Ֆրանսուա դը Լառոշֆուկո
Ֆրանսուա դը Լառոշֆուկո ֆր.՝ François de La Rochefoucauld | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1613[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 17, 1680[4][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | հիշատակագիր, գրող և ռազմական գործիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ազգային ռազմական ուսումնարան |
Ուշագրավ աշխատանքներ | Մաքսիմ և Mémoires? |
Պարգևներ | |
Ամուսին | Andrée de Vivonne?[5] |
Համատեղ ապրող | Anne-Geneviève de Bourbon? |
Զավակներ | Ֆրանսուա VII դը Լարոշֆուկո և Charles-Paris of Orléans? |
Ազգականներ | Fabio Brulart de Sillery? |
Ֆրանսուա դը Լառոշֆուկո Վիքիքաղվածքում | |
François de La Rochefoucauld Վիքիպահեստում |
Ֆրանսուա դը Լառոշֆուկո (ֆր.՝ François VI, duc de La Rochefoucauld, սեպտեմբերի 15, 1613[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 17, 1680[4][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների (մաքսիմների) հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Վեցերորդ իշխանազուն դը Մարսիյակը, հետագայում՝ դուքս դը Լառոշֆուկոն, Լառոշֆուկոների տոհմի քսանմեկերորդ հետնորդն էր։ Լառոշֆուկոները եղել են ֆրանսիական գրեթե բոլոր թագավորների օրոք մեծ հարգանք և պատիվ ունեցող տոհմ, նրանցից մի քանիսը թագավորների ազգականներ են եղել, իսկ XVII դարում՝ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի օրոք, այդ տոհմը ֆրանսիական ազնվականության ամենահին և հարգված տոհմերից էր։ Տոհմի ազգանունը կազմվել է նահանգի (Լա Ռոշ) և տոհմը սկզբնավորողի անունների միավորումից։ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի մանկությունն ու պատանեկությունը անցել են Անգումուա նահանգում, որտեղ Լառոշֆուկոները մի քանի դղյակներ ունեին։ Պատանի հասակում ստացած նրա կրթությունը առանձնապես փայլուն չէր։ Իր նամակներից մեկում դժգոհում է, որ լավ չի տիրապետում լատիներենին։ Բայց հետագայում համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ իր ժամանակի ամենազարգացած և ամենախելացի մարդկանցից մեկը։ Լառոշֆուկոն իր կարիերան սկսեց ռազմական ծառայությունից։ 1629 թ. նա, որպես Օվերնի գնդի հրամանատար, կռվեց Իտալիայում։ Հետագայում մի քանի անգամ մասնակցեց զանազան ճակատամարտերի, վիրավորվեց և, ժամանակակիցների վկայությամբ, բոլոր ճակատամարտերում աչքի ընկավ իր արտակարգ խիզախությամբ, ռազմական տաղանդով, նվիրվածությամբ և արիությամբ։ Փարիզի նշանավոր ֆրոնդում անցկացրած չորս տարիները շատ բան տվեցին Լառոշֆուկոյին։ Բանտարկություն, ներում, մահացու վերք, հուսախաբություններ, շնորհազրկում (նա զրկվեց նահանգապետի պաշտոնից, ավերվեց Լառոշֆուկոներին պատկանող Վերտոյ դղյակը), այս տարիների փորձն էր, որ հիմնականում բյուրեղացվեց և ժամանակի ընթացքում մշակվելով ու հղկվելով արտահայտվեց «Մաքսիմներում»։
Արդեն տասնվեցերորդ դարից սկսած, մաքսիմները և բարոյական սենտենցները ֆրանսիական գրականության, բարոյագիտության, փիլիսոփայության և հատկապես ազնվական կենցաղի ամենատարածված ժանրերից էին։ Մաքսիմները և բարոյախրատական աֆորիզմները մտել էին նաև կենցաղ. Փարիզյան սալոնների ամենատարածված խաղերից մեկն էր աֆորիզմների և ասույթների խաղը։ Խաղի մասնակիցները պարտավոր էին կարճ ժամանակում սրամիտ, դիպուկ և խոր աֆորիզմ ասել որևէ տրված թեմայի շուրջ, հանպատրաստից մաքսիմներ հորինել։ Տասնյոթերորդ դարի Փարիզի ազնվական սալոններում սրամտությամբ, բարձր ճաշակով, մտքի խորությամբ և ճկունությամբ փայլող երիտասարդ ազնվական դը Մարսիյակը, հետագայում դուքս դը Լառոշֆուկոն, իր մաքսիմները հանպատրաստից հորինելիս, ամենևին նպատակ չուներ տեղ գրավել համաշխարհային գրականության մեծերի շարքում, չնայած արդեն այդ տարիներին նրա ճաշակի և դիտողությունների հետ լրջորեն հաշվի էին նստում ֆրանսիական գրականության այնպիսի գագաթներ, ինչպիսիք են Կորնեյլը, Բուալոն, Մոլիերը և Լաֆոնտենը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լառոշֆուկոյի գլխավոր երկը՝ «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» (ֆր.՝ Maximes et Réflexions morales, 1665) ֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունքն է։ Երկում դը Լառոշֆուկոն, որպես XVII դարի ֆրանսիական ազնվականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, աշխատել է հանրագումարի բերել իր կյանքի փորձը, ստեղծել է մի երկ, որն արտացոլել է ժամանակի բարդ իրադարձությունները։ Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հայ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի խոսքերով այն «մարդկային ոգու և բնավորության մի փոքրիկ հանրագիտարան է, որը դիմանալով ժամանակի դաժան քննությանը մինչև այսօր էլ հիացնում է մեզ»[6]։ Լառոշֆուկոյի «Մաքսիմները» հեղինակի ապրած կյանքի հանրագումարն են՝ թե իրենց փիլիսոփայական, խրատական բովանդակությամբ, թե ժանրի զուտ ֆրանսիական տեսակով։ Տարածելով մի դասակարգի բարոյականության վերաբերյալ դիտումներն ամբողջ հասարակության վրա, Լառոշֆուկոն ընդհանրացնող պեսիմիստական հետևություն է անում այն մասին, թե արատավորությունը զետեղված է մարդու մեջ բնությունից։ Լառոշֆուկոն սկեպտիկորեն է վերաբերվում այն մտքին, թե բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը, հակադրվել մարդկանց էգոիստական հակումներին։ Էգոիզմը, սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, ահա, նրա տեսակետից, մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը։ Առաքինությունները, ըստ Լառոշֆուկոյի, ամենից հաճախ արհեստականորեն զգեստափոխված արատներն են։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լառոշֆուկո, «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Moore W. G. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://books.google.fr/books?id=I0sWAAAAYAAJ&pg=RA7-PA54
- ↑ Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ / Ֆ. դը Լառոշֆուկո; Ֆրանս. թարգմ. և ծանոթագր.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Ե. Ս. Զարեհյան; Նկ.՝ Վ. Ս. Թադևոսյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 239 էջ ; 17 սմ. Ծանոթագր. էջ՝ 219-239 Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի, 1939 - թարգմ. ծանոթագր. Զարեհյան, Ե. Ս. խմբ. Թադևոսյան, Վ. Ս. նկ. Ֆրանսիական գրականություն Բարոյագիտություն
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա դը Լառոշֆուկո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա դը Լառոշֆուկո» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 506)։ |
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1613 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1680 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 17-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