1756-1759 թվականներին հանդես է եկել Մ․ Ստյուարտի կրկեսային, ֆարսային դերասան Յո․ Ֆ․ Կուրցի, 1759-1769 թվականներին՝ Կ․ Աքքերմանի թատերախմբերում։ Մասնակցել է Համբուրգի Ազգային թատրոնի ստեղծմանը, 1771-1780 թվականներին, 1785-1798 թվականներին և 1811-1812 թվականներին գլխավորել է համբուրգյան թատերախմբերը։ 1781-1785 թվականներին աշխատել է «Բուրգթեատր»-ում (Վիեննա)։ Շրյոդերը խաղացել է կատակերգական դերեր, եղել է իմպրովիզացիայի վարպետ, ստեղծել և բեմադրել է բալետներ (շուրջ 70)։ Գերմանացի դերասաններից առաջինն է խաղացել Տրուֆալդինոյի (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա») դերը, գերմանական բեմում բեմադրել (իր թարգմանությամբ) Շեքսպիրի ողբերգությունները («Համլետ», «Լիր արքա»«Օթելլո», «Մակբեթ» և այլն), խաղացել գլխավոր դերերը։ Խաղացել է նաև Շիլլերի դրամաներում։ Շրյոդերը թատրոնում հաստատել է ազգային խաղացանկ, բեմարվեստի ռեալիստական սկզբունքներ, քարոզել կատարման բնական, հոգեբանորեն պատճառաբանված շարժուձևեր։ Դերասանական արվեստում ներդաշնակ զուգակցել է զգացմունքայնությունը և արտաքին նկարագրի մանրազնին մշակված ճշգրտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 588)։