Ֆրանց Բյոմ
Ֆրանց Բյոմ | |
---|---|
գերմ.՝ Franz Böhme | |
![]() | |
ապրիլի 15, 1885 - մայիսի 29, 1947 (62 տարեկան) | |
Ծննդավայր | Zeltweg, Murtal District, Շտիրիա |
Մահվան վայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր |
Կոչում | General der Gebirgstruppe? և զինվոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Արևելյան ճակատ և իտալական ճակատ |
Պարգևներ |
Ֆրանց Բյոմ (գերմ.՝ Franz Böhme, ապրիլի 15, 1885, Zeltweg, Murtal District, Շտիրիա - մայիսի 29, 1947, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա), ավստրիացի զինվորական, ով ծառայել է Ավստրո-Հունգարական, Ավստրիայի Առաջին Հանրապետության, Նացիստական Գերմանիայի բանակներում: Եղել է լեռնահրաձգային զորքերի գեներալ, ռազմական հանցագործ[1][2][3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանց Բյոմի հայրը մահացել է, երբ ինքը 17 տարեկան էր: Մեկ տարի անց մահանում է մայրը՝ որդուն թողնելով որբ: Բյոմը ծանր կորուստներից հետո սկսում է սպայական կարիերան Ավստրո-Հունգարական կայսրության զինված ուժերում[1]:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բյոմը 1914-1916 թվականներին ծառայել է Գալիցիայում, 1917 թվականին՝ Վոլինում, Կուրլանդիայում և Դինաբուրգում, 1917-1918 թվականներն՝ Սոչյան ռազմաճակատում[1]:
Անշլյուսից առաջ ղեկավարում էր ավստրիական զինվորական հետախուզությունը՝ լինելով Գլխավոր շտաբի գեներալ-մայոր[4]: Համաձայն 1938 թվականի փետրվարի 12-ին կնքված Բերխտեսգադենյան գերմանա-ավստրիական համաձայնաագրի 8-րդ կետի՝ փետրվարի 17-ին Բյոմը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ֆելդմարշալ-լեյտենանտ Ալֆրեդ Յանզուին, ով հանդիսանում էր անշլյուսի գլխավոր հակառակորդներից մեկը[1]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո լեհական և ֆրանսիական արշավանքների ժամանակ Բյոմը ղեկավարել է 32-րդ հետևակային դիվիզիա[1]:
1941 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 2-ը հանդիսացել է Սերբիայի լիազորված հրամանատարը: Ադոլֆ Հիտլերը Ֆրանց Բյոմին է հանձնարարել նվաճված ամբողջ տարածքում ամենասեղմ ժամկետներում հաստատել երկարատև կարգուկանոն: Համաձայն Բեմի հրամանի՝ բոլոր կոմունիստները, արական սեռի կասկածելի ներկայացուցիչները, բոլոր հրեաները, ինչպես նաև ժողովրդավար և ազգայնական գաղափարներ կրող քաղաքացիները ենթակա են անմիջապես ձերբակալման: Ձերբակալվածներին պահում էին որպես պատանդ: Յուրաքանչյուր սպանված գերմանացի զինվորի համար գնդակահարվում էր 100 պատանդ, իսկ յուրաքանչյուր վիրավորի համար՝ 50 պատանդ: Այդ հրամանի հիման վրա աշնանը իրականացվում են սերբերի, սերբական հրեաների և ցիգանների մասսայական գնդակահարություններ[1][2][3][5]:
Կռալևոյի և Կրագուևացի լեռներում 717-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները Հարավսլավիայի ժողովրդա-ազատագրական բանակի և Հարավսլավիայի հայրենական զորքերի հետ կատաղի հրետանային մարտից հետո մի քանի օրվա ընթացքում շուրջ 4000 տեղական բնակչության գնդակահարում են: 1941 թվականի դեկտեմբերին Ֆրանց Բյոմը հետ է կանչվում Սերբիայից: Սերբիայում նրա ղեկավարության ներքո գերմանական բանակն ունեցել էր 160 զոհ և 278 վիրավոր: Նրանց կողմից սպանվել էր 20-ից 30 հազար տեղացի բնակիչ[1][2][3]:
1944 թվականի փետրվարի 10-ին Ֆրանց Բյոմը պարգևատրվել է Գերմանական ոսկեպատ խաչով: Նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին եղել է Հարավսլավիայում տեղակայված 2-րդ տանկային բանակի հրամանատար: Միևնույն ժամանակ հանդիսացել է նաև Հարավսլավիայում գտնվող գերմանական բոլոր զորքերի հրամանատարը: Այդ ընթացքում օդային աղետի հետևանքով վիրավորում է ստացել[1][6]:
1945 թվականի հունվարի 8-ին նշանակվել է Նորվեգիայում գտնվող զորքերի և 20-րդ լեռնային բանակի գլխավոր հրամանատար: 1945 թվականի մայիսին Գերմանիայի կապիտուլացիայից հետո գերի է վերցվել: 1946 թվականին պահվում էր Բրիդջենթ քաղաքի մոտ գտնվող ռազմագերիների համար նախատեսված № 198 ճամբարում: Այնուհետև տեղափոխվել է Նյուրնբերգ, որտեղ 1947 թվականի մայիսի 13-ին սկսվեց նրա նկատմամբ դատավարություն: Բյոմը մեղադրվում էր Հարավսլավիայում տեղի բնակչության նկատմամբ իրականացրած հանցագործությունների համար: Չսպասելով դատավարության ավարտին և հետագայում Հարավսլավիա արտահանձնմանը՝ մայիսի 29-ին Բեմը իրեն նետում է միտեղանի պատժախցի պատուհանից, որը գտնվում էր չորրորդ հարկում: Թաղված է Ավստրիայի Գրաց քաղաքի Սուրբ Լեոնարդի գերեզմանատանը[1][2][3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 General der Gebirgstruppe Franz Friedrich Böhme.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 "Massacres And Reprisals During The German Occupation Of Yugoslavia". Archived 2016-03-05 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Weiner, Hana; Ofer, Dalia; Barber, Anne (1996). Dead-end Journey: the Tragic Story of the Kladovo-Šabac Group. University Press of America. ISBN 0-7618-0199-5.(անգլ.)
- ↑ Manoschek, Walter; Safrian, Hans. Österreicher in der Wehrmacht. // Talos E.; Hanisch E.; Neugebauer W. (Hrsg.). NS-Herrschaft in Österreich 1938—1945. — Wien, 1988. — ISBN 3-900351-84-8. — S. 341.(գերմ.)
- ↑ Weiner, Ofer and Barber 1996, стр. 145-152.(անգլ.)
- ↑ Fellgiebel, Walther-Peer (2000) [1986]. Die Träger des Ritterkreuzes des Eisernen Kreuzes 1939–1945 — Die Inhaber der höchsten Auszeichnung des Zweiten Weltkrieges aller Wehrmachtteile [The Bearers of the Knight's Cross of the Iron Cross 1939–1945 — The Owners of the Highest Award of the Second World War of all Wehrmacht Branches]. Friedberg, Germany: Podzun-Pallas. ISBN 978-3-7909-0284-6.(գերմ.)
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Մայիսի 29 մահեր
- 1947 մահեր
- Նյուրնբերգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Գրաց քաղաքում թաղվածներ
- Հոլոքոստ
- Սերբիայի պատմություն
- Ինքնասպաններ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ավստրիացի զինվորականներ
- Ռազմական հանցագործություններ