Jump to content

1830 թվականի հեղափոխության նահատակների հուշարձան

1830 թվականի հեղափոխության նահատակների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկրիպտե և հուշահամալիր
ՔանդակագործԳիլյոմ Գիֆս[1]
ՃարտարապետԼուիս Ռուլանդտ
Ստեղծումնոյեմբերի 23, 1830
Բացում1838
Երկիր Բելգիա[1]
ԲնակավայրԲրյուսել[1]
ՓողոցՆահատակների հրապարակ-Martelaarsplein հրապարակ
Պատկանում էՇինարարական գործակալություն
ՊատվիրատուԲելգիայի ժամանակավոր կառավարություն և Բելգիայի ազգային կոնգրես
ՄակագրությունPATRIA և DECRETUM DIE XXV.SEPT. MDCCCXXX / ABSOLUTUM DIE XXV.SEPT. MDCCCXL / LEOPOLDO I REGNANTE.
50°51′6.19″N 4°21′22.82″E / 50.8517194°N 4.3563389°E / 50.8517194; 4.3563389
 Pro Patria monument, Brussels Վիքիպահեստում

1830 թվականի հեղափոխության նահատակներին նվիրված հուշարձան, (ֆրանս․՝ Monument aux martyrs de la révolution de 1830, հոլ․՝ Monument voor de martelaren van de revolutie van 1830), հայտնի է նաև որպես «Հայրենիքի հուշարձան» (Pro Patria Monument, բառացի՝ «Հուշարձան հայրենիքին»), ալեգորիկ հուշարձան է՝ տեղադրված Բրյուսելում՝ Նահատակների հրապարակում (Place des Martyrs / Martelaarsplein)։ Այն նվիրված է 1830 թվականի Բելգիայի հեղափոխության զոհերի հիշատակին[2]։

Հուշարձանի նախագծման աշխատանքները սկսել է ճարտարապետ Լուի Ռուլանդտը 1836 թվականին՝ նեոկլասիցիզմի ոճով։ Այն կերտել է քանդակագործ Գիյոմ Գեֆսը։ Բացվել է 1838 թվականին։ Սակայն հուշարձանի քանդակային մասը՝ սպիտակ մարմարից պատրաստված ռելիեֆներն ու հրեշտակները, ավարտվել են միայն 1849 թվականին՝ Գեֆսի կողմից[2]։ 1963 թվականին հուշարձանը ստացել է պահպանվող մշակութային ժառանգության կարգավիճակ[3][4]։

Նախագծում և կառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականի Բելգիայի հեղափոխության մարտերի ընթացքում առաջացավ առաջին զոհերի հուղարկավորության անհրաժեշտություն[5]։ Օրինական իշխանության բացակայության պայմաններում ստեղծված Վարչական հանձնաժողովը որոշեց նրանց մնացորդները ամփոփել Սեն Միշել հրապարակում (Place Saint-Michel / Sint-Michielsplein), ինչպես այն կոչվում էր այդ ժամանակ[6][5]։ 1830 թվականի հոկտեմբերի 2-ին հրապարակը վերանվանվեց Նահատակների հրապարակ (Place des Martyrs / Martelaarsplein)։ Այս որոշումը պաշտոնապես հաստատվեց 1831 թվականի հուլիսի 30-ին՝ Բրյուսելի քաղաքապետ Նիկոլա-Ժան Ռուպի հրամանագրով[7]։ Կառույցի սալաքարերի տակ թաղված են Սեպտեմբերյան օրերի 466 հերոսներ։ Դրանից հետո հրապարակը դարձավ ազգային ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը[5]։

Ժան Անրի Դե Կոենի «1830 թվականի հերոսի փառաբանումը» (1831) կտավը պատկերում է ռոմանտիկացված տեսարան՝ կապված առաջին «նահատակների» թաղման արարողության հետ Սեն Միշել հրապարակում (Place Saint-Michel / Sint-Michielsplein)։

