Ֆրեդերիկ Արթուր Բրիջման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Արթուր Բրիջման
Ծնվել էնոյեմբերի 10, 1847(1847-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրՏակսիգի, Ալաբամա, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 13, 1928(1928-01-13)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՌուան[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Դիզայնի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈճՊոնտ-Ավենի դպրոց և օրիենտալիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներRobbing the Pigeon Roost (Chasing Doves)?
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
 Frederick Arthur Bridgman Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Արթուր Բրիջման (անգլ.՝ Frederick Arthur Bridgman, նոյեմբերի 10, 1847(1847-11-10)[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ - հունվարի 13, 1928(1928-01-13)[1][2], Ռուան[4]), ամերիկացի նկարիչ-օրիենտալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկի հայրը ծնունդով Մասաչուսեթս նահանգից էր, եղել է թափառական բժիշկ։ Նա մահացել է, երբ Ֆրեդերիկը երեք տարեկան էր, որից հետո մայրը նրան եղբոր հետ տարել է Բոստոն, քանի որ վախեցել է հյուսիսի և հարավի միջև հակամարտության սաստկացումից (տես Ամերիկայի քաղաքացիական պատերազմ)։ Ամիսներ անց նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ «American Banknote Company»-ում Ֆրեդերիկը դարձել է փորագրիչի աշակերտ։ Չնայած հաջող գործունեությանը` նա սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել գեղանկարչությանը, Բրուքլինի արվեստի ասոցիացիայում հաճախել է երեկոյան դասերի, այնուհետև ուսանել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1865 և 1866 թվականներին այս ասոցիացիայում ներկայացրել է իր աշխատանքները։

1866 թվականին բրուքլինցի գործարարների ֆինանսական աջակցությամբ մեկնել է Ֆրանսիա։ Աշնանը հաճախել է Ժան Լեոն Ժերոմի ստուդիա։ Շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի ցուցահանդեսներում։ Նրա «A Provincial Circus» նկարը 1870 թվականին Սալոնում (Ֆրանսիայի ցուցահանդես) ունեցել է մեծ հաջողություն։

1872 թվականի ձմռանից մինչև 1873 թվականն անցկացրել է Իսպանիայում և Ալժիրում։ Այս շրջանում արված աշխատանքները 1873 թվականին մեծ հաջողություն են ունեցել Սալոնում, արդյունքում նկարիչը հաջորդ ձմռանը դարձյալ Չարլզ Սփարք Փիրսի հետ այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այս անգամ` Եգիպտոս։ Այստեղ նա նկարել է հատվածներ Կահիրեի փողոցային կյանքից, իսլամական մշակույթի հուշարձանները, ինչպես նաև Նեղոսի հոսանքին հակառակ երեքուկեսամսյա ճանապարհորդության մոտիվներով սյուժեները։ 1877 թվականին Սալոնում առանձնահատուկ հայտնիություն է ունեցել «The Mummy's Funeral» նկարը։ Հայտնի դառնալով` ամուսնացել է երիտասարդ և ունևոր աղջկա` բոստոնցի Ֆլորենս Մոթ Բեյքերի հետ։

Նրա գործունեության պիկը 1881 թվականին էր, երբ անցկացվել է նրա անհատական ցուցահանդեսն «American Art Gallery»-ում, որտեղ ներկայացվել են նրա` 300-ից ավելի աշխատանքները։ Դրանից հետո Բրիջմանն ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։

1885 թվականի ձմռանից մինչև 1886 թվականը կնոջ հետ վերադարձել է Ալժիր` ոչ միայն աշխատելու, այլև կնոջ առողջությունը վերականգնելու համար, որը տառապում էր ժառանգական նյարդաբանական հիվանդությամբ։ 1901 թվականին կինը` Ֆլորենսը, մահացել է, 3 տարի անց նա կրկին ամուսնացել է, այս անգամ` Մարթա Եգերի հետ։ 1907 թվականին նրան շնորհել են Պատվավոր Լեգեոնի շքանշանը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրա հայտնիությունը նվազել է, և նա տեղափոխվել է Նորմանդիա, որտեղ շարունակել է գեղանկարչությամբ զբաղվել ընդհուպ մինչև իր մահը` 1928 թվականը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frederick Arthur Bridgeman (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Frederick Arthur Bridgman // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00026519
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. «MezzoMondo - We Offer Coupons, Promos & Discount Codes» (ամերիկյան անգլերեն). MezzoMondo - We Offer Coupons, Promos & Discount Codes. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]