1808 թվականի մայիսի երեքը Մադրիդում
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա[1] |
| տարի | 1814[2][1] |
| բարձրություն | 268 սանտիմետր[2] |
| լայնություն | 347 սանտիմետր[2] |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | ռոմանտիզմ[3] |
| ժանր | պատմական գեղանկարչություն |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Պրադո թանգարան |
| հավաքածու | Պրադո թանգարան[4] |
| ներշնչված է | Պիրենեյան պատերազմներ |
պատկերված են
| |
| 40°24′50″N 3°41′31″W / 40.413805555556°N 3.6919166666667°W | |
Ծանոթագրություններ | |
«1808 թվականի մայիսի երեքը Մադրիդում» (հայտնի է նաև որպես «1808 թվականի մայիսի երեքը»[5], իսպ.՝ El tres de mayo de 1808 en Madrid կամ Los fusilamientos de la montaña del Príncipe Pío[6], կամ Los fusilamientos del tres de mayo), իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի 1814 թվականին ավարտված նկարը։ Ստեղծագործության մեջ Գոյան ձգտել է հավերժացնել իսպանական դիմադրությունը Նապոլեոն Բոնապարտի բանակների դեմ՝ 1808 թվականին Մադրիդի օկուպացիայի ժամանակ, Պիրենեյան պատերազմի սկզբում։ Իր նույն չափի զույգ ստեղծագործության՝ 1808 թվականի մայիսի երկուսը (կամ Մամլուքների հարձակումը) հետ միասին, այն պատվիրվել է Իսպանիայի ժամանակավոր կառավարությունը՝ հենց Գոյայի առաջարկով, կարճ ժամանակ անց, երբ ֆրանսիական օկուպացիան վերացվել էր, և գահում վերականգնվել էր թագավոր Ֆերդինանդ VII-ը։
Նկարի բովանդակությունը, ներկայացման ձևը և հուզական ուժը դարձրել են այն պատերազմի սարսափները պատկերող առաջամարտիկ, արխետիպային ստեղծագործություն։ Չնայած որ այն հենվում է ինչպես բարձր, այնպես էլ ժողովրդական արվեստի բազմաթիվ աղբյուրների վրա, «Մայիսի երեքը» հստակորեն խզել է ավանդույթից։ Հեռանալով քրիստոնեական արվեստի ավանդույթներից և պատերազմի ավանդական պատկերումներից՝ այն զուրկ է հստակ նախադեպից և ընդունված է որպես արդի արվեստի առաջին նկարներից մեկը[7]։ Արվեստաբան Քենեթ Քլարկի կարծիքով՝ սա «առաջին մեծ նկարն է, որը կարելի է հեղափոխական համարել բառի բոլոր իմաստներով՝ ոճով, թեմայով և մտադրությամբ»[8]։
«1808 թվականի մայիսի երեքը» ոգեշնչել է Ջերալդ Հոլթոմի խաղաղության նշանը և մի շարք ավելի ուշ մեծ ստեղծագործություններ, այդ թվում՝ Էդուարդ Մանեի մի ամբողջ շարք, ինչպես նաև Պաբլո Պիկասոի «Կոտորած Կորեայում» և «Գեռնիկա» կտավները։ Նկարը ներկայումս պահվում է Մադրիդի Պրադո թանգարանում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապոլեոն Բոնապարտը իրեն հռչակել է Ֆրանսիական Հանրապետության Առաջին կոնսուլ 1799 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ 1804 թվականին ինքն իրեն թագադրել է կայսր։ Քանի որ Իսպանիան վերահսկում էր Միջերկրական ծով հասանելիությունը, երկիրը քաղաքականապես և ռազմավարականորեն կարևոր նշանակություն էր ներկայացնում Ֆրանսիայի համար։ Իսպանիայի գահակալ Կառլոս IV-ը միջազգային հանրության կողմից համարվում էր անգործունյա. նույնիսկ սեփական արքունիքում նրան համարել են «կիսագլուխ արքա, որը հրաժարվել է պետական գործերից՝ որսի հաճույքի համար»[9], ինչպես նաև՝ խաբված ամուսին, որը ի վիճակի չէր զսպել իր եռանդուն կնոջը՝ Մարիա Լուիզա Պարմացիին[10]։ Նապոլեոնը օգտվել է թույլ արքայի թուլությունից և առաջարկել է, որ երկու պետությունները միասին նվաճեն և բաժանեն Պորտուգալիան. Ֆրանսիան և Իսպանիան պետք է վերցնեին ավարի 1/3-ը, իսկ վերջին 1/3-ը՝ Իսպանիայի վարչապետ Մանուել դե Գոդոյին, Ալգարվեի արքայազնի տիտղոսի հետ միասին։ Գոդոյը գայթակղվել և ընդունել է ֆրանսիական առաջարկը՝ սակայն չհասկանալով Նապոլեոնի իրական մտադրությունները և չիմանալով, որ իր նոր դաշնակիցն ու համիշխանորդը՝ արքայազն Ֆերդինանդ VII-ը, ներխուժումն օգտագործում էր միայն որպես հնարք՝ իսպանական խորհրդարանն ու գահը զավթելու համար։ Ֆերդինանդը մտադիր էր ոչ միայն սպանել Գոդոյին առաջիկա իշխանության համար պայքարի ընթացքում, այլև զոհաբերել իր սեփական ծնողների կյանքը[11]։