Շուտով ծնվեց հրապարակում հուշարձան կառուցելու գաղափարը[5]։ Ժամանակավոր կառավարությունն ու Ազգային կոնգրեսը դեռևս 1830 թվականի նոյեմբերի 23-ին հաստատեցին այդ գաղափարը, սակայն նախագիծը երկար ժամանակ չիրագործվեց։ 1831 թվականի մայիսի 11-ին ստեղծվեց հանձնաժողով՝ հուշարձանի համար մրցույթ հայտարարելու նպատակով։ Նախաձեռնությունն իրականացվում էր բաժանորդագրային սկզբունքով և ֆինանսավորման առումով դժվարություններ էր ունենում[5], չնայած որոշ մեծ նվիրատվություններին, օրինակ՝ քաղաքական գործիչ Ֆելիքս դը Մերոդի կողմից տրամադրված 16,000 ֆլորինին[8]։ Վերջապես, 1832 թվականին Ներկայացուցիչների պալատը հատկացրեց 15,000 ֆլորին՝ կառուցման համար։

Մրցույթի շրջանակներում ներկայացվեց տասնհինգ նախագիծ, սակայն ոչ մեկը չբավարարեց հանձնաժողովին։ Այդ ժամանակ ներքին գործերի նախարար Շառլ Ռոժեն հանձնարարեց հանձնաժողովին ընտրել հեղինակավոր մի արվեստագետ։ Ընտրվեց թագավոր Լեոպոլդ I-ի պալատական քանդակագործ Գիյոմ Գեֆսը, ով ներկայացրեց նախնական նախագիծ։ Քանի որ այն միաձայն չընդունվեց, Գեֆսը կատարելագործեց իր առաջարկը, և 1836 թվականին վերջնական տարբերակը հաստատվեց[9]։

Հուշարձանի բացումը կայացավ 1838 թվականի սեպտեմբերի 24-ին, սակայն այն դեռևս ամբողջությամբ ավարտված չէր[10]։ Քանդակված հրեշտակները տեղադրվեցին միայն 1840 թվականին, իսկ վերջին հարթաքանդակը՝ 1849 թվականին[2]։

Հետագա պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենիքի հուշարձանի» կառուցումը բերեց հրապարակը արմատական փոփոխության. վերացվեց Սեն Միշել փողոցից (Rue Saint-Michel / Sint-Michielsstraat) Պերսիլ փողոց (Rue du Persil / Peterseliestraat) բացվող տեսադաշտը։ Պատմաբան Գիյոմ Դը Մարեզի խոսքով՝ արձանը «անվիճելիորեն չափազանց մեծ է չափսերով և վնասում է ստեղծագործության պարզունակ դիզայնին»[11]։ 1839 թվականին հուշարձանի երկու կողմերում տեղադրված ցանկապատված փոքրիկ ծաղկանոցներն ու լապտերները կրկին փոխեցին հրապարակը, ինչպես նաև 1841 թվականին տեղադրված շատրվանները, որոնք 1861-ին փոխարինվեցին ջրավազաններով[12]։ 1897–98 թվականներին հրապարակում կանգնեցվեցին ևս երկու փոքր հուշարձան՝ մեկը դերասան և բանաստեղծ Ժեննևալի պատվին[13], իսկ մյուսը՝ կոմս Ֆրեդերիկ դը Մերոդեի[14]։

Հուշարձանն ու ամբողջ հրապարակը 1963 թվականի հունիսի 10-ին թագավորական հրամանագրով ճանաչվեցին որպես պահպանվող մշակութային արժեքներ[3][4]։ 2019–2020 թվականներին հուշարձանը ենթարկվեց վերականգնման և մաքրման աշխատանքների։ Այդ ընթացքում փոխարինվեց արտաքին հին լուսավորությունը՝ նոր, էներգախնայող LED լուսարձակներով, իսկ տեխնիկական սենյակը ջրամեկուսացվեց և վերանորոգվեց[15]։

Հուշարձանը կառուցված է կապույտ քարից և զարդարված է սպիտակ կարրայական մարմարից արձաններով ու սալերով։ Այն գտնվում է Նահատակների հրապարակի կենտրոնում՝ գերեզմանատան կրիպտի վրա։ Վերևում կանգնած է Ազատության ալեգորիկ կերպարը, որը պատմության ոսկե գրքում գրանցում է 1830 թվականի սեպտեմբերի 23–26-ը։ Նրա ոտքերի մոտ պատկերված է Բելգիական առյուծը՝ պառկած ստրկության կոտրված շղթաների վրա[2][16][10]։

