12-րդ խաղաղապահ բրիգադ (Հայաստան)
| 12-րդ խաղաղապահ բրիգադ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություն | |
| Տեսակ | օդադեսանտային հետևակային բրիգադ |
| Երկիր | |
| Ճակատամարտեր | Իրաքյան պատերազմ, Աֆղանական պատերազմ, ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում և ՀԱՊԿ գործողությունը Ղազախստանում |
12-րդ խաղաղապահ բրիգադ, Հայաստանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանում։ Իր արտահագուստի, օդադեսանտային ուժերի հետ նմանության և մարտական խնդիրների բնույթի պատճառով երբեմն կոչվում են նաև «կապույտ բերետներ»[1]։ Ստորաբաժանումը բացառապես զբաղվում է այլ երկրներում, միջազգային նախաձեռնությունների կազմում, խաղաղապահ առաքելությամբ։ Ներկայումս ստորաբաժանման հրամանատարը գնդապետ Ռուբեն Պապյանն է[2]։ 2016 թվականի սկզբին այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ խաղաղապահ բրիգադը համարում է «պրոֆեսիոնալ բանակի ստեղծման հիմնաքարերից մեկը»[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հուլիսին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրվեց հայկական խաղաղապահ ուժերի ստեղծման մասին հուշագիրը, ինչը դարձավ խաղաղապահ ստորաբաժանման ձևավորման հիմքը։ Գումարտակի առաջին հրամանատար նշանակվեց կապիտան Արտակ Տոնոյանը[4]։ Ավելի ուշ, գումարտակը վերակազմավորվել է բրիգադի։ 2004 թվականի փետրվարին հայ խաղաղապահների առաջին խումբը, որը բաղկացած էր 34 զինվորականից, իսկ վաշտի հրամանատարը լեյտենանտ Արտեմ Ավդալյանն էր, վեց ամսով ծառայության գործուղվեց Կոսովո[5][6]։
2008 թվականի մարտին բրիգադի տեղակայման նոր վայր ընտրվեց նախկին մայրաքաղաքային գնդի զորամասը[7]։ 2016 թվականին խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, պարզել էր Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի դրոշները[8]։ 2017 թվականի նոյեմբերին Զառ գյուղի տարածքում բացվեց խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը, որը հայտնի է Զառ» ռազմական ուսումնական կենտրոն անվամբ[9][10][11]։ Վերջինս ստեղծվել էր ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ[12]։ Նույն տարվա ընթացքում ձևավորվեց նաև կանանց դասակը, որն իրականացվել է ստորաբաժանման և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում[13]։
2022 թվականին բրիգադը մասնակցել է Ղազախստանում անկարգությունների ֆոնին իրականացված ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը։
Մասնակցությունը Թավշյա հեղափոխությանը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլին հայկական լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություններ այն մասին, որ 12-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողները միացել են հակակառավարական բողոքի ակցիաներին ու երթով շարժվում են ցուցարարների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտեց տեղի ունեցածը՝ անվանելով ապօրինի գործողություն։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բողոքի ակցիային միացած զինծառայողների նկատմամբ պետք է ձեռնարկվեին իրավական խիստ միջոցներ[14]։
Արծիվ գործընկեր-2023
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի սեպտեմբերի 11-20-ը ՀՀ ԶՈւ 12-րդ խաղաղապահ բրիգադը և ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրին, որը միտված էր երկու ազգերի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։ Այդուհանդերձ, զորավարժության հիմնական նպատակն ապագա խաղաղապահ գործողություններին բրիգադի նախապատրաստությունն էր։
Արծիվ գործընկեր- 2024
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հուլիսի 15-ին էլ մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն մեկնարկել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Դրա բացմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը[15]։
Առաքելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ խաղաղապահ բրիգադը մասնակցել է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ՀԱՊԿ միջազգային խաղաղապահ մի շարք առաքելությունների։ Այդ առաքելությունների կազմում հայկական խաղաղապահ բրիգադը ծառայություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Սիրիայում և Ղազախստանում[16][17]։

Կոսովո
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի փետրվարի 12-ին հայկական խաղաղապահ բրիգադի 34 զինծառայողներ մեկնեցին Կոսովո հունական խաղաղապահ զորախմբի կազմում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար։ Նրանք ծառայությունը պետք է անցկացնեին Ֆերիզաջ քաղաքում[18]։ Անձնակազմը տեղակայվել էր «Ռիգաս Ֆերեոս» ճամբարում՝ «Արևելք» բազմազգ օպերատիվ խմբի կազմում, իսկ պարտականությունների թվում էր տրանսպորտային միջոցների անցակետերի աշխատանքի իրականացումն ու բազայի անվտանգության ապահովումը։ Բացի այդ, հայկական զորախումբը պետք է կատարեր նաև արագ արձագանքման և ամբոխի ու անկարգությունների դեմ պայքարի ուժերի գործառույթները[19]։ 2008 թվականին խաղաղապահ բրիգադի 70 զինծառայող ուղարկվեց Կոսովո փոխարինելու 34-հոգանոց խաղաղապահ անձնակազմին[20]։ Փոխարինած անձնակազմը Կոսովոն լքեց 2011 թվականին և հետ վերադարձավ միայն 2012 թվականին, իսկ հայկական խաղաղապահ անձնակազմը տեղակայվեց Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի նոր ռազմաբազայում[21]։
