Ֆրեյմինգի գործառույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրային նշանակության հաղորդագրությունը հաճախ հաղորդողից ստացողին է հասնում զանգվածային լրատվության միջոցների միջնորդությամբ։ Սակայն ոչ միշտ է հնարավոր, որ այն գլխավոր միտքը, որը ցանկալի է հասցնել լսարանին, իրականում հասնում է առանց աղավաղման։ Չնայած մի քանի մտքեր լսարանը, այնուամենայնիվ, ընդունում է առանց աղճատման։ Տեղեկատվության դիտավորյալ աղճատումը մեդիայում ընդունված է անվանել ֆրեյմինգի ազդեցություն[1]։ Մարդիկ, ստանալով հատուկ «մշակված» հաղորդագրությունը, կրում են այն ազդեցությունը, որը «մշակվել» է նրանց համար։ Այսինքն` եթե անգամ պարտությունը ներկայացվում է որպես հաղթանակ, ապա մարդիկ այն ընկալում են որպես հաղթանակ` մոռանալով դրա իրական իմաստը[2]։

Հոգեբանության մեջ բավականին լայն տարածում ունի այն գաղափարը, որ մարդիկ հակված չեն ռիսկեր փնտրել այն տեղեկատվության մեջ, որը ներկայացվում է դրական քողի ներքո, մինչդեռ բացասական ներկայացված տեղեկատվությունը բավականին ռիսկային գործոն է պարունակում մարդկանց համար։ Հաղթանակը կամ պարտությունը ներկայացվում է որպես ինչ-որ իրադարձության կամ գործողության արդյունք (օրինակ, մարդու մահը կարող է մեծ փրկություն որակվել կամ ներկայացվել որպես կորուստ` կախված հաղորդագրություն փոխանցողի մտադրությունից)։ Ֆրեյմինգի ազդեցության ամենից բացասական կողմն այն է, որ հաճախ մարդկանց ներկայացվում է «մեդալի միայն մեկ կողմը», իսկ մյուս կողմի մասին ոչինչ չի ասվում[3]։

Տեսությունը հնարավորություն է տալիս հասարակական զարգացումները հնարավորինս կառավարելի դարձնել, ձևավորել ցանկալի հանրային կարծիք։ Մեծ դերակատարում ունեն հատկապես հասարակական կարծիքի լիդերները, ովքեր առաջինն են ուշադրություն դարձնում հաղորդագրությանը։ Նրանք վերլուծում են այն, հետո նոր փոխանցում իրենց ընկերներին ու ծանոթներին։ Ներկայումս կան հասարակական կարծիքի պաշտոնական առաջնորդներ (օրինակ, ընտրված պաշտոնյաները, ընկերությունների կառավարիչները), բայց կան նաև ոչ ֆորմալ առաջնորդներ։ Լրատվական միջոցները հաճախ ամենից հայտնի ոչ ֆորմալ առաջնորդներն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Plous 1993
  2. Tversky & Kahneman 1981
  3. Clark 2009