[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի Հանրապետությունը ստեղծվել է 1960 թվականին՝ որպես երկհամայնք ունիտար պետություն։ Երկու համայնքներից ոչ մեկը գոհ չէր ստեղծված դրությունից, քանի որ հույն կիպրոսցիները կարծում էին, որ պետք է Կիպրոսը միավորվի Հունաստանի հետ (էնոզիս), իսկ թուրք կիպրոսցիները ձգտում էին բաժանել կղզին (թաքսիմ)։ Հարաբերական խաղաղության երկու տարիներից հետո 1963 թվականի նոյեմբերին լարվածությունը հասել է իր գագաթնակետին, երբ նախագահ Մակարիոս III-ը առաջարկել է սահմանադրական 13 փոփոխություններ, որոնք թուրք կիպրոսցիների դժգոհության պատճառ են դարձել[6]։

Զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 21․ պոռթկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1964 թվականների միջհամայնքային խռովությունների պատճառ դարձած միջադեպը տեղի է ունեցել 1963 թվականի դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Նիկոսիայի հին վենետիկյան պատերի մոտ գործող հույն կիպրական ոստիկանությունը պահանջել է տաքսիով տուն վերադարձող թուրք կիպրոսցիներից ներկայացնել իրենց անձը հաստատող փաստաթղթերը։ Երբ ոստիկանները փորձել են խուզարկել մեքենայում գտնվող կանանց, վարորդն առարկել է, որի արդյունքում վեճ է սկսվել։ Շուտով բազմություն է հավաքվել և կրակոցներ են հնչել[7][8]։ Մինչև լուսաբաց երկու թուրք կիպրոսցի է զոհվել և 8 այլ անձինք՝ ինչպես հույն, այնպես էլ թուրք կիպրոսցիներ, վիրավորվել են[9]։

Դեկտեմբերի 21-23[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակոցներից հետո Նիկոսիայի հյուսիսային հատվածում թուրք կիպրական բազմություն է հավաքվել, որոնց հաճախ գլխավորել է Թուրքական դիմադրության կազմակերպությունը։ Դեկտեմբերի 22-ին առանց որևէ միջադեպերի իրականացվել է զոհված երկու թուրք կիպրոսցիների հուղարկավորությունը[10]։ Սակայն նույն օրվա երեկոյան կրկին հրաձգություն է սկսվել։ Հույն կիպրոսցիներով լեցուն մեքենաները շրջել են Նիկոսիայի փողոցներում և անկանոն կրակ բացել, իսկ թուրք կիպրոսցիները կրակել են պարեկային ոստիկանական մեքենաների ուղղությամբ։ Թուրք կիպրոսցի դիպուկահարները կրակել են մինարեթներից և Սարայոնու հրապարակի Սարայ հյուրանոցի տանիքից։ Հրաձգությունները տարածվել են արվարձաններում և Լառնակայում[2]։ Հույն կիպրական վարչակազմը կտրել է Նիկոսիա քաղաքի թուրք կիպրական հատվածների հեռախոսային և հեռագրային կապերը, իսկ ոստիկանությունն իր վերահսկողության տակ է վերցրել Նիկոսիայի միջազգային օդանավակայանը[10]։ Ակտիվացվեցին հունական ռազմական խմբավորումները՝ Նիկոս Սամփսոնի և Վասոս Լիսարիդիսի գլխավորությամբ[2]։

Դեկտեմբերի 23-ին Մակարիոս III-ը և թուրք կիպրական ղեկավարությունը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի վերաբերյալ։ Սակայն կռիվները շարունակվել և ավելի են թեժացել Նիկոսիայում և Լառնակայում[11]։

Հետագա գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք կիպրական մի շարք մզկիթներ, սրբավայրեր և այլ պաշտամունքային վայրեր պղծվել են[12]։