Իսպանական զորքերին ուժեղացնելու և Լիսաբոն երթով Բրագանսայի արքայատան անդամներին գերելու պատրվակով՝ մինչ վերջիններիս Բրազիլիա տեղափոխվելը, 23,000 ֆրանսիական զինվոր 1807 թվականի նոյեմբերին անարգել մտել են Իսպանիա[12]։ Նույնիսկ երբ Նապոլեոնի իրական մտադրությունները հաջորդ փետրվարին հայտնի են դարձել, օկուպացիոն ուժերը գործնականում դիմադրության չեն հանդիպել, բացառությամբ առանձին, մեկուսացված գործողությունների, այդ թվում՝ Սարագոսայում[13]։ Նապոլեոնի գլխավոր հրամանատար, մարշալ Յոախիմ Մյուրատն, կարծում էր, որ Իսպանիան կշահեր ավելի առաջադեմ և կարող կառավարիչներից, քան Բուրբոնները, և Նապոլեոնի եղբայր Ժոզեֆ Բոնապարտը պիտի դառնար նոր թագավոր[14]։ Նապոլեոնը Ֆերդինանդին համոզել է իսպանական իշխանությունը վերադարձնել Կառլոս IV-ին, որից հետո վերջինիս այլ ելք չի մնացել, քան հրաժարվել գահից 1808 թվականի մարտի 19-ին՝ հօգուտ Ժոզեֆ Բոնապարտի։
Չնայած որ իսպանացիներն անցյալում ընդունել էին օտարերկրյա միապետների, նրանք խորապես դժգոհ են եղել նոր ֆրանսիացի կառավարչից։ Մադրիդում գործող ֆրանսիացի գործակալներից մեկը գրել է, որ իսպանացիները հակված են դաժանության և չեն կարող հանդուրժել վերաբերմունքը որպես նվաճված ազգ, և հուսահատության հասցված՝ պատրաստ կլինեին սանձազերծել ամենասարսափելի ապստամբությունն ու ամենադաժան չափազանցությունները[15]։ 1808 թվականի մայիսի 2-ին, դրդված Իսպանիայի արքայական ընտանիքի վերջին անդամներին Ֆրանսիա տեղափոխելու ծրագրի մասին լուրից, Մադրիդի բնակչությունը ապստամբել է։ Այդ օրը մարշալ Մյուրայի կողմից իր զորքերին ուղղված հայտարարության մեջ ասվել է, որ մադրիդցիները մատնվել են խռովության և սպանության, ֆրանսիական արյուն է թափվել, և դա պահանջում է վրեժ, ուստի ապստամբության ընթացքում զենքով ձերբակալված բոլորը գնդակահարվելու են[16]։ Գոյան հավերժացրել է ապստամբությունը իր «Մայիսի երկուսը» կտավում, որտեղ պատկերված է հեծելազորի հարձակումը ապստամբների վրա Մադրիդի կենտրոնում գտնվող Պուերտա դել Սոլ հրապարակում, որտեղ մի քանի ժամ շարունակ տեղի է ունեցել կատաղի մարտ[17]։ Զույգ կտավներից ավելի հայտնի «Մայիսի երեքը» պատկերում է ֆրանսիական հատուցումը. հաջորդ օրվա լուսադեմից առաջ հարյուրավոր իսպանացիներ հավաքագրվել և գնդակահարվել են Մադրիդի մի քանի վայրերում։ Իսպանացի քաղաքացիների դիմադրությունը շարունակվել է հետագա հինգամյա Պիրենեյան պատերազմի ընթացքում, որն առաջինն է եղել, որին կիրառվել է «պարտիզանական պատերազմ» եզրույթը[14]։ Իսպանական անկանոն ուժերը զգալիորեն օգնել են Արթուր Ուելսլիի գլխավորած իսպանական, պորտուգալական և բրիտանական միացյալ բանակներին, որոնք առաջին անգամ ափ են իջել Պորտուգալիայում 1808 թվականի օգոստոսին։ Մինչև նկարի ստեղծման գաղափարի ծնունդը, հասարակական գիտակցության մեջ ապստամբները արդեն դարձել էին հերոսության և հայրենասիրության խորհրդանիշ[18]։
Ինչպես մյուս իսպանացի լիբերալները, Գոյան էլ ֆրանսիական ներխուժման հետևանքով հայտնվել է դժվար դրության մեջ։ Նա աջակցել էր Ֆրանսիական հեղափոխության սկզբնական նպատակներին և հուսում էր նմանատիպ զարգացում Իսպանիայում։ Նրա մի քանի ընկերներ, ինչպիսիք են բանաստեղծներ Խուան Մելենդես Վալդեսը և Լեանդրո Ֆերնանդես դե Մորատինը, բացահայտ աֆրանսեսադոսներ էին՝ Ժոզեֆ Բոնապարտի կողմնակիցների (շատերի կարծիքով՝ գործակալների) համար կիրառվող տերմին[19]։ Գոյայի 1798 թվականին ստեղծած՝ ֆրանսիացի դեսպանից հրամանատարի վերածված Ֆերդինանդ Գիյեմարդեի դիմանկարը վկայում է անձնական հիացմունքի մասին[20]։ Չնայած որ նա պահպանել է իր՝ արքունի նկարչի պաշտոնը, ինչի համար պահանջվում էր հավատարմության երդում Ժոզեֆին, Գոյան բնությամբ ունեցել է իշխանության հանդեպ բնազդային հակակրանք[21]։ Նա ականատես է եղել իր հայրենակիցների ֆրանսիացի զորքերի կողմից ենթարկեցմանը։ Այս տարիներին նա քիչ է նկարել, թեև օկուպացիայի ապրումները ոգեշնչել են գծանկարներ, որոնք հետագայում հիմք են դարձել իր «Պատերազմի աղհավիրքները» (իսպ.՝ Los desastres de la guerra) փորագրությունների շարքի համար[20]։
