Բազմալեզվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմալեզվություն, մեկից ավելի լեզուների կիրառումը որևէ անհատի կամ էլ խոսողների խմբի կողմից։ Ասում են, որ բազմալեզու մարդիկ թվով ավելի շատ են, քան միայն մեկ լեզվի տիրապետողները[1]։ Եվրոպացիների կեսից ավելին պնդում է, որ, բացի մայրենի լեզվից, խոսում է առնվազն մեկ օտար լեզվով[2]։ Համաշխարհայնացման և մշակութային իրազեկության շնորհիվ բազմալեզվությունը դառնում է ընդունված հասարակական երևույթ[3]։ Համացանցում ինֆորմացիայի հեշտ հասանելիությունը, տարբեր լեզուների տիրապետող մարդկանց հետ շփումը նպաստում են բազմալեզվության տարածմանը։ Այսպիսով, շրջապատված լինելով տարբեր լեզուներով՝ մարդիկ շատ հաճախ կարիք են զգում սովորելու օտար լեզուներ։ Բազմալեզու մարդկանց անվանում են նաև պոլիգլոտեր[4]։

Բազմալեզու մարդիկ իրենց առաջին կամ էլ մայրենի լեզուն սովորում են մանկության տարիներին՝ առանց որևէ հատուկ դասերի հաճախելու։ Այն երեխաները, որոնք այս կերպ սովորում են միաժամանակ երկու լեզու, կոչվում են երկլեզվակիրներ։ Նույնիսկ այս դեպքում մարդը երկու լեզուներից մեկին ավելի լավ է տիրապետում քան մյուսին։ Մեկից ավելի լեզուների տիրապետող մարդիկ ավելի շուտ են մեկ այլ լեզու սովորում, քան միալեզու մարդիկ[5]։

Բազմալեզվությունը համակարգչային ունակությունների մեջ միջակա դիրք է գրավում միջազգայանացման և տեղայնացման միջև։ Համակարգչային գիտության մեջ իր ունեցած կարևորության շնորհիվ ծրագրերի զարգացման համար գրեթե միշտ օգտագործվում է անգլերենը։ Այսպիսով՝ նոր ծրագրերը սկզբում ստեղծվում են անգլերենով, այնուհետև, հարկ եղած դեպքում թարգմանվում են նաև այլ լեզուներով։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմալեզվության սահմանումը դեռևս քննարկման առարկա է այնպես, ինչպես լեզվի սահունությունը։ Մի կողմից՝ բազմալեզվությունը մեկ այլ, օտար լեզվի կատարյալ իմացությունը և ճիշտ կիրառումն է։ Խոսողը պետք է ունենա լիակատար գիտելիքներ և հմտություն՝ լեզվով խոսելու այնպես, ինչպես լեզվակիրը։ Մյուս կողմից՝ բազմալեզվությունը կարելի է սահմանել որպես մեկ այլ լեզվի որոշ կառույցների և բառերի բավարար իմացությունը հասարակ շփում իրականացնելու համար։

Ակադեմիկոս Վիվիան Ջեյմս Կուկն այն կարծիքին է, որ բազմալեզու մարդիկ միջանկյալ դիրք են զբաղեցնում բազմալեզվության այս երկու «ծայրահեղ» սահմանումների միջև[6][7]։ Բացի այդ, դեռևս չկա հստակ սահմանում, թե ինչերն են կազմում որևէ առանձին լեզու[8]։ Օրինակ՝ լեզվաբանները մինչ այսօր էլ չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե արդյոք շոտլանդերենն առանձին լեզու է, թե ուղղակի անգլերենի բարբառներից մեկն է։ Ավելին, լեզու կոչվածը կարող է փոփոխությունների ենթարկվել երբեմն սոսկ քաղաքական նկատառումներով, ինչպես օրինակ սերբախորվաթերենը, որը ստեղծվել էր հյուսիսային հերցեգովինական բարբառի հիման վրա, որպես հարավային սլավոնական տարբեր բարբառների ընդհանուր լեզու, սակայն Հարավսլավիայի փլուզումից հետո բաժանվել և վերածվել է սերբերենի, խորվաթերենի, բոսնիերենի ևնոգորերենի[9]։

Միջազգային փոխհարաբերությունների պատճառով փոքր անկախ պետություններում ապրող շատ երեխաներին ստիպում են սովորել օտար լեզուներ։ Օրինակ՝ Ֆինլանդիայում բոլոր երեխաները պարտադիր պետք է տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի, որոնցից մեկը մյուս պետական լեզուն է (Շվեդերենը կամ Ֆիններենը), իսկ մյուսը՝ որևէ օտար լեզու (սովորաբար անգլերեն

Առասպելներ՝ կապված բազմալեզվության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան որոշ երկրներում, որտեղ ընդունված է միալեզվությունը, առաջացել են բազմաթիվ առասպելներ և նախապաշարմունքներ բազմալեզվության վերաբերյալ։ Բրիտանացի և լեհ բազմաթիվ հետազոտողներ թվարկել են ամենաշատ հանդիպող սխալ պատկերացումները.