Իրաք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունվարին հայկական խաղաղապահ բրիգադի 45 զինծառայող լեհական ստորաբաժանման հետ միասին «Իրաք» բազմազգ օպերատիվ ուժերի կազմում գործուղվեց Իրաք։ Նրանք հիմնականում մասնակցում էին ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական աջակցության գործողություններին[16]։ 2006 թվականի նոյեմբերի 10-ին Իրաքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվեց ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը։ Զինվորականի կյանքը հաջողվեց փրկել, քանի որ Նալբանդյանը վիրահատության նպատակով տեղափոխվեց Գերմանիայի Լանդշտուլ քաղաքի զինվորական հոսպիտալ, որը գտնվում էր Ռամշտայն ավիաբազայի մոտ[22]։ Խաղաղապահ բրիգադի 45 զինծառայողները Իրաքից դուրսբերվեցին 2009 թվականի նոյեմբերին[16]։

Աֆղանստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ տարեվերջին Հայաստանը խաղաղապահ բրիգադից ուժեր կուղարկի Աֆղանստան՝ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելությանը մասնակցելու նպատակով։ Օհանյանը չէր նշել, թե ինչ մեծության կլինի հայկական խաղաղապահ առաքելությունը, սակայն ընդգծել էր, որ այն հավանաբար կներառի սպառազինության մասնագետներ և կապի սպաներ։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան հավելել էր, որ խաղաղապահ առաքելության կազմում Աֆղանստան կմեկնեն նաև բուժաշխատողներ և թարգմանիչներ։ Նախարար Օհանյանն ընդգծել էր, որ հայ սպաները, որոնք Աֆղանական պատերազմի ժամանակ ծառայել էին խորհրդային զիված ուժերում, ևս ցանկություն էին հայտնել նոր ուժերի կազմում մեկնել այդ երկիր[23]։ 2009 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատեց, որ 2010 թվականի սկզբին հայկական անձնակազմը, որը բաղկացած էր 30 անձից, կմիանա Անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելությանը[24]։ Դեկտեմբերի սկզբին այդ թիվը հասավ 40-ի, երբ ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Աֆղանստանում խաղաղապահ անձնակազմի տեղակայման որոշմանը։ 2010 թվականի փետրվարին հայկական անձնակազմը ժամանեց Աֆղանստան, որտեղ այն միացավ գերմանական բունդեսվերի առաքելությանը։ Հայկական անձնակազմի պատասխանատվության ներքո էր Կունդուզի ռեգիոնալ օդանավակայանի պահպանությունն ու պաշտպանությունը[25]։ Ավելի ուշ, հայկական խաղաղապահ առաքելությունն իր ծառայությունն իրականացրել է նաև Քաբուլում և Մազարի Շարիֆում։ 2012 թվականին Աֆղանստանում հայկական խաղաղապահ անձնակազմի թիվը հասել էր 126-ի[26]։ Հայկական խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերվեց 2021 թվականի մարտին[27]։
Լիբանան
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում խաղաղապահ դասակ է ուղարկում Լիբանան։ Դասակը, որը բաղկացած էր 32 զինծառայողից, իր պարտականությունների կատարմանն անցնում է 2014 թվականի դեկտեմբերին[16]։

Սիրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական օպերատիվ խումբը բաղկացած էր 83 անձից, որոնց թվում էին բժիշկներ, ականազերծման մասնագետներ, պահպանության ուժեր և զինվորական այլ մասնագետներ։ Սա ՀՀ զինված ուժերի առաջին անկախ արտաքին առաքելությունն էր[28][29]։
Ղազախստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունվարին Ղազախստանում բողոքի ցույցերի և դրանց ընթացքում գրանցված անկարգությունների պատճառով հայկական խաղաղապահ բրիգադի 100 խաղապահներ ուղարկվեցին Ալմաթի։ Այդ քաղաքում նրանց պահպանության ներքո էին գտնվում ջրի աղբյուրները և հացի գործարանը[30]։
Հրամանատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան (անհայտ - հոկտեմբերի 12, 2017),
- գնդապետ Վաղինակ Սարգսյան (հոկտեմբերի 12, 2017 - հունիսի 20, 2018)[31],
- գեներալ-մայոր Արտակ Տոնոյան (հունիսի 20, 2018 - դեկտեմբերի 30, 2021)[32],
- գնդապետ Արսեն Մանգասարյան (դեկտեմբերի 30, 2021 - մարտի 30, 2024)[33]
- գնդապետ Համլետ Լևոնյան (մարտի 30, 2024 - մայիսի 21, 2025),
- գնդապետ Ռուբեն Պապյան (մայիսի 21, 2025 - մինչ օրս)
44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, թե մարտական գործողությունների ժամանակ սպանվել է գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը։ Ավելի ուշ, այդ տեղեկությունը հերքվել է[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Straw That Broke Sargsyan's Back?». Medium. 2018 թ․ ապրիլի 30.