1814 թվականի փետրվարին, ֆրանսիացիների վերջնական վտարումից հետո, Գոյան դիմել է ժամանակավոր կառավարությանը՝ խնդրելով «իր վրձնով հավերժացնել Եվրոպայի բռնակալի դեմ մեր փառավոր ապստամբության ամենանշանավոր և հերոսական գործողությունները»[22]։ Նրա առաջարկն ընդունվել է, և Գոյան սկսել է աշխատել «Մայիսի երկուսի» վրա։ Հայտնի չէ՝ արդյոք նա անձամբ ականատես է եղել ապստամբությանը կամ հատուցումներին[17], չնայած որ հետագայում բազմիցս փորձել են նրան կապել այդ երկու օրերից որևէ մեկի իրադարձություններին[23]։
Ընդհանուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«1808 թվականի մայիսի երրորդը» պատկերում է ապստամբությանը հաջորդող առավոտյան վաղ ժամերը[24] և կենտրոնացած է մարդկանց երկու զանգվածի վրա. մեկը կոշտ, կանոնավոր շարքով դասավորված գնդակահարման ջոկատ է, մյուսը՝ հրացանի սպառնալիքի տակ պահվող, անկարգ խումբ գերիներ։ Մահապատժի կատարողներն ու զոհերը հանկարծակիորեն միմյանց դեմ են կանգնած նեղ տարածության վրայով. Քենեթ Քլարկի խոսքով՝ Գոյան հանճարեղ հնարքով հակադրել է զինվորների կեցվածքների կատաղի կրկնողականությունը և նրանց հրացանների պողպատե գիծը՝ իրենց թիրախի քայքայվող անկանոնության հետ[25]։ Երկու խմբերի միջև՝ գետնին դրված քառակուսի լապտերը, տեսարանի վրա դրամատիկ լույս է սփռում։ Ամենապայծառ լուսավորությունը ընկնում է ձախ կողմում խմբված զոհերի վրա, որոնց թվում կա մի աղոթող վանական։ Կտավի կենտրոնում և անմիջապես աջ կողմում մահվան դատապարտված այլ մարդիկ սպասում են գնդակահարման հերթին։
Աջ կողմում կանգնած է գնդակահարման ջոկատը, որը ստվերում է և պատկերված է որպես մոնոլիտ միասնություն։ Գրեթե թիկունքից տեսանելի՝ նրանց սվիներն ու շակո գլխարկները ձևավորում են անողոք և անփոփոխ սյուն։ Գործող անձանց դեմքերի մեծ մասը տեսանելի չէ, սակայն կենտրոնական զոհի աջ կողմում գտնվող մարդու դեմքը, որը վախեցած նայում է զինվորներին, ծառայում է որպես կենտրոնական խմբի հետնամասում գտնվող հակադրող տարր։ Առանց առաջին պլանի դրամայի ինտենսիվությունից շեղվելու՝ գիշերային հեռվում երևում է քաղաքային տեսարան՝ զանգակատան հետ, հավանաբար ներառյալ ֆրանսիացիների կողմից օգտագործվող զորանոցները։ Բլրի լանջի և շակոների միջև ընկած ֆոնում երևում է ջահերով բազմություն. գուցե հանդիսատես, գուցե՝ ևս մեկ խումբ զինվորներ կամ զոհեր։
Ենթադրվում է, որ «Մայիսի երկուսը» և «Մայիսի երեքը» նախատեսված են եղել որպես ավելի մեծ շարքի մասեր։ Գրավոր վկայություններն ու հանգամանքային ապացույցները ենթադրում են, որ Գոյան նկարել է չորս մեծ կտավ՝ նվիրված 1808 թվականի մայիսյան ապստամբության հիշատակին։ 1867 թվականին Թագավորական ակադեմիայի իր հուշերում Խոսե Կավեդան գրել է Գոյայի՝ մայիսի երկրորդին նվիրված չորս կտավների մասին, իսկ Կրիստոբալ Ֆերիսը՝ նկարիչ և Գոյայի հավաքածուների կոլեկցիոներ, հիշատակել է թեմայով ևս երկու այլ կտավ՝ արքունական պալատում ապստամբության և հրետանային զորանոցի պաշտպանության մասին։ Այս երկու կտավների անհետացումը կարող է վկայել այն մասին, որ պաշտոնական իշխանությունները դժգոհ են եղել ժողովրդական ապստամբության պատկերումից[26]։
Պատերազմի արհավիրքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյայի «Պատերազմի արհավիրքները» աքվատինտա փորագրությունների շարքն ավարտվել է միայն 1820 թվականին, թեև փորագրությունների մեծ մասը ստեղծվել է 1810-1814 թվականներին։ Փորձնական տպագրությունների ալբոմը, որը Գոյան նվիրել է իր ընկերոջը և որն այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում, ցույց է տալիս, թե ինչ հերթականությամբ են ստեղծվել ինչպես նախնական գծանկարները, այնպես էլ հենց փորագրությունները։ Ամենավաղ խմբերին պատկանող փորագրությունները, ինչպես ենթադրվում է, նախորդել են