  • երկլեզու և բազմալեզու մարդիկ միալեզու հասարակության մեջ բացառություններ են;
  • բազմալեզու կամ երկլեզու կոչվելու համար անհրաժեշտ է օտար լեզվին տիրապետել լեզվակրի նման;
  • երկլեզվությունը երեխաներին խանգարում է զարգացնել լեզվաբանական և ճանաչողական գիտելիքները, և դա հանգեցնում է դպրոցում վատ առաջադիմության;
  • երեխային մեկից ավելի լեզու սովորեցնելը կարող է հանգեցնել լեզվական ունակությունների վատթարացման, և որ արդեն իսկ լեզվական վատ ունակություններ ունեցող երեխաներին մեկ այլ լեզու սովորեցնելը ավելորդ ճնշում և ջանք է;
  • երեխաները բավարար ժամանակ չունեն երկու լեզու միաժամանակ սովորելու համար, ավելի լավ է տիրապետել միայն մայրենի լեզվին։

Սրանք սխալ ենթադրություններ են, որոնք չեն թողնում երեխաներին զարգանալ և սովորել ավելին։

Բազմալեզու անհատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմալեզու կոչվում է այն մարդը, ով կարողանում է հաղորդակցվել երկու և ավելի լեզուներով՝ ակտիվ (խոսել, գրել, երգել) կամ պասիվ (լսել, կարդալ կամ ընկալել) կերպով։ Երկու լեզվի տիրապետող մարդուն անվանում են երկլեզու, երեք լեզվին տիրապետողին՝ եռալեզու և այլն։ Բազմալեզու մարդկանց անվանում են նաև պոլիգլոտ։ Պոլիգլոտները մանկության տարիներին ինքնաբերաբար սովորում են մայրենի լեզուն (կամ էլ լեզուները) , այնուհետև սովորում են օտար լեզուներ։ Լեզվաբանության մեջ առաջին կամ մայրենի լեզվին տիրապետողներին անվանում են լեզվակիր։ Լեզվաբանների մեծ մասը կարծում է, որ տվյալ լեզվով ամենալավը կարող է խոսել լեզվակիրը, և որքան էլ օտարը լավ տիրապետի տվյալ լեզվին, չի կարող գերազանցել լեզվակրին։ Հետևաբար լեզուների էմպիրիկ փորձառական ուսումնասիրություններն իրականացվում են միայն լեզվակիրների մասնակցությամբ։ Սակայն այս տեսակետը փոքր-ինչ խնդրահարույց է, քանի որ որոշ ոչ-լեզվակիրներ լեզվին այնքան լավ են տիրապետում , որ կարող են մեծ աջակցություն ցույց տալ։ Վերջին տարիներին լեզվաբանական հետազոտությունները կենտրոնանում են մեծ տարածում ունեցող լեզուների, ինչպես օրինակ անգլերենի՝ որպես լինգվա ֆրանկայի ուսումնասիրության վրա։ Լինգվա Ֆրանկա իրավիճակում խոսողները գործնականորեն բազմալեզու են։

Իմացական կարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկից ավելի լեզուների տիրապետող մարդիկ ավելի հմուտ են նոր լեզուներ սովորելիս, քան միալեզու մարդիկ[10][11][12][13]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բազմալեզու մարդկանց մոտ բարձր է իմացական կարողությունների մակարդակը։ Սակայն վերջերս այս տեսակետն արժանացել է մեծ քննադատության[14]։ Գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է թերլեզվակրություն (անգլ.՝ distractive bilingualism, semilingualism ): Երբ առաջին լեզվի ձեռքբերման գործընթացն ընդհատվում է, և մարդը ստանում է երկրորդ լեզվից ոչ բավարար և անկանոն գիտելիքներ, արդյունքը լինում է այն, որ մարդն այդ լեզուներից ոչ մեկին բավարար չափով չի տիրապետում, և մայրենի լեզուն խառնվում է օտար լեզվի հետ[15][16]։

Տնտեսական առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկլեզվակիրները աշխատաշուկայում միալեզուների հանդեպ մեծ առավելություններ ունեն, քանի որ նրանք կարողանում են ծառայություններ մատուցել այն անհատներին, ովքեր խոսում են այլ լեզվով[17]։ Շվեյցարիայում իրականացված մի հետազոտություն ցույց է տվել, որ բազմալեզվությունը դրական փոխկապակցվածություն ունի անհատի աշխատավարձի, ընկերությունների արտադրողականության և ՀՆԱ-ի հետ։ Հետազոտողները պնդում են, որ Շվեյցարիայի ՀՆԱ-ի աճի 10 %-ը ապահովում է հենց բազմալեզվույ[18]։