- ↑ «Ռուբեն Պապյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, Համլետ Լևոնյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման...». Hetq.am. 2025 թ․ մայիսի 21. Վերցված է 2025 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Seyran Ohanyan considers peacekeeping brigade as basis for establishment of professional army». artsakhpress.am.
- ↑ «Հայ խաղաղապահներն արհեստավարժ կերպով լուծում են իրենց առջև դրված խնդիրները». armenpress.am.
- ↑ «Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադ. Միջազգային գործունեության մասնակցության աշխարհագրություն ընդլայնվում է». news.am.
- ↑ «Arminfo: Командир миротворческой бригады: Обострение ситуации в Косово не отразилось на деятельности армянского миротворческого контингента в этой стране». arminfo.info. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Армянская миротворческая бригада будет размещена на территории Столичного полка». newsarmenia.am.
- ↑ «Armenia Showcases New Missiles in Independence Day Parade | Armenian News By MassisPost». Armenian News By MassisPost (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Armenia, U.S. Celebrate Reopening of Zar Peacekeeping Training Area». U.S. DEPARTMENT OF DEFENSE.
- ↑ «Armenia, U.S. Celebrate Reopening of Zar Peacekeeping Training Area». 2017 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Հայ սանհրահանգիչները վերապատրաստվում են ամերիկացի գործընկերների կողմից». Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը. 2015 թ․ օգոստոսի 28.
- ↑ Վարդանյան, Ժաննա (2017 թ․ հոկտեմբերի 27). «Հաջորդ շաբաթ տեղի կունենա վերանորոգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը». Razm.info. Վերցված է 2025 թ․ հուլիսի 4-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Women Peacekeepers».
- ↑ «Unarmed soldiers join anti-government protests in Armenia». Reuters. 2018 թ․ ապրիլի 23.
- ↑ «Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը». Hetq.am. 2024 թ․ հուլիսի 15. Վերցված է 2025 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 content. «MD RA - For Journalists». www.mil.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «UPDATED: Armenia to send military police peacekeepers to Syria». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2009 թ․ ապրիլի 2). «Armenia Replaces Peace-Keepers In Kosovo». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «KFOR Nations». www.nato.int. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Ռ/Կ, «Ազատություն» (2009 թ․ ապրիլի 2). «Armenia Doubles Peacekeeping Force In Kosovo». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Ambassador of the Armenian forces». Regional Post (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ "Armenian peacekeeper to undergo two more surgeries Արխիվացված 2007-09-27 Wayback Machine." Public Radio of Armenia. November 20, 2006. Retrieved February 1, 2007.
- ↑ "Armenia to send forces to Afghanistan this year Արխիվացված 2009-08-01 Wayback Machine." Armenian Reporter. July 24, 2009. Retrieved September 6, 2009.
- ↑ "Armenia To Send Troops To Afghanistan." RFE/RL. November 09, 2009. Retrieved November 29, 2009.
- ↑ "Armenian Parliament Endorses Troop Deployment To Afghanistan." RFE/RL. December 8, 2009. Retrieved January 3, 2010.
- ↑ International Institute for Strategic Studies (IISS). The Military Balance 2012. London: Routledge, 2012, pp. 90–91.
- ↑ Միրզոյան, Արմեն (2021 թ․ հուլիսի 23). «Հայ խաղաղապահներն Աֆղանստանը լքել են դեռ այս տարվա մարտին». Hetq.am. Վերցված է 2025 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «UPDATED: Armenia to send military police peacekeepers to Syria». armenpress.am.
- ↑ «Peacekeeping brigade chief: Every peacekeeper is Armenian ambassador abroad». news.am.
- ↑ «Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրներից էր կանխել ջրատարի թունավորումը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. 2022 թ․ հունվարի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Peacekeeping brigade to have new commander». www.1lurer.am. 2017 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ «Արտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար». 20 հունիսի 2018.
{{cite web}}: no-break space character in|date=at position 3 (օգնություն) - ↑ «Armenia Peacekeeping Brigade has new commander». news.am (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Armenian general eliminated in Karabakh». defence.az. 2020 թ․ հոկտեմբերի 15.