երկու կտավների պատվերին և ներառում են երկու հստակորեն նմանատիպ կոմպոզիցիա ունեցող փորագրություն, ինչպես նաև «Ես տեսա սա» գործը, որը հավանաբար պատկերում է Գոյայի Սարագոսա կատարած ուղևորության ընթացքում ականատես եղած տեսարանը։ «No se puede mirar» («Դրան հնարավոր չէ նայել») կոմպոզիցիապես և թեմատիկապես հստակորեն կապված է. կենտրոնական կին կերպարը ձեռքերը դեպի ներքև ձգված ունի, մեկ այլ կերպարի ձեռքերը միացված են աղոթքի մեջ, իսկ մի քանիսը ծածկում կամ թաքցնում են իրենց դեմքերը։ Այս անգամ զինվորները տեսանելի չեն նույնիսկ թիկունքից. երևում են միայն նրանց հրացանների սվինները։
«Y no hay remedio» («Եվ ոչինչ հնարավոր չէ անել») ևս մեկ վաղ փորագրություն է՝ մի փոքր ավելի ուշ խմբից, որն ակնհայտորեն ստեղծվել է պատերազմի ամենասուր շրջանում, երբ նյութեր հնարավոր չէր ձեռք բերել, և Գոյան ստիպված է եղել ոչնչացնել մի ավելի վաղ բնանկարի փորագրության հարթակը՝ այս և «Աղետներ» շարքի մեկ այլ գործ ստանալու համար։ Այն ցույց է տալիս շակո կրող գնդակահարման ջոկատ ֆոնում, այս անգամ ցուցադրված ճակատից, ոչ թե թիկունքից[27]։
- Գոյայի «Եվ դեղամիջոց չկա»««Պատերազմի արհավիրքներ» շարքից,մոտ. 1810-1812 թվականներին, նախապատկերում է «Մայիսի 3-ի» տարրերը[28]։
- Գոյայի «Մարդ չի կարող նայել սրան»«Պատերազմի արհավիրքներ» շարքից, մոտ.1810-1812 թվականներ։ Սա շատ նման կոմպոզիցիա է, չնայած Գոյան ավելի ազատ էր արտահայտչամիջոցներով տպագրություններում, քան նկարներում, որոնցում նա ավելի շատ համապատասխանում էր ավանդական կոնվենցիաներին[29]։
- Գոյայի «Ես տեսա դա», «Պատերազմի արհավիրքներ» շարքից,, թիթեղ 44, մոտ․1810-1812 թվականներ
Ընդունելություն և մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում նկարը արվեստագետների և պատմաբանների կողմից ընդունվել է հակասական։ Նկարիչները նախկինում պատերազմը հակված էին պատկերել պատմական ժանրի բարձր ոճով, և Գոյայի ոչ հերոսական պատկերումն անսովոր էր իր ժամանակի համար։ Ըստ ժամանակի որոշ քննադատների կարծիքի՝ նկարը տեխնիկապես թերի էր. հեռանկարը հարթ է, կամ զոհերն ու մահապատժի կատարողները իրարից չափազանց մոտ են կանգնած՝ իրատեսական լինելու համար։ Չնայած որ այս դիտարկումները կարող են խիստ ձևով ճիշտ լինել, Ռիչարդ Շիկելը պնդում է, որ Գոյան ձգտել է ոչ թե ակադեմիական պատշաճության, այլ ամբողջ ստեղծագործության ազդեցությունն ուժեղացնելուն[31]։
«Մայիսի երեքը» հղում է անում մի շարք ավելի վաղ արվեստի գործերի, սակայն նրա ուժը բխում է ոչ թե ավանդական կոմպոզիցիոն ձևերին հավատարմությունից, այլ իր ուղղակիությունից[32]։ Պատկերագրական հնարանքը զիջում է չզարդարված դաժանության էպիկական ներկայացմանը։ Նույնիսկ ժամանակակից ռոմանտիկ նկարիչները, որոնք նույնպես հետաքրքրված էին անարդարության, պատերազմի և մահվան թեմաներով, իրենց նկարներն ստեղծել են գեղեցկության կանոններին ավելի մեծ ուշադրություն դարձնելով, ինչպես երևում է ավելի ուշ ստեղծագործություններից, օրինակ՝ Թեոդոր Ժերիկոյի «Մեդուզայի լաստը» (1818-1819) և Էժեն Դելակրուաի 1830 թվականի «Ազատությունը՝ առաջնորդող ժողովրդին» կտավները[33]։
Կրոնական խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը կառուցվածքով և թեմատիկորեն կապված է քրիստոնեական արվեստի նահատակության ավանդույթների հետ, ինչպես երևում է լուսաստվերի դրամատիկ կիրառումից և կյանքի կոչին՝ մոտալուտ մահապատժի անխուսափելիությանը հակադրված[35]։ Սակայն Գոյայի նկարը հեռանում է այս ավանդույթից։ Բռնությունը պատկերող ստեղծագործությունները, ինչպիսիք են Խոսե դե Ռիբերայի գործերը, ունեն նրբահյուս տեխնիկա և ներդաշնակ կոմպոզիցիա, որոնք զոհի համար կանխազգում են «նահատակության պսակը»[36]։ Կոմպոզիցիայի կենտրոնում գտնվող, բարձրացրած ձեռքերով մարդը հաճախ համեմատվել է խաչված Քրիստոսի հետ, և նմանատիպ կեցվածք երբեմն երևում է Քրիստոսի՝ Գեթսեմանիի գիշերային տառապանքի պատկերումներում։ Գոյայի կերպարի աջ ձեռքին երևում են ստիգմատների նմանվող նշաններ[35], մինչդեռ կտավի կենտրոնում գտնվող լապտերը հղում է անում հռոմեացի զինվորների ավանդական հատկանիշին, որոնք այգում ձերբակալել են Քրիստոսին։ Նա ոչ միայն կանգնած է խաչելության կեցվածքով, այլև հագած շորերը դեղին և սպիտակ գույնի են՝ պապականության հերալդիկ գույները[37]։