Արձանի տակ պատվանդանը անկյուններում զարդարված է չորս թեքված հրեշտակներով, որոնք խորհրդանշում են աղոթքը, մարտը, հաղթանակը և թաղումը, իսկ դրա ճակատներին՝ մարմարե սալիկներ, որոնց վրա արևմուտքում և արևելքում գրված են «PATRIA» («Հայրենիք») և «DECRETUM DIE XXV. SEPT. MDCCCXXX / ABSOLUTUM DIE XXV. SEPT. MDCCCXL / LEOPOLDO I REGNANTE.» («Որոշում՝ 1830 թվականի սեպտեմբերի 25 / ավարտ՝ 1840 թվականի սեպտեմբերի 25 / Լեոպոլդ I-ի թագավորության օրոք») բառերը, իսկ հյուսիսում և հարավում՝ արմավենու պսակներ[2][10]։

Հուշարձանի քառակուսի հիմքը հիմնականում գտնվում է հրապարակից ցածր մակարդակի վրա։ Նրա չորս կողմերը զարդարված են հարթաքանդակներով, որոնք ներկայացնում են տեսարաններ Բելգիական հեղափոխությունից.

  • հարավ՝ Հայրենասերների երդումը Գրանդ-Պլասում,
  • հյուսիս՝ Պարկի վրա հարձակումը Վան Հալենի հրամանատարությամբ,
  • արևելք՝ Սուրբ Գուդուլայի դեկանոսը օրհնում է հերոսների գերեզմանները,
  • արևմուտք՝ Բելգիան դափնեպսակով պսակում է իր հերոսներին[17]։

Հուշարձանի տակ գտնվող դամբարանը քառակուսի ձևով ծածկված սրահ է, որի սպիտակ քարից կառուցված կամարները հենվում են կապույտ քարից հզոր սյուների վրա[2]։ Յուրաքանչյուր սյան վերևում փորագրված է զարդ, որը նման է «Ազատության» արձանի պատվանդանի հիմքում կիրառված նախշին՝ հնգաթև աստղ, շրջապատված ականտթսի և դափնու տերևների օղակով[8]։

Սրահի պատերին փակցված են 27 սև մարմարե սալեր, որոնց վրա ոսկեգույն տառերով գրված է 1830 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը և 1830 թվականի սեպտեմբերյան մարտերում զոհված 466 ապստամբների անունները[2][10] ՝ 183-ը՝ Բրյուսելի բնակիչներ, 132-ը՝ ֆլամանդացի, 123-ը՝ վալոնցի, 28-ը՝ օտար երկրներից[15]։

Դամբարանը շրջապատված է չորս աստիճանով և երկաթից պատրաստված պատնեշով, որի զարդանախշերում կրկնվում է աստղի պատկերանիշը։ Չորս անկյուններում տեղադրված են սյուների վրա ամրացված լապտերներ, որոնք զարդարված են խոյերի գլուխներով[2]։ Դամբարան տանող մուտքը գտնվում է արևելյան կողմում՝ երկու աստիճանուղով[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Inventory of Movable Heritage (ֆր.)
  2. 1 2 3 4 5 6 7 8 Mardaga, 1993, էջ 447
  3. 1 2 Valente Soares, 2011, էջ 62
  4. 1 2 «Bruxelles Pentagone - Monument aux Martyrs de la révolution de 1830 - Place des Martyrs - ROELANDT L.». www.irismonument.be (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. 1 2 3 4 5 Valente Soares, 2011, էջ 49
  6. ↑ Mardaga, 2005, էջ 112
  7. ↑ Derom, 2000, էջ 26
  8. 1 2 3 «Crypte – Crypte». Société Royale Les Enfants et Descendants des Combattants de 1830 (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  9. ↑ Valente Soares, 2011, էջ 49–50
  10. 1 2 3 4 Valente Soares, 2011, էջ 50
  11. ↑ Des Marez, 1918, էջ 218
  12. ↑ Valente Soares, 2011, էջ 54
  13. ↑ Valente Soares, 2011, էջ 51–53
  14. ↑ Valente Soares, 2011, էջ 53
  15. 1 2 «Monument aux Martyrs | Régie des Bâtiments». www.regiedesbatiments.be (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
  16. ↑ D'Hainaut-Zveny, 1994, էջ 195
  17. ↑ Valente Soares, 2011, էջ 51

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]