Պասիվ երկլեզվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասիվ երկլեզվակիրները նրանք են, ովքեր կարողանում են հասկանալ երկրորդ լեզուն, բայց չեն կարողանում խոսել դրանով, կամ էլ նրանց խոսելու ընդունակությունները կաշկանդված են հոգեբանական արգելքներով։ Պասիվ երկլեզվությունը հաճախ հանդիպող երևույթ է ԱՄՆ գաղթող չափահասների շրջանում, քանի որ նրանք հաճախ չեն տիրապետում անգլերենին։ Ժամանակի ընթացքում նրանց երեխաները սովորում են անգլերեն և կարողանում են խոսել լեզվակիրների նման։ Այս կերպ ծնողների մոտ զարգանում է երկրորդ լեզուն ընկալելու ընդունակություն, սակայն նրանք չեն կարողանում խոսել անգլերեն և իրենց երեխաների հետ շփվում են միայն իրենց մայրենի լեզվով։ Երբեմն այնպես է պատահում, որ երեխաները, գտնվելով անգլախոսների շրջանում, դառնում են միալեզու՝ անգլերենի լեզվակիր, և չեն կարողանում խոսել իրենց մայրենի լեզվով։ Այս դեպքում ծնողը երբեմն երեխայի հետ խոսում է իր մայրենի լեզվով, իսկ երեխան՝ անգլերեն։ Սակայն եթե երեխան կարողանում է խոսել թե՛ իր մայրենի լեզվով, և թե՛ անգլերեն, ապա իր ծնողների հետ կարողանում է խոսել երկու լեզվով միաժամանակ՝ երբեմն խառնելով երկու լեզուները։ Այս երրորդ տարբերակը կարող է կապված լինել երեխայի հուզական վիճակի, խոսակցության կոնտեքստի և այլ հանգամանքների հետ և կոչվում է «կոդի փոփոխություն»[19]։

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

անի որ շատ դժվար և երբեմն նույնիսկ անհնար է տիրապետել լեզվի բարդ իմաստաբանական հատկություններից շատերին՝ առանց տվյալ լեզվի երկրի մշակույթին և պատմությանը ծանոթանալու, երկու և ավելի լեզվի խորը իմացության համար անհրաժեշտ պայման է բարձր մակարդակի բազմալեզվությունը։ Տարբեր մշակույթների առանձին և համեմատական ուսումնասիրությունը, կամ դրանց մասին որևէ անհատի գիտելիքները ձևավորում են տվյալ անհատի մտածելակերպը իր իսկ ինքնության և ուրիշների կարծիքը նրա ինքնության վերաբերյալ[20]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ բազմալեզու մարդիկ ավելի հանդուրժող են այլ մշակույթների հանդեպ և ավելի լայն մտահորիզոն ունեն։ Լեզվական հարաբերականության գաղափարը, ըստ որի՝ այն լեզուն, որով մարդիկ խոսում են, ազդում է նրանց աշխարհայացքի վրա, կարող է նշանակել, որ բազմալեզու մարդիկ աշխարհը միաժամանակ ընկալում են լիովին տարբեր տեսանկյուններից[21][22]։