Լապտերն արվեստում որպես լուսավորության աղբյուր լայնորեն օգտագործել են Բարոկկոի արվեստագետներ և կատարելության է հասցրել Կարավաջոնյի[38]։ Ավանդաբար դրամատիկ լուսավորության աղբյուրը և դրանից բխող կիարոսկուրոն օգտագործվել են որպես Աստծո ներկայության փոխաբերություն։ Ջահով կամ մոմով լուսավորությունը կրում էր կրոնական ենթատեքստ, սակայն «Մայիսի երեքում» լապտերը որևէ նման հրաշք չի արտահայտում. ընդհակառակը, այն լույս է տալիս միայն, որպեսզի գնդակահարման ջոկատը կարողանա ավարտել իր դաժան գործը, և ապահովում է կոպիտ լուսավորություն, որպեսզի դիտողը կարողանա ականատես դառնալ անիմաստ բռնության։ Արվեստում լույսի՝ որպես հոգևորության հաղորդակիր ավանդական դերը շրջվել է[38]։
Զոհի անանունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոհն այնպես անանուն է, ինչպես իր մահապատժի կատարողները։ Նրա աղերսը հասցեագրված է ոչ թե Աստծուն, ինչպես ավանդական նկարներում, այլ անտարբեր և անանձնական գնդակահարման ջոկատին[35]։ Նրան չի տրվում անհատականության հերոսականություն. նա պարզապես զոհերի շարունակականության մի մասն է։ Նրա տակ ընկած է արյունոտ, խեղված դիակ. նրա շուրջն ու հետևում կանգնած են ուրիշներ, ովքեր շուտով կկիսեն նույն ճակատագիրը։ Ինչպես գրում է կենսագիր Ֆրեդ Լիխտը, այստեղ առաջին անգամ անհատական նահատակության ազնվականությունը փոխարինվում է անիմաստությամբ ու աննշանությամբ, զանգվածային սպանության զոհագործմամբ և անանունությամբ՝ որպես ժամանակակից վիճակի հատկանիշ[39]։
Ժամանակի պատկերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ձևը, որով նկարը ցույց է տալիս ժամանակի ընթացքը, նույնպես նախադեպ չունի արևմտյան արվեստում։ Անմեղ զոհի մահը սովորաբար ներկայացվել է որպես եզրափակիչ դրվագ, հագեցած հերոսության առաքինությամբ։ «Մայիսի երեքը» այդպիսի ազատարար ուղերձ չի առաջարկում։ Փոխարենը՝ կա դատապարտվածների շարունակական երթ՝ սպանության մեխանիկական ձևականացման մեջ։ Անխուսափելի արդյունքը երևում է կտավի ստորին ձախ մասում՝ գետնին փռված մարդու դիակը։ Վսեմության համար այլևս տեղ չի մնում. նրա գլուխն ու մարմինը խեղաթյուրված են այն աստիճան, որ հարությունը դառնում է անհնարին[40]։ Զոհը պատկերված է զուրկ ամեն գեղագիտական կամ հոգևոր շնորհից։ Նկարի մնացած մասում դիտողի հայացքի մակարդակը հիմնականում ընկած է կենտրոնական հորիզոնական առանցքի երկայնքով. միայն այստեղ է փոփոխվում հեռանկարային տեսակետը, այնպես որ դիտողը վերևից է նայում խեղաթյուրված մարմնին[37]։
Կատարման տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջապես, նկարիչը որևէ փորձ չի արել մեղմել թեմայի դաժանությունը տեխնիկական հմտության միջոցով։ Մեթոդն ու թեման անբաժանելի են։ Գոյայի ընթացակարգը որոշվել է ոչ այնքան ավանդական վարպետության պահանջներով, որքան իր բնութագրական մռայլ թեմայով[41]։ Վրձնահարվածները հազիվ թե կարելի է հաճելի անվանել, իսկ գույները սահմանափակված են հողագույն երանգներով և սևով, ընդմիջվող սպիտակի պայծառ բռնկումներով և զոհերի կարմիր արյունով։ Հենց ներկանյութի որակը կանխագուշակել է Գոյայի ավելի ուշ ստեղծագործությունները՝ հատիկավոր լուծույթ, որը ստեղծում է մատ, ավազանման մակերես[42]։ Քչերն են այս գործում գնահատում գեղանկարչական հմայքը, այնքան մեծ է դրա սոսկալի ուժն ու թատերականության բացակայությունը[43]։