Հույն կիպրական անկանոն ուժերը հարձակվել են թուրք կիպրոսցիների վրա մի շարք շրջաններում, մասնավորապես խառը բնակչություն ունեցող Մաթիատիս գյուղում դեկտեմբերի 23-ին և Այոս Վասիլիոս գյուղում դեկտեմբերի 24-ին[13]։ Մաթիատիս գյուղի թուրք կիպրական ամբողջ բնակչությունը՝ 208 հոգի, փախուստի է դիմել մոտական թուրք կիպրական գյուղեր[14]։

Այդ ժամանակ Կիպրոսում գտնվող լրագրող Հերի Սքոթ Գիբոնսը զեկուցել է, որ Սուրբ ծննդյան օրը Նիկոսիայի գլխավոր հիվանդանոցում սպանվել են թուրք կիպրոսցի 21 հիվանդներ։ Թուրք կիպրական կողմը սա ընդունում է որպես փաստ, մինչդեռ հույն կիպրոսցիները վիճարկում են այն[15]։

Դեկտեմբերի 23-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարար Սպիրոս Կիպրիանուն, ով գտնվում էր Լոնդոնում, նշել է, որ Միացյալ Թագավորությունը Կիպրոսում տեղի ունեցող իրադարձությունները համարում է «ներքին խնդիր», սակայն հաջորդ օրը վերջինիս տեսակետը փոխվել է[16]։ Դեկտեմբերի 24-ին Թուրքիայի, Հունաստանի և Միացյալ Թագավորության կառավարությունները խաղաղության կոչ են արել[17]։ Երեք երաշխավոր պետությունները Մակարիոսի համաձայնությամբ ստեղծել են Համատեղ զինադադարի ուժեր՝ գեներալ Փիթեր Յանգի գլխավորությամբ, որի նպատակն էր պահպանել և կարգուկանոն ու խաղաղություն հաստատել Կիպրոսում։ Մինչև դեկտեմբերի 31-ը 49 թուրք կիպրոսցի և 20 հույն կիպրոսցի է զոհվել, իսկ համապատասխանաբար 30 և 4 թուրք և հույն կիպրոսցիներ համարվում էին անհայտ կորած[18]։

Հունվարին Լոնդոնում կազմակերպված համաժողովը, սակայն, ձախողվել է թուրք և հույն կիպրական ղեկավարության մաքսիմալիստական դիրքորոշումների պատճառով[19]։

Կիպրոսի Հանրապետությունը հայտարարում է, որ 1963 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1964 թվականի օգոստոսի 10-ը 191 թուրք կիպրոսցի է սպանվել և 173-ը անհայտ կորած են, ամենայն հավանականությամբ զոհված, մինչդեռ հույն կիպրոսցիների զոհերի թիվը նշվում է 133 և 41 անհայտ կորած, ենթադրաբար զոհված[20]։ Ընդհանուր առմամբ 1963-1964 թվականների ճգնաժամի ընթացքում զոհվել է 364 թուրք կիպրոսցի և 174 հույն կիպրոսցի[3]։ 104 տարբեր գյուղերից շուրջ 25 000 թուրք կիպրոսցիներ լքել են իրենց տները։ 72 խառը և 24 թուրք կիպրական գյուղերից բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է, իսկ 8 խառը գյուղերից մասմաբ է տարհանվել։ Թուրք կիպրական բնակչության մեկ քառորդը տեղահանության է ենթարկվել։ Մոտավորապես 1200 կիպրոսցի հայեր և 500 հույն կիպրոսցիներ ևս տեղահանվել են[5]։

Թուրք կիպրոսցիների կողմից լքված գույքի մեծ մասը հափշտակվել, վնասվել, այրվել կամ ավերվել է հույն կիպրոսցիների կողմից։ Միավորված ազգերի կազմակերպության 1964 թվականի զեկույցը, որն օգտագործել է օդային լուսանկարները, պարզել է, որ առնվազն 977 թուրք կիպրական տներ ավերվել են և որ 2000 թուրք կիպրոսցիների տներ լուրջ վնասներ են կրել[21]։

