Ֆրիդրիխ Վինդիշման
Ֆրիդրիխ Վինդիշման | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 13, 1811 Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն |
| Մահացել է | օգոստոսի 23, 1861[1] (49 տարեկան) Մյունխեն, Բավարիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | Կանոնիկոս, համալսարանի դասախոս, աստվածաբան, արևելագետ և կաթոլիկ քահանա |
| Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
| Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Ֆրիդրիխ Հենրիխ Հուգո Վինդիշման (գերմ.՝ Friedrich Heinrich Hugo Windischmann, դեկտեմբերի 13, 1811, Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն - օգոստոսի 23, 1861[1], Մյունխեն, Բավարիայի թագավորություն), գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ)։
Փիլիսոփա Կարլ Ժոզեֆ Վինդիշմանի որդին է։ Բոննում սովորել է փիլիսոփայություն, դասական լեզվաբանություն և սանսկրիտ, աստվածաբանություն՝ Բոննում և Մյունխենում, հայերեն՝ Վենետիկի Մխիթարյանների մոտ։ Մեծ ներդրում ունի հատկապես հնդիրանական հնագիտության բնագավառում, ճանաչված է որպես հայերենի համեմատական ուսումնասիրության հիմնադիր (Հ. Պետերմանի հետ միասին), 1842 թ. ընտրվել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, եղել է եկեղեցական իրավունքի պրոֆեսոր (Մյունխեն)։
Հայագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայագիտական առավել խոշոր աշխատությունը՝ «Հայերենի տեղը արիական լեզվաբնի մեջ», նվիրված է հայոց լեզվի բնույթի, նրա ծագման ու ցեղակցության հարցերին։ Իր այս հետազոտության մեջ, որը լույս է տեսել Հ. Պետերմանի քերականության հրատարակումից ինը տարի հետո (1846), և, հեղինակի վկայությամբ պատրաստ է եղել շուրջ տասը տարի առաջ, բազմաթիվ փաստարկումներով աշխատում է հաստատել այն գաղափարը, որ հայոց լեզուն հնդեվրոպական է և մտնում է արիական (հնդիրանական) ճյուղի մեջ։
Վինդիշմանը դիտարկումների ոլորտի մեջ առավ հայերենի կազմի տարբեր կողմեր, հատկապես հայերենի և ցեղակից լեզուների հնչյունական, քերականական, նաև բառային համապատասխանությունների խնդիրները։ Քերականությունից արված հիմնական հետևությունն այն է, որ պարսկերենին ու զենդերենին զուգահեռ եղել է մի հին իրանական «բարբառ», որից էլ սերում է հայերենը։ Այնուամենայնիվ, Վինդիշմանը չկարողացավ ճշգրտել իր տեսակետը հնդեվրոպական տարածքում հայերենի գրաված տեղի վերաբերյալ, հայ-իրանական լեզվական ընդհանրությունների գնահատման մեջ հստակորեն տարորոշել բնիկն ու փոխառյալը, որ հետագայում արեց հայագետ Հ. Հյուբշմանը և դրանով հիմնավորեց հայերենի ինքնուրույն, անկախ ճյուղ լինելը հնդեվրոպական ընտանիքում[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aufsatz über die armenische Literatur, M. 1835.
- Die Grundlagen des Armenischen im arischen Sprachstamme (Abhandlungen der ersten Classe der b. Ak. der Wissenschaften, B. IV, Abth. II, M., 1846).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրումպֆ Գ., Ուսումնասիրութիւնք հայ լեզուի եւ մատենագրութեան յարևմուտս (ԺԴ.-ԺԹ. դար), Վենետիկ, 1895։
- Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 566-567։
| ||||||||||||
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1811 ծնունդներ
- Օգոստոսի 23 մահեր
- 1861 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հայագետներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի արևելագետներ
- Գերմանացի իրանագետներ
- Գերմանացի աստվածաբաններ