Ստեղծագործության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած ստեղծագործության հիշարժան արժեքին, դրա առաջին ցուցադրության մասին որևէ մանրամասն հայտնի չէ, և այն չի հիշատակվում ոչ մի պահպանված ժամանակակից աղբյուրում։ Այս լռությունը կարող է բացատրվել Ֆերդինանդ VII-ի նեոկլասիցիզմի հանդեպ նախապատվությամբ[44], ինչպես նաև այն հանգամանքով, որ վերականգնված Բուրբոնները ընդհանրապես ժողովրդական ապստամբությունները հարմար թեմա չէին համարում։ Ապստամբության զոհերին նվիրված հուշարձանը, որը նույնպես պատվիրվել էր ժամանակավոր կառավարության կողմից 1814 թվականին, կանգնեցվել է Ֆերդինանդ VII-ի կողմից, «որի աչքում անկախության պատերազմի սենատորներն ու հերոսները քիչ համակրանք էին վայելում՝ իրենց բարեփոխական հակումների պատճառով»[45]։
Ըստ որոշ վկայությունների՝ նկարը երեսուն-քառասուն տարի պահված է եղել պահեստում, նախքան հանրությանը ցուցադրվելը[46]։ 1834 թվականի Պրադոյի գույքագրման ցանկում դրա հիշատակումը ցույց է տալիս, որ նկարը մնացել է կառավարության կամ միապետության տնօրինության ներքո. թագավորական հավաքածուի մեծ մասը թանգարանին է հանձնվել դրա բացման ժամանակ՝ 1819 թվականին։ Թեոֆիլ Գոթիեն հիշատակել է, որ 1845 թվականին թանգարան այցելելիս տեսել է Գոյայի «մի կոտորած», իսկ 1858 թվականի մի այցելու նույնպես նշել է այն, թեև երկու վկայություններն էլ գործը նկարագրում են որպես «Մայիսի երկուսի» իրադարձությունների պատկերում, հավանաբար այն պատճառով, որ «Մայիսի երկուսը» շարունակում է ամբողջ դրվագի իսպանական անվանումը մնալ[47]։
1867 թվականին Գոյայի կենսագիր Շառլ Էմիլ Իրիարտեն նկարը բավականաչափ կարևոր է համարել՝ դրա համար առանձին ցուցահանդես կազմակերպելու, սակայն միայն 1872 թվականին «Մայիսի երկուսը» ընդգրկվել է Պրադոյի հրապարակած կատալոգում՝ «1808 թվականի մայիսի երկուսի տեսարան» վերնագրով։ Ինչպես «Մայիսի երեքը», այնպես էլ «Մայիսի երկուսը» վնասվել են ճանապարհային վթարից, երբ դրանք բեռնատարով տեղափոխվել են Վալենսիա՝ անվտանգության նպատակով, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում. ըստ երևույթին սա միակ դեպքն է եղել, երբ դրանք լքել են Մադրիդը։ «Մայիսի երկուսի» ձախ մասում պատճառված զգալի կորուստները միտումնավոր չեն վերականգնվել մինչև 2008 թվականին երկու նկարների վրա կատարված վերականգնողական աշխատանքները, ապստամբության երկհարյուրամյակին նվիրված ցուցահանդեսին ընդառաջ[48]։
2009 թվականին Պրադոն ընտրել է «1808 թվականի մայիսի երկուսը»՝ որպես թանգարանի տասնչորս ամենակարևոր նկարներից մեկը, ցուցադրվելու համար Google Earthում՝ 14,000 մեգապիքսել լուծաչափով[49]։
Աղբյուրներ և ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մայիսի երեքի» ամենահավանական աղբյուրները ժողովրդական պատկերները, փորագրություններն ու թռուցիկներն են եղել։ Գնդակահարման ջոկատների պատկերումները տարածված էին Իսպանիայի քաղաքական պատկերագրության մեջ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում[50], և Գոյայի փոխառություններն ենթադրում են, որ նա նախատեսել էր հերոսական մասշտաբի նկարներ, որոնք կհրապուրեին լայն հանրությանը[50]։ Ենթադրվում է, որ Միգել Գամբորինոյի 1813 թվականի «Վալենսիայից հինգ վանականների սպանությունը» կրոնական փորագրությունը ծառայել է որպես Գոյայի կոմպոզիցիայի աղբյուր։ Նմանության կետերից են՝ խաչելության կեցվածքով զոհը, որի սպիտակ հագուստը նրան առանձնացնում է ուղեկիցներից, ձախ կողմում գտնվող՝ սեղմված ձեռքերով ածիլված գլխով վանականը, և առաջին պլանում ընկած մահապատժի ենթարկված դիակը[51]։
Կոմպոզիցիայի երկրաչափությունը կարող է հեգնական հղում լինել ֆրանսիացի նկարիչ Ժակ-Լուի Դավիդի 1784 թվականի «Հորացիոսների երդումը» ստեղծագործությանը։ Դավիդի երեք հռոմեացի Հորացիոսների ձգված ձեռքերը հռոմեական ողջույնի ժեստով վերածվել են գնդակահարման ջոկատի հրացանների, իսկ Հորացիների հոր բարձրացրած ձեռքերը դառնում են զոհի ժեստը, երբ նա դիմակայում է իր մահապատժի կատարողներին։ Մինչ Դավիդը իր կերպարների արտահայտությունները նկարել է նեոկլասիցիստական փայլով, Գոյայի պատասխանը ձևավորված է դաժան ռեալիզմով[52]։ Գոյան հնարավոր է, որ պատասխանել է նաև Անտուան-Ժան Գրոյի նկարին. Մադրիդի ֆրանսիական օկուպացիան Գրոյի «Մադրիդի հանձնումը, 1808 թվականի դեկտեմբերի չորսը» կտավի թեման է։
Ազդեցություն և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մայիսի երեքի» առաջին վերաիմաստավորումը եղել է Էդուարդ Մանեի «Կայսր Մաքսիմիլիանի մահապատիժը» ստեղծագործությունը՝ նկարված մի քանի տարբերակով 1867-1869 թվականներին։ Արձանագրելով ընթացիկ իրադարձություն, որի ականատեսը ոչ ինքն էր, ոչ էլ ֆոտոարվեստը, Մանեն ոգեշնչվել է Գոյայի նախադեպից և հնարավոր է, որ Պրադոյում տեսել է աշխատանքը 1865 թվականին՝ սեփական նկարներն սկսելուց առաջ, որոնք չափազանց նուրբ էին՝ Ֆրանսիայում ցուցադրվելու համար Մանեի կենդանության օրոք։ Նա անկասկած տեսել է իր ծանոթի հրապարակած 1867 թվականի փորագրությունը։ Արվեստի քննադատ Արթուր Դանտոն համեմատել է Գոյայի և Մանեի ստեղծագործությունները՝ նշելով, որ երկուսն էլ պատկերում են խաղաղ բնակչության անխտիր սպանություն օկուպացիոն ուժերի կողմից՝ պարտիզանական հարձակման հատուցման ձևով[54]։
«Մայիսի երեքը» համարվում է, որ ազդեցություն է ունեցել Պաբլո Պիկասոի 1937 թվականի «Գեռնիկա» կտավի վրա, որը պատկերում է Գեռնիկայի ռմբակոծման հետևանքները Իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում։ 2006 թվականին Պրադոյում և Ռեինա Սոֆիաի թանգարանում կայացած ցուցահանդեսում կողք կողքի ցուցադրվել են «Մայիսի երեքը», «Գեռնիկան» և «Կայսր Մաքսիմիլիանի մահապատիժը»։ Նույն սրահում ցուցադրվել է նաև Պիկասոյի «Կոտորած Կորեայում» կտավը, որը նկարվել է 1951 թվականին՝ Կորեական պատերազմի ընթացքում և հանդիսանում է «Մայիսի երրորդի» կոմպոզիցիայի ավելի ուղղակի հղում[55]։ Այս նկարում մեղավորները մտադրված են եղել լինել ԱՄՆ ցամաքային զորքերը կամ նրանց ՄԱԿ-ի դաշնակիցները։ Նորման Ռոքուելի 1965 թվականի «Սպանություն Միսիսիպիում» կտավը, որը պատկերում է երեք ամերիկացի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների սպանությունը, արձագանքում է Գոյայի ստեղծագործության կոմպոզիցիային ու լուսավորությանը։
Օլդոս Հաքսլին 1957 թվականին գրել է, որ Գոյան զուրկ էր Ռուբենսի կտավը կանոնավոր կոմպոզիցիայով լցնելու ունակությունից, սակայն նա «Մայիսի երեքը» համարել է հաջողված, քանի որ Գոյան «խոսում է իր բնիկ լեզվով, և հետևաբար ի վիճակի է առավելագույն ուժով ու հստակությամբ արտահայտել այն, ինչ ուզում է ասել»։ Քենեթ Քլարկը նշել է նկարի արմատական հեռացումը պատմական ժանրից և դրա ինտենսիվությունը՝ գրելով, որ Գոյայի հետ մտածում ենք ոչ թե արվեստանոցի կամ նույնիսկ աշխատող նկարչի մասին, այլ միայն իրադարձության մասին[56]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://beckchris.wordpress.com/visual-arts/best-works-of-art-of-all-time-the-critics-picks-part-1/
- 1 2 3 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/el-3-de-mayo-en-madrid-o-los-fusilamientos/5e177409-2993-4240-97fb-847a02c6496c
- ↑ https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-iv-1800-present/
- ↑ El 3 de mayo en Madrid o Los fusilamientos — Museo del Prado.
- ↑ «El 3 de mayo en Madrid, o «Los fusilamientos»». Museo del Prado (իսպաներեն). Վերցված է 2026-08-22-ին.
- ↑ Museo del Prado (1996). Catálogo de las pinturas. Madrid: Ministerio de Educación y Cultura. էջ 141.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջեր 116–127.
- ↑ Clark, Kenneth (1968). Looking at Pictures. Beacon Press. էջ 130.
- ↑ Connell, Evan S. (2004). Francisco Goya: A Life. New York: Counterpoint. էջեր 145–146.
- ↑ Hagen, Rose-Marie; Hagen, Rainer (2007). Francisco Goya, 1746–1828. Köln: Taschen. էջեր 28–29. ISBN 3-8228-1823-2.
- ↑ Connell, Evan S. (2004). Francisco Goya: A Life. New York: Counterpoint. էջեր 145–146.
- ↑ Baines, Edward (1835). History of the Wars of the French Revolution. Philadelphia: McCarty and Davis. էջ 65.
- ↑ Connell, Evan S. (2004). Francisco Goya: A Life. New York: Counterpoint. էջեր 145–148.
- 1 2 Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 109.
- ↑ Fraser, Ronald (2008). Napoleon's Cursed War: Popular Resistance in the Spanish Peninsular War. Verso. էջ 30.
- ↑ Cowans, Jon (2003). Modern Spain: A Documentary History. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-1846-9.
- 1 2 Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 112.
- ↑ Murray, Christopher John (2004). «The Third of May 1808–1814». Encyclopedia of the Romantic Era, 1760–1850. Taylor and Francis. էջեր 1133–1134. ISBN 1-57958-422-5.
- ↑ Wilson-Bareau, Juliet (1981). Goya's Prints, The Tomás Harris Collection in the British Museum. British Museum Publications. էջ 45.
- 1 2 Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 111.
- ↑ Clark, Kenneth (1968). Looking at Pictures. Beacon Press. էջ 129.
- ↑ Clark, Kenneth (1968). Looking at Pictures. Beacon Press. էջ 126.
- ↑ Connell, Evan S. (2004). Francisco Goya: A Life. New York: Counterpoint. էջեր 153–157.
- ↑ Hagen, Rose-Marie; Hagen, Rainer (2003). What Great Paintings Say. Taschen. էջ 363. ISBN 3-8228-2100-4.
- ↑ Clark, Kenneth (1968). Looking at Pictures. Beacon Press. էջ 127.
- ↑ Tomlinson, Janis A. (1992). Goya in the Twilight of Enlightenment. Yale University Press. էջ 139.
- ↑ Wilson-Bareau, Juliet (1981). Goya's Prints, The Tomás Harris Collection in the British Museum. British Museum Publications. էջեր 48–50.
- ↑ Bareau, pp. 48–50.
- ↑ Stoichita, p. 37.
- ↑ Licht, p. 124.
- ↑ Connell, Evan S. (2004). Francisco Goya: A Life. New York: Counterpoint. էջեր 158–159.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 117.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 124.
- ↑ Licht, p. 121.
- 1 2 3 Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 121.
- ↑ Boime, Albert (1990). Art in an Age of Bonapartism, 1800–1815. The University of Chicago Press.
- 1 2 Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 122.
- 1 2 Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 119.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 122.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 124.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջեր 125–127.
- ↑ Gudiol, José (1971). Goya 1746–1828. Vol. 1. Ediciones Poligrafa. էջ 171.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջեր 125–127.
- ↑ Licht, Fred (1979). Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books. էջ 121.
- ↑ Ford, Richard (1855). A Handbook for Travellers in Spain (3rd ed.). էջ 678.
- ↑ Hughes, Robert (2003-10-04). «The Unflinching Eye». The Guardian. Վերցված է 2026-08-22-ին.
- ↑ Tomlinson, Janis A. (1992). Goya in the Twilight of Enlightenment. Yale University Press. էջ 139.
- ↑ Larraz, Teresa (2008-04-15). «Goya works restored for Madrid uprising anniversary». Reuters. Վերցված է 2026-08-22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Tremlett, Giles (2009-01-14). «Online gallery zooms in on Prado's masterpieces (even the smutty bits)». The Guardian. Վերցված է 2026-08-22-ին.
- 1 2 Tomlinson, Janis A. (1992). Goya in the Twilight of Enlightenment. Yale University Press. էջեր 143–146.
- ↑ Connell, Evan S. (2004). Francisco Goya: A Life. New York: Counterpoint. էջ 158.
- ↑ Boime, Albert (1990). Art in an Age of Bonapartism, 1800–1815. The University of Chicago Press. էջ 211.
- ↑ Danto, Arthur C. "Surface Appeal". The Nation, January 11, 2007.
- ↑ Danto, Arthur C. (2007-01-11). «Surface Appeal». The Nation.
- ↑ Keen, Kirsten Hoving (1980-07). «Picasso's Communist Interlude: The Murals of War and Peace». The Burlington Magazine. 122 (928): 464.
- ↑ Clark, Kenneth (1968). Looking at Pictures. Beacon Press. էջ 123.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boime, Albert. Art in an Age of Bonapartism, 1800-1815. The University of Chicago Press, 1990. ISBN 0-226-06335-6
- Clark, Kenneth. Looking at Pictures. Beacon Press, 1968.
- Connell, Evan S. Francisco Goya: A Life. New York: Counterpoint, 2004. ISBN 1-58243-307-0
- Ford, Richard. A Handbook for Travellers in Spain, 3rd edn, 1855.
- Gudiol, José. Goya 1746-1828, Volume 1. Ediciones Poligrafa, S.A., 1971.
- Hughes, Robert. Goya. New York: Alfred A. Knopf, 2004. ISBN 0-394-58028-1
- Licht, Fred. Goya: The Origins of the Modern Temper in Art. Universe Books, 1979. ISBN 0-87663-294-0
- Tomlinson, Janis A. Goya in the Twilight of Enlightenment. Yale University Press, 1992. ISBN 0-300-05462-9
- Wilson-Bareau, Juliet. Goya's Prints, The Tomás Harris Collection in the British Museum. British Museum Publications, 1981. ISBN 0-7141-0789-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պաշտոնական ցանկագիր Պրադոյի թանգարանում». Museo del Prado (իսպաներեն and անգլերեն).
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել 1808 թվականի մայիսի երեքը Մադրիդում կատեգորիայում։ |