Որոշ երկլեզու մարդիկ այն զգացողությունն ունեն, որ իրենց անհատականությունը փոխվում է՝ կախված նրանից, թե նրանք տվյալ պահին որ լեզվով են խոսում[23][24]։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ բազմալեզվությունը ստեղծում է տարբեր անհատականություններ[25]։ Ինչևէ, այս հարցի վերաբերյալ քիչ հետազոտություններ և քննարկումներ են իրականացվել, և դժվար է լեզվի կոնտեքստում սահմանել «անհատականությունը»[26]։ Հոգելեզվաբան Ֆրանսուա Գրոսենը գրել է. «Անհատականության փոփոխությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի տվյալ կոնտեքստում վերաբերմունքի և պահվածքի փոփոխություն, և կապված չէ լեզվի հետ»։ Ինչևէ, լեզվական հարաբերականության վարկածը, ըստ որի՝ լեզուն ձևավորում է մեր աշխարհընկալումը, կարող է ենթադրել, որ չափահասի՝ նոր լեզու սովորելու դեպքում զգայական երանգավորումներն ավելի քիչ են, քան երեխաների դեպքում։ 2013 թվականին իրականացված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխարհայացքի փոփոխության հիմքում ավելի շատ ընկած է ոչ թե զգայական ընկալումը, այլ սոցիալական նորմերը և հարկադրանքները, ինչպիսին է օրինակ քաղաքական կոռեկտությունը[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Global Perspective on Bilingualism and Bilingual Education (1999), G. Richard Tucker, Carnegie Mellon University» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Europeans and their languages, a survey co-ordinated by the European Commission» (PDF). European Commission. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «The importance of multilingualism». multilingualism.org. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Polyglot - definition of polyglot by the Free Online Dictionary, Thesaurus and Encyclopedia». Thefreedictionary.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  5. Kaushanskaya M, Marian V (2009). «The bilingual advantage in novel word learning». Psychonomic Bulletin & Review. 16 (4): 705–710. doi:10.3758/PBR.16.4.705.
  6. http://www.viviancook.uk/Writings/Papers/MCentry.htm
  7. Paradowski MB, Bator A (2016). «Perceived effectiveness of language acquisition in the process of multilingual upbringing by parents of different nationalities». International Journal of Bilingual Education and Bilingualism: 1–19. doi:10.1080/13670050.2016.1203858.
  8. A.J. Aitken in The Oxford Companion to the English Language, Oxford University Press 1992. p.894
  9. Ems Ukaz
  10. Bialystok E, Martin MM (2004). «Attention and inhibition in bilingual children: evidence from the dimensional change card sort task». Dev Sci. 7 (3): 325–39. doi:10.1111/j.1467-7687.2004.00351.x. PMID 15595373.
  11. Bialystok E, Craik FI, Grady C, Chau W, Ishii R, Gunji A, Pantev C (2005). «Effect of bilingualism on cognitive control in the Simon task: evidence from MEG». NeuroImage. 24 (1): 40–49. doi:10.1016/j.neuroimage.2004.09.044. PMID 15588595.
  12. Kluger, Jeffrey (2013 թ․ հուլիսի 18). «How the Brain Benefits from Being Bilingual». TIME. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Does Bilingualism Delay the Development of Dementia?». Journal of European Psychology Students. 7 (1): 43–50. 2016. doi:10.5334/jeps.375. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. Yong, Ed. «The Bitter Fight Over the Benefits of Bilingualism». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  15. Bruin, Angela de; Treccani, Barbara; Sala, Sergio Della (2014 թ․ դեկտեմբերի 4). «Cognitive Advantage in Bilingualism An Example of Publication Bias?». Psychological Science (անգլերեն). 26: 0956797614557866. doi:10.1177/0956797614557866. ISSN 0956-7976. PMID 25475825.
  16. Paap, Kenneth R.; Johnson, Hunter A.; Sawi, Oliver (2015 թ․ օգոստոսի 1). «Bilingual advantages in executive functioning either do not exist or are restricted to very specific and undetermined circumstances». Cortex. 69: 265–278. doi:10.1016/j.cortex.2015.04.014.
  17. Grin, François; Sfreddo, Claudio; Vaillancourt, François (2013). Economics of the multilingual workplace. [S.l.]: Routledge. ISBN 978-0-415-85106-0.
  18. Agirdag, O. (2014). «The long-term effects of bilingualism on children of immigration: student bilingualism and future earnings». International Journal of Bilingual Education and Bilingualism. 17 (4): 449–464. doi:10.1080/13670050.2013.816264.
  19. «Ethnologue report for language code: spa». Ethnologue.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  20. Halwachs, D.W. (1993). «Polysystem repertoire and identity». Grazer Linguistische Studien. 39–40: 71–90.
  21. Dewaele, J. (2012). «Multilingualism, empathy, and multicompetence» (PDF). International Journal of Multilingualism: 1–15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  22. Dewaele, J. (2007). «The effect of multilingualism, sociobiographical, and situational factors on communicative anxiety and foreign language anxiety of mature language learners». International Journal of Bilingualism. 11 (4): 391–409. doi:10.1177/13670069070110040301.
  23. Tokuhama-Espinosa, T. (2003). The multilingual mind: Issues discussed by, for, and about people living with many languages. Westport, Connecticut: Praeger Publishers.
  24. Wang, X. (2008). Growing up with three languages: Birth to eleven. Briston, United Kingdom: Multilingualism Matters.
  25. Grosjean, F (2011). «Life as a bilingual: the reality of living with two or more languages». Psychology Today.
  26. François Grosjean (author of chapter); Editor: I. Parasnis (1996). Living with two languages and two cultures, chapter in: Cultural and Language Diversity and the Deaf Experience. Cambridge University Press. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Gawinkowska M, Paradowski MB, Bilewicz M (2013). «Second language as an exemptor from sociocultural norms. Emotion-Related Language Choice revisited». PLoS ONE. 8 (12): e8122. doi:10.1371/journal.pone.0081225. PMC 3859501. PMID 24349044.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազմալեզվություն» հոդվածին։