Այոս Վասիլիոսի զանգվածային գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հունվարի 12-ին Այոս Վասիլիոս գյուղում արտասահմանցի լրագրողների, բրիտանական բանակի սպաների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ զանգվածային գերեզման է արտաշիրմվել։ Գերեզմանում հայտնաբերվել են 21 թուրք կիպրոսցիների դիեր[22]։ Ենթադրվում է, որ նրանք սպանվել են 1963 թվականի դեկտմեբերի 24-ին Այոս Վասիլիոսում կամ դրա մոտակայքում[13]։

Անկախ բրիտանացի քննիչների գլխավորած քննչական կոմիտեն այնուհետև դեպքը կապել է Նիկոսիայի գլխավոր հիվանդանոցում թուրք կիպրոսցի հիվանդների առերևույթ անհետացման հետ, սակայն տասնամյակներ անց պարզվել է, որ դիակներից շատերը սպանվել են այլ վայրում, պահվել են հիվանդանոցում, իսկ հետո թաղվել Այոս Վասիլիոսում[22]։ Սակայն նրանց շարքում եղել են նաև գյուղի բնակիչներ[23]։ Արտաշիրմված դիակները թուրք կիպրական իշխանությունները թաղել են Նիկոսիայի Մևլևի թեքեի բակում։ 2010-ական թվականներին Անհայտ կորածների հանձնաժողովը դիակները արտաշիրմել է, ճանաչվել են Այոս Վասիլիոս գյուղի 8 բնակիչները և թաղվել առանձին[24]։

Ոգեկոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք կիպրոսցիները ամեն տարի պաշտոնապես նշում են 1963 թվականի դեկտեմբերի 21-ը որպես Արյունոտ Սուրբ ծնունդ (Kanlı Noel)՝ որպես ողբերգություն, մինչդեռ հույն կիպրոսցիները պաշտոնական ոգեկոչման օր չունեն[25]։ Այս դեպքերի տարելիցի օրը, որը թուրք կիպրոսցիները կոչում են «հիշատակության շաբաթ» և 1963-1974 թվականների «նահատակների» պայքարի շրջան, հաջորդում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության օրվան՝ նոյեմբերի 15-ին[26]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hadjipavlou 2016, p. 2017; Hazou 2013.
  2. 2,0 2,1 2,2 Richter, 2010, էջ 120
  3. 3,0 3,1 Oberling, 1982, էջ 120
  4. Bryant 2012, p. 5–15; Hoffmeister 2006, p. 17–20; Risini 2018, p. 117; Smit 2012, p. 51; United Nations 1964.
  5. 5,0 5,1 Bryant 2012, pp. 5–15; Hoffmeister 2006, pp. 17–20.
  6. Richter, 2010, էջեր 106–115
  7. Richter, 2010, էջ 94
  8. Havadis, 2014
  9. Ker-Lindsay, 2009, էջ 24
  10. 10,0 10,1 Borowiec, 2000, էջեր 56–57
  11. Borowiec 2000, pp. 56–57; Richter 2010, p. 121.
  12. The Guardian, 1999
  13. 13,0 13,1 Patrick, 1976
  14. «Mathiatis»։ PRIO Cyprus Displacement Centre։ Վերցված է 21 December 2017 
  15. Bryant, Papadakis, էջ 249
  16. Ker-Lindsay James (2004)։ Britain and the Cyprus Crisis 1963-1964։ Bibliopolis 
  17. Richter 2010, p. 120; Goktepe 2013, p. 130.
  18. Richter, 2010, էջեր 121–122
  19. Richter, 2010, էջ 122
  20. Soulioti, 1996, էջեր 275–281, 350
  21. Bryant, 2012, էջեր 5–15
  22. 22,0 22,1 O'Malley, Craig, էջ 93
  23. «AGIOS VASILEIOS»։ PRIO Displacement Centre։ Վերցված է 22 November 2018 
  24. Bayrak, 2018
  25. Demetriou, 2006
  26. Yakinthou